ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Մարդիկ կան, որ անփոխարինելի էլ մնում են

Մարդիկ կան, որ անփոխարինելի էլ մնում են
02.04.2023 | 21:41

Այդպիսին էր արձակագիր ՎՐԵԺ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ ինձ համար, որպես Երկնայինից տրված ընկեր էր և օրհնված արձակագիր:

Այսօր Վրեժ Իսրայելյանի, գրչեղբորս ծննդյան օրն է:

ԹԵ ԻՆՉՊԵՍ ՏԵՐԸ ՎՐԵԺ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՆՁ ԱԶԱՏԵՑ ՉԱՐԻ ՍԱՐՔԱԾ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆԻՑ

Արձակագիր եղբորս՝ Քրիստոսահոտ, Քրիստոսահամ հիշատակին

Խորհրդային տարիներին էր, Ղարաբաղյան շարժումից 3-4 տարի առաջ: Վրեժ Իսրայելյանը, Սպարտակ Ղարաբաղցյանը, ես, և էլի մի քանի հոգի՝ գնացինք Ղարաբաղ՝ մեր հանդեսների համար նյութեր բերելու: Մեր խմբագիրը դժվարությամբ համաձայնեց, որ գնամ, քանի որ, ասում էր, Ղարաբաղի թուրքամետ իշխանությունը, մանավանդ լրագրողների՝ բարեհաճ չէր ընդունի: Այդպե՛ս էլ կար: Երբեմն արգելում էին լուսանկարել, իսկ երբ հայկական գորգերի գործարան փորձեցինք մտնել, ասացին՝ միայն Բաքվից եկած հատուկ թույտվությամբ: Մեր խմբին հայազգի մի թուրքամետ գործակալ էին կցորդել, որ մեր ամեն քայլի մասին զեկուցում էր «վերևներին»:

Մի քանի օր է շրջում էինք Ղարաբաղով մեկ: Եվ երբ այցելեցինք Արվեստի դպրոց, ես հիացած աշակերտների աշխատանքներով, առաջարկեցի նկարները Երևան տանեմ՝ ցուցահանդես բացելու: Արվեստի դպրոցի դիրեկտորն ու ուսուցիչները ասացին՝ գրեթե անկարելի բան ես առաջարկում, որովհետև մշակույթի գործիչներս այստեղ հալածանքի տակ ենք, նաև քեզ թույլ չեն տա, որ նկարները տանես, մեզ էլ հետո դառը պատասխանատվության կենթարկեն: Մանավանդ, ասացին՝ ձեզ ուղեկցողն էլ հայահալած, բազում վատ գործերի հեղինակ է, զգո՛ւյշ եղեք:

Լա՛վ, ասացի, գիշերը տասն անց կես տասնմեկին, աշխատանքները մի քանի կապոցներով հյուրանոց կբերեք, մատնիչ գործակալը արդեն գնացած կլինի:

Մեր այս զրույցի ժամանակ, Վրեժն ու Սպարտակը զբաղեցնում էին դրան (գործակալին), որ չկարողնար մեր զրույցին խանգարել:

Երեկոյան մատնիչ գործակալը, ինչ արեցինք, հյուրանոցից տուն չէր գնում:

Թուղթ խաղանք, եթե տարվես՝ գնալո՛ւ ես, որովհետև ուզում ենք քնել, առաջարկեց Վրեժը: Մի շարք անգամներ գործակալը թուղթ ու շախմատ տարվեց, բայց չգնաց: Սա ինչ-որ բանի հոտ է առել, փսփսացինք իրար ականջի: Ի վերջո, Վրեժ Իսրայելյանը չդիմացավ.

-Մա՛րդ եղիր, պոռթկաց նա, գնա, որ մե՛նք էլ հանգստանանք:

Ո՛չ վիրավորվելու նշան ցույց տվեց և ո՛չ էլ պատասխանեց: Սպասում էր:

Եվ ահա ժամը տասն անց կես տասմեկին, Արվեստի դպրոցի ուսուցիչներից մեկը, առանց դուռը թակելու, ինչպես որ պայմանավորվել էինք, նկարների փաթեթավորված կապոցով՝ ներս մտավ: Ես գլխով ցույց տվեցի, թե կապոցը կողքի սենյակում դիր: Դրեց ու առանց որևէ խոսք ասելու գնաց: Տեսավ, որ վտանգավոր մարդը դեռ մեզ հետ է: Մատնիչը գուցե չտեսավ, որովհետև շախմատ էր խաղում: Քիչ անց մյուս ուսուցիչը ներս մտավ և նույնն արեց: Որքան էլ փորձեցինք մատնիչի տեսադաշտը փակել, այս անգամ չստացվեց, տեսա՛վ.

Այդպե՛ս էլ գիտեի, գաղտնի բաներ եք տանում բերում, կազմակերպում, նախապատրաստում հեգնանքով նետեց գործակալ մատնիչը:

Երեխաների նկարներ են, առաջ եկա ես, տանում եմ Երևան՝ ցուցահանդես բացելու:

ՈՒ՞ր է հեռախոսը, ասաց գործակալը, և ապա տեսնելով հեռախոսը՝ ձեռքը գցեց խոսափողին:

Այդ պահին նշանավոր արձակագիր Վրեժ Իսրայելյանը, որ Աստծո հրեշտակի պես մի շարք անգամներ ազատել էր ինձ խիստ տհաճ իրավիճակներից, արդեն Ֆիդայի՛ Վրեժ Իսրայելյանն էր.

-Կա՛ց,- որոտաց Ֆիդայի Վրեժը և Խորհրդային տարիների ծանր ջրամանը, որ գրաֆին էինք ասում, հայտնվեց Վրեժի ձեռքում:- Եթե ձեռքդ հեռախոսից հետ չքաշես, գլուխդ կջարդե՛մ: Մի՛ քանի վայրկյան ունես:

Մատնիչ գործակալը սփրթնեց, խիստ վախեցավ և ձեռքն արագ հեռախոսից հետ քաշեց:

-Մի՞թե այդքա՛ն անասուն ես, մի՞թե հայկական, մի՛ պտղունց, ազնի՛վ մի բան դեռ չի՛ մնացել քո մեջ, մի՞թե ազգությունդ լրի՛վ ուրացար. մի քանի օր մեզ հետ շրջեցիր, ուր գնացինք, պատվավոր հյուրի պես քեզ էլ ընդունեցին, մեզ հետ կերա՛ր խմեցիր, որ հիմա մե՞զ մատնես, քո ազգակիցների՞ն,- որոտալով հանդիմանում խրատում էր Վրեժ Իսրայելյանը:

-Բա ի՞նչ անեմ,- արդարանում էր մատնիչ գործակալը,- եթե չմատնեմ, իմ վերջը կտան:-Միայն Մաքսիմը կմնա, պատասխան կտա, իսկ դուք վաղը կարող եք գնալ Երևան:

-Չէ,-ասաց Վրեժը,- խմբով եկել ենք, նույն խմբով էլ պիտի գնանք: Մենք չորս-հինգ հոգի ենք, նախապե՛ս կարո՞ղ ենք, չէ՞ քո վերջը տալ, ձերոնցից առաջ:

-Կարող եք,- կմկմաց գործակալը, որ Վրեժ Իսրայելյանից ակնհայտ վախենում էր ու սարսափով էր նրա կողմ նայում, սարսափով նրան լսում:

Որովհետև Վրեժը Աստծուց կոչված քաջ հովիվ էր, գերընտիր ընկեր, գառ իր բարությամբ, բայց հարկ եղած պահին վերափոխվում էր առյուծի, որպեսզի մեզանից մեկն ու մեկին վնաս չկարողանան տալ: Իր անձն անգամ ամեն պահ պատրաստ էր դնելու իր բարեկամների համար:

-Լա՛վ, էլ ինձնից վտանգ մի՛ սպասեք, խնդրեց գործակալը, թողեք գնամ:

-Ո՛չ,- որոտաց Վրեժը,- մինչև Մաքսիմից ներողություն չխնդրես, չե՛ս կարող գնալ:

-Կներե՛ս,- ասաց ինձ գործակալը:

-Մեզանի՛ց էլ պիտի ներողություն խնդրես, որովհետև նույնն է, որ մեզ՝ բոլորիս ես վիրավորել,- շարունակեց խրատել Վրեժը:- Եվ Արվեստի դպրոցի ուսուցիչներին էլ, խոստացի՛ր, որ չե՛ս մատնի, եթե ոչ՝ քթի՛ցդ կբերենք:

Խոստացավ, ներողություն խնդրեց ու գնաց:

Վրեժ Իսրայելյանի խրատական, առողջ քարոզից, գուցե մարդկային մի բան առաջացա՞վ գործակալի մեջ: Վախենալն էլ էլի մի բան էր, կարևո՛ր բան:

Երևանում նկարների կապոցները հանձնեցի «Ծիծեռնակ» ամսագրի շքեղաշուք նկարիչ Անդրանիկ Կիլիկյանին: Եվ նա հիանալո՜վ հրճվելո՜վ Արցախի երեխաների նկարներով՝ խմբագրության միջանցքում՝ ցուցահանդես բացեց: Ցուցահանդես, որ գործեց մի քանի տարի: Ղարաբաղյան շարժման ժամանակ էլ ցուցահանդեսը դեռ կար: Նկարներից հրատարակվեցին թե՛ «Պիոներ» և թե՛ «Ծիծեռնակ» ամսագրերում:

Բայց նկարները, և նաև ես՝ Երևան հասանք նշանավոր արձակագիր ավագ եղբորս (տարիքով ինձնից ավագ էր, բայց ծնունդով էր ավագ՝ իրենից տարիքով շատերի համար էլ) Վրեժ Իսրայելյանի քաջության շնորհիվ:

Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

«Արցախյան վկայություններ» ժողովածուից

Դիտվել է՝ 4613

Մեկնաբանություններ