ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Ներսես Խառատյանի «Թռիչք ժամանակից դուրս» ընտրանին. Ֆելիքս Բախչինյան

Ներսես Խառատյանի «Թռիչք ժամանակից դուրս» ընտրանին. Ֆելիքս Բախչինյան
20.09.2022 | 07:27

Ներսես Խառատյանի արձակ ստեղծագործությունների «Թռիչք ժամանակից դուրս» վերնագրով ընտրանին ինձ գրավեց, հատկապես, գրողի մանկության ու պատանության մասին պատմող այն հատվածով, որ գրքում վերնագրված է՝ «Չքնաղ Մեղրի, քաղցր մանկություն» սրտառուչ խոսքերով։


Անցյալի մեջ թողած ինքնակենսագրական պատմություններն այստեղ կենդանություն են առել որպես սոցիալ-կենցաղային, կրթական-մշակութային, տնտեսական ու գոյաբանական այլ ձևերի մեջ, 20-րդ դարամիջյան շրջանում իրականությանը համապատասխան երանգավորումներով հառնած հայոց Մեղրի քաղաք, որտեղ, սակայն, առանց առանձնահատուկ նկարագրությունների, բայց և ներկա է Մեղրին, որն էլ շնչում է շրջապատի իրականության նկատմամբ իր վերաբերմունքն արտահայտող, հասունության շեմը դեռևս չհատած տղայի էության ներքին խորքերում։


Մանկության տարիների մասին ինքնակենսագրական ստեղծագործությունները հայ ու համաշխարհային գրականության մեջ իրենց գեղեցիկ, իմաստնախորհուրդ ու հաստատուն տեղը վաղուց են գրավել։ Դրանք անաղարտ երազանքների վերհուշեր, անվերադարձ մաքրության մասին ափսոսանքի արտահայտման գրական գեղեցիկ կտորներ են եղել ու կան, նաև՝ անգամ, զգայացունց պատմություններ, որոնք խորքում ընդհանրացնում են ժամանակի դիմագիծը, դրանց անբաժանելի մի մասնիկը դարձնելով ազգերի ու անհատների մասին ներկայացվող պատմությունները։


«Մենք բոլորս գալիս ենք մեր մանկությունից» հանրահայտ արտահայտությունը մշտապես իր բարձունքի վրա է որպես աներկբա ճշմարտություն, սակայն անցյալում թողած մանկության կամ՝ ապրած վաղ տարիների մասին, ընդհանրապես, կա նաև այնպիսի մտայնություն, թե՝ քանի որ կյանքում ամեն ինչ փոփոխական է, փոխվում ենք նաև մենք ու մեր շրջապատը, տարիների հետ փոխվում է մեր մտածելակերպը, սկսում ենք այլ հայացքով նայել մեզ ու մեր շրջապատին։


Ահա այս մտայնության շուրջն են պտտվում «Չքնաղ Մեղրի, քաղցր մանկություն» շարքի պատմությունները, սակայն բոլորովին այլ տեսանկյունից, այլ շեշտադրումով ու մատնացույցով՝ դեպի անհատի բնութենական էությունը, որ ծնվում է նրա հետ, ուղեկցում նրան ողջ կյանքի ընթացքում, մնալով որպես ի վերուստ տրված բնույթ ու էություն։
Պատմություններն այստեղ շատ կենդանի են և ամեն իրավիճակային նկարագրության մեջ ընթերցողի շնչառության հետ ու նրա կողքից անպայմանորեն զգացվում է պատմողի, նույն ինքը՝ դրանք ներկայացնող գրողի, Ներսես Խառատյանի ստեղծագործական շնչառությունը՝ որպես ասվածի համար հարազատորեն սրտացավ, հարազատորեն սիրառատ, հարազատորեն հումորի կամ տխրության տանող գրողի ստեղծագործական ձեռագիր։


Ներկայացվող պատմություններն այստեղ, թեպետև դեռևս կյանքի մեջ չթրծված անհատի միջոցով են ծնվում ու բացվում ընթերցողի առաջ, այնուամենայնիվ, դրանք ճանաչողական նշանակության պատումներ են, որ ափերը բացող, գնալով լայնացող գետակի նման հոսում են խաղաղորեն, ու որքան բացվում, այնքան ճշգրտորեն, տեսանելի են ներկայացնում մարդ անհատին, նրա էության, բնավորության, հնարավորությունների ու այլ հատկանիշների տեսանկյունից։
Պատմությունների շարքում իր բարեշունչ, սրտամոտ զգացումների արթնացումով աչքի է ընկնում «Դոռեմիֆսլյադո»-ն։ Այստեղ իրար համար ապրող, իրար նվիրված հարազատներ կան ու ընտանեկան հարաբերություններ, մանկավարժներ ու մանկավարժություն կա ու երաժշտական արվեստի նկատմամբ մարդկային մոտեցումներ, որոնք մեկ ընդհանուր, միասնական հոլովույթի մեջ են՝ որպես ժամանակաշրջանի հետ խստորեն փոխկապակցված երևույթներ։ Հենց դրանով էլ հաճելիորեն սիրելի են։ Սեր՝ տարատեսակ շփոթություններ պարտադրող ժամանակի մեջ ճշմարտության, ազնվագույնի, բարու ու լավի հետ ներքին կապը չկորցնելուն միտված մարդկային պահվածքների նկատմամբ.
«- Չեմ ուզում։
-Դրանում ի՞նչ վատ բան կա։ Թառի կտանք իսկույն պատկերացրի, թե ինչպես եմ այդ բավական մեծ գործիքը հետս քարշ տալիս դպրոց ու ինչպես են ներկայի համախոհներս հռհռում, նվագել կսովորես, ավարտելուց հետո էլ գուցե կոնսերվատորիա գնաս։
-Թառ չեմ սիրում։
-Այդ դեպքում ջութակի գնա։
Դա էլ չեմ սիրում։
-Գուցե դաշնամուրի՞ գնայիր, ճիշտ է, գործիքը դժվար է ճարվում, բայց հայրդ Երևանից բերել կտա։
-Չեմ ուզում։ Ընդհանրապես երաժշտական դպրոց չեմ գնա։
-Այ բալա, ամեն կուլտուրական մարդ պետք է երաժշտություն իմանա։ Քեզ համար եմ ասում...
...Հայրս, որ ականջի պոչով լսում էր ու չէր խառնվում, հանկարծ բռնկվեց.
-Գնա, դուրդ չգա, դուրս կգաս, ի՞նչ ես առանց փորձելու չեմ ու չում անում։
-Այ մարդ, ի՞նչ ես ասում, ոնց թե դուրդ չգա, դուրսկգաս։
-Բա շանը զոռով հո որսի չե՞ս տանի...»։
Այս գեղեցիկ պատմության մանրամասները ընթերցելիս նրբորեն զվարճալի տրամադրություն են ստեղծվում այսօր, բայց գրողի կենսագրությունը ձևավորող օրերի մեջ դրանք ժամանակի դիմագծի մի ուրույն մասն էին կազմում։


Շարքի պատմությունների մեջ մտահոգության մի խնդիր կա դրված, որ վերաբերում է կյանքի պարտադրանքների պայմաններում լավը վատի հետ չշփոթելուն, խնդրի ճիշտ պատասխանը գտնելու բանալին չկորցնելուն, որն այստեղ պտտվում է միայն ազնվության ու անկեղծության տիրույթներում։
Մանկության միջով վաղուց անցածներիս համար հիմա հեշտ է ետ նայել ու տեսնել մեզ այնտեղ տարատեսակ պատմությունների կենտրոնում։ Յուրաքանչյուրիս դեպքում այնտեղ յուրովի են հաղթահարվել բազում կնճռոտ հարցեր, դժվարին իրադրություններ, եղել են անհոգության մեջ հոսող երանելի պահեր ևս, սակայն այդ ամենի անցկացման գլխավոր օղակը պտտվել է մանկության մեջ արդեն ի հայտ եկող յուրաքանչյուրիս ներքին բնույթի, բնավորության բացահայտումների շուրջը։ Յուրաքանչյուրս ունեցել ենք մեր խառնվածքը, որով գրել ենք մեր պատմությունը՝ մանկության մաքուր գրատախտակի վրա։


Ներսես Խառատյանի մանկության ու պատանեկության մեղրյան գրատախտակն էլ դրված է եղել նրա առաջ իր փայլուն մաքրության մեջ, որի վրա գրվող նրա յուրաքանչյուր պահի, օրվա կամ դեպքերի պատմությունները կարող էին գովաբանվել կամ արդարացվել, ինչպես արվում է սովորաբար, նկատի ունենալով տարիքային սահմանը։ «Չքնաղ Մեղրի, քաղցր մանկություն»-ը, սակայն, ընթերցողի առջև է բերում մարդկային մի որակ, որը գործում է անկախ գովաբանումից կամ արդարացումից։ Դա շարքի պատմությունների հերոսի կամային բնավորության երևումներն են՝ ընվզումներով այն ամենի դեմ, ինչը կարող է դուրս գալ ճշմարտությունը անաղարտ պահելու դեմ։
Ահա, թե ինչ է նշանակում վարժ լինել մանկության անաղարտորեն մաքուր գրատախտակի վրա գրվածքն ընթերցելու մեջ։ Ներսես Խառատյանը դեռ մանկուց ուղիղ է նայել իր առջև մաքուր հայտնված գրատախտակին, անդավաճան հետևելով, որպեսզի նրա վրա իր ստվերն անգամ չգցի իրեն ոգևորող և վերից թռչող բազեն, որն էլ կարող ենք նույնացնել «Գաբոն» կոչվող սրտառուչ պատմության հերոսի հետ։


Ազնվությունից ծնվող անմիջական բնավորությունը Խառատյանի մանկապատանեկան հասակն ունեցող հերոսի մոտ մի ամուր կաղապար, մի պատնեշ ունի, որը նրա կամային արժեքներով հարուստ էությունն է։ Այդ կաղապարն ու պատնեշը երբեք չի կոտրվում, չի ջարդվում, չի հալվում, չի անէանում, այլ շարունակում է պահպանել տղայի ներքին ուղղամտությունը ամեն անգամ մի նոր պատմության մեջ, նոր իրավիճակներում։
«Դոռեմիֆսլյադո»-ում նրա ուսուցչի տպավորությունը, ի պատիվ այդ ուսուցչի, հետևյալն է, երբ նա փորձում է տղայի վարքի հիման վրա բացահայտել նրա առջև իր սեփական էությունը. «Դու չես կարողանում լինել այնտեղ, որտեղ կաս... Բացատրեմ, թվում է, այստեղ ես՝ դպրոցում, դասի, նվագում ես, բայց [...] իրականում այստեղ չես։ Անգամ հիմա, երբ քեզ համար գուցե ճակատագրական հարց է վճռվում, հիմա էլ այստեղ չես [...] իսկ հաջողությունը միայն այնտեղ է, ուր կաս իրականում, և ոչ՝ ֆիզիկապես»։ Ֆիզիկապես որևէ տեղ լինելն այդպես էլ տղայինը չդարձավ։ Նա ուզում էր անխարդախ գնալ իր իրական հաջողությունների ետևից, որի ճանապարհին դեռ անելիքներ կային։


Անխարդախ և առանց դավաճանելու սեփական սկզբունքներին։ Ահա դեռ հազիվ պատանի տղայի քայլերի արձագանքը, որը դեռ երկար չի մարում իմ տպավորության մեջ, որ ստացել եմ «Գաբոն» ընթերցելուց հետո։ Սա իր գրական վարպետության մեջ մատուցված մի ապրումաշատ հիշողություն է ճակատագրի բերումով առանց ընտանիք, տուն ու տեղ մնացած ու ռոբինհուդյան իր վարքով գրողի մոտ պայծառ հիշողություն թողած համագյուղացի տղայի մասին, ով պակաս չէր կարևորում սեփական սկզբունքներին չդավաճանելու երևույթը։ Վերջինիս կյանքը իր վրա ստացած վերջնական հարվածով, լի է բարոյա-հոգեբանական խնդիրներով, որոնք շահեկան են ընթերցողի նույն՝ բարոյա-հոգեբանական կողմնորոշումների համար։
«Ինչ ցավալի, զարմանալիորեն հեշտ ու հասարակ ավարտ ունեցավ նրա ապրած այնքան դժվարին ու բարդ կյանքը։- Գրում է հեղինակը ու շարունակում։- Ճակատագրի խա՞ղն էր, պատահականությո՞ւն, թե՞ կանխանշված էր ի սկզբանե, որի մասին նա գիտեր ու գնաց դրան գիտակցաբար։
Մեքենայի պետ համարանիշն էր՝ 83-44, մահացավ 1983թ., 44 տարեկան հասակում։ Ի՞նչ էր սա, պատահականություն, ճակատագիր... Աստված գիտե»։ Մի բան կար, սակայն, որ հաստատուն մնացել էր Գաբոյի խոսքերից որպես կարևորագույն պատգամ՝ տղայի հիշողության խորքերում, և դա հետևյալն էր՝ «Հիշիր այս խոսքս՝ սկզբունքներին դավաճանելը միշտ էլ աղետով է վերջանում»։


Անցնելով մանկության միջով, այնուհետև ետ նայելով, ինքներս մեզ այնտեղ տեսնում ենք մեկին, ով կարող էր խճճվել լավ ու վատ արարքների մեջ, կողմնակի ազդեցություններ կրել, երազանքներ ունենալ, որոնց վրա հետագայում անգամ կարելի է ծիծաղել... Ներսես Խառատյանի դեպքում այլ է։ Նա ճանաչում է ինքն իրեն դեռ վաղ տարիքի մեջ, ճանաչում է և հավատարիմ մնալով իր բնույթին, այսօր էլ գեղարվեստորեն է բացում մարդկային արժեքներին տրվող իր գնահատականները։ Ուղղամտությունը որդեգրած և ճշմարտության երեսին ուղիղ նայող Ներսես Խառատյանի համար մանկա-պատանեկան հասակը մի ոսկե ձկնիկ է, որին նա հիմա բռնել է ստեղծագործական իր ցանցով և մեծարում է որպես անավարտ սկիզբ իր ողջ կյանքի համար։ Գեղեցիկ, վայելուչ գույների մեջ, կյանքի գաղտնիքներին ծանոթ նրա ձկնիկը, սակայն, ծովի կարիքն ունի, ուստի ես սիրով այն իջեցնում եմ ընթերցանության ծովն ու բարին մաղթում նրան։

Դիտվել է՝ 8429

Մեկնաբանություններ