ՆԱՏՕ-ի անդամները մտավախություն ունեն դաշինքի նկատմամբ Ֆրանսիայի քաղաքականության փոփոխությունից, եթե Մարին Լը Պենի «Ազգային միավորումը» հաղթի խորհրդարանական ընտրություններում։ Որոշ դիվանագետներ այն կարծիքին են, որ Ֆրանսիան կարող է ևս մեկ անգամ դուրս գալ դաշինքի ռազմական հրամանատարությունից և ավելի քիչ թվաքանակով, ավելի ցածր աստիճանի զորքեր ուղարկել ՆԱՏՕ, քան՝ ներկայում:               
 

Շարունակում ենք առաջնորդվել «երկու մոր կաթ ծծելու» գեղջկական սկզբունքով

Շարունակում ենք առաջնորդվել «երկու մոր կաթ ծծելու»  գեղջկական սկզբունքով
24.03.2024 | 11:28

Հարց 1. եթե երեխան քո աչքի առաջ իրեն վնասող բան է անում, ո՞րն է մեծի վարքը այդ դեպքում. այո, մեղմորեն չի թողնում, որ երեխան իրեն վնասի։

Հարց 2. եթե երեխան, առանց հասկանալու ու անկարգ ձևով, շարունակում է իրեն վնաս տալ, ապա ո՞րը կլինի մեծի վարքը/ ճիշտ եք, նա կստիպի երեխային չանել դա։

Հարց 3. ո՞րն է մեծի կողմից նման մոտեցման կամ վարքի պատճառը. այո, ճիշտ եք՝ հարազատության զգացումը, իսկ գիտական լեզվով՝ կյանքի հարատևության տեսանկյունից առավելագույն կենսաբանական ու սոցիալական շահ ունենալու ձգտումը։

Հիմա փորձենք տարածել ասվածը շատ ուժեղի ու թույլի հարաբերությունների վրա, երբ հարազատության զգացում այլևս չկա, և դրան փոխարինելու է գալիս մերկապարանոց շահը կամ էլ նմանատիպ կորուստը ու դրանց հետևող բալանսն ու դիսբալանսը։

Եթե նման մոտեցումով փորձում ենք հասկանալ մեր կյանքի ընթացքը ուժեղների արանքում գտնվելու պայմաններում, ապա այն, առաջին հերթին, կարելի է հասկանալ միայն տարածաշրջանային ուժերի բալանսի ու դիսբալանսի և բոլոր կողմերի շահերի ու կորուստների դինամիկ անալիզով։

Մասնավորապես, այս ֆոնի վրա շատ կարևոր է հասկանալ ռուս-հայկական հարաբերությունների դինամիկան մինչև 2018 թիվը, երբ Նիկոլ Փաշինյանի գործոնը դեռ չկար։

Այդ շրջանում, մանավանդ Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ, ռուս-հայկական հարաբերություններում եղած թվացյալ իդիլիայի պայմաններում կային նաև հակառակ հոսանքներ։

Առաջին հերթին, Արցախի հարցի իրավական և մարդկային տեսանկյունից ակնհայտ լուծման անվերջ ձգձգումը նշան էր այն բանի, որ դրա հետևում կա հայտնի ու, մանավանդ, անհայտ շահառուների մի շարան, որոնք չէին կարող թույլ տալ հայերի հաղթանակը այս հարցում։

Առաջին հերթին, նման դեպքերն աշխարհում շատ են, բայց դրանք լուծում են ստանում միայն այն դեպքում, եթե թիկունքում շահագրգռված ուժեղ կողմ կա, որը կարող է հավասարակշռել և, հետո էլ, գերազանցել թույլի հակառակորդներին, իսկ մեր դեպքում՝ թշնամիներին։

Իսկ միայնակ թույլին թույլ տալ հասնել թեկուզ մասնակի հաջողության, այն էլ՝ արդարության ու մարդասիրության սկզբունքների հիման վրա, որևէ ուժեղի կամ էլ բոլոր հզորների վարած ուժային քաղաքականությանը հակառակ է և, ըստ այդմ էլ, նախադեպ դառնալ չի կարող։

Մասնավորապես, դա կբերեր նաև նրան, որ շատերը կհավատային, որ հայերը ճիշտ են նաև գենոցիդի հարցում ու նաև կպարզվեր, որ քաղաքակրթական առումով մենք այնքան կարևոր ենք, որ մեզ էլ են ուրիշների նման գենոցիդել։

Ու հետն էլ, տեղի անտեղի, սկսել ես համեմատվել նրանց հետ, որոնք իրենց քաղաքակրթության կերտողներ են համարում, մի թեմա, որը բազմաթիվ այլ ներքին ծալքեր ունի։

Ինչևէ, դրանից բացի, Ռուսատանի ներսում վաղուց կային տարբեր բնույթի պետական ու անձնական շահ ունեցողներ, որոնք մշտապես տանում էին հակահայկական քարոզչություն, այն հիմնավորումով, որ Ռուսաստանը թուրքերից ավելի մեծ պոտենցիալ և իրական շահ ունի, քան՝ հայերից։

Հայաստանի ներսում էլ կային վճարովի և անվճար ուժեր, որոնք պայքարում էին Հայաստանում ու Կովկասում Ռուսաստանի ներկայության դեմ։

Մյուս կողմից էլ, կա ակնհայտ փաստերի շարք, որոնք միարժեքորեն ցույց են տալիս, որ ռուսների ազդեցության ոլորտում մեր կյանքն անհամեմատ ավելի գերադասելի է եղել, քան կյանքը թուրքերի հետ, մանավանդ, որ որևէ մեկի ազդեցության ոլորտից դուրս մեր կյանքը բացառվում է և բացառված է եղել սկսած դեռևս Արտաշեսյան հարստության թուլացումից հետո ընկած ժամանակներից։

Բայց ժամանակները շատ արագ փոխվում են, ամբողջ աշխարհում փոխվում են նաև ուժային հարաբերությունները, և մենք ժամանակին չկարողացանք հասկանալ, որ ռուսը, առնվազն անվտանգության հարցում, մեր ընկերն է այնքան ժամանակ, մինչև մենք իրենն էինք, կամ էլ իներցիայով նա մեզ իրենն էր համարում դեռևս որոշ ժամանակ։

Սակայն համաշխարհային ուժային դինամիկան, միաբևեռ աշխարհից դեպի բազմաբևեռը անցման շրջանում, բոլորովին նոր խնդիրներ դրեց Ռուսաստանի առաջ, որը բերեց նրա առաջնահերթությունների տակտիկական բնույթի փոփոխությունների։

Այստեղ մեզ համար կարևոր է հասկանալ նաև մի այլ հանգամանք, որը վերաբերում է ուժեղների կյանքում տակտիկայի ու ստրատեգիայի դերին։

Բանն այն է, որ աշխարհաքաղաքական մի պարադիգմից մի այլ պարադիգմի անցման ժամանակ դրան ուղեկցող պրոցեսներն անհամեմատ ավելի արագանում են, այն էլ՝ մեծացող անորոշությունների պայմաններում, որը բերում է տակտիկական որոշումների դերի կտրուկ աճին։

Այս իմաստով, թուրքերի կողմից ունենալով և՛ պոտենցիալ մեծ վտանգներ, և՛ պոտենցիալ մեծ օգուտներ, մեր տարածաշրջանում ռուսները գնացին թուրքերի հետ տակտիկական մերձեցման, որը կարող է ունենալ նաև ստրատեգիական բլոկային նկատառումներ։

Այս ընթացքում, չունենալով աշխարհաքաղաքական լայն մտահորիզոն և առաջնորդվելով «երկու մոր կաթ ծծելու» գեղջկական սկզբունքով, մենք, դարձյալ գեղջկական համառությամբ, շարունակեցինք մեր, այսպես կոչված, կոմպլեմենտար քաղաքականությունը, առանց հասկանալու, որ գլոբալ ուժային խաղերի ընթացքում կարող ենք նաև մնալ միայնակ, ճիշտ ու ճիշտ այնպես, ինչպես միայնակ էինք մնացել 1920-ի ամռանը։

Կարո՞ղ է որևէ մեկը բացատրել մեր հակառուսական քաղաքականության իմաստը և՛ 1920-ին, և՛ հիմա ու, մեկ էլ, թե ինչու ռուսները ժամանակին չուղղեցին մեր սխալները, որոնց մասին ամենաբարձր մակարդակով նրանք բազմիցս նշել են, որը դաշնակցի նկատմամբ շատ ավելի ճիշտ քաղաքականություն կլիներ, այն էլ՝ իրենց ուկրաինական քաղաքականության ֆոնի վրա։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 827

Մեկնաբանություններ