Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Նոյեմբերը, որ եկավ սեպտեմբերին

Նոյեմբերը, որ եկավ  սեպտեմբերին
06.09.2013 | 00:53

Կեսարների ամիս օգոստոսի դանդաղ ընթացքից հետո սրընթաց սկսվեց սեպտեմբերը: Այնքան սրընթաց, որ իմաստավորման ու հակաքայլերի մշակման ժամանակ է պետք: Թիվ մեկ իրադարձություն դարձավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարած աշխատանքային այցի ժամանակ արված հայտարարությունը Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշման մասին: Հայտարարությունը որակվեց անակնկալ, տարօրինակ, հակասական ու ներկայացվեց մեկնաբանությունների, պարզաբանումների պահանջ: Այսօր, երբ առաջին արձագանքն արդեն մարել է, կարելի է անել նախնական եզրակացությունները:

Նախ` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կամ բարձրաստիճան որևէ պաշտոնյա չի ասել, որ Հայաստանի Հանրապետությունը չի անդամակցելու Մաքսային միությանը և Եվրասիական միությանը, ինչպես չի ասել, որ Հայաստանի Հանրապետությունը նոյեմբերին Վիլնյուսում նախաստորագրելու է ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը: Այլ հարց է, որ ամենապարզ տրամաբանությունը թելադրում էր հենց այդ տարբերակը: Եվրասիական միությունը, որ 2015-ին պիտի ստեղծված լինի, Հայաստանի համար նույնքան ապրիորի տնտեսական զարգացման նախապայման է, որքան Մադագասկարի, եթե, հանկարծ Ռուսաստանին պետք լինի այդ կղզին: Հարցը ի սկզբանե և մինչև վերջ քաղաքական է: Ռուսաստանին պետք է այս տարածքը, և որովհետև, որքան էլ արտագաղթի տեմպերն արագացնում է, տարածքը դեռ բնակեցված է, Ռուսաստանը ինչ-որ հարաբերություններ պետք է ունենա այն պետության հետ, որը գտնվում է այդ տարածքում: Սա է ամբողջ պատմությունը: Գաբալայից հեռացած, Վրաստանից Աբխազիան և Օսիան խաղաղության պարտադրումով անջատած Մոսկվան այս տարածաշրջանում ուրիշ տարածք չունի, որտեղ կարող է զինվորներ ունենալ: Ռուսաստանի համար Հայաստանի մայրաքաղաքը Գյումրին է` այնտեղ, որտեղ իր ռազմաբազան է: Թե ինչ որոշումներ կընդունվեն ու չեն ընդունվի Երևանում, կարևոր չէ: Մաքսային միությունը նույնքան պետք չէ Հայաստանին, ընդհանուր սահման չունեցող պետությունների միջև օրենքների այդ տեսակները չեն գործում, իսկ եթե ինչ-ինչ մեխանիզմներով էլ հարկադրում են գործել, տնտեսապես վճռորոշ չեն: Երկրորդ` սեպտեմբերի 3-ի հայտարարությամբ Հայաստանն ընդամենը մեկ հարց է լուծել` սոցիալական: Եվրասիական զարգացման բանկից 100 միլիոն դոլար կտրվի Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցմանը, «Ռոսնեֆտը» կվերակառուցի «Նաիրիտը», «Ռոսատոմը» մինչև 2026 թ. կերկարաձգի Մեծամորի շահագործումը, «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը 15 միլիարդ ռուբլի կներդնի հայկական երկաթուղում, պայմանավորվածություն է ձեռք բերվել էներգակիրների գնի վերաբերյալ: Փոխհարաբերությունների փորձը ցույց է տալիս, որ Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացիան կմնա միֆ, Հյուսիս-Հարավի ինչ-որ հատված կկառուցվի, թե ոչ և ինչ կփոխվի, թողնենք ժամանակին, «Նաիրիտը» առաջիկա 5-10 տարիներին էլ կմնա նույն վիճակում, ինչ հիմա է, Մեծամորը կգործի, որպեսզի որևէ այլ երկիր չփորձի Հայաստանում երկրորդ ատոմակայան կառուցելու համար ներդրումներ անել կամ նույնիսկ բանակցել, իսկ թե ինչ վիթխարի գումար է 15 միլիարդ ռուբլին և ինչ հրաշքներ են հետո սկսվելու երկաթուղում, նույնիսկ իմաստ չունի ասել: Ի վերջո, երկաթուղու աբխազական հատվածը չի բացվում ոչ այնքան Վրաստանի, որքան Ռուսաստանի և նրա ենթակայության ներքո գտնվող Աբխազիայի մեղքով: Իսկ ներհայաստանյան ուղևորափոխադրումների կամ ապրանքափոխադրության համար 15 միլիարդը ծով է (կայարանի տարածքն էլ լավ կայացած շուկա է, գնացքների գնալ-գալն ավելանալը միայն կխանգարի): Էներգակիրների գինն էլ ոչ այնքան ժամանակակից ու գործածության մեջ լավ մաշված դագանակ է, որ, այնուհանդերձ, հմուտ ձեռքերում բավականին ցավոտ հետքեր է թողնում:
Եթե Հայաստանը Վիլնյուսում նախաստորագրում է ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը, կատարում է այն քայլը, որի մասին 20 տարի հավաստել են բոլոր մակարդակների շարունակաբար փոփոխվող պաշտոնյաները, որոնք աշխատանքի բերումով կարևորել են եվրաինտեգրման գործընթացը:

Ըստ էության` ձևական քայլ, որին նույնքան ձևականորեն հավատացել են պաշտոնական ու աշխատանքային այցերով Հայաստան եկած ու եկող տարբեր տրամաչափի եվրոպացիները: Բայց այս ընթացքում, անկախ թե՛ հայ, թե՛ եվրոպացի պաշտոնատարներից, եղել են գործընթացներ, որոնք օբյեկտիվորեն անհրաժեշտ են դարձրել Հայաստանի եվրաինտեգրումը: Անհրաժեշտ, բայց դեռ ոչ հնարավոր: Ահա հենց այս կետը այն հանգրվանն է, որում ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտարարում է Մաքսային միությանն անդամակցության մասին: Եվ դա ամենևին աշխարհի վերջը չէ, դա ամենևին չի նշանակում, որ Հայաստանն ընդմիշտ ու անդարձ քարկապվում է ռուսական ուղեծրին և ընդմիշտ ու անդարձ անջատվում արևմտյանից: Այն պարզ, գուցե նաև պարզունակ պատճառով, որ դա միակողմանի գործընթաց չէ: Որպեսզի Հայաստանն անդամակցի Եվրասիական միությանը, այդ միությունը դեռ պիտի ստեղծվի: Թե ինչ արագությամբ ու ինչ սկզբունքներով են ապագա միության հիմքերը դրվում ու պատերը շարվում, ցույց են տալիս ռուս-բելառուսական ու ռուս-ղազախական հարաբերությունները: Սննդամթերքի բոլոր տեսակների անուններով անվանված պատերազմներից հետո ռուս-բելառուսական եղբայրության մեջ հայտնվեց կալիումը. ՈՒրալկալիումի տնօրենը ձերբակալվեց Մինսկում պաշտոնական հանդիպումներից հետո: Ռուս-ղազախական նույնքան նախանձելի հարաբերությունների հարթակ է Բայկոնուրը: Այս ասպարեզում գործում են ռուսական դիկտատը և մյուսների շահերը, որոնք հարափոփոխ են ու ավելի շատ պահի, քան հեռանկարի օգուտ են ակնկալում` ի տարբերություն Ռուսաստանի, որ անվտանգության, տնտեսական զարգացման, միաբևեռ աշխարհից երկբևեռության անցման ձևերի որոնումներում չի կարող սահմանափակվել սեփական տարածքով: Ի վերջո, ի՞նչ հաճույք իշխել սեփական երկրում, իշխանության ամբողջ հմայքը այլ պետությունների նկատմամբ գերակա դիրքն է: Թե ինչպես է Ռուսաստանը հարաբերվում իրենից կախում ունեցող պետությունների հետ, շատ երկար պատմություն է, որ երկար-բարակ կարող են պատմել ոչ միայն նախկին ԽՍՀՄ-ի ժողովուրդները, այլև Արևելյան Եվրոպայի, ավելի ուշ ժամանակներում` Աֆղանստանի, Հարավսլավիայի ու հատկապես Կոսովոն կորցրած Սերբիայի, Իրանի ու Սիրիայի բնակիչները (թվարկումը շարունակական է ոչ միայն ժամանակի մեջ, այլև տարածության): Եվրասիական միության միֆը չինական այն պատն է, որ 21-րդ դարում Ռուսաստանը փորձում է կառուցել ընդդեմ Արևմուտքի ընդհանրապես` ցամաքում, օվկիանոսներում, օդում ու նույնիսկ բևեռում:
Գործնականում սեպտեմբերի 3-ին Հայաստանը մերժեց համակարգային փոփոխությունների հնարավորությունը: Ռուսաստանն ընդամենը օրապահիկ է հատկացնում, որով ոչ մի հարց չի լուծվում, ավելիին Ռուսաստանը ի վիճակի չէ ո՛չ գաղափարական, ո՛չ քաղաքական, ո՛չ տնտեսական զարգացման բերումով: Իրականում, սակայն, Հայաստանը կորցրեց ավելին, քան 20 տարում ձեռք էր բերել, բացի բնական ու նյութական ռեսուրսներից, իր հեղինակությունը հաստատելու համար պետությունը պետք է ունենա հուսալիության ու կանխատեսելիության կապիտալ: Հայաստանը իր վստահելիության երաշխիքները մեկ առ մեկ նետում է դուրս այն ապիկար տանտիրուհու պես, ում ճաշը իր հարկի տակ երբեք չի եփվել: Բերվել է դրսից` մի քիչ անեփ, մի քիչ վառած, աղը պակաս, յուղը նամշած, բայց մի օր կշտացրել է:
Ի՞նչ պիտի անի Արևմուտքը: Մի քանի հիասթափված, բայց ոչ անհույս հայտարարություններից հետո կշարունակվեն փոխհարաբերությունները մի քանի մակարդակ ավելի ցածր հարթության մեջ: Ինչ-ինչ, բայց Արևմուտքում լավ հասկանում են, որ քանի դեռ Հայաստանի անվտանգության ապահովման համակարգը ՀԱՊԿ-ն է (որի բոլոր անդամները առանձին-առանձին Հայաստանի դեմ ուղղված քայլեր են անում պարբերաբար), երկիրը չի կարող տրամագծորեն փոխել քաղաքականությունը: Արևմուտքում նույնքան հիանալի հասկանում են, որ Հայաստանն ավելի է պետք Ռուսաստանին, քան Ռուսաստանը Հայաստանին: Ինչը նույնիսկ Հայաստանում են սկսել հասկանալ, բայց շարունակում են իներցիայով, թե գերզգուշությամբ վախենալ ռուսական արջից, որը վաղուց արդեն միակ գազանը չէ անտառում, անտառն էլ արդեն նախկինը չէ, ամեն ծառից համարյա մի համակարգիչ է կախված: Ռուսաստանը երբեք թույլ չի տա Հայաստանի տնտեսական ու քաղաքական զարգացումը, ինչի հիանալի վկայությունն է մեր ապրած կյանքը, Մոսկվային պետք է մշտապես խնդիրների մեջ խրված պետություն, որն իր կարիքն ունի, որի բնակչության զգալի մասն արտագնա աշխատանքի մեկնած պատանդ է, մյուս մասն էլ հարկադրված է ապրել տրանսֆերտների հաշվին, որովհետև աշխարհաքաղաքական այս պայմաններում Հայաստանի տնտեսության գոյությունը բյուջեից բյուջե պատմվող հեքիաթ է, որին նույնիսկ ֆինանսների նախարարն ու վարչապետը չեն հավատում: Իսկ Ղարաբաղի հակամարտության առկայությունը լրացուցիչ երաշխիք է, որը հնարավորություն է տալիս նաև բիզնես ծրագրեր իրականացնել, միջամտել նախագահական ընտրություններին ու իրավական կարգավիճակ ունենալ տարածաշրջանում:
ՀՀ նախագահն արեց այն քայլը, որին ի վիճակի էր այսօրվա Հայաստանը, բայց դա բոլորովին չի նշանակում, որ գնացքը գնաց, դռները փակվեցին ու նման տխուր-տրտում իրադարձություններ: Բնավ: Քաղաքականության մեջ իրավիճակները փոխվում են արագ ու անկանխատեսելի: Որևէ մեկի մտքով կանցնե՞ր, որ նույն բանտում կհայտնվեն Եգիպտոսի տասնամյակների նախագահ Հոսնի Մուբարաքը և մեկամյա նախագահ Մուհամեդ Մուրսին, իսկ հետո Մուբարաքը կգնա տուն, Մուրսիին թողնելով բանտում: Ի վերջո, սերունդ է փոխվել` անկախության ժամանակների մտածողությունը նվազ փորձառու, բայց ավելի ազատ ու անկաշկանդ է իր որոշումներում ու աշխարհընկալման մեջ: Եթե մինչև նոյեմբեր Հայաստանի Հանրապետության քաղաքական ուժերը, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, իսկ ամենակարևորը` Հայաստանի Հանրապետության ժողովուրդը չկողմնորոշվի իր ապագայի ընտրության մեջ և շարունակի համակերպվել Ռուսաստանի ծայրագավառի բնակչի կարգավիճակին ու կենսամակարդակին` համարելով, որ ինքն անզոր է ու անօգնական, մենք ընդամենը կկորցնենք իրական անկախություն ձեռք բերելու դժվարին ճանապարհը սկսելու շանսը ժամանակի այս հատվածում: ՈՒ հետո, ինչպես հիմա մենք, մեր ժառանգներն էլ մեզ հիշելիս օրինական հարց են տալու, թե ինչու են իրենց պապերն ու հայրերը իրենց լուծելիք հարցերը թողել զավակներին: Սա ոչ թե սերունդների փոխկանչ է, այլ կարուսել, որից պետք է վերջապես իջնել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Հենց այնպես, պարապ պահին մտածելու համար մի քանի թվեր. Եվրամիության տարածքը 5 միլիոն քառակուսի կմ է, Մաքսային միությանը` 20 միլիոն: Եվրամիության տարածքում ապրում է 507,9 միլիոն մարդ, Մաքսայինում` 169,3: Համաշխարհային ՀՆԱ-ի մեջ եվրոպական մասնաբաժինը 25 տոկոս է, Մաքսայինինը` 4, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն` 35116-ը 12310-ի դեմ: Ծնելիությունը` ԵՄ-ում` 10,7 տոկոս, ՄՄ-ում` 13,9, իսկ կյանքի միջին տևողությունը` Եվրամիությունում կանայք` 80, տղամարդիկ` 75, Մաքսային միությունում` կանայք` 75, տղամարդիկ` 63: Հայաստանի Հանրապետությունը իբրև անկախ պետություն արդեն կարող է իրեն թույլ տալ որոշումներն ու իրադարձությունները գնահատել ոչ թե ընթացքի, այլ արդյունքի տեսակետից, մնում է չնչին մի քայլ` արժեհամակարգ ունենալ, մեկ էլ չափանիշ: Չէր խանգարի նաև արժանապատվությունը: Իսկ իշխանության կողմից համակարգային փոփոխությունների մասին մոռացեք ընդմիշտ` սա այն դեպքն է, որ ամբողջ համակարգն աշխատում է միմիայն ինքնապահպանման նպատակով: 20 միլիոն քառակուսի կմ տարածքում: Համենայն դեպս` ռուբլի գնեք, Մաքսային միությունում գործելու է միասնական արժույթ, բնականաբար, ոչ բելառուսական, ոչ ղազախական, ոչ էլ հայկական:

Դիտվել է՝ 1918

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ