Ինչպես տեղեկացնում են մեր աղբյուրները, բավականին թեժ է պայքարը ոչ միայն ընդդիմություն-ԲՀԿ ճակատում, այլև Րաֆֆի Հովհաննիսյան-ԲՀԿ «ճակատում»: ԲՀԿ ասելով առաջին հերթին նկատի է առնվում ոչ թե բուն ԲՀԿ-ն, այլ նրա թիկունքում գործող անձինք` «ուղեղային կենտրոնը», որոնց հաջողվել է այս պահին քիչ թե շատ ռեստավրացիայի ենթարկել ԲՀԿ-ն` Ծառուկյանին «լուսանցքում» պահելով, որոշումների պատասխանատվությունը նրա ձեռքից վերցնելով` ԲՀԿ-ի քաղաքական բլոկին հանձնարարելով:
Ընդ որում` Րաֆֆու հետ համագործակցող, նրա թիկունքում գործող այդ ուժերը մասնավոր զրույցների ընթացքում չեն էլ թաքցնում, որ Րաֆֆին իրենց «պետք» է մինչև որոշակի փուլ` մինչև ավագանու ընտրություններ։ «Դրանից հետո ինքն արդեն պետք չէ, պրոցեսն ինքն իրեն կգնա, որովհետև ավագանու ընտրություններում մեր բոլորի հաղթանակը լիարժեք է լինելու. ճիշտ է, ավագանու ընտրություններում իշխանություններն էլի նկարելու են, բայց այդ ժամանակ ընդդիմության նոր ֆավորիտներ են լինելու, և բողոքն էլ ավելի բուռն է լինելու: Ասենք, հենց Օսկանյանը, որն էլ Րաֆֆուն կչեզոքացնի: Նրա հետևում խաղալու են Լևոնը, Քոչարյանը, ՀՅԴ-ն: Րաֆֆու ստացած ձայները ԲՀԿ-ի ձայներն են, ու քաղաքապետի ընտրությունների ժամանակ ամեն ինչ տեղն է ընկնելու»,- մեզ հեզ զրույցում ասաց ընդդիմադիր «ուղեղային կենտրոնի» ներկայացուցիչը:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ