«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

«Ինչո՞ւ չեք բարեհաճում ժամանել, պարոն մինիստր»

«Ինչո՞ւ չեք բարեհաճում ժամանել, պարոն մինիստր»
22.01.2013 | 01:10

Հասկանալի է, ընտրությունների հիմնական իմիջմեյքերը լինելու է ՀՀԿ-ն` յուր ներկայացուցչով: Հայտը ներկայացվեց Ազատություն ռ/կ-ով` ընտրությունների հենց քթի տակ։ Սերժ Սարգսյանի հարցազրույցի «նոու-հաուները» «եռանիստ» էին. մնացյալը իր մշտական թեզերի վերաշարադրումներն էին:
«Նոու հաու» առաջին. Սերժ Սարգսյանը բավականին նուրբ հարց արծարծեց, որը մշտապես մեր բոլորի մտահոգության ծիրում է, և որը նրա օրակարգում է 2008-ից, սակայն նույն այդ թվին անդառնալի ու խոր ֆիասկո գրանցեց:
Հայոց մեջ նախագահական ինստիտուտի անժառանգության մասին է խոսքը, «թագը» մի նախագահից մյուսին փոխանցելու «դառնության», իսկ ահա իմաստնությունն ասում է. «Ամեն լավ բան ժառանգականություն է, ինչ ժառանգականություն չէ, անկատար է»։
Սերժ Սարգսյանն ասաց` հույս է փայփայում, որ երբևէ բոլոր նախագահները, մնացյալ պաշտոնյաները կհավաքվեն-կխոսեն` «ոչ հրապարակային, առանց միմյանց վիրավորելու»:
Բա սրանից մեծ ցանկությո՞ւն` երկրի տիրոջ, միջուկը պահող մեկի համար:
Բայց ինչո՞ւ վերապահումով, պարոն նախագահ: Ինչո՞ւ ոչ հրապարակային: Եթե կա թնջուկը, թող գան, մի անգամ ասեն ներսներում եղածը, դատարկվեն, զատվեն իրենց ներսից, մեզ էլ ազատեն իրենց այդքան ու այդպես անվերջ եռացող «ներս ու դրսից»:
Մենք հասկանում ենք` Սերժ Սարգսյանի տառապանքը փորձ ունի: Մենք հասկանում ենք, թե ում նկատի ունի, երբ ասում է` իշխանություններին պետք չէր 2008-ի ընտրությունները «մրոտել» մարտի մեկով: Մենք հասկանում ենք, որ համարելով, թե բոլորս էինք մեղավոր մարտի մեկի համար, նաև ում է ասում, որ իրենք էլ են մեղավոր:
Ի դեպ, նրա հարցազրույցի իրական «նոու-հաուն» հենց այս պահն է: Ընդհանրացնել բոլորիս, թեկուզև ցավոտ մարտի մեկի առնչությամբ: ՈՒ էս անգամ Սերժ Սարգսյանը ճիշտ է տիեզերաբանորեն: Զի բոլորս այդ «տարածքում» նույն մարմնում ենք, այնտեղ չկան ռամիկ, թագավոր` նախկին, թե ներկա: Բոլորս տիեզերաբանորեն պատասխանատու ենք մարտի մեկի արյան առաջ:
ՈՒ լավ է, որ սա գիտակցվում է: Ոչ միայն գիտակցվում, այլև բարձրաձայնվում է: Ընդ որում, նաև սքողված, գրեթե ենթագիտակցական ցավի մակարդակում հնչած մտքով. «Ի վերջո, նրանք էլ են միայնակ մնում, նրանք էլ են խոսում իրենք իրենց հետ, նրանք էլ են, ի վերջո, պատասխանատու իրենց խղճի առջև: Այնպես որ, թող խորհեն»:
ՈՒ սա էն քիչ դեպքերից է, երբ Սերժ Սարգսյանն անսքող անկեղծ է: ՈՒ նաև` փոքր-ինչ զգացմունքային: Ինչը, իր դեպքում, գրեթե չի պատահում:
Պատճառը, այո, նախընտրական է: Մասամբ: Իրական պատճառն ինքնին մարտի մեկն է, որը, ինչպես երևաց աչքերի խորքից, դեռ մանվում է նրա ներսում: Երրորդ պատճառն ընդհանրապես կյանքի մեծ իրավունք ունի. ինքն իսկապես ուզել էր, որ երեք նախագահներով գոնե մեկ անգամ մի տեղում լինեն, ու դա Անկախության օրվա տոնն էր: Նրա «ադմինիստրացիան» գրեթե մշտապես հրավիրում է երկու նախորդ նախագահներին այդ տոնին, ինչը չէր արվում մինչ այդ, երկու նախորդ նախագահները, ինչպես ասվում է հայտնի ֆիլմում, «չեն բարեհաճում ժամանել»:
-Ինչո՞ւ չեք բարեհաճում ժամանել, պարոն մինիստր, թե՞ սպասում էիք, որ Ձեր հետևից ինքնաթիռ ուղարկեն… պարոն նախագահներ:
Չէ՞ որ, ինչպես մարտի մեկը, այնպես էլ Անկախության տոնը բոլորինս են: Է՛լ առավել` ձերը:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3242

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ