ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Աֆղանստան 1979-Հայաստան 2023. զուգահեռներ (մաս երկրորդ)

Աֆղանստան 1979-Հայաստան 2023. զուգահեռներ (մաս երկրորդ)
13.09.2023 | 11:16

Սկիզբը՝ այստեղ

Ինչպես երևաց առաջին մասում նկարագրածից, իրադարձություններն աստիճանաբար դուրս էին գալիս վերահսկողությունից, և էստեղ առաջ է գալիս մյուս զուգահեռը: Նիկոլենք էլ ամեն ինչ անում են, որ Ռուսաստանը մտնի մեր տարածաշրջանում ակտիվ պատերազմական գործողությունների մեջ, ՀԱՊԿ-ով ու երկկողմ ռազմական դաշնակցային պայմանագրերով «շանտաժ» են անում, ժողովրդի մեջ հակառուսական տրամադրություններ են տարածում՝ լավ հասկանալով, որ Ռուսաստանը հիմա դրա համար լավագույն «մարզավիճակում» չի:

Աֆղանստանում Ամինի փառասիրությունն ու ագահությունը բերեց ներքաղաքական նոր կոլապսի: Վերևում ասել էի, որ մտապահեք «Խաչատուրով օպերացիան»: Ահա, Թարաքիի սպանությունից հետո, Մոսկվայում, ինչպես հիմա ընդունված է ասել, բան է փոխվում: Եթե առաջ ոչ մի ցանկություն չկար խառնվել ներաֆղանական պրոցեսներին, ապա Բրեժնևի սիրելի Թարաքիի սպանությունը նոր որակ է տալիս Ամինի հետ հարաբերություններին: Նույնն է, որ Խաչատուրովի ձերբակալությունը ծանր հարված հասցրեց Ռուսաստանի ստեղծած ռազմաքաղաքական կառուցի՝ ՀԱՊԿ հեղինակությանը: Մոսկվան 1979 թվականի հոկտեմբերից սկսեց մտածել Ամինի չեզոքացման մասին: Սկզբում նախատեսվում էր նրան առևանգել ու տեղափոխել Մոսկվա, Քաբուլում նստեցնել սովետամետ գործչի ու թույլ չտալ, որ Աֆղանստանը շանտաժի միջոցով Սովետին ներքաշի այդ երկրի քաղաքացիական պատերազմի մեջ: Բայց շանտաժի դոզան գնալով մեծանում էր: Սովետական ԿԳԲ-ն Բրեժնևին զեկուցում էր, որ Ամինը ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված է ու կարող է ցանկացած ժամանակ շրջադարձ կատարել դեպի Ամերիկա: Ամերիկացիներն էլ էին նման լուրեր տարածում ու ավելի բորբոքում Սովետի կասկածները՝ նրան ռազմական բախման մեջ ներքաշելու կամ Աֆղանստանից հեռացնելու նպատակով: Հիմա հերթական զուգահեռի տեղն է. Հայաստանին Արևմուտքից ստիպում են շանտաժի ենթարկել Ռուսաստանին, ԵԱՏՄ-ն, ՀԱՊԿ-ը: Թուրքիային ու Ադրբեջանին սադրում են պերմանենտ ագրեսիվ քայլերի, որպեսզի Ռուսաստանին ներքաշեն նոր տարածաշրջանային ռազմական բախման մեջ: Մեզ համոզում են, որ Արցախի շրջափակումը կապված է ռուս խաղաղապահների ու Ռուսաստանի անգործության հետ և այլն: Միաժամանակ, Արևմտյան հարթակներում Նիկոլին ստիպում են հակառուսական հայտարարություններ անել, Ռուսաստանի թիկունքում սեպարատ պայմանավորվածություններ ստանձնել ու Ռուսաստանին կանգնեցնել կատարված փաստի առաջ, որի արդյունքում կա՛մ Ռուսաստանը հեռանա տարածաշրջանից, կա՛մ մտնի պատերազմական գործողությունների մեջ: Կրկնեմ, որ 1979 թվականի հոկտեմբերին Սովետը Աֆղանստանում դրա ցանկությունը չուներ, իսկ հիմա Ռուսաստանը գործողությունների ազատության հնարավորություն չունի, բայց ակնկալիքը նույնն է, ինչ 1979-ին Աֆղանստանում՝ ներքաշել ռազմական բախման մեջ:

Իհարկե, բազմաթիվ այլ զուգահեռներ էլ կան, և դրանց շարքը կարելի է երկար թվարկել: Բայց հասկանում եմ, որ ընթերցողներիս մոտ արդեն հասունանում է այս պատմության ֆինալի սպասումը: Էստեղ նույնիսկ ես եմ վախենում հնարավոր զուգահեռներից, բայց պատմությունը դաժան բան է: Եթե իրադարձությունների նախապատմությունները բազմաթիվ նմանություններ ունեն, եթե այդ իրադարձությունների հիմնական ակտորները նույնն են, ու շահերն էլ էականում չեն փոխվել, ապա ավարտն էլ կարող է նման լինել, եթե չասենք՝ նույնը:

Հիմա, ինչպե՛ս եղավ, որ, ոչ մի ծանրակշիռ ցանկություն չունենալով, Սովետմիությունը զորքեր մտցրեց Աֆղանստան, կարո՞ղ էր զորքեր չմտցնել, բայց կանխել Ամինի քաղաքական ավանտյուրան ու 10 տարի չխրվել պատերազմի մեջ, իսկ վերջում էլ անփառունակ կերպով դուրս գալ՝ փաստացի քայքայելով սեփական երկրի տնտեսությունն ու քաղաքական կայունությունը:

Արդեն վերևում գրել եմ, որ հնարավորություն կար, և Մոսկվայում նույնիսկ հատուկ օպերացիա էր մշակվել՝ Ամինին չեզոքացնելու ու Աֆղանստանում սովետամետ կառավարություն դնելու նպատակով: Այդ հեռանկարով Մոսկվայում էին գտնվում Աֆղանստանի ժողովրդադեմոկրատական կուսակցության Փարչայի թևի ղեկավարներից Բբրակ Կարմալը, ով խուսափել էր Ամինի ռեպրեսիաներից, որովհետև, եթե չեմ սխալվում, Չեխոսլովակիայում դեսպան էր եղել, բայց ժամկետի ավարտից հետո Քաբուլ չէր վերադարձել ու հաստատվել էր Մոսկվայում: Այդ նույն ժամանակ Մոսկվայում էին Ամինի կառավարությունից դուրս եկած ու գաղտնի Մոսկվա փախած երկու ուժային նախարար՝ պետանվտանգության և ներքին գործերի (եթե շատ ցանկություն ու երևակայություն ունենաք, ապա այստեղ էլ կարող եք հայ-աֆղանական զուգահեռներ գտնել, բայց դրանից զերծ կմնանք):

Հիմա գնանք 1979 թվականի դեկտեմբեր: Ամինը, լավ հասկանալով ու գնահատելով իր իշխանությանը և իր անձին սպառնացող վտանգները, դիմում է Մոսկվային՝ զինված կոնտինգենտ ուղարկել՝ իրեն պաշտպանելու համար: Հանուն արդարության պետք է ասել, որ Ամինին թվում էր, թե ինքը կարողացել է Սովետմիությանը փաստի առաջ կանգնեցնել ու ստիպել հաշտվել իր իշխանության գոյության հետ: Տաօրինակ է, բայց ես այստեղ էլ եմ զուգահեռներ տեսնում Ամինի ու Նիկոլի միջև: Նիկոլն էլ հույսը չի կորցնում, որ, գոնե սեփական ազգային-պետական շահերից ելնելով, Ռուսաստանը չի լքի իրեն, եթե իր արևմտյան հովանավորները երես թեքեն, որովհետև չի կարողանում ավարտին հասցնել նրանց կողմից պարտադրված զիջումները:

Հեռավոր 1979 թվականին Ամինը համոզված էր, որ Սովետմիությունը պարտադրված է պահել իր իշխանությունը, այլապես Արևմուտքը առիթը բաց չէր թողնի Աֆղանստանում տեղավորվելու ու Սովետմիությանը «գոտկատեղից ներքև» հարվածելու համար: Բայց պատմության մեջ երբեմն պատահականությունները վճռորոշ են լինում: Իմ մասնավոր գնահատմամբ ու պատկերացմամբ՝ Մոսկվան այդպիսի ճակատագրական պատահականության զոհ դարձավ: Ամինի անձը պաշտպանելու նպատակով զորամիավորում ուղարկելը Մոսկվան փորձեց օգտագործել Ամինին չեզոքացնելու նոր պլանի համար: Այսինքն, ստանձնել նրա անձնական պաշտպանությունը և այդպիսով իրականացնել նրա առևանգումը կամ չեզոքացումը: Բայց մի բան հաշվարկել հնարավոր չեղավ, որովհետև վերջին պահին Ամինը տեղափոխվեց Թաջ Բեկ պալատը, որը վերածել էր գրեթե անառիկ ռազմական ամրոցի: Մոսկվային մնում էր միայն հատուկ ռազմական օպերացիայի միջոցով քաղաքական արենայից հեռացնել Ամինին, վերածվել միջազգային հանրության ու աֆղան ժողովրդի թշնամու: Այդպես էլ եղավ 1979 թվականի դեկտեմբերի 27-ին, որի հատևանքով իրադարձությունները զարգացան բոլորովին այլ սցենարով՝ 10-ամյա դաժան պատերազմ, մի քանի տասնյակ հազար զոհեր՝ սովետական ու աֆղանական կողմերից, Սովետական Միության կործանում, պերմանենտ պատերազմներ ու ավերածություններ՝ Աֆղանստանում:

Վերջաբանի փոխարեն

Մի քանի անգամ առիթ եմ ունեցել ասելու, որ Նիկոլ Փաշինյանն իր դավաճանական ու պարտվողական քաղաքականությամբ փորձանք է ոչ միայն Հայաստանի, Արցախի ու հայ ժողովրդի գլխին, այլև վառոդի տակառի վրա է նստեցրել ամբողջ Հարավկովկասյան տարածաշրջանը: Դժվար չէ կռահել, որ մեկ մարդու փառամոլությունն ու իշխանատենչությունը, ինչպես 1979 թվականին Աֆղանստանում, այնպես էլ հիմա՝ մեր տարածաշրջանում, կարող է բերել անդառնալի ողբերգական իրադարձությունների, որոնց վերջը ոչ ոք չի կարող գուշակել կամ հաշվարկել: Իհարկե, պատմությունը «եթե»- ներ չի սիրում, բայց եթե Ամինը ժամանակին կարողանար վեր կանգնել իր նեղ անձնական ամբիցիաներից, ապա այսօր կունենայինք բոլորովին այլ Աֆղանստան, այլ միջազգային իրադրություն և այլ քաղաքական քարտեզ:

Այստեղ ավարտվում են 1979 թվականի Աֆղանստանի ու 2023 թվականի Հայաստանի զուգահեռները, որովհետև, եթե ունենք Ամին-Նիկոլ հեռակա սիամական զույգ, ապա անհամեմատելի են աֆղան և հայ ժողովուրդներն՝ իրենց քաղաքակրթական, սոցիալական, կրթական մակարդակներով: 1979 թվականի դեկտեմբերին աֆղանները չհասկացան իրենց գլխին կախված վտանգն ու չմիաբանվեցին, չհեռացրին Ամինին ու ստացան այն, ինչ ստացան:

Մենք՝ հայերս, աչքի առաջ ունենալով աֆղան ժողովրդի դառը փորձը, կարող ենք ու պարտավոր ենք միաբանվել Նիկոլի ու նրա խմբակի դեմ, հեռացնել նրանց մեր կյանքից ու պատմությունից, այլապես ոչ միայն մենք ենք տուժելու, այլև ամբողջ աշխարհն ենք ներքաշելու դժոխքի մեջ, որի վերջը հաստատ «խաղաղության դարաշրջանը» չէ:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 2491

Մեկնաբանություններ