ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

ՀԱՕԿ-ը, ՄՕԿ-ն ու Գագոն

ՀԱՕԿ-ը, ՄՕԿ-ն ու Գագոն
03.11.2013 | 12:32

Երեկ հանրությանն իր հայտնությամբ «հաճելիորեն» զարմացրեց հեռախոսազանգերին երբեք չպատասխանող, ՀԱՕԿ-ի բազում աշխատակիցների անօրինական գործից հանած Հրաչյա Ռոստոմյանը (ասում են` «ոսկե տղայի» ոսկե «ղալաթներին» առաջիկայում լուրջ անդրադարձ է լինելու)` յուր ահավոր մոնտաժված «ռոլիկով», թե` բա չեք ասի, չենք ճանաչում վոլեյբոլի ֆեդերացիայի ընտրությունները ու պետք է մոռանանք զայն: Զի.
ա) Նիստն անցկացվել է Անվտանգության խորհրդի շենքում` խիստ մթության քողի ներքո` առանց լրատվամիջոցների:
Լրագրողների զանգերին, ինչպես ասացինք, օրեր-տարիներ չպատասխանող, «Կենտրոնից» (չե՞ք ասի` ում լրատվամիջոցն է այն) խիստ «անանձնական» եթերված ՀԱՕԿ նախագահի քարտուղարը (ես ասացի` քարտուղարը), բացի կազմակերպչական «ճ» կլասի հարցից, է՞լ ինչ թերացումներ էր «գտել» վոլեյբոլի ֆեդերացիայի ընտրությունների ժամանակ, որ «ելույթ» էր ունենում ՄՕԿ-ի «անունից» ու կոչ անում` «մոռանալ վոլեյբոլի ֆեդերացիան»: Կարծես` ոչ մի: Նա պարզապես ՄՕԿ «ձեռներով» փորձում էր փրկել ԲՀԿ առաջնորդին` իր իսկ ստեղծած «տղամարդկային քաոսից»:
ՈՒ թե, դիցուք, սույն վոլեյբոլի ֆեդերացիան վերցնի ու համապատասխան տեղում (չնայած կանոնադրության մեջ չկա նման բան), համապատասխան քվորումով, հետն էլ` լրագրողներով առլեցուն շա՜տ բաց նիստ անի ու կրկին նախագահ ընտրի (կարծում ենք` պարոն Ռոստոմյանն ու յուր «բոսերը» չեն կասկածում, չէ՞, որ կրկին ֆեդերացիայի նախագահ կընտրվի Արթուր Բաղդասարյանը), այդ ժամանա՞կ ինչ են ասելու ՄՕԿ-ի անունից (հուսանք` բառի մեջ ուղղագրական սխալ չկա): Ոչինչ: Զի ՀԱՕԿ-ում շատ լավ են հասկանում վոլեյբոլի ու քինգ-բոքսինգի ֆեդերացիաների «տարբերությունը»: ՈՒստի կրկին «փարվելը» յուրային ՄՕԿ-ի դոշին կարող է և ճիշտ չի ընկալվել, քանզի մեկ էլ տեսար` ՄՕԿ-ն իր հերթին մեղադրվեց Ծառուկյանից շատ «սիրվելու» մեջ:
Եվ հետո. եթե ՄՕԿ-ն է այդպես «կարծում», ինչո՞ւ Հրաչյան չի վկայակոչում ՄՕԿ «նամակն» ու պատասխանը առ ՀԱՕԿ (աչքներս տեսնի սույն նամակը):
Թե՞ ԲՀԿ-ի և յուր սատելիտների մոտ խասիաթ է «աղջիկ» բերելուց հետո Հայաստանի վրա «միջազգային տղա» բերելու իդեա-ֆիքսը։
Ներեցեք, բայց չէ՞ որ խելամիտները սովորում են այլոց, իսկ «մնացյալները»` իրենց սխալների վրա:
Կարելի էր, չէ՞, ինչ-որ բան սովորել բրյուսելյան ահարկու սխալի վրա, ուր երկրի երկրորդ քաղաքական ուժը, «без пяти минут» իշխանությունը, երկրի թիվ մեկ գործարարը (մի հարցրեք նրանից, թե ինչպես է կուտակել իր առաջին միլիոնը…) գնում Յուրոփ, կանգնում Յուրոփի գեղամիջում, տուր, թե կտաս, ու թե` «լեդիս ընդ ջենթլմենս», մենք բոլորով` կին և տղամարդ ատամնատեխնիկներով, եկել ենք Յուրոփ ասելու, որ էդ Հայաստանն «իքստիքիան»` «բեսմաթ ու շատ փիս ձևով կոռումպացված երկիր է, Յուրոփ ջան, մի ճար արա…»:

Յուրոփը հարգանոք, իրեն հասկանալի ժպիտով ժպտացել էր սույն հավաքականության վրա, իր համար ֆիքսել` գործ ունի հատուկ դեպքի հետ, ու այլևս որպես քաղաքական դիակ, ճամփել էր նրանց Հայաստան… չերկարացնենք, գիտեք, անցնենք առաջ:
բ) Հրաչյայի հաջորդ առարկությունն ընդհանրապես չի դիմանում… ժպիտի (հոմերական ծիծաղն էլ չի փրկի): Պարզվում է` մեր հուր աչիկը (անվան ստուգաբանությունն է) անտի-դեմոկրատ է միայն մեր զանգերի պարագայում, իսկ ահա նրան առավոտից մինչ ուշ գիշեր «ահազանգում» են միջազգային կառույցները` հայտնելու իրենց տարակուսանքը «նման ընթացակարգով անցկացված ընտրության հետ կապված»: Ծանրացե՜լ է, էլի, մեր վոլեյբոլի խնդիրը միջազգայինների սրտին, ի՞նչ կարող ես անել. միջազգայինները տապակվում են մինչ օրս ոչ մեկիս կողմից չլսված-չիմացված սույն ֆեդերացիայի ցավ ու դարդով: ՈՒր Արթուր Բաղդասարյանի միակ անելիքն այն է լինելու, որ պիտի ներդրումներ անի: Ընդ որում, Ռուսաստանի յուր գործընկերոջ` Պատրուշևի օժանդակությամբ նաև (ա՜խ` ՄՕԿ-ՄՕԿ. սխալ չկարդաք: Հասկացաք, չէ՞, ում որտեղն ինչու է ցավ քաշում:
Ի դեպ, Ռուսաստանի համար ևս անհասկանալի է եղել, թե այս ի՞նչ հակառուսական գործընթացներով է զբաղված Ռուսաստանում իր բիզնեսները ծաղկեցնող «հարգարժան» «Ցառուկյանը»։ ՈՒ բավականին լուրջ եզրահանգումներ են կատարել։
Եվ վերջապես.
գ) Հրաչը համոզված է, որ խոշոր խախտում է եղել. սպորտի նախարարը մասնակցել է սույն գործընթացներին: Ա՛յ-ա՛յ-ա՛յ. ո՞վ կպատկերացներ:
Իսկ այ թե ի՞նչ է ասում արդարադատության նախարարությունը, այն է` հայոց պետությունն այս ամենի մասին, Հրաչն ու յուր բոսերը մոռանում են:
Մոռացված լերուք:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1893

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ