ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

«Ով տիրապետում է պատերազմ մղելու արվեստին, նա օտարի բանակը պարտության է մատնում առանց կռվի»

«Ով տիրապետում է պատերազմ մղելու  արվեստին, նա օտարի բանակը  պարտության է մատնում առանց կռվի»
27.10.2013 | 13:14

Չինաստանում, ինչպես, ի դեպ, նաև նրա սահմաններից դուրս, մեծ հարգանք վայելող Սուն Ցզին (զորավար և իմաստասեր, պատերազմական ռազմավարության մասին նշանավոր «Պատերազմի արվեստը» տրակտատի հեղինակ, ապրել է մ.թ.ա. 6-րդ, այլ աղբյուրների տվյալներով՝ մ.թ.ա. 4-րդ դարում) հայտարարել է. «Ով տիրապետում է պատերազմ մղելու արվեստին, նա օտարի բանակը պարտության է մատնում առանց կռվի, օտարի ամրոցները գրավում է առանց պաշարելու», իսկ «հզորություն» ասվածը, նրա կարծիքով, «մարտավարություն կիրառելու հմտությունն է...»։ Եվ այդ հնօրյա պատգամները հիմա միանգամայն նորօրյա ձևով տեղ են գտնում ՉԺՀ պետական ռազմավարական ծրագրերում։ «Ռազմավարական սահմանների ու կենսական տարածության» հայեցակարգի համաձայն, որով զարգանում է Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակը, «կենսատարածքն օգտագործվում է երկրի անվտանգության, կենսագործունեության ու զարգացման համար, և ուժեղ տերությունների պարագայում մեծապես դուրս է գալիս նրանց պետական սահմանների շրջանակներից, ու թեև Պեկինը ոչ մի նվաճողական ծրագիր, կարծես, չի նյութում, և առհասարակ, չինական քաղաքակրթությանը, ընդհանուր առմամբ, տարածքային նվաճողամտությունը բնորոշ չէ, Չինաստանի ռազմական և զինվորական «ներթափանցումը» վերջին շրջանում սկսել է ինտենսիվորեն ծավալվել։
Հենց վերջերս աշխարհի լրատվամիջոցներում երևաց մի սենսացիոն նորություն. Թուրքիան, տենդերի արդյունքներով, գնելու է չինական արտադրության QH-9 զենիթահրթիռային համալիրներ։ Այդ տենդերին, բացի «Ռոսօբորոնէքսպորտից», մասնակցել են ամերիկյան ու եվրոպական կոնսորցիումներ։ Պայմանների համաձայն, Չինաստանը Թուրքիայի տարածքում ծավալելու է հրթիռների համատեղ արտադրություն, մատակարարելու է ռադիոտեղորոշման կայաններ ու զենիթային կայանքներ, որոնք ընդունակ են խոցելու ոչ միայն սովորական թռչող ապարատներ, այլև հրթիռներ։ Թուրքական կողմը վկայակոչում է գործարքի, այսպես ասած, ֆինանսական հիմնավորումները. չինական QH-9-ները շատ ավելի էժան են ամերիկյան և ռուսական նմանակներից, և Պեկինի առաջարկած պայմաններն էլ ավելի հրապուրիչ են։ Այսպես, 12 դիվիզիոնային զենիթային համալիրների մատակարարման համար Չինաստանը պահանջել է 3,44 մլրդ դոլար։ Բայց աշխարհում շատերը դրդապատճառն այլ են համարել։ Նրանք կարծում են, որ «Թուրքիայի որոշումն ավելի շատ քաղաքական աստառ ունի»։ Որոշ ռուս փորձագետներ նույնիսկ սկսել են խոսել «Անկարա-Պեկին դաշինքի» մասին, իսկ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռասմուսենը մտահոգություն է հայտնել այն կապակցությամբ, որ Թուրքիան ուզում է չինական ֆիրմայի հետ մեկտեղ ՀՕՊ/ՀՀՊ համակարգեր արտադրել։ «Մեզ համար կարևոր է, որ որոշակի երկրի ձեռք բերած համակարգն ի վիճակի լինի գործակցելու այլ երկրների համակարգերի հետ»,- հայտարարել է գլխավոր քարտուղարը «Ռեգնում» գործակալությանը։ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարության ղեկավար Բայարը փորձել է հանգստացնել բոլորին և հայտարարել է, թե չինական համալիրները կարելի է միակցել Թուրքիայի ՀՕՊ համակարգին և այդ կերպ գործակցել ՆԱՏՕ-ի ՀՕՊ համակարգերի հետ, դրանով իսկ բավարարելով բոլոր անհրաժեշտ պահանջները, իսկ Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունինը շահագրգիռ կողմերին կոչ է արել անաչառ և խելամիտ վերաբերվել Չինաստանի ու Թուրքիայի բնականոն ռազմաառևտրական համագործակցությանը և չքաղաքականացնել սովորական առևտրային մրցակցությունը։
Մինչդեռ, ՉԺՀ-ի ռազմական համագործակցությունը հաջողությամբ և հարաճուն ծավալներով սկսել է զարգանալ նաև նախկին ԽՍՀՄ-ի տարածությունում, ընդ որում, դրա համար օգտագործվում են բոլոր առկա ձևաչափերը։ Օրինակ, Չինաստանի պաշտպանության նախարար Լյան Գուանչեն բազմիցս հայտարարել է ՇՀԿ երկրների ռազմական համագործակցությունը «նոր մակարդակի» բարձրացնելու համար «բոլոր ջանքերը գործադրելու» պատրաստակամության մասին։ Սակայն չնայած Կրեմլի բացահայտ դժգոհությանը, այդ նույն կազմակերպության շրջանակներում չինական գլխավոր զինվորականը Աստանայում՝ ՇՀԿ երկրների ՊՆ գագաթնաժողովում առանձնահանդիպումներ ունեցավ Ղազախստանի և Ղրղզստանի պաշտպանության նախարարների հետ, որից հետո պաշտոնական այցով մեկնեց ՈՒզբեկստան, որն արդեն դարձել է նման կապերի դրոշակակիր։ Մի հետաքրքիր հանգամանք. Տաշքենդի ու Պեկինի ռազմական համագործակցությունը սկսվել է դեռ 2000 թվականից, երբ Չինաստանը ՈՒզբեկստանին տրամադրեց դիպուկահար հրացանների մի խմբաքանակ, իսկ 2009-ին ստորագրվեց մի համաձայնագիր, համաձայն որի, 3,7 մլն դոլարի օգնություն տրամադրվեց ուզբեկական սահմանային կետերի համար շարժական արտանկարման համալիրներ ձեռք բերելու նպատակով։
Պետք է նկատել, որ մինչև վերջերս Չինաստանի համագործակցությունը Կենտրոնական Ասիայի երկրների հետ առավելապես սահմանափակվում էր համատեղ զորավարժություններով՝ ինչպես բազմակողմ (ՇՀԿ-ի շրջանակներում), այնպես էլ երկկողմ հիմքի վրա։ 2002 թ. տեղի ունեցան Չինաստանի ու Ղրղզստանի բանակների առաջին զորավարժությունները, 2006-ին՝ չին-ղրղզական և չին-տաջիկական զորախաղերը։ Դրա հետ մեկտեղ, տարածաշրջանի երկրներն արդեն ավանդաբար անցկացնում են համատեղ գործողություններ՝ ուղղված թմրամիջոցների առևտրի դեմ։ Փորձագետների կարծիքով, թմրավաճառության դեմ համատեղ պայքարի ուժեղացմանը զուգընթաց, Պեկինը մտադիր է առաջ մղել համատեղ խաղաղարար բրիգադների ստեղծման գաղափարը և ակտիվորեն ձգտում է հասնել այն բանին, որ կենտրոնասիական երկրները համաձայնեն մասնակցելու համատեղ հակաահաբեկչական գործողություններին, այդ թվում՝ ուղղված Սինցզյանի ույղուրական անջատականների դեմ։ Վերջապես, ինչպես նշում են մեկնաբանները, Պեկինի համար ավելի ու ավելի կարևոր ուղղություն է դառնում Կենտրոնական Ասիայում չինական էներգետիկ շահերի և, առաջին հերթին, խողովակաշարերի պաշտպանությունը։ Խոսքը, մասնավորապես, 2009 թ. բացված Կենտրոնական Ասիա-Չինաստան և Ղազախստան-Չինաստան խողովակաշարերի մասին է։
Այդ կապերն աստիճանաբար փաստաթղթային ձևակերպում են ստանում։ 2007 թ. Ղազախստանում ընդունվեց մի ռազմական դոկտրին, որտեղ ընդգծվում է Չինաստանի հետ երկկողմ կապերի առանձնակի կարևորությունն անվտանգության հարցերում (ճիշտ է, պահպանվում է հիշատակումը Ռուսաստանի առաջատար դերի մասին)։ Վերջին ժամանակներս նման նորմատիվ փաստաթղթեր են ընդունվել նաև տարածաշրջանի այլ երկրներում։ Ընդ որում, ստորագրված հռչակագրերում Կենտրոնական Ասիայի երկրների տարածքային ամբողջականության երաշխիքներ տալիս է հենց Չինաստանը։ Զուգահեռաբար, թեև համեմատաբար սահմանափակ չափերով, մեծանում է Չինաստանի ռազմատնտեսական օգնությունը կենտրոնասիական պետություններին։ Ղազախստանը, օրինակ, Չինաստանից արդեն տեխնոլոգիական օգնություն, հաղորդակցական սարքավորումներ և փոխադրամիջոցներ է ստացել (մոտ 5 մլն դոլարի), Աստանան նաև պարզորոշ հասկացրել է, որ շահագրգռված է չինական բանակից ձեռք բերելու լրացուցիչ ռազմահանդերձանք։ Չինաստանից Տաջիկստանի ստացած ռազմական օգնությունը գնահատվում է 16 մլն դոլար, Ղրղզստանինը՝ 3 մլն։ Աստիճանաբար աճում է կենտրոնասիական բանակների այն սպաների թիվը, որոնք սովորել են չինական զինվորական ուսումնական հաստատություններում։ Շատ փորձագետներ ընդգծում են, որ Կենտրոնական Ասիայի երկրներում խորհրդային ռազմական տեխնիկան գնալով մաշվում, շարքից դուրս է գալիս, և իր բանակային զորահանդերձանքի ու սպառազինության մարտավարումներով Չինաստանն աստիճանաբար փակում է այն ճեղքվածքը, որ գոյացել է ԽՍՀՄ փլուզումից հետո։ Համարվում է, որ Ղրղզստանի հակամարտությանը միջամտելուց ՀԱՊԿ-ի, իսկ ըստ էության Մոսկվայի հրաժարումը Կենտրոնական Ասիայի ղեկավարներին հանգեցրեց այն մտքին, որ ավելի հուսալի ու ձեռնտու է պաշտպանություն փնտրել Պեկինում։
Դատելով ըստ ամենայնի, չինացիները, հիանալի հասկանալով Կրեմլի շարժառիթները՝ ապացուցելու, որ Ռուսաստանը դաշնակիցներ ունի, որ նա դեռ վտանգ է ներկայացնում Ամերիկայի համար, և որ կարող է տնօրինել իր «հետնաբակում», ավելին, շահարկելով դրանք, Չինաստանը հանգիստ ու անշտապ ձգտում է հասնել իր նպատակին և ամրապնդում է իր ազդեցությունը տարածաշրջանում։ Այսպես, Ռուսաստանի օրհնությամբ միանալով ՇՀԿ-ի ռազմաքաղաքական մասին, նա միանգամայն օրինական իրավունք ստացավ ռազմական միջամտություն ցուցաբերելու Կենտրոնական Ասիայի գործերին։ ՈՒ հազիվ թե որևէ մեկը կասկածներ ունենա, թե Պեկինն այդ իրավունքից կօգտվի զուտ սեփական նկատառումներով, այնքան էլ հաշվի չառնելով գործընկերների կարծիքը, այդ թվում՝ կրեմլյան գործընկերների։ Բայց Մոսկվայում դեռևս խիստ տարված են «եվրասիական» նախագծերով, չեն ուզում նկատել «Կենտրոնական կայսրության» այդ հզոր տարածումը Կենտրոնական Ասիայում և ոչ միայն այնտեղ։
Եվ դարձյալ հիշենք Սուն Ցզիին. «Ամենալավ պատերազմը հակառակորդի մտահղացումները ջարդելն է, հաջորդը նրա դաշինքները ջարդելն է, հաջորդը նրա զորքերը ջարդելն է»։

Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 1995

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ