ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Քաղաքը, որ խաչմերուկ չունի

Քաղաքը, որ  խաչմերուկ չունի
30.04.2013 | 02:26

Պարզապես տխուր է, մարդկայնորեն տխուր այն ամենը, ինչ կատարվում է այս օրերին Երևանի ավագանու ընտրության առիթով: Առաջին հայացքից ամեն ինչ քիչ թե շատ նորմալ է: Օրենսդրորեն ամեն ինչ համարյա օրինաչափ ու կատարյալ է. քաղաքական ուժերը ճիշտ ժամանակին, պահպանելով բոլոր կանոնները, պայքարում են համայնքային (հիշեցնում եմ` բնավ ոչ համապետական, ընդամենը համայնքային) ընտրություններում հաղթելու համար, որը չորս տարով ավագանու անդամի կարգավիճակ է տալիս: Ճիշտ է, այդ համայնքը մայրաքաղաքն է, Հայաստանի դեպքում` պետության կեսը բնակչության թվով, մյուս ազդեցությունների մասին չեմ ասում: Առաջին հայացքից, իրոք, ամեն ինչ ճիշտ է ու օրինաչափ: Բայց հանճարեղ է ասված, որ սատանան մանրամասների մեջ է: Մանրամասներ, որոնք բնավ էլ չորրորդական նշանակություն չունեն: Մանրամասներ, որոնք մեր կյանքի ամբողջությունն են կազմում: Մանրամասներ, որոնք անմահ են պահում սատանային:
Ի սկզբանե ընտրությունները քաղաքականացվեցին: Սխալ էր, բայց և բնական: Հայաստանում ամեն ինչ է քաղաքականություն` բարի լույսից բարի գիշերի միջակայքում: Բարև-ի մասին արդեն չեմ ասում: Ինչո՞ւ: Պարզ պատճառով. մենք ունենք (կամ կարծում ենք, որ ունենք) հրաշալի օրենքներ, որոնք սահմանում են մարդու կենսագործունեության համար անհրաժեշտ կանոնակարգերը, բայց մենք խորապես թքած ունենք բոլոր օրենքների վրա և ապրում ենք` բարեհաջող շրջանցելով, ոտնահարելով, հերքելով այդ օրենքները: Որովհետև մենք չենք հավատում` ա¤ արդարության գոյությանը, բ) արդարության գոյությանը մեր կյանքում, գ) արդարության գոյությանը երկրում: Եվ այբից գիմ այդ պարզ ընթացքում մենք համարյա անելիք չունենք: Ընտրությունները քաղաքականացվեցին, որովհետև ավանդույթ է դարձել, որ ամենափոքր, ամենաանհույս հնարավորությունն էլ պետք է օգտագործել ինչ-որ հարց լուծելու համար: Ընտրությունները քաղաքականացվեցին, որովհետև իսկապես կա երկու Հայաստան` իրական ու վիրտուալ: Իրական Հայաստանը մեծ է ու դժվար, շատ դժվար կյանքով է ապրում. աշխատանք, որով հնարավոր է նորմալ ապրել, չունի, ամեն ինչի հասնում է (եթե հասնում է) կամ ուժից վեր դժվարությամբ, կամ օրենքները խախտելով, կամ պատահականությամբ: Այդ Հայաստանում կյանքի որակը բոլորովին այլ է, այդ Հայաստանում կյանքի որակի մասին ընդհանրապես չեն էլ մտածում. ապրում են, ինչպես ստացվում է: Եթե նրանք հիվանդանում են, տարերային աղետ է, որովհետև իրենց մակարդակում հանդիպող բժիշկները, որ նույնպես ապրում են համարյա նույն կյանքով, ա) մասնագիտորեն անորակ են, բ) հոգնած ու անբարեխիղճ մարդիկ են, գ) ուզում են լավ ապրել և մասնագիտությունը օգտագործում են իբրև բիզնես: Այդ բժիշկները բուժում են հիվանդությունը, բայց ոչ երբեք հիվանդին, նրանք պարտականություն են կատարում: Վատ են կատարում, սխալ են կատարում, չեն կատարում: ՈՒ` ոչինչ: Եթե նրանք որևէ գործ են ունենում իրավապահների հետ, պարտադիր տանուլ են տալիս, որովհետև` ա) մասնագիտական պատրաստվածություն չունեն և չեն էլ կարող փաստաբան վարձել, բ) որովհետև ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր, գ) որովհետև դա է նրանց ճակատագիրը` համոզված են իրենք: Այս թվարկումը անվերջ է` կյանքի ցանկացած ոլորտում նրանց կյանքը նույն որակն ունի: Այդպես հայերը ինքնաբերաբար դառնում են ընդդիմադիր, ու նրանց ընդդիմությունը անկեղծ է ու ոչ քաղաքական` կյանքի թելադրանք է: Այդպես իշխանությունը դառնում է ոչ թե պետական կառավարման համակարգ, այլ թշնամի, որ մեղավոր է բոլոր դժբախտությունների մեջ, որից օր առաջ պետք է ազատվել, եթե ուզում ես այլևս դժբախտ չլինել:
Վիրտուալ Հայաստանը փոքր է ու հեշտ, շատ հեշտ կյանքով է ապրում: Այդ երկրի բնակիչների համար հարցերը լուծվում են ընդամենը մեկ զանգով, մեկ հանդիպումով: Նրանք մանկապարտեզից սկսած խնդիրներ չունեն, ոչ, ծննդատնից:

Որովհետև նրանց կյանքի որակը բոլորովին այլ է. նրանք ուղղակի երջանկացնում են ամենաբարձրաստիճան բժիշկներին, եթե դժբախտություն են ունենում մատը փուշ խրվելու, ավելի լուրջ խնդիրները արդեն տիեզերական երջանկություն են: Նրանք սովորում են գերազանցապես երկրից դուրս, որովհետև Հայաստանում ի՞նչ կրթություն (այս հարցում նրանք չեն սխալվում` փաստորեն), դեռ ուսանելիս` նրանց աշխատանքի հարցերը լուծված են: Եթե, իհարկե, աշխատանքը չի խանգարի ապրելուն, որովհետև բոլոր աստղերը նրանց համար են փայլում (երբեմն էլ երգում), բոլոր թատրոնները նրանց համար են բեմադրվում ու կյանքն ընդհանրապես հաջող սկսված ու բարեհաջող շարունակվող ներկայացում է, որտեղ նրանցը գլխավոր դերն է, իսկ մյուս բոլորը, այնպես` էպիզոդիկ կերպարներ են, որ կյանքը բարեհարմար են դարձնում: Կապիտալի նախնական կուտակման փուլում նրանք կամ նրանց ծնողները ճարպկություն ու հնարավորություն են ունեցել ճիշտ կուտակումներ անել: Պարտադիր չէ, որ նրանք օլիգարխ լինեն (դա մի քիչ այլ պատմություն է), նրանք կարող են բարձրաստիճանից միջին աստիճանի պաշտոնյա լինել, բայց պարտադիր հովանավորով, որը անփոփոխ կատեգորիա է, թեպետ անձերը փոփոխական են: Վիրտուալ Հայաստանն ապրում է իրական Հայաստանի հաշվին, բայց չի ընդունում դա, որովհետև այս Հայաստանում բոլորովին այլ օրենքներ են գործում, ավելի ճիշտ` այս Հայաստանում գործում է միայն մեկ օրենք` նպատակահարմարության: Նրանք հոբբիներից նախընտրում են կուսակցականությունը, որովհետև կուսակցությունը նրանց համար տանիք է, որի հովանու տակ ոչ մի խնդիր չի ծագում` ինչ խնդիր էլ իրենք լուծեն: Վիրտուալ Հայաստանը շատ ներկայանալի տեսք ունի և ներկայացված է ամենուր` ամեն օր դուք այդ Հայաստանին հաղորդակցվելու պատիվն ունեք հեռուստաէկրանից, ռադիոեթերից, թերթերի գերակշիռ մասից: Ձեզ են ներկայացվում հնարովի ու շինծու պատմություններ իբր իրական կյանքից` սերիալների տեսքով, փայլուն ու նախանձելի հաջողություններ` իբր թե ձեր կյանքից, անկասելի ու աննկարագրելի առաջընթաց` իբր թե իրենց կյանքից: Սխալվո՞ւմ են նրանք: Ոչ, իհարկե, նրանց աշխատանքն է այդպիսին:
Ընտրությունները քաղաքականացվեցի՞ն: Այո: Գերքաղաքականացվեցին: Բայց հետո՞: Հետո` ոչինչ, ընտրություններից հետո, իհարկե, պարտվողները չեն ընդունի իրենց պարտությունը: Հաղթողների մի մասը կհայտարարի, որ ավելիին էր արժանի, ու իրեն չի տրվել իր հասանելիքը: Հիմնական հաղթողները կպնդեն, որ դա ժողովրդի կամքն էր, ու ժողովրդավարությունը Հայաստանում ծովից ծով է, թեպետ Հայաստանը, ինչպես գիտեք, դեռ ծով չունի: ՈՒ կշարունակեն կողք կողքի գոյատևել, ինչպես տարբեր մոլորակների վրա, իրական ու վիրտուալ Հայաստանները: Խաչմերուկներ նրանց համար չկան, որովհետև միմյանց ներկայությունը նրանք ուղղակի չեն ընդունում, միմյանց համար նրանք միանգամայն անլեգիտիմ գոյություններ են: Նրանք միմյանց հանդիպում են միայն ընտրություններից ընտրություններ, երբ վիրտուալ Հայաստանը ամեն ինչ անում է իր գոյությունը ժխտելու և իրական Հայաստան ներկայանալու համար, իսկ իրական Հայաստանը բոլոր հնարավորություններով պայքարում է վիրտուալի դեմ: Իհարկե, ընտրությունները կքաղաքականացվեն: Իհարկե, ռազմավարության ու մարտավարության մեջ միջոցների խտրություն չի դրվի, որովհետև նրանք վախենում են միմյանց հանդիպել, նրանք միմյանց ասելիք չունեն: Այլևս: Բոլոր բառերն ասված են, կրկնված են բազմիցս, ամենատարբեր տոնայնություններով, գրագետ ու անգրագետ ձևակերպումներով, տարիներ շարունակ, ընտրությունից ընտրություն: Հետընտրականից` հետընտրական իրավիճակ: Հենց այդ պատճառով բարևը դառնում է հեղափոխություն, հեղափոխությունը` անհրաժեշտություն, անհրաժեշտությունը` անհնարինություն:
Իսկ ընդհանրապես` քաղաքական ուժերը, գոնե այս ընտրություններում, բոլորովին անկեղծ չեն: Նրանք չեն կարող անկեղծ լինել, որովհետև եթե իրենց ընտրողներն ապրում են իրական, իրենք ապրում են վիրտուալ Հայաստանում: Նրանք արտաբերում են կարգախոսներ, որ արդեն բոլորն անգիր գիտեն, նրանք արտաբերում են հայտարարություններ, որ նույնպես հայտնի են: Նրանք ասում են ամեն ինչ, բայց չեն ասում գլխավորը, իսկ գլխավորը մեկն է` նրանք ներդաշնակության մեջ են իրենց ապրած կյանքի հետ, փոփոխություններ նրանց անձամբ պետք չեն: ՈՒրեմն` ընդհանրապես պետք չեն: Նրանք ճիշտ են, որովհետև հեղափոխությունը` ա) անկանխատեսելի ընթացք ունի միշտ և ներդաշնակություն հաստատ չի բերում, բ) երբեք չի ունենում ակնկալված արդյունքները, ավելի շատ հետքայլ է, քան առաջաքայլ, գ) Հայաստանի աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային խնդիրները բացառում են հեղափոխությունը: Սա` իրենց կարծիքով: Իսկ հեղափոխությունը միշտ չէ, որ չարիք է, միշտ չէ, որ անկանխատեսելի ընթացքը ձախողումն է, միշտ չէ, որ չակնկալված հետևանքները հեռացնում են իրական կյանքը, Հայաստանի աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային խնդիրներն էլ հենց հեղափոխությամբ կարող են լուծվել: Մենք բոլորս վախենում ենք հեղափոխություն բառից: Տեղին ու անտեղի: Հենց վաղը այդ հեղափոխությունը կանեինք, եթե` ա) վստահ լինեինք, որ նույն իրավիճակը չի կրկնվելու, ընդամենը անձերն են փոխվելու, բ) եթե հավատայինք արդարության գոյությանը, ընդհանրապես, մեր կյանքում, մեր երկրում, գ) եթե մեզնից ոմանք կարողանային առաջնորդ լինել: Երկրորդը լինելը Հայաստանում ընդհանրական հիվանդություն է, բոլորը մտածելակերպով, հոգեկերտվածքով ու հոգեվիճակով երկրորդ են, որովհետև կատարողը պատասխանատու չէ առաջինի սխալների համար, որովհետև երկրորդը կարող է իրեն թույլ տալ վճիռներ չընդունել ու սպասել, որովհետև երկրորդի կյանքը ապահով ու կանխատեսելի է: Բայց բոլոր երկրորդները երազում են առաջին լինել, որովհետև առաջինը միշտ չգիտի, իսկ իրենք գիտեն ինչ անել, առաջինը երբեք չի պատկերացնում ինչպես, իսկ իրենք մասնագետ են, որովհետև առաջինը ընդհանրապես մեկն է, իսկ իրենք շատ են:
ՈՒ քանի դեռ այդպես է, Երևանը շարունակելու է քանդվել, կառուցվելու են քաղաքն այլանդակող, բայց ինչ-որ մեկին անհրաժեշտ շինություններ, փողոցները մնալու են կեղտոտ, ու աղբը կուտակվելու է հենց քաղաքի կենտրոնում, Հանրապետության հրապարակից (որևէ հրապարակից) մի քանի քայլ հեռու, կանգառներում կուտակվելու են տաքսիներն ու մեքենաները, իսկ ճանապարհային ոստիկանները (եթե հայտնվեն) կարգավորելու են ուղևորներին` նրանց հրամայելով կանգառներից դուրս տրանսպորտին սպասել, մայրուղիները տեղ-տեղ ասֆալտապատվելու են, մայթերը մնալու են քանդված, մի քանի կաթիլ անձրևն ու ձյունը կաթվածահար են անելու ամբողջ երթևեկությունը: Շարունակե՞մ: Որևէ բնակավայր դառնում է քաղաք մարդկանցով, իսկ երբ մարդիկ օտարվում ու խորթանում են իրենք իրենց ու իրենց բնակավայրին, քաղաքը դադարում է գոյություն ունենալ, նույնիսկ եթե բազմամիլիոնանոց է ու հազարամյա: Երևանը Հայաստանի Հանրապետության մեկ համայնքն է ընդամենը, և բոլոր համայնքները Հայաստանում ապրում են նույն կյանքով, առաջին հայացքից գուցե տարբեր, բայց հիմքում նույն պրոբլեմների հարուցած հետևանքների մեջ: Իսկ ընտրություններն ընդամենը պայմանականություն են, որ իրական Հայաստանին տալիս են պատրանքներ, վիրտուալ Հայաստանին` իրավունքներ:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ.- Սատանան մանրամասների մեջ է, ինչպես մանրամասների մեջ ամբողջանում է պատմությունը, որովհետև` ա) պատմությունը միշտ ունի գլխավոր ու երկրորդական հերոսներ, բ) քաղաքականությունը միշտ փոխում է գնահատականները, գ) միևնույն է, ուրիշների սխալների վրա ոչ ոք ոչինչ չի սովորում. բոլորն անում են սեփական սխալները, ոմանք նաև կրկնում են: Անձնական կյանքում անձնական ողբերգություն է, պետության կյանքում` համազգային: Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավն իր բոլոր մանրամասներով` ընդունեք իբրև պատմություն քաղաքի մասին, որ խաչմերուկ չունի:

Դիտվել է՝ 2314

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ