ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Ընտրությունն անձնական ու ընդհանրական պատմության համադրում է

Ընտրությունն անձնական ու  ընդհանրական պատմության համադրում է
22.01.2013 | 01:12

Հիմա 21-րդ դարն է, հոգևոր հարցերին փոխարինել են նյութականները: Սակայն մարդիկ շարունակում են հավատալ հրաշքների, երևի` ինքնաբերաբար: Հրաշքներ չկան, կան պատահականություններ, կան անակնկալներ, կան հաջողություններ ու անհաջողություններ, բայց ոչ հրաշքներ: Հոգևոր նահանջ ու նյութականի արշավ: Բայց, եթե անկեղծ լինենք ու մի քիչ էլ տեղյակ լինենք մեր և այլոց պատմությանը, այդ ախտորոշումը մշտական է ու այնքան հաստատուն, որ եթե իրական լիներ, հոգևորը վաղուց թանգարանի անձեռնմխելի ֆոնդում պահվող նմուշ էր դարձել: Մինչդեռ` կա ու կա, և հատնում էլ չի սպառնում, քանի գիտակցվում է, որ վտանգված է: Իսկ վտանգը պահպանության լավագույն խթանն է, որովհետև առանց գայլերի բթանում է շների զգոնությունը: Իսկ գեղեցիկ պատմություններ միշտ էլ կարելի է հնարել, հիշել, համեմատել ու հերքել:
Ես չգիտեմ, և իրենք էլ հազիվ թե անկեղծանան, թե իրականում ինչ շանսեր են իրենց վերագրում նախագահական ընտրությունների թեկնածուները, յոթից քանի՞սն են հավատում, որ արժանի են` ինչի հավակնում են, որ հաղթելու են, քանի՞սը հաղթանակի դեպքում գիտեն` ի՞նչ են անելու, ինչո՞ւ, ո՞ւմ համար, ինչպե՞ս և ո՞ւմ միջոցով: Կրկնում եմ` յոթից, որովհետև նախագահի թեկնածու, գործող նախագահի համար հաղթանակն ընդամենը գործը շարունակելու հնարավորություն է: Լա՞վ է, վա՞տ` գնահատելու են նրանք, ովքեր այդ հնարավորությունը տալու են: Հետաքրքիրը յոթի դրդապատճառներն են: Հետաքրքիրն իրավիճակն է, երբ յոթն էլ գիտեն, որ առավելագույնը երկրորդի ցուցանիշն է լինելու: Իսկ նախագահի ընտրություններում լինել երկրորդ, նշանակում է առաջին չլինել, դա խաղի ավարտն է: Բացի այդ, առաջադրված և երկրորդի հավակնություններ ունեցողներին ոչինչ չի տալու երկրորդ լինելը: Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը միայն Հայաստանում ժողովրդավարական հեղափոխության դեպքում ընտրություններից հետո կարող է վարչապետի պաշտոնի հավակնել: Նման հեղափոխություն հեռանկարում գուցե կա, բայց շատ հեռու: Եվ` ոչ Բագրատյանի դեպքում: Նրա տնտեսագիտական որակները ոչ ոք կասկածի տակ չի առել, քաղաքականը, ցավոք, նույնքան աներկբա չեն: Հրանտ Բագրատյանի առաջադրումը կարող է քիչ թե շատ հայտնի դարձնել նրա «Ազատություն» կուսակցությունը, որի գործունեության մասին հասարակությունը գործնականում կամ չգիտի, կամ ոչինչ չգիտի, մինչդեռ կուսակցությունը պետք է նրան հայտնիացներ քաղաքականության մեջ հաջողության հասնելու համար: Իր խոսքով` նա պաշտպանում է ազատական գաղափարները, որոնք ընտրություններում ներկայացված պետք է լինեն: Հրաշալի է, բայց քի՞չ չէ: Համենայն դեպս, նախկին վարչապետի համար: Ընտրությունները նրա մասնակցությամբ մրցակցային չեն դառնում, որովհետև քիչ թե շատ արդար մրցակցությունը ենթադրում է մեկնարկային արդարություն` եթե ոչ հավասար, գոնե ոչ ծայրահեղ անհավասար պայմաններ: Այնուամենայնիվ, Հրանտ Բագրատյանի քայլը քաղաքական անհեռատեսություն չէ: Մարդը միտված է լիդերության: Նա չէ ամենամեղավորը, որ ՀԱԿ-ից մնաց միայն ցուցանակ, իսկ ՀԱԿ-ում մնացող քաղաքական ուժերը ինչպես մնալու, այնպես էլ հեռանալու մեջ հեռանկար չեն տեսնում, որովհետև իրենց տեղը չեն գտնում քաղաքական դաշտում: Որովհետև չգիտեն` ինչպես դուրս գալ ստեղծված վիճակից, ինչ արժեքներ դավանել, ինչ ճանապարհներ ընտրել: Որովհետև ինքնուրույն գործունեության ռեսուրսներ չկան` քաղաքական, գաղափարական, մարդկային, նյութական: Հրանտ Բագրատյանը փորձում է ավերակներից դուրս գալ հնարավորինս անկորուստ: Միայնակ: Որովհետև ընկերակիցներ չունի: Ինչո՞ւ ՀԱԿ-ը չի պաշտպանում նրա թեկնածությունը: Ընդունեք, որ այդ պաշտպանությունն այսօր ավելի շատ ՀԱԿ-ին է պետք, քան Հրանտ Բագրատյանին: ՀԱԿ-ին` գոնե մասամբ դեմքը փրկելու համար:

Որովհետև շարքային քաղաքացին` համակիր, թե ոչ, ուղղակի չի հասկանում, թե ինչու նախագահական ընտրությունների նախօրեին խորհրդի նիստ գումարող ՀԱԿ-ը քննարկում է ՀԱԿ-ին անդամակցող կուսակցություններից ոչ մեկի անդամ Սասուն Միքայելյանի հոդվածի հարցը, բայց չի անդրադառնում նախագահական ընտրությունների խնդրին, և ինչո՞ւ նիստին չեն մասնակցում ՀԱԿ-ի անդամ բոլոր կուսակցությունները: Համենայն դեպս, այն կուսակցությունները, որ բացահայտ առաջնորդ են որոնում ՀԱԿ-ի համար ու չեն գտնում: Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը հանգիստ ու հանդարտ հարցազրույց է տալիս ու հաջողություն մաղթում ՀԱԿ-ից հեռացածներին, բայց «մոռանում է» ՀԱԿ-ում մնացածներին: Այսօր Հրանտ Բագրատյանը ՀԱԿ-ի կարիքը չունի, թեպետ, կարծես, ՀԱԿ-ն էլ այլևս նրա կարիքը չի զգում: Հրանտ Բագրատյանի հայտը ոչ այնքան նախագահական ընտրությունների համար է, որքան հետընտրական շրջանում ընդդիմության գոյությունը փաստելու: Գուցե` համախմբելու: Գուցե` գաղափարական դաշտ ստեղծելու: Ընտրությունները Բագրատյանի պարագայում նույն շարքում են, ինչ քաղաքական ցանկացած միջոցառում, նույնիսկ սեմինար ու խորհրդաժողով քաղաքական թեմաներով: Հազիվ թե այս ընտրություններից հետո էլ տնտեսագետ Հրանտ Բագրատյանը իր քաղաքական կշիռն ավելացնի:
Քաղաքական կշիռն ավելացնելու խնդիր չի լուծում նաև Րաֆֆի Հովհաննիսյանը, որովհետև իբրև «Ժառանգություն» կուսակցության նախագահի` նրա քաղաքական կշիռը բավարար է: Ընտրություններում երկրորդը դառնալու հավանականությունը նրան նոր կառավարության արտաքին գործերի նախարար չի դարձնելու միանշանակ, ոչ էլ ավելացնելու է «Ժառանգության» կշիռը քաղաքական դաշտում ու հասարակության մեջ: «Ժառանգությունն» ունի կայուն ընտրազանգված` Ռոբերտ Քոչարյանի թեթև ձեռքով խորհրդարանում հայտնվելուց հետո և առանձնապես մեծ կորուստներ ու ձեռքբերումներ էլ չունի անցած տարիների մեջ` շատ ավելի մեծ գործ անելով իբրև իրավապաշտպան, քան քաղաքական կառույց: «Ժառանգություն» խմբակցության պատմությունը հինգերորդ գումարման խորհրդարանում բավականին խոսուն է կուսակցության ռազմավարության ու մարտավարության համար: Րաֆֆի Հովհաննիսյանին կարելի է հասկանալ. Ռոբերտ Քոչարյանը որքան կարողացավ, նրան հետ պահեց երկրի թիվ մեկ պաշտոնյան դառնալու գայթակղությունից, հետո նա ուղղակի չէր կարող չօգտվել իր իրավունքից` 10 տարվա քաղաքացի լինելու սահմանադրական իրավունք ունենալով: Արդեն քանի տարի Րաֆֆի Հովհաննիսյանը նամակներ է գրում, դրույթներ է առաջադրում, ընդդիմության համախմբման կոչ է անում, միասնականից անցել է հավաքական թեկնածուի գաղափարին, բայց գործընթացը մնում է գործընթաց ընդամենը, և Րաֆֆի Հովհաննիսյանը հարկադրված է գիտնականների նման ընդունելու, որ ինչպես գիտության, այնպես էլ քաղաքականության մեջ բացասական արդյունքն էլ արդյունք է: Ի տարբերություն խորհրդարանական ընտրությունների այս անգամ սարերի քամին նրան նույնիսկ «Ազատ դեմոկրատների» աջակցությունը չի բերի, որովհետև նրանք արդեն կողմնորոշվել են` սեփական թեկնածու չեն առաջադրում ու հակված են պաշտպանելու Հրանտ Բագրատյանի թեկնածությունը: Գուցե նրանց աջակցությունը Հրանտ Բագրատյանի համար մեծ նշանակություն չունի, բայց Րաֆֆի Հովհաննիսյանի համար երեկվա զինակցի կորուստ է` ում հետ խորհրդարանական ընտրություններում միասին զուռնայի զիլ նվագն էին լսում:
Երկրորդի, իսկ իր ասելով` առաջինի ձգտումներն ունեցող Պարույր Հայրիկյանը առաջադրման առաջին իսկ օրից կոչ է անում մասնակցել ընտրություններին: Այնքան ակտիվ է կոչ անում, կարծես պայծառատես է ու հստակ տեղեկություն ունի, որ ընտրություններում ընտրողների մասնակցության խնդիր է ծագելու: Գրականության մեջ գլխավոր հերոսի կերպարի ստեղծման հետաքրքիր հնարք կա, որին շատ գրողներ են դիմել աշխարհում` ասելիքը տեղ հասցնելու, ոչինչ չկորցնելու, նաև այն ասելու, ինչ պետք է գլխավոր հերոսի կերպարի ամբողջականացման համար, բայց վայել չէ, որ հնչի նրա շուրթերից, ստեղծվում են ենթակերպարներ, որոնք գեղարվեստական երկում այլ գործառնություն չունեն, համարյա զարգացում չունեն իբրև կերպար. երկը սկսում ու ավարտում են նույն կետում կամ այն կետում, որ պետք է գլխավոր հերոսի կերպարը ավարտուն դարձնելու համար: Չասենք, թե քաղաքականությունը այդքան նման է արվեստի, թեպետ հիմքում քաղաքականությունը, իրոք մեծ արվեստ է, բայց գրականությունն ու քաղաքականությունը բազում զուգահեռներ ունեն` իրենց կենսագործման մեխանիզմների, նպատակների հասանելիության ապահովման և ընդհանրապես իբրև գործիք ու իբրև նպատակ մարդուն ունենալու մեջ: Ինչո՞ւ է Պարույր Հայրիկյանն առաջադրվում նախագահական համարյա բոլոր ընտրություններում: Մեծ քաղաքականությա՞նն է կարոտում, թե՞ ուզում է հերթական անգամ մեծ քաղաքականության մեջ ներգրավվել: Առաջադրում-քարոզարշավ-ընտրություն ու վերադարձ ելման դրություն` ընթացքն այնքան կարճատև է, արժի՞ ասպարեզ մտնել` կարճ ընթացքում ասպարեզից հեռանալու համար: Գուցե մեկնակետերի ու վերջակետերի միջև ինչ-որ տարբերություն կա, որ հասարակությանն անհայտ է մնում: Ի՞նչ են տալիս ընտրությունները Հայրիկյանին` չգիտեմ, բայց Հայրիկյանն ընտրություններում դառնում է այն խոսափողը, որ ամբողջացնում է անհրաժեշտ քարոզչության պատկերը: Եվ դա իսկապես արժանի քայլ է` հանուն ընտրողների լիարժեք տեղեկացվածության:
Ի՞նչ ենք մենք ուզում լսել նախագահական ընտրությունների թեկնածուներից: Խոստումնե՞ր: Ինչների՞ս է պետք: Ճշմարտությո՞ւն: Իսկ մենք չգիտե՞նք: Նվազագույնը, թե ինչ է լինելու հինգ տարի, առավելագույնը` ինչ կարող է լինել հինգ տարուց հետո: Ընտրությունները տարատեսակ պատմություններ են պատմում, որոնցից միայն մեկն է իրական: Երբ այդ պատմությունները կրկնվում են չորս-հինգ տարին մեկ պարբերականությամբ, ինքնապաշտպանական բնական ռեակցիա են առաջացնում` արդեն անհրաժեշտ չափով հմտանում ես տեքստի, ենթատեքստի, համատեքստի ընկալումներում: Եվ` արդեն նույնքան բնական է դառնում նորի ու չկրկնվածի սպասումը: Այս ընտրություններում այդ դերում Անդրիաս Ղուկասյանն է, որ մյուս յոթից տարբերվելու ռազմավարությունն ու մարտավարությունը միատեղում ու արդյունքում ստանում է մեկ պատասխան` արա այն և վարվիր այնպես, ինչպես ոչ ոք չի անում ու չի վարվում: ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը հունվարի 21-ից հացադուլ է հայտարարել և հացադուլը կդադարեցնի, եթե միջազգային դիտորդները կասեցնեն իրենց առաքելությունը Հայաստանում, որովհետև ընտրությունները դիտարկելն անիմաստ է: Իսկ մինչ հացադուլի որոշումը նա ինքնաբացարկի կոչ էր արել բոլոր թեկնածուներին` Սերժ Սարգսյանին մենակ թողնելու համար, ում գրանցումը ԿԸՀ-ն անվավեր չճանաչեց` հակառակ նրա պահանջի: Աննախադեպ մեկնարկ, որ թերևս հիշվելու հրաշալի տարբերակ է, և ոչինչ ավելի, եթե հաշվի չառնենք հետաքրքրությունը, թե ինչպես է հանգուցալուծվելու թնջուկը: Կարճ ժամանակի ու կարճ տարածության մեջ: Ափսոս:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Իսկապես, գեղեցիկ պատմություններ միշտ էլ կարելի է հնարել, հիշել, համեմատել ու հերքել: Բայց ի՞նչ կապ ունենք մենք այդ պատմությունների հետ: Ինչպիսի՞ն կլինեն մեր պատմությունը և պատմությունը մեր մասին: Չասեք, որ նախագահական ընտրությունները այդ դեպքը չեն: Մենք ընտրում ենք ուրիշներին, երբ արդեն ընտրել ենք մեզ` այն կերպարով ու պատմությամբ, որ ուզում ենք ունենալ ուրիշների շնորհիվ: Այնպես որ, նախագահական ցանկացած ընտրություն մեր անձնական պատմության մասն է` երկրի ընդհանրական ապագայի մեջ: Եվ հետո, մեր անձնական ընտրության մեջ մենք ոչ միշտ ենք առաջնորդվում բանականությամբ, երբեմն թելադրողը զգացողությունն է` ի տարբերություն ընդհանրական ապագայի պարտադրվածության, որտեղ մենք ոչ թե ընտրում, այլ ընտրվում ենք` իրականացնելու ծրագրեր, որ կարող են և մերը չլինել:

Դիտվել է՝ 3026

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ