ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Մոսկվան վճարեց և քիչ չվճարեց

Մոսկվան վճարեց և քիչ չվճարեց
13.10.2012 | 16:37

Երկար հիասթափություններից ու վիրավորանքներից հետո, Մոսկվայի համար Կենտրոնական Ասիայից ստացվող լուրերը, ասես սկսել են ուրախ բովանդակությամբ լցվել: Ռուսական թերթերի վերնագրերն էլ են համակված նրանց այնքան հոգեհարազատ «վեհապետական» ոգով։ Ահավասիկ «Ռուսաստանը շահե՞ց Միջին Ասիայի ճակատամարտը», «Ռուսաստանն սկսել է վերադառնալ Միջին Ասիա», «Կիրգիզիա-Ռուսաստան. սառույցը կոտրված է», «Համարժեք պատասխան Վաշինգտոնին» և այլն (ուշադրություն դարձնենք` ԶԼՄ-ները, ինչպես երկրի ղեկավարությունը, համառորեն օգտագործում են խորհրդային քաղաքական տերմինաբանությունը` «Միջին Ասիա», «Անդրկովկաս», «Կիրգիզիա», երևի ենթագիտակցության մակարդակում մերժելով աշխարհում ընդունված անվանումները` «Կենտրոնական Ասիա», «Հարավային Կովկաս» և այլն): Չեխիայի արտգործնախարարության ղեկավար Կարել Շվարցենբերգն էլ, արևմտյան երկրներին հանդիմանելով, որ նրանք չեն փորձում սանձել տարածաշրջանային գերիշխանությունը վերականգնելու Ռուսաստանի նախագահի հավակնությունները, նրան համեմատում է Նիկոլայ Առաջին կայսեր հետ, ում օրոք ռուսների նվաճեցին Կենտրոնական Ասիայի զգալի մասը։ Եվ իրոք, Վլադիմիր Պուտինի վերջին այցերը, կարծես, դարձել են «հողերի ժողովման» նրա մտադրությունների լրջության ծանրակշիռ ապացույց: Ավելացնենք, որ կենտրոնաասիական պարագլուխների քաշն էլ դրանք զգալիորեն ավելացրին: Պատահական չէ, որ Ալմազբեկ Աթամբաևը, ով մինչև վերջերս աչքի էր ընկնում Կրեմլի կոշտ քննադատությամբ, մասնավորապես բազաների հետ կապված պարտքերի կապակցությամբ, դիմելով Պուտինին, ասել է. «Ես հիշում եմ այն խոսքերը, որ Ռուսաստանը միայն երկու հուսալի դաշնակից ունի` բանակն ու նավատորմը, բայց հույս ունեմ, որ Ղրղզստանը կդառնա Ռուսաստանի հուսալի դաշնակից»: Քանի որ առաջին երկու դեպքի առումով Ղրղզստանը, որպես նեցուկ, բացահայտորեն բանի պետք չէ, ապա մնում է, իհարկե, ռազմական «հենահրապակը»:

Եվ իրոք, Բիշքեկում ստորագրված ամենաէական փաստաթղթերից մեկը, գոնե ռուսների համար, Ղրղզստանում ռուսական ռազմաբազայի գտնվելու պայմանների մասին համաձայնագիրը եղավ: Ռազմաբազայի տարածքի օգտագործման վարձավճարը կազմում է տարեկան 4 մլն 502,5 հազար դոլար: Համաձայնագիրը կգործի 15 տարի` սկսած 2017 թվականից և ամեն հինգ տարին մեկ կարող է երկարաձգվել: Հիշեցնենք, որ ներկայումս Ղրղզստանի տարածքում երեք ռուսական ռազմական օբյեկտ կա` Իսիկ Կուլ լճի ստորջրյա փորձարկումների բազան, ռազմական կապի 338-րդ հանգույցը և ռադիոսեյսմիկ լաբորատորիան: Առավել «արժեքավոր օբյեկտը»` Կանտ քաղաքի ավիացիոն զորամասը, հիմնվել է ՀԱՊԿ-ի որոշմամբ, ուստի դրա կարգավիճակն ու տեղակայման պայմանները կարգավորվում են բազմակողմանի համաձայնագրերով: Ռուսների համար ավելի շահավետ են Տաջիկստանի հետ ստորագրված փաստաթղթերը, որի իշխանությունները բավական անսպասելիորեն հայտարարեցին ռուսական 201-րդ զորամասի տեղակայման ժամկետը ևս 20-29 տարով երկարացնելու մասին, ընդ որում, փաստորեն, անհատույց հիմունքներով: Միակ պայմանը, որ նրանք առաջ են քաշել, Տաջիկստանի նկատմամբ այս կամ այն ուժի ագրեսիայի դեպքում ռուս զինծառայողների օգնության ակնկալիքն է: Այնպես որ, մի շարք փորձագետների կարծիքով, «Ռուսաստանը հստակորեն ցույց է տվել, որ մտադիր է վերադառնալ Միջին Ասիա, որը պատմականորեն եղել է նրա կենսականորեն կարևոր շահերի գոտում», և բոլոր ստորագրված թղթերը «կարևոր պայմանավորվածություններ» են:
Ճիշտ է, Մոսկվան դրա համար վճարեց և քիչ չվճարեց: Նախ, Ռուսաստանը համաձայնեց անմիջապես զիջել Ղրղզստանի 189 մլն դոլար պարտքը, հետագայում նաև «դուրս գրել» մնացած 300 մլն դոլարը` անմիջապես դադարեցնելով տոկոսների հաշվառումը: Արդյունքը` գրեթե կես միլիարդ դոլար: Բայց Մոսկվան դրանով չպրծավ: Երկար որոնումներից հետո, Ղրղզստանը Ռուսաստանից «պոկեց» ՀԷԿ-երի շինարարության ներդրումներ: Միայն Կամբարաթի ՀԷԿ-ի նախագծի իրացման համար կպահանջվի 2-4 մլրդ դոլար` կախված դեռևս չհաստատված տեխնիկական բնութագրերից: Ինչ վերաբերում է Վերին Նարինի կասկադին, ապա այստեղ իրավիճակն ավելի մշուշոտ է. առայժմ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել միայն ֆինանսավորման գերակա սկզբունքների շուրջ, սակայն չեն նշում ծախսերի նույնիսկ մոտավոր ծավալը: Ըստ պայմանագրի, մինչև կայանների լրիվ թողունակությունը դրանք տնօրինելու է Ռուսաստանը: Նկատենք, որ Ղրղզստանը ինքնուրույն, առանց արտաքին ներդրումների, տեխնոլոգիաների ու մասնագետների ներգրավման չի կարող հիդրոէներգետիկ օբյեկտներ կառուցել ու շահագործել: Ընդ որում, դրանց կառուցումը, անշուշտ, կարևորագույն ճեղքում կլինի, հնարավորություն կընձեռի թուլացնելու կախումը ՈՒզբեկստանի ու Ղազախստանի գազի մատակարարումից և Ղրղզստանը կդարձնի էլեկտրաէներգիա արտահանող երկիր: Այնպես որ, շինարարության համար փող ստանալը Ղրղզստանի նախագահի համար պակաս կարևոր խնդիր չէր, քան պարտքերը «դուրս գրելը»: Եվ այստեղ նա առավելագույն ջանքեր գործադրեց:
Ինչ վերաբերում է ռուսներին նյարդայնացնող գլխավոր հանգամանքին` «Մանաս» օդանավակայանում տարանցիկ փոխադրումների ամերիկյան կենտրոնին, ապա թեև երկու նախագահները միաձայն հայտարարեցին, թե «ամերիկյան բազայի հարցը բանակցությունների ընթացքում չի արծարծվել», Աթամբաևն ասել է. «Ես միշտ ասել եմ, որ «Մանաս» քաղաքացիական օդանավակայանը պետք է քաղաքացիական լինի», իսկ Պուտինն ավելացրել է, որ ամերիկյան զինվորականների հեռանալու պարագայում «մենք պատրաստ կլինենք միանալու, այն համալրելու տնտեսական բովանդակությամբ և իմաստով»: Ճշտենք` վարձակալության վերջին պայմանագիրը կնքվել է 2009-ի հուլիսին` 5 տարի ժամկետով, և կենտրոնի շահագործման համար Վաշինգտոնը Բիշքեկին տարեկան 60 մլն դոլար է վճարում: Ղրղզստանի նախագահը ճշգրտեց, որ «Մանասը» կվերակողմնորոշի Աֆղանստանից ՆԱՏՕ-ի դուրս գալուց հետո:
Սակայն, ինչպես հայտնի է, «իսկությունը թաքնված է լինում մանրուքներում»: Եվ սկսենք «Կրեմլի հաջող ճեղքումից»: Ինչպես հայտնի է, առայժմ ԱՄՆ-ը պարզություն չի մտցրել «Մանասի» ռազմաբազայի հետ կապված իր ծրագրերում: Նա հայտարարել է, որ սպասում է Բիշքեկի առաջին քայլերին, որ տարանցիկ փոխադրումների կենտրոնը, ԱՄՆ-ի տեսակետից, «մնում է որպես Աֆղանստանի գործողության «նյութատեխնիկական ապահովման կարևոր հանգույց» և դա Ղրղզստանի կողմից «հիանալի ներդրում է միջազգային կոալիցիայի ջանքերում», որ ընթացիկ պայմանագիրը գործում է մինչև 2014-ի հուլիս, իսկ Աթամբաևը «պարտավորություն է ստանձնել լիովին կատարելու համաձայնագիրը»: Այնպես որ, հասկանալի է, դեռ ժամանակ կա, և եթե ամերիկացիներին պետք լինի ու նրանք բարձրացնեն վարձավճարը, ապա բացառված չէ, որ հերթական անգամ երկրի իշխանությունները երկարացնեն վարձակալության ժամկետը:
Այստեղ հարկ է ուշադրություն դարձնել լրատվամիջոցների հրապարակումներին` մի համալիրի կառուցման մասին, որը դառնալու է Ղրղզստանում ԱՄՆ-ի կողմից ստեղծվող միասնական ռադիոտեղորոշման տարածության կենտրոնը: Բացի «Մանաս» կենտրոնից, համակարգը ներառում է երկրում տեղաբաշխված 26 ռադարային կայան, օժտված է շատ մեծ կարողությամբ և ընդունակ է շատ կարճ ժամանակամիջոցում հայտնաբերելու ցանկացած օդային օբյեկտ` ինքնաթիռ կամ հրթիռ: Այսինքն, ինչպես գրում են ռուս փորձագետները, «հաշվի առնելով Ադրբեջանի վերջերս հրապարակված մտադրությունը` ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի մասնակցությամբ իր կասպյան ափամերձ շրջանում կառուցելու ռադիոտեղորոշման յոթ կայան, ինչպես նաև նկատի առնելով ԱՄՆ-ի հետ ՈՒզբեկստանի սրընթաց աճող ռազմական համագործակցությունը, Ղրղզստանում կառուցվող համակարգը դառնում է ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության նոր, «Հարավային» (եթե Ռուսաստանից նայելու լինենք) շղթայի մի օղակ»: Այնուհետև, ղրղզ փորձագետների կարծիքով, «Մանասը» դառնալու է վնասաբեր մի ձեռնարկություն, եթե փակվի ԱՄՆ-ի տարանցիկ փոխադրումների կենտրոնը և մնա սոսկ որպես քաղաքացիական օդանավակայան: ՈՒ էլի մի բան. պետք չէ մոռանալ նաև, որ չնայած բնակչության զանգվածային բողոքներին, ռուսները, այնուամենայնիվ, պայմանավորվել են ՈՒլյանովսկում ստեղծել ՆԱՏՕ-ի հենակետ` դաշնախմբի բեռները տարանցիկ ճանապարհով Աֆղանստան հասցնելու նպատակով, իսկ ամերիկացիներն իրենց հերթին ընդառաջ են գնացել նրանց և որոշել են, որ «Աֆղանստանից ՈՒլյանովսկով «չթռչող» բեռների փոխադրման համար կարող են օգտագործվել ռուսական ինքնաթիռները»: Այնպես որ, հիմա «Մանասի» կապակցությամբ ռուսների դժգոհությունը, մի տեսակ, շատ է տարօրինակ:
Ինչ վերաբերում է ներդրումներին ու պարտքերը «դուրս գրելուն», ապա, նախ, եթե հաշվի առնենք, որ տնտեսական վիճակը Ղրղզստանում ամենևին էլ փայլուն չէ, և փորձագետները միաձայն պնդում են շինարարության վարկերը վերադարձնելու անհնարինության մասին, ապա միանգամայն հասկանալի է, թե ինչու են ռուսները շտապում հանգստացնել հասարակական կարծիքը և վստահեցնում են, որ Ռուսաստանի բյուջեի փողերը չեն ներգրավվելու: Դրանք, պարզվում է, գալու են արտաքին աղբյուրներից. «Մենք կգտնենք բանկեր, որոնք պատրաստ կլինեն ֆինանսավորելու այդ կառույցները»: Սակայն, երևի, ավելի հեշտ է ասել, քան իրականացնել` համաշխարհային ֆինանսական ճգնաժամի կանխատեսվող երկրորդ փուլի պայմաններում: Բացի այդ, այն պայմաններում, երբ Պուտինը խոստումները կատարելու համար ստիպված է միջոցներ վերցնել էներգետիկ կորպորացիաներից, քանի որ դրանք բյուջեում չկան, երբ Ռուսաստանում մեծանում է սոցիալական լարվածությունը, իսկ նավթը չի թանկանում, երբ ռուսաստանցիներն արդեն ծայրաստիճան դժգոհ են Հյուսիսային Կորեայի 10 մլրդ դոլարը «դուրս գրելուց», փոխարենը չստանալով ոչինչ, առաջին հայացքից «ղրղզական վարկային պատմությունը», կարծես, ավելի արդարացված է: Կրեմլը, այնուամենայնիվ, այնտեղ պահպանում է իր ռազմական ներկայությունը, իսկ դրա դիմաց աշխարհում ընդունված է վճարել:
Սակայն պարզվում է, որ այստեղ էլ ամեն ինչ հստակ չէ, ու պայմանագրերի ռազմական մասն այնքան էլ ակնհայտորեն ձեռնտու չէ Ռուսաստանին: Չէ՞ որ, ըստ փաստաթղթերի էության, դա մեկ «միացյալ ռազմական բազայի» շրջանակներում Ղրղզստանում արդեն առկա ռուսական ռազմական օբյեկտների իրավաբանական ձևակերպում է միայն և այն էլ` հինգ տարի հետո: Այսինքն, ըստ էության, դա առկա իրադրության արձանագրում է: Բացի այդ, նոր կառույցի մեջ չի մտնի ՌԴ ԱԴԾ սահմանապահ զորքերի առանձին զորախումբը, որ տեղակայված է Օշում: Դրանով իսկ փակվում է երկրի հարավում ռուսական բազա ստեղծելու մասին Մոսկվայի կողմից շարունակ բարձրացվող հարցը: Ինչ վերաբերում է «Կանտ» օդանավակայանին, ապա ՌԴ պաշտպանության նախարար Սերդյուկովը հայտարարել է, որ վերակառուցումից կես տարի անց արդեն այն կարող է ռազմավարական ռմբակոծիչներ ընդունել, սակայն, նրա ասելով, դա չի նշանակում, թե բազայում, իրոք, նման ինքնաթիռներ կիջնեն, քանի որ նման քայլը « հայտ է, որը հարկ կլինի մանրամասնորեն ծանրութեթև անել»: Ամեն ինչ ռուսների ուզածով չէ նաև վարձակալության ժամկետների առումով: Կրեմլը չի թաքցրել, որ կցանկանար ունենալ 50 տարվա պայմանագիր, ինչը, իբր, խոստացել էր ղրղզական ղեկավարությունը: Սակայն ղրղզները պնդում էին կնքել 5 տարով: Ի վերջո, «փոխզիջմամբ» պայմանավորվածություն ձեռք բերվեց վարձակալության պայմանագիրը կնքելու 15 տարով` սկսած 2017 թվականից: Եվ ահա այդ, ըստ էության, հին դիրքերի դիմաց ռուսները Բիշքեկին զիջեցին բազմամիլիոնանոց պարտքը, հիմա էլ դեռ պատրաստվում են կարգին վճարելու: Ինչ վերաբերում է Տաջիկստանում գտնվող ռուս զինվորականներին, ապա հազիվ թե դա որևէ մեկին ձեռնտու թվա, եթե Աֆղանստանից ՆԱՏՕ-ի հեռանալուց հետո ռուս տղաները ստիպված լինեն կռվել ու զոհվել այդ «եղբայրական երկրում»: Այնպես որ, «միայն Ռուսաստանը կպաշտպանի Միջին Ասիան» կարգի հայտարարությունները, որոնցով այսօր հեղեղված են ռուսական լրատվամիջոցները, կանխատեսվող իրավիճակում կարող են նաև ոչ մի ժողովրդականություն չվայելել և անգամ վտանգավոր լինել ռուսական իշխանությունների համար:
Եվ վերջում ոչ պակաս կարևոր մի բան: ՈՒշադրություն դարձնենք` ստորագրված փաստաթղթերն ուժի մեջ կմտնեն մի քանի տարուց, իսկ դա ևս մի քանի տարակույս է առաջացնում հռչակվող «մեծ հաջողության» առումով: Չէ՞ որ պետք չէ մոռանալ, որ կենտրոնաասիական բոլոր առաջնորդներն օժտված են քաղաքական բնույթի այնպիսի հատկանիշներով, երբ ամեն մի գործընկերություն նրանց համար պետք է իրական շահ ենթադրի, ուստի վերջիններս հեշտորեն փոխում են իրենց մոտեցումներն ու համակրանքները: Այսինքն, եթե այսօր նրանց համակրանքը «Մեծ Ռուսաստանի» կողմն է, ապա վաղը լիովին կարող են հիշել նաև «մեծապետական հավակնությունները» և շատ այլ բաներ:


Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 3861

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ