ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Գազային կործանման» սցենարը Ռուսաստանի թշնամիների բաղձալի, բայց չհաջողված երազանքներից մեկն է»

«Գազային կործանման» սցենարը Ռուսաստանի թշնամիների բաղձալի, բայց չհաջողված երազանքներից մեկն է»
12.06.2012 | 01:23

Վերջերս աշխարհի լրատվամիջոցներում տեղ գտավ շատ հետաքրքրական և հեռուն տանող հետևություններով մի լուր: Ըստ այդմ, ինչպես հայտարարել է ՈՒկրաինայի էներգետիկայի և ածխարդյունաբերության նախարար Յուրի Բոյկոն, «ՈՒկրաինան Ռուսաստանին գազի համար վճարում է հինգ անգամ ավելի, քան այն արժե ԱՄՆ-ում», և, համապատասխանաբար, մոտ ժամանակներս Կիևն ամերիկյան իշխանությունների հետ քննության կառնի հեղուկ գազի ներմուծման հարցը: Պարզվում է` Լուիզիանայի նահանգի գազի պահեստարանում հազար խորանարդ մետր գազի արժեքը կազմում է 80 դոլար, մինչդեռ ռուսական գազն ՈՒկրաինայի համար 2012-ի երրորդ եռամսյակում թանկանում է 1,5 տոկոսով` հասնելով հազար խորանարդ մետրի համար 432 դոլարի:
Կիևի և Մոսկվայի միջև ընթացող մշտական «գազային պատերազմը» վաղուց է, ինչ տնտեսականից վերաճել է քաղաքական ճակատամարտի, և հենց դա է, փաստորեն, ի չիք դարձնում ամբողջ նախկին խորհրդային տարածության նոր միավորման մասին ռուսական իշխանությունների բոլոր երազանքները: Ընդ որում, անհրաժեշտ է նշել, որ ռուսների կիրառած «էներգետիկ մահակը» ոչ միայն դադարում է համոզման գործուն միջոց լինելուց, այլև սկսում է ճիշտ հակառակ արդյունքը տալ: ՈՒկրաինան մշտապես աշխատում է նախորդ կառավարության կնքած ոչ ձեռնտու պայմանագրերը վերացնելու վրա, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում սեփական էներգետիկ անկախությունը մեծացնելու նպատակով: Միևնույն ժամանակ, արժե նշել, որ գների իջեցման բանակցություններն արդեն երկրորդ տարին որևէ արդյունք չեն տալիս, ոչ այն է` «Գազարդի» շահերն են, այնուամենայնիվ մնում առաջնային, ոչ այն է` Կրեմլում են անհամարժեք գնահատում աշխարհում իրենց տեղն ու սեփական հնարավորությունները. Մոսկվայում առայժմ շարունակում են նախկին գիծն առաջ տանել: Սակայն այսօր մենք կանգ չենք առնի «եղբայր ժողովուրդների» բարդ ու տարօրինակ փոխհարաբերությունների վրա և կանդրադառնանք տարածված տեղեկության մեկ այլ, խիստ կարևոր կողմի, այն է` կարճ ժամանակամիջոցում ԱՄՆ-ը էներգակիրների կայուն ներմուծողից շատերի համար անսպասելիորեն ու տհաճորեն վերածվում է խոշոր մատակարարի: Առավել ևս, որ «էներգետիկ հեղափոխության» թեման ուշադրության մշտական օբյեկտ է մեր թերթում:
Բառացիորեն այդ նույն օրերին Միջազգային էներգետիկ գործակալությունը (ՄԷԳ) «Ոսկե կանոններ գազի ոսկեդարի համար» զեկույցում կանխատեսել էր, որ ուժերի դասավորությունը համաշխարհային էներգաշուկայում կփոխվի, ընդ որում, գազը դուրս կմղի նավթն ու ածուխը, իսկ ԱՄՆ-ը` Ռուսաստանն ու Մերձավոր Արևելքը: Գազի ընդհանուր առևտրում Ռուսաստանի և Մերձավոր Արևելքի երկրների բաժինն արդեն 2035 թվականին 45 տոկոսից կիջնի 35-ի: Խոշորագույն արդյունահանողը կլինի ԱՄՆ-ը` 825 մլրդ խմ` Ռուսաստանի 785 մլրդ-ի դիմաց: Սենսացիոն է, բայց գազի երրորդ խոշորագույն արդյունահանողը կլինի Չինաստանը: Թե ինչ ռեսուրսների հաշվին է դա տեղի ունենալու, չի նշվում, բայց հիշեցնենք, որ գազի հարցերը քննարկման գլխավոր առարկան էին Օբամայի և Հու Ցզինթաոյի առաջին հանդիպման ժամանակ: «Որպես հետևանք, ակնհայտորեն, գազի շուկայում բաժնեմասի կրճատումը Ռուսաստանին և Մերձավոր Արևելքի երկրներին կխանգարի սպառողներին գին թելադրելու»,- խոստանում է ՄԷԳ-ի փորձագետ Ֆաթիհ Բիրոլը: Նկատենք, որ արդեն այժմ Ամերիկայում վառելիքի գներն իջել են նվազագույնի. Նյու Յորքի բորսայում սակարկությունների ընթացքում բնական գազի հազար խորանարդ մետրի գինը իջավ մինչև 70 դոլարի: Մինչդեռ «Գազարդը», անգամ ռուսաստանցի սպառողների համար, կառավարությանը խնդրել էր գազի գինը բարձրացնել 25 տոկոսով, այսինքն, գազի գինը երկրի ներսում կկազմեր հազար խորանարդ մետրի համար 137 դոլար:
Խիստ հատկանշական է, որ նույն տեսակետին են նաև Ռուսաստանի «Խնայբանկի» տնտեսագետները, որոնք կանխատեսում են, որ 2016-ին ԱՄՆ-ը և Կանադան պատրաստ կլինեն գազ արտահանելու` Եվրոպայում վերջ դնելով ռուսական գազի մենաշնորհին և «Գազարդից» խլելով շուկայի մի մեծ բաժին: Այսինքն, գազի շուկայի գլխավոր շարժիչը կլինեն ոչ թե գազի բացարձակ պաշարները, այլ տեխնոլոգիաները: Իսկ համաշխարհային էներգետիկ շուկայում հիմնական դերակատարների խաղաթղթերը կկարողանա խառնել նույն թերթաքարային գազը, որի բաժինը 14 տոկոսից կհասնի 32-ի: Այնպես որ, թեև «Գազարդի» ղեկավար Միլլերը դեռևս հայտարարում է, թե «թերթաքարային հեղափոխությունը նման է հոլիվուդյան ֆիլմի», իսկ ռուս պաշտոնատար անձինք անեծքի պես պնդում են, թե «դա չի կարող լինել, քանի որ չի կարող լինել երբեք», ամենայն ինչի անխուսափելի դատավոր ոչ ավանդական գազի արշավը ոչ միայն մարտահրավեր է դառնում ներկա խաղացողների` Ռուսաստանի ու Մերձավոր Արևելքի համար, այլև, ամենայն հավանականությամբ, վերջիններս հարկադրված կլինեն ճշգրտումներ մտցնել նոր հանքավայրերի յուրացման, մատակարարման նոր ուղիների կառուցման ծրագրերում և, առհասարակ, վերանայել իրենց տեղն արևի տակ:
Թերթաքարային գազի արդյունահանման սկիզբը վերջին 50 տարվա էներգաբիզնեսի ամենանշանակալի իրադարձությունն է, ասում է ԿՀՎ նախկին տնօրեն Ջոն Դեյչը: Թերթաքարային գազն ընդհանրապես սպանեց ածխարդյունահանման ճյուղի նոր նախագծերը և սկսել է «հաշիվները մաքրել» միջուկային էներգետիկայի հետ: ԱՄՆ-ում ծրագրվում է մինչև 2015 թ. կառուցել գազով աշխատող 258 նոր էլեկտրակայան: Բացի դրանից, էժան գազը կարող է դառնալ ԱՄՆ-ի ազգային արդյունաբերության վերածնության գլխավոր գործոնը: Մեծ ծախսերը ամերիկյան արտադրողներին ստիպել են ներդրումներ կատարել արտասահմանում, որտեղ էներգիան ավելի էժան է, բայց հավասարումը լրիվ փոխվել է: Հիմա ավելի շահավետ է վերադառնալ Նահանգներ:
Նկատենք, որ «թերթաքարային հեղափոխությանը» զուգընթաց, աշխարհում բուռն տեմպերով զարգանում է հեղուկ բնական գազի առևտուրը, որը հնարավորություն է տալիս «ազատվելու» խողովակաշարերից և շատ ավելի անմիջականորեն արձագանքելու պահանջարկի փոփոխությանը: Արդեն հիմա հեղուկ գազը, թերթաքարային գազի արդյունահանման բուռն աճի պատճառով չունենալով պահանջարկ ԱՄՆ-ում, հանվում է եվրոպական շուկա, հզոր ճնշում գործադրելով գազի գների վրա և «Գազարդի» եվրոպական սպառողներին թույլ տալով հրաժարվել ռուսական թանկ գազից: Ակնհայտ է նաև, որ այս երկու միտումները արդեն մոտ ապագայում կօգնեն իրականություն դարձնելու վաղեմի եվրոպական երազանքը և վերջ դնելու ռուսական գազի մենաշնորհից Հին աշխարհի կախմանը: Իսկ Ռուսաստանը, եթե բնական կարգով կորցնի իր մենաշնորհային կարգավիճակը, ապա, հավանաբար, ստիպված կլինի աշխատել կոշտ մրցակցության և ճկուն գների` իր համար նոր պայմաններում: «Դա կփոխի խաղի կանոնները գազի համաշխարհային շուկայում և խոշոր աշխարհաքաղաքական հետևանքներ կունենա», հայտարարել է ՄԷԳ-ի գլխավոր տնտեսագետ Ֆաթիհ Բիրոլը, և նրա հետ դժվար է չհամաձայնել:
Եվ էլի մի հանգամանք, որն անխուսափելիորեն կանդրադառնա աշխարհում տեղի ունեցող խոշոր գործընթացների վրա: Դա վերջին տասնամյակների աշխարհաքաղաքականության գլխավոր մղձավանջն է` «սև ոսկին»: Այս տարվա մայիսին հրապարակվեց նավթի համաշխարհային գների դինամիկայի երկարաժամկետ կանխատեսությունը: «CitiGroup»-ի տնտեսագետների կարծիքով, 5-6 տարվա ընթացքում մեկ բարել նավթի գինը կիջնի 85 դոլարի, և պատճառը նույնն է` «թերթաքարային հեղափոխությունը»: Բացի դրանից, նավթի ու գազի ստրատեգների կարծիքով, հումքի բարձր գների ավելի քան մեկ տասնամյակ շարունակվող երկար շրջափուլն ավարտվում է, և դրան կփոխարինի ցածր գների ոչ պակաս տևական շրջափուլը, որին դժվարությամբ կհարմարվեն արտահանող երկրները: «Նավթ արտահանող բոլոր երկրները սովորել են 100 դոլարից բարձր գներին: Բոլորը հավատացել են, որ այդ իրավիճակը հավերժ կշարունակվի: Մոռացել են, որ մի տասնամյակ էլ նավթի գները շատ ցածր են եղել` մեկ բարելը մոտ 20 դոլար: Նավթի բարձր գները բնականոն բան չեն, բայց նման կախումներից ազատվելը միշտ էլ դժվար է»,- ոմանց համար անսփոփելի իրավիճակն ամփոփում է նավթի ու գազի ստրատեգ Սեթ Քլյայմանը: Մյուս կողմից, եթե հավատալու լինենք Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետներին, ովքեր ներկա իրադրությունը համեմատում են անցած դարի 70-ականների էներգետիկ ճգնաժամի հետ, բարձր գների ներկա ճգնաժամը նախորդներին ամենևին նման չէ, ուստի գների խոր անկում կարող է նաև տեղի չունենալ:
Բայց ամեն դեպքում, ռուսական գազի մենաշնորհի վերլուծաբանները հոռետեսորեն են վերաբերվում այդ կարգի կանխատեսումներին ու դեռևս հույս ունեն, թե «գազային կործանման» սցենարը կմնա «Ռուսաստանի թշնամիների բաղձալի, բայց չհաջողված երազանքներից մեկը, օրինակ, հանրությունը կմտահոգվի բնապահպանական վիճակով, կամ` արդյունահանող ընկերությունները կարող են հայտնվել սնանկացման եզրին, քանի որ գազի գները ԱՄՆ-ում ցածր են, իսկ արդյունահանման ինքնարժեքը բարձր է» (հետաքրքիր է, այդ դեպքում ո՞ւր են նայում «ամերիկյան կապիտալիզմի գայլաձկները»): Հանուն արդարության պետք է նկատել, որ նույն Միջազգային Էներգետիկ գործակալությունում երկյուղում են, որ «գազի ոսկեդարի սցենարը կարող են տապալել չինովնիկները»: Իսկ ընդհանուր առմամբ, և՛ Ռուսաստանի «ազգային հարստությունում», և՛ Կրեմլում, դատելով ըստ ամենայնի, առայժմ մխիթարում են իրենց. «Գազարդյունահանման ճյուղի զարգացման կանխատեսումների ինդուստրիան իրեն լիովին վարկաբեկել է, և չարժե անվերապահորեն վստահել կանխատեսումներին, հատկապես այդքան երկարաժամկետ»: Մեկ բանում նրանք չեն սխալվում, մասնավորապես, նրանցից ոչ ոք չի կարողացել կանխատեսել հենց նույն «թերթաքարային հեղափոխությունը»:
Եվ էլի մի հանգամանք: Վերջերս «Գազարդը» հաղորդեց, թե սկսել է 7-10 մլրդ դոլար ծավալի ռեզերվ ձևավորել` փոխհատուցելու համար Եվրոպա կատարվող արտահանման կրճատումը և պայմանագրերի գների նվազումը: Այսինքն, մենաշնորհատերը, կամա թե ակամա, արդեն չի կարող արհամարհել ստեղծված իրավիճակը: Սակայն իրավիճակը բարդանում է նրանով, որ, ըստ էության, «Գազարդը» համարժեք արձագանքի և ավելի մրցունակ ռազմավարության ժամանակ շատ քիչ ունի: Ավելին, ռուս անկախ փորձագետ Մաքսիմ Բլանտի կարծիքով, հուսալ, թե ռուսական գազի հսկան կվերակառուցի իր ամբողջ ռազմավարությունը և կփոփոխի զարգացման ծրագրերը, ելնելով նոր իրավիճակից, հազիվ թե հնարավոր լինի, իսկ «ռեսուրսների անբավարարության դեպքում այդ հրեշը կսկսի ինքն իրեն խժռել»: ՈՒ քանի որ «Գազարդն» արդի ռուսական տնտեսական և քաղաքական մոդելի հենասյուներից մեկն է, որը կարողանում է ոչ միայն ֆինանսավորել բյուջետային ծախսերի մի մեծ բաժին, այլև արտաքին քաղաքականության գործիքներից է, այն բանի խոստովանումը, որ գազի կորպորացիան լուրջ սխալներ է թույլ տվել ռազմավարական պլանավորման գործում, շատերին կստիպի միանգամայն այլ հայացքով նայել վերջին տարիների քաղաքականությանը: Այնպես որ, «Գազարդն» ու ՌԴ կառավարությունը, ամենայն հավանականությամբ, կշարունակեն չնկատել ակնհայտը և կանխավ տանուլ տված ռազմավարություն իրականացնել, իսկ տնտեսությունը ստիպված պիտի լինի հատուցել դրա համար: Բացի դրանից, Ռուսաստանում, ուր վերջին տարիներին, փաստորեն, էներգակիրների ստրկացուցիչ գներից կազմաքանդվեցին բյուջեն և ամբողջ տնտեսությունը պաշտպանող համակարգը, այս բոլոր հաշիվներն ու կանխատեսումներն ունեն ամենաանմիջական առնչությունը: Եվ հենց դրանից են երկյուղում ներդրողները, որոնք խուճապով փախչում են մի երկրից, որին դեռ մի 5-7 տարի առաջ աշխարհի առաջատար փորձագետները մեծ ապագա էին կանխատեսում:

Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 5232

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ