ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Ամեն պատերազմ հեշտ է սկսելը, բայց շատ դժվար է ավարտելը»

«Ամեն պատերազմ հեշտ է սկսելը, բայց շատ դժվար է ավարտելը»
08.06.2012 | 01:50

Մի հետաքրքիր օրինաչափություն. ամեն նոր դար մարդկությունն սկսում է ոչ միայն աշխարհի նոր վերակառուցման փորձերով, այլև սպանության միջոցներն է՛լ ավելի կատարելագործելու ձգտմամբ: Հատկապես, երբ խոսքը պատերազմ մղելու լայնընդգրկուն միջոցների մասին է: Բայց ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ պատերազմը միաժամանակ առաջադիմության շարժիչ ուժ է:

Տեխնիկական նոր սկզբունքներով զենք ստեղծելու համար, անշուշտ, պահանջվում է լրջագույն ճեղքում հիմնարար հետազոտություններում: Այնպես, ինչպես եղել է, օրինակ, ատոմային զենքի ստեղծման ժամանակ: Եվ ահա վերջերս Վլադիմիր Պուտինն արեց, հիրավի, սենսացիոն հայտարարություն: «Լինել ուժեղ. սա է Ռուսաստանի ազգային անվտանգության երաշխիքը» պերճախոս վերտառությամբ հոդվածում նա հաղորդում է, որ, հնարավոր է, ռուսական հետազոտական կենտրոններում ստեղծվում են հոգեներգործուն, ճառագայթային, ալիքային, կլիմայական զինատեսակներ: Բացի դրանից, նա պատկերել է ապագա պատերազմների ընդգրկման տարածքը. «Զինված պայքարի բնույթի որոշման գործում մեծ, եթե ոչ վճռական նշանակություն կունենան երկրների ռազմական հնարավորությունները տիեզերական տարածությունում, տեղեկատվական հակամարտության ոլորտում, առաջին հերթին կիբեռտարածությունում»: Նաև հավելել է, որ ռուսները պետք է պատրաստ լինեն «նոր մարտահրավերներին արագ ու արդյունավետ պատասխանելու»: Ինչպես և պետք էր սպասել, Պուտինի շրջապատի պաշտոնյաները պատրաստ են հետևելու նրա ցուցումների յուրաքանչյուր տառին և շտապեցին զեկուցել, որ մինչև 2020 թ. Ռուսաստանում կստեղծվի զենք` «ֆիզիկական նոր սկզբունքներով»:
Ասել, թե աշխարհում ուշադրություն դարձրի՛ն Ռուսաստանի առաջնորդի հայտին, նշանակում է չասել ոչինչ: Փորձագիտական ընկերակցությունն ու լրատվամիջոցները բառացիորեն շիկացած էին մեկնաբանություններից, ընդ որում` հակասական բնույթի: Ինքնըստինքյան հասկանալի է` Արևմուտքում համարել են, թե, առնվազն, «խնդիր կա` կապված գիտական տերմինաբանության հետ», իսկ որ շատ ավելի կարևոր է, այդ զինատեսակների մի մասը բացահայտորեն ընկնում է միջազգային արգելքի տակ և «սպառնում է դառնալ ցեղասպանության գործիք` բառիս ամենաուղղակի իմաստով»: Հիշեցնենք, «գենային» զենքը, ավելի լայն ըմբռնմամբ` կենսաբանական զենքը, արգելված է 1972 թվականից, և Ռուսաստանը` որպես ԽՍՀՄ-ի իրավահաջորդ, պնդում է, որ ինքը պահպանում է արգելքը և չի աշխատում կենսաբանական ոչ մի զինատեսակի վրա: Հատկանշական է, որ բրիտանական «Դեյլի մեյլ» թերթը, հաղորդելով Ռուսաստանում զենքի մշակումների մասին, նորությունն այսպես է ներկայացնում. «Պուտինը հավանություն է տվել մի զենքի, որը մարդկանց վերածում է զոմբիների»: Սակայն նշենք, որ ամերիկյան հետախուզության զեկույցներում, որոնք կանոնավորապես ներկայացվում են Կոնգրեսին, Ռուսաստանի ռազմական ծրագրերի առնչությամբ ոչ մի անհանգստություն չկա: Տարակարծություններն ավելի բազմազան են Ռուսաստանում. բուռն հիացական ճիչերից մինչև խիստ քննադատականը: Մեջբերենք առավել հայտնի ռազմական փորձագետներից միայն մի քանիսի կարծիքը: Այսպես, ՌԴ պաշտպանության նախարարության հանրային խորհրդի անդամ Անատոլի Ցիգանոկը հայտարարել է. «Չեմ կարծում, թե Ռուսաստանը գենային զենք կմշակի», և համարել է, որ «ըստ էության, միշտ չէ, որ բոլորը հասկանում են, թե ինչի մասին է խոսքը»: Միաժամանակ, փորձագետը խիստ զգույշ է եղել այն հարցում, թե սկզբունքորեն ինչ նոր բան կարող է առաջիկա տասնամյակներում հայտնվել ռուսական զինանոցներում: «Նացիոնալնայա օբորոնա» հանդեսի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոն հայտարարել է. «Դա քննարկելն առնվազն վաղաժամ է»: Իսկ հայտնի անկախ ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը է՛լ ավելի կտրուկ է. «Նման ամեն տեսակի զիբիլի վրա աշխատում էին խորհրդային ժամանակներում, անհամար փող ծախսեցին չգիտես ինչի համար, ոչինչ չստացվեց, և հազիվ թե մոտ ժամանակներս ստացվի: Դա ժողովրդի փողերը միանգամայն անիմաստ մսխելու ձև է»: Բայց նրան համակարծիք չէ քաղաքական և ռազմական վերլուծության ինստիտուտի տնօրենի տեղակալ Ալեքսանդր Խրամչիխինը. «Այն, որ նման զենք վաղ թե ուշ կհայտնվի, կասկած չկա, գիտատեխնիկական արագ առաջընթացն իրողություն է դարձնում ֆանտաստների ամենաանհավանական հնարմունքները»: Սակայն Ռուսաստանում դրա հայտնվելու հնարավորության գնահատման տեսակետից պետք է նկատել, որ առայժմ ֆիզիկական նոր սկզբունքներով զենքի մշակումներն ավելի ակտիվորեն իրականացվում են ԱՄՆ-ում, ՆԱՏՕ-ի երկրներում, Չինաստանում, բայց ոչ երբեք Ռուսաստանում:
Oրերս հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության առաջավոր պաշտպանական հետազոտական նախագծերի գործակալությունը (DARPA) աշխատում է հեռակառավարվող մարդանման ռոբոտների «Ավատար» նախագծի վրա: Հաղորդվում է նաև այլ նախագծերի մասին` արբանյակների կալանումից և հետագա օգտագործումից մինչև ռոբոտ ձիերի ստեղծումը: Մշակվում են նաև առհասարակ տարաշխարհիկ զինատեսակներ: Դրանք են, այսպես կոչված, «սիրային ռումբը», որը կոչված է թուլացնելու թշնամու զինվորների մարտական ոգին, «անթերի քողարկման» համար «էլեկտրոնային թղթի» տեխնոլոգիայի օգտագործումը, մտքեր կարդալու հետազոտությունները, վառելիք (ընդ որում, ինչպես վերգետնյա և ավիացիոն տեխնիկայի համար նախատեսված հեղուկ, այնպես էլ հրթիռային կոշտ) քայքայող մանրէները: Չէր խանգարի հիշատակել նաև արդեն ստեղծված ինքնուղղորդվող գնդակները, «ցավի ճառագայթները», գլխում անտանելի ճիչի գեներատորը: Պատահական չէ, որ Բարաք Օբաման առաջարկում է կրճատել բանակի կենդանի ուժի թվաքանակը, ելնելով ավանդական մարտատեսակների անհավանականությունից, և կենտրոնանալ պատերազմ մղելու նորագույն եղանակների վրա: Թվում է, որ մարդկությունն արդեն ընդհուպ մոտենում է ինչ-որ «բացառիկ զենք» ստեղծելու գծին, իսկ ստեղծողին այն կտա անվիճելի առավելություն, և նման զենքի դերին հավակնում են գիտնականների շատ մշակումներ:
Իհարկե, հասկանալի է, որ եթե ֆիզիկական նոր սկզբունքներով զենքը մշակվում է, ապա «հույժ գաղտնի» նշումով, որ նման նախագծերի քննարկումն ամենից հաճախ բացահայտ ձևականություն է կամ էլ առհասարակ խաբեություն: Սակայն հետաքրքիր կլիներ իմանալ, թե ինչ վիճակում են գտնվում ռազմագիտության` Պուտինի հիշատակած բնագավառները, ընդ որում, ոչ միայն Ռուսաստանում:
Երկրաֆիզիկական զենքը հնարավորություն է տալիս վնաս հասցնելու հակառակորդին` շրջակա միջավայրի վրա ներգործելու միջոցով: Բոլորս հիշում ենք Սպիտակի երկրաշարժի արհեստական բնույթի և նրանում ռազմական մշակումների հիպոթետիկ դերի մասին մամուլի հաղորդումները, իսկ Վենեսուելայի նախագահ Չավեսը, իր հերթին, ամերիկյան զինվորականներին մեղադրեց Հայիթիի երկրաշարժի համար: Տեսականորեն այդ տիպի զենքը կարելի է բաժանել մի քանի տեսակի` եղանակային, ջրոլորտային, տեկտոնական, կենսոլորտային, ինչպես նաև մթնոլորտի վերին շերտերի ու տիեզերքի վրա ներգործող զենքեր: Համարվում է, որ կլիմայի վրա ներգործության ասպարեզի առաջին փորձերն արվել են 1940-ականներին: Եղանակային և կենսոլորտային զենքի օգտագործման օրինակներ կարելի է գտնել վիետնամական պատերազմում, սակայն մինչև հիմա կլիմայական և հատկապես տեկտոնական զենքը մնում է մի տեսակ ֆանտաստիկայի կամ քաղաքականության ասպարեզում:
Ճառագայթային զենք ասելով, Պուտինը, ամենայն հավանականությամբ, նկատի ուներ մարտական լազերը: Առայժմ լազերի առավել հաջող ռազմական կիրառությունը կապված է լազերային ուղղորդման տեխնոլոգիաների հետ: Մարդկությանն առայժմ չի հաջողվել ստեղծել մարտունակ հեռահար լազերաձիգ: Մշակվող նմուշները, որոնք ընդունակ են էական վնաս պատճառելու հակառակորդին, որպես կանոն, զանգվածեղ են և զգայուն են թրթռոցների նկատմամբ, իսկ նրանց օ.գ.գ.-ն շատ ցածր է, ինչն անհնար է դարձնում դրանց օգտագործումը: Այդուամենայնիվ, այսօրվա դրությամբ, լազերային զենքի միակ իրական նմուշն ստեղծվել է Չինաստանում: Այն տեղադրված է «Տուրե-99» տանկի վրա և նախատեսված է հակառակորդի օպտիկական սարքերի և հակատանկային միջոցների օպերատոր-նշանառուների կուրացման համար: Ռուսաստանն ինքնաթիռների վրա տեղադրվող մարտական լազերի մշակման մասին հայտարարեց 2009-ին: Մեկ տարի անց հայտնի դարձավ, որ լազերային կայանքը տեղադրվել է փոխադրական ինքնաթիռի վրա և նախատեսված է հակառակորդի էլեկտրոնային օպտիկական միջոցներին հակազդելու համար, այսինքն` մարտական լազեր չէ: Վերջապես, Մեծ Բրիտանիայում պատրաստվում են խռովություններ ճնշելու համար օգտագործել լազերային թնդանոթներ: Մեկ կրակոցն ունակ է մինչև 500 մետր հեռավորության վրա «կուրացնելու», սակայն մարդու տեսողությանն այն էական վնաս չի պատճառում:
Էլեկտրամագնիսական կամ ալիքային զենքը, որպես կանոն, չի սպանում հակառակորդին, բայց նրան մի շարք տհաճ զգացողություններ է պատճառում: Այդ զենքի կիրառումը ոչ միայն բանակը միասնական օրգանիզմից կվերածի «մարդկանց ու տեխնիկայի խառնակույտի», այլև «կկուրացնի և կխլացնի» տեխնիկան: Օրինակ, ՀՕՊ-ը առհասարակ չի կարողանա գործել: Առայժմ առավել հաջող մշակվում են, այսպես ասած, «ցավի ճառագայթները»: Դրանք էլեկտրամագնիսական թնդանոթ են, որի տաք ճառագայթի ազդեցությունը համեմատելի է բաց հնոցի մոտ գտնվելու հետ: Այդ ոչ մահաբեր զենքը հատկապես արդյունավետ է մեծ ամբոխների առկայության դեպքում: Այդ ուղղությամբ հաջողությունների մասին հայտարարում են թե՛ ռուսները, թե՛ ամերիկացիները: Էլեկտրամագնիսական ազդակներն օգտագործվում են նաև հակառակորդի էլեկտրասարքերը շարքից հանելու համար: 2009 թ. ռուս գիտնականները հաղորդեցին փոքրիկ «ճամպրուկի» ստեղծման մասին, որն ունակ է շարքից հանելու սպառազինությունների էլեկտրոնային մասերը: Լուրեր տարածվեցին, թե Չինաստանը հավաքում է սակավազոր էլեկտրամագնիսական մարտագլխիկներ:
Գենային զենքի էությունն է մարդկանց ըստ սեռի (օրինակ, բոլոր տղամարդկանց) կամ ազգային պատկանելության ոչնչացնելը, այսինքն, գեներում արտացոլված տարբերությունների հիման վրա: Դրա կիրառման հետևանքները կարող են տատանվել անպտղության և մահվան միջև: Համարվում է, որ «գենային ռումբի» համար հիմք կարող են ծառայել բուբոնյան ժանտախտի կամ սիբիրյան խոցի մանրէները, որոնք «ակտիվանում» են միայն այն դեպքում, երբ վարակված անձը պատկանում է համապատասխան նպատակային խմբին: Մի քանի տարի առաջ այդ զենքը շուտով ունենալու սպառնալիքի մասին հայտարարեցին բրիտանական գիտնականները: Իսկ դրանից քիչ ուշ Վլադիմիր Պուտինն ընդունեց «կենսաահաբեկչության» դեմ պայքարի հայեցակարգը` իբր այն բանից հետո, երբ հատուկ ծառայության տնօրենը ներկայացրել էր զեկույց, որտեղ հաղորդվում էր ռուս ժողովրդի դեմ ուղղված «գենային կենսաբանական զենքի» մշակման մասին: Արդյունքում, ՌԴ մաքսային ծառայությունն արգելեց մարդու կենսաբանական նմուշների դուրսբերումը երկրից: Բայց, այնուամենայնիվ, փորձագետներն ասում են, թե նման «գենային զենքի» ստեղծումը հազիվ թե հնարավոր լինի. տարբեր ռասաների մարդկանց գեների միջև տարբերություններն այնքան էլ մեծ չեն, իսկ այն խմբերը, որոնց միջոցով հարկ կլիներ տարբերություններ որոշել, չափազանց մեծ են: Գենետիկները կարող են «ճանաչել» միայն Եվրոպայի, Սահարայից հարավ ընկած Աֆրիկայի և Արևելյան Ասիայի մարդկանց ծագումը:
Հոգեֆիզիկական զենքը կարող է օգտագործվել ինչպես յուրային, այնպես էլ հակառակորդի զինվորների ուղեղի վրա ներգործելու համար: 2008-ին Պենտագոնը MEDUS ծրագրի շրջանակներում զբաղված էր «հեռահար ջերմային թնդանոթի» ստեղծմամբ: Կարճ միկրոալիքային ազդակներով ներգործելով մարդու ուղեղի վրա, սարքը հաղորդում է ձայնային տեղեկություն, որն առաջ է բերում անհարմարության զգացողություն ու ժամանակավոր անմարտունակություն: Ընդ որում, գործողության շառավղից դուրս մարդիկ ոչինչ չեն լսում: Ներկայումս Իսրայելում օգտագործվում է «Suream» կոչվող ակուստիկ ոչ մեծ թնդանոթը, որը բարձրհաճախական ձայնային ալիքներով 100 մետր հեռավորության վրա առաջ է բերում սրտխառնոց ու գլխապտույտ, մարդկանց առողջությանը չպատճառելով որևէ էական վնաս: Հաղորդվել է նաև ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության հովանավորությամբ կատարվող հետազոտությունների մասին` կապված զինվորների ուղեղի այն գոտիների խթանման հնարավորությունների հետ, որոնք պատասխանատու են զգոնության ու ճանաչողական ընդունակության համար: Սարքն այնքան փոքր է, որ տեղավորվում է հատուկ սաղավարտում, և ճառագայթներն ընդունակ են չեզոքացնելու ցավն ու սթրեսը, ինչպես նաև ուղեղը պաշտպանելու վնասվելուց:
Նկատենք, որ բանակի վերազինման համար Պուտինը մինչև 2020 թ. նախատեսում է 20 տրիլիոն ռուբլի, բացի այդ, հաղորդվում է նաև, որ 2013-ի հունվարից կսկսի գործել «Ազգային անվտանգության և զարգացման հիմնադրամը», որն իր գործառույթներով նման է ամերիկյան DARPA-ին, ճիշտ է, 30 անգամ պակաս բյուջեով: Կհաջողվի՞, արդյոք, այդ փողերով ստեղծել «հրաշք զենք», որը գերազանցի ամերիկյանին: Հարցը, իհարկե, հռետորական է, բայց կապրենք` կտեսնենք: Եվ էլի մեկ բան: Երբ անցյալ դարի սկզբին հնարեցին «Մաքսիմ» գնդացիրը, բոլորը պնդում էին, թե այլևս պատերազմներ չեն լինի: Բա ո՜նց: Նույնիսկ լատինական հայտնի աֆորիզմը` «Խաղաղությո՞ւն ես ուզում` պատրաստվիր պատերազմի», հռոմեական դարաշրջանից մինչև մեր օրերը մեկ անգամ չէ, որ հերքվել է: Արժե հիշեցնել ևս մեկ նշանավոր միտք. «Ամեն պատերազմ հեշտ է սկսելը, բայց շատ դժվար է ավարտելը»: Եվ հիմա այն զգացողությունն է առաջանում, որ մարդկությունն ուզում է սկսել անվերջանալի պատերազմների նոր շարք, միայն զանգվածային կորուստների նոր մակարդակով:


Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 7239

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ