ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Հայոց երգի երախտավորը

Հայոց երգի երախտավորը
05.11.2023 | 09:05

ՄԿՐՏԻՉ ՄԿՐՏՉՅԱՆ՝ ՄԱԿԻՉ

Հայ ժողովրդի հարատևության ոգեղեն զենքերն են Հայոց լեզուն, հայ երգը և հայ պարը։ Հազարամյակներ առաջ հայոց գուսանները բամբիռներով փառաբանում էին մեր երևելիներին և ոգեղեն ճախրանքի պատրաստում հայոց պարմաններին, նրանք երգով ու հոգով էին գծում իրենց հայրենիքի սահմանը: Այդպիսի բամբռահար էր երգիչ Մակիչ Մկրտչյանը, ով շատ քիչ ապրեց երկրայինում, բայց թողեց երգի մեծ արձագանք համահայկական հոգիներում։ Իմաստությունը հուշում է՝ խնդիրն այն չէ, թե քանի տարի ես ապրում, այլ այն, թե ապրած տարիներդ որքանով են լիքը։

Մակիչի տարիները լցված են Հայրենիքի սիրով, հայրենի երգով և վասն հայրենյաց վառոդի հոտով: Ինքը դատարկ ու փուչ օր ու ամիս չի ունեցել։

Նրա պապերը Եղեռնից հետո կարոտով հեռացան Սասնո աշխարհից ու նոր տուն դրեցին Արագած սարի լանջին՝ Ներքին Սասնաշենում, ուր 1962 թվականի ապրիլի 24-ին ծնվել է Մակիչը։ Դա խորը հետք է նողել նրա հուզաշխարհում, նրան թվում էր, որ ինքը ծնվել է 1915 թվականին, տեսել է արհավիրքը ու բոբիկ ոտքերով պապերի հետ անցել է գաղթի տատասկոտ ճամփան։

Տարվա այդ օրը՝ Ապրիլի 24-ին, Արագածի լանջին բնակվող սասունցիները մեծ խարույկներ էին վառում, որ Մասիսից այն կողմ կրակները երևան, որ թշնամին տեսնի՝ Սասնա կրակը չի մարել:

Պապերի կարոտի երգը հանգիստ չէր տալիս Մակիչին․ սկզբում երգում էր ցածրաձայն, հետո բոլորի համար, բոլոր բեմերում և խրամատներում, ինչի արձագանքները հասան աշխարհով սփռված հայրենակիցներին։ «Քելե՛ լաո» երգով խոսում էր Էրգրակարոտից ու շունչ տալիս՝ «Քելե երթանք մըր Էրգիր․․․»։ Մակիչը ստացավ պրոֆեսիոնալ բարձրագույն կրթութուն, և մերօրյա մշակութային քաոսում նրա երգը դարձավ մաքրության ու ազնվության չափանիշներից մեկը։

Արցախյան երեք պատերազմների մասնակիցը դարձավ զենքով ու երգով։ Մարտերի դադարների պահերին զինվոր ընկերները շրջապատում էին Մակիչին, և նրա շուրթերից հին ու նոր ֆիդայիների պայքարի կանչն էր թևում, մտքով Արցախից հասնում էին Մարութա սար, որ ցրեն նրա սև ամպերը: Այդ պահին Մակիչը հրամանատար էր․․․

Նա երբեք չասաց, որ ՀՀ վաստակավոր արտիստ է, որ պարգևատրվել է ԼՂՀ «Արիության», ՀՀ «Մարտական ծառայության համար» մեդալներով ու այլ․․․

Նա լուռ հայրենասերներից էր, լավ գիտեր, որ հայրենիքի սիրո մասին գոռացողը շահի համար է աղմկում:

Մակիչի մահով հոգուս մշուշներում մի մեծ ժայռաբեկոր պոկվեց Մարութա սարից, գլորվեց Ծովասարում և գնաց փշրվեց Արածանիի պղտոր ու ցավից արյունոտ ալիքներում։ Ինքը վաղուց ցավի շապիկն էր հագել:

Նրա երգը Էրգրականչ է․․․

Վրեժ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

Հ․Գ․ Մկրտիչ Մկրտչյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 5-ին ժամը 18։00-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, իսկ հուղարկավորությունը՝ հաջորդ օրը ժամը 14։00-ին մայրաքաղաքի Եռաբլուր պանթեոնում։

Դիտվել է՝ 27030

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ