ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Քաղաքակրթական շատ ցածր մակարդակն ինքնին խիստ վտանգավոր վիճակ է

Քաղաքակրթական շատ ցածր մակարդակն ինքնին խիստ վտանգավոր վիճակ է
10.11.2024 | 10:27

Եթե որևէ մեկը, կամ ինքներս մեզ հարց տանք, թե 19-րդ դարի կեսերից հետո այն ինչն էր, որը եթե չանեինք, ապա այսօրվա մեր վիճակը, հնարավոր է, որ բոլորովին այլ և շատ ավելի գերադասելի լիներ եղածից։

Կամ էլ, ամեն էպոխայում, որտեղի՞ց է մեր՝ բոլորից առաջ վազելու ցանկությունը, այն դեպքում, երբ աշխարհի առաջընթացին բոլոր էպոխաներում զարմանալիորեն փոքր մասնակցություն ենք ունեցել։

Այս վերջին իմաստով, աշխարհը, որպես նշանակալից ավանդ, ճանաչում է միայն մեր մասնակցությունը ուշ միջնադարյան տարանցիկ առևտրին, այն էլ՝ կապիտալիզմի ծագման ու հաստատման իմաստով։

Բացի դրանից, մեր տարածաշրջանում մենք ունեցել ենք նաև կուլտուրտրեգերի որոշակի դեր, բայց դա եղել է լոկալ բնույթի երևույթ։

Եվ, վերջապես, ի՞նչ է նշանակում քաղաքականապես հետամնաց ու կույր ժողովրդի մեջ ազգային կոչված կուսակցությունների առաջացումը։

Նորմալ երկրներում կուսակցություններն առաջանում են իշխանության համար պայքարում, իսկ ռուսական ու օսմանյան կայսրություններում նման կուսակցությունների առաջանալը ինչո՞վ էր մոտիվացված, մեր ժողովրդի առկա ու պոտենցիալ շահերո՞վ, թե՞ նեղ կուսակցական շահերով։

Թե՞ մեզ հուզող հարցերի պատասխանները ավելի խոր են ընկած, և մեր այսօրվա վիճակը վաղ թե ուշ անխուսափելի էր։

Այս և նման այլ շատ հարցերի պատասխանը ստանալը հնարավոր է միայն ազգային բավականաչափ բարձր մակարդակի մտավոր կյանքի և դրան համապատասխան ինտելեկտուալ միջավայրի առկայության դեպքում, որն, ավաղ, միայն անիրագործելի երազ է։

Դրա համար բավական է նույնիսկ ավանդական կուսակցությունների անհաշտ պայքարի մակերեսային անալիզը, երբ նրանցից յուրաքանչյուրը փորձում է ազգային շահ կոչվածը նույնացնել սեփական կուսակցության նեղ շահի հետ, որպեսզի համոզվենք, որ նման մոտեցումով երկիր չեն սարքում։

Եթե դրան էլ ավելացնենք ներհայաստանյան կարիկատուրային բազմակուսակցականությունը, ապա պարզ կլինի, թե մենք ինքան հեռու ենք ազգային քաղաքականության հետ կապված հարցերի ռացիոնալ քննարկումներից։

Մեր խեղճուկրակության առաջին ու ակնհայտ նշաններից մեկն այն է, որ մեր քննարկումների առարկան միշտ շատ մեծ ու անիրագործելի հարցերն են, իսկ ավելի փոքր մասշտաբի և ակնհայտորեն իրագործելի, բայց նաև հետևողականություն ու կամք պահանջող հարցերը որևէ մեկին չեն հետաքրքրում։

Որևէ մեկին չի հետաքրքրում նաև մեր կյանքում տիրող քաոսն ու մարդկանց փոխադարձ ագրեսիայի անթույլատրելի բարձր մակարդակն ու նրանց կողմից օրենքների մասսայական խախտումները ամեն քայլափոխին։

Հասարակական կյանքում շատ կարևոր պարամետր է մյուսների շահերն ու էությունը արհամարհողների տոկոսային չափը, կամ էլ բարոյական նորմերը խախտողների տոկոսը մարդկանց մեջ։

Բոլոր մարդիկ ու հասարակություններն են ապրում հաղթելու ու հաջողության հասնելու սկզբունքներով, բայց նրանցում տարբեր են անթույլատրելիության հետ կապված կարմիր գծերը, որոնք մեզնում կամ իսպառ բացակայում են, կամ էլ գտնվում են ծայրահեղ բարձր էգոիստական մակարդակի վրա, որը նորմալ է համարում նույնիսկ ամեն կարգի տականքային պահվածք ու արարք։

Մյուս կողմից էլ, նայում ես քաղքենիական ստանդարտների խայտառակ դինամիկան մեզնում ու համոզվում, որ մեր հասարակության մեջ իսկապես տեղի են ունենում զգալի փոփոխություններ, բայց, դժբախտաբար, ոչ այն ուղղությամբ, որը ժողովրդին կտանի դեպի կայուն ու բարեկեցիկ կյանք։

Բարոյական նորմերի անկումը մեզնում ռիսկային ու վտանգավոր է նաև այն տեսանկյունից, որ մեր մարդկանց մի ստվար զանգվածի համար առաջնայինը հնարավորինս կուշտ կյանքն է, ու որ այդ ընթացքում անհատն ինքը ստորացված կլինի կամ չի լինի, նրա համար միևնույնն է։

Այսինքն, քաղաքակրթական շատ ցածր մակարդակն ինքնին խիստ վտանգավոր վիճակ է և կայուն պլատֆորմ ավելի ցածրորակ ու ստոր վիճակների անցնելու համար։

Իսկ ստրկամիտ մասսայի համար ազատությունը դեպի անարխիա տանող ճանապարհ է։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1900

Մեկնաբանություններ