Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«Ֆուտբոլի խաղին ցանկացած հետաքրքրված անձի հրավիրելը մենք չենք դիտում որպես համահայկական արարք»

«Ֆուտբոլի խաղին ցանկացած հետաքրքրված անձի հրավիրելը մենք չենք դիտում որպես համահայկական արարք»
11.07.2008 | 00:00

«ԿԱՐԳ ՈՒ ԿԱՆՈՆ ՄՏՑՆԵԼՈՒ ԱՌՈՒՄՈՎ ԽՈՊԱՆ Է»
Վերջին շրջանում հանրության կողմից կարևորվող և քաղաքական շրջանակներում շարունակաբար շրջանառվող տարբեր ներքին և արտաքին քաղաքական խնդիրների շուրջ է զրույցը դաշնակցության բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ։
-Պարոն Հովհաննիսյան, հանրապետության նախագահն ու վարչապետն արդեն բավական ժամանակ է հայտարարում են ընդհանուր համակարգային բարեփոխումներ իրագործելու իշխանության մտադրության մասին։ Ոչ մեծ տեղաշարժեր կարծես կան, սակայն արդյոք ճի՞շտ է ընտրված այդ բարեփոխումների ընդհանուր ուղղությունը։
-Հիմնական գծերով՝ այո։ Բնականաբար, միանգամից արմատական փոփոխություններ ակնկալելը ճիշտ չէ, որովհետև շատ ոլորտներում կարգ ու կանոն մտցնելու առումով կառավարությունը գործ ունի խոպան դաշտի հետ։ Տվյալ պարագայում խոսքը ծամոն դարձած կոռուպցիոն ռիսկերի մասին չէ, որովհետև այդ դաշտում ներգրավված է նաև բնակչության մի զգալի զանգված։
-Այսինքն, ոչ միայն նրանք, ովքեր վերցնում են, այլև տալիս են։
-Այո, և, իհարկե, նրանք, ովքեր օգտվում են տալ-առնելու գործընթացից։ Դաշնակցությունը նախկինում էլ բազմիցս արձանագրել է, որ համակարգային բարեփոխումներ են անհրաժեշտ, որովհետև առկա շեղումներն էլ համակարգային են։ Դրական փոփոխությունների առաջին միտումները տարբեր ոլորտներում տեսնում ենք։ Հիմա դրանք կմնան ընդամենը միտո՞ւմ, թե՞ կվերաճեն հեղափոխական փոփոխությունների, կերևա մինչև տարեվերջ։
Աշնանը խորհրդարանը կսկսի աշխատել, կառավարությունից Ազգային ժողով կգան նախաձեռնված բարեփոխումների համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթները, և այն ժամանակ հնարավորություն կլինի կոնկրետ դատողություններ անել այս կամ այն նախաձեռնության նպատակահարմարության կամ ուղղվածության վերաբերյալ։ Ընդհանուր գիծը, իմ տպավորությամբ, ճիշտ է ընտրված, և խնդիրներ կարող են առաջանալ, եթե բավարար վճռականություն չցուցաբերվի։
-Արմատական ընդդիմության դիրքորոշումների և քայլերի նկատմամբ Ձեր վերաբերմունքն ու կանխատեսումները ինչպիսի՞ն են։
-Երբ ընդդիմությունը ռազմավարական իմաստով փակուղու մեջ է հայտնվում, սկսում է տակտիկական ելքեր որոնել։ Դրանցից մեկն էլ, թերևս, սկանդալային և հայհոյախառն քարոզչության ուժգնացումն է մամուլի որոշ միջոցներով ։ Միաժամանակ ակնհայտ է, որ ամռան այս սեզոնին հանրությունից քաղաքական ակտիվություն սպասելն իրատեսական չէ, ուստի ես կարծում եմ, որ արմատական ընդդիմության առաջնորդը, վերջին հանրահավաքում որոշ նոր պահանջներ առաջադրելով իշխանություններին, ավելի շատ փորձում է պահել «շարժումը» մինչև նոր քաղաքական սեզոնի մեկնարկը։ Համոզված եմ, որ սա է պատճառը և ոչ թե, ասենք, հանրահավաքների մասնակիցների անվտանգության մասին մտահոգությունը, որովհետև նման մտահոգություն պետք է դրսևորվեր մարտի 1-ին։ Անշուշտ, ընդդիմությունը հուսով է, որ թեժ աշուն է լինելու, քանի որ կներկայացվի մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրությամբ զբաղվող ժամանակավոր հանձնաժողովի զեկույցը, Երևանի մասին օրենքի քննարկումներն են, ինչպես նաև կառավարության առաջարկած ռեֆորմների օրենսդրական փաթեթների, և իրենք կարծում են, որ այս հողի վրա հնարավորություն կունենան հանրային ակտիվության նոր ալիք առաջացնել։
-Ժամանակին Դուք ինքներդ դատապարտվել եք քաղաքական հայացքների համար։ Այսօր, Ձեր կարծիքով, Հայաստանում քաղկալանավորներ կա՞ն, թե՞ ոչ։
-Սկսենք նրանից, որ ես հետապնդվել եմ ոչ միայն հայացքների, այլև պայքարի պատրաստակամության համար։ Երբևէ չեմ ափսոսացել, որ իմ պայքարի պատճառով հայտնվել եմ բանտում, բայց երբեք ինքս ինձ քաղկալանավոր չեմ հայտարարել։ Դա գնահատել են Հայաստանի հասարակությունը և միջազգային կառույցները, որոնց, ի դեպ, ո՛չ ես, ո՛չ էլ իմ ընկերները չենք դիմել՝ սխալ համարելով դրսից երկրի վրա տղա բերելը, անկախ նրանից, որ արդարացի դժգոհություն ունեինք օրվա իշխանությունից։ Այդ իշխանության հետ հարաբերությունները մենք համարել ենք մեր ներքին հայկական գործը։
Ինչ վերաբերում է այսօրվան, ապա ես հակված եմ սպասելու դատավարությունների և մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրությամբ զբաղվող հանձնաժողովի աշխատանքների ավարտին։ Կարծում եմ այդ ընթացքում շատ բան պարզ կդառնա, թե ովքեր ինչ հիմնավորմամբ են հայտնվել կալանքի տակ։ Որովհետև քաղաքական կալանավոր համարվելու համար կան ձևավորված միջազգային չափանիշեր։ Ասենք, Արման Բաբաջանյանի քաղաքական հայացքները, անշուշտ, կարող էին իշխանությանը դուր չգալ, բայց նա բանտում է հայտնվել զինվորական ծառայությունից խուսափելու համար և դատարանում հրապարակավ ընդունել է իր մեղքը։ Այստեղ, թերևս, կարող է հարց առաջանալ, թե արդյոք նրա քաղաքական հայացքներն ազդե՞լ են դատավճռի վրա` այն ծանրացնելու առումով։ Ցավոք սրտի, Հայաստանում նման բաներ լինում են, բայց միաժամանակ պարզ է, որ նա քաղաքական հայացքների համար չի դատապարտվել։
-Ըստ Ձեզ, ո՞րն է այն եզրը, որ իշխանությունն ու ընդդիմությունը կարող են երկխոսություն սկսել։
-Մեծ սխալ է հասարակությունն այդպիսի բևեռացվածությամբ բաժանել իշխանության և ընդդիմության։ Ինչպես ընդդիմության մեջ, այնպես էլ իշխանության թևում տարբեր ուժեր են ընդգրկված, իրարից խիստ տարբեր էներգետիկայով, նպատակներով, հեղափոխական լիցքով։ Ասենք, ներկա խորհրդարանական մեծամասնության մեջ չորս կուսակցություններ են, ի՞նչն է նրանց միավորել։ Դաշնակցությունն իր մասով պարզ ասել է՝ ներքին կայունության պահպանումը, նկատի ունենալով արտաքին առարկայական վտանգները։ Բայց կարծում եմ` այդ վտանգները առարկայական են նաև ընդդիմության մեջ գործող առանձին կուսակցությունների համար։
Դրա համար էլ ես չէի բացառի երկխոսությունը տարբեր քաղաքական ուժերի միջև։ Սակայն երբ ամեն ինչ տեղափոխվում է բևեռացված դաշտ, և ձևավորվում է միտում, թե երկխոսությունը պիտի լինի մի կողմից ընտրված նախագահի, մյուս կողմից ընտրությունները վիճարկող նրա մրցակցի միջև, դա շատ սխալ է։ Ստացվում է, որ եթե Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի միջև երկխոսություն չկա, ապա դա ընդհանրապես բացառված է ցանկացած այլ հարթության մեջ։ Սա վտանգավոր միտում է, ուստի ես գտնում եմ, որ երկխոսությունը պիտի լինի ընդդիմադիր և իշխանական քաղաքական ուժերի միջև։
-Անդրադառնանք արտաքին զարգացումներին. ինչպե՞ս եք գնահատում Մեդվեդև-Ալիև վերջին բանակցությունների ընթացքում ստորագրված հռչակագիրը, ուր մտահոգիչ հղում կա Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Ռուսաստանի կողմից ճանաչելու հետ կապված։ Սա առարկայական վտանգ չէ՞ Ղարաբաղի առնչությամբ, Ռուսաստանի ոչ մի նախագահ նման փաստաթուղթ չէր ստորագրել։
-Որքան տեղյակ եմ, իսկապես Ռուսաստանի առաջին և երկրորդ նախագահները նման փաստաթուղթ Ադրբեջանի հետ չեն ստորագրել։ Թեպետ ռուսական կողմից այն ժամանակ եղել են բանավոր հայտարարություններ նախագահների և արտգործնախարարների մակարդակով՝ կապված Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու հետ։
Հիմա խնդիրը հետևյալն է. Լեռնային Ղարաբաղը խորհրդային Ադրբեջանի կազմից դուրս է եկել ԽՍՀՄ օրենսդրության տառին համապատասխան և հանրաքվեով հռչակել իր անկախությունը։ Այս իմաստով ԼՂՀ անկախությունն անխոցելի է։ Մյուս կողմից, Արցախը երբևէ մաս չի կազմել անկախ Ադրբեջանի հանրապետության, իսկ ներկա Ադրբեջանն իրեն հայտարարել է հենց 1918-20 թթ. Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության իրավահաջորդ։ Այս իմաստով Հայաստանն էլ, կարծում եմ, դեմ չէ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչմանը, բնականաբար` առանց Լեռնային Ղարաբաղի։ Եվ եթե ռուսական կողմը վերջին հռչակագիրը ստորագրելիս հենց սա է նկատի ունեցել, ապա որևէ խնդիր չկա։ Սակայն եթե այդ փաստաթղթով ենթադրվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղը, ապա դա արդեն մտահոգիչ է։ Եվ մենք պետք է դրանից հետևություն անենք։
-Հայաստանի նախագահը կրկնեց Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային խաղին Աբդուլա Գյուլին ուղղված հրավերը։ Դաշնակցությունը, ի վերջո, ինչպե՞ս է վերաբերվում այս նախաձեռնությանը։
-Մենք մտադիր չենք տվյալ պարագայում սպորտը քաղաքականացնել, թեպետ դա ընդհանրապես հաճախ է տեղի ունենում։ Ֆուտբոլի խաղին ցանկացած հետաքրքրված անձի հրավիրելը մեր կողմից չի դիտվում իբրև հակահայկական արարք։ Ավելին, Թուրքիայի նախագահի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելը թերևս հնարավորություն կտա մեր բնակչությանը քաղաքակիրթ աշխարհում ընդունված ձևերով որոշ տեսակետներ իրեն փոխանցել։ Բայց այս հարցում, կարծում եմ, մեր ֆուտբոլի պատասխանատուները պետք է ավելի շատ մտահոգվեն, որ Հայաստանի հավաքականը պարտություն չկրի։ Ասեմ ավելին, դաշնակցության երկու համակիրներ ինձ հավաստիացրել են, որ եթե Հայաստանի հավաքականը հաղթի, իրենք պատրաստ են լուրջ ֆինանսական ներդրումով նպաստել հայկական ֆուտբոլի զարգացմանը։ Կոնկրետ գումարը հիմա չեմ հրապարակի, բայց իրենց անունից լիազորված եմ այդ մասին հանրությանը տեղյակ պահել։
-Միաժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ առանց նախապայմանների Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերությունների հաստատման և Անկարայի կողմից սահմանը բացելու դեպքում դեմ չէ հայ-թուրքական համատեղ հանձնաժողովի շրջանակներում երկու երկրների համար կարևոր և նույնիսկ ցավոտ խնդիրների քննարկմանը։ ՀՅԴ դիրքորոշումն այս նախաձեռնության նկատմամբ ինչպիսի՞ն է։
-Նախօրեին ՀՅԴ նորընտիր բյուրոյի առաջին լիագումար նիստում մենք քննարկել ենք նախագահի հայտարարությունը։ Կարծում եմ, այդ կապակցությամբ որոշ թերթերում բարձրացված հիստերիկ աղմուկը տեղին չէ։ Արտգործնախարարը պարզաբանեց, որ նախագահի հայտարարությունը մամուլի որոշ միջոցների կողմից ճիշտ չի ներկայացվել և մեկնաբանվել։
Դաշնակցության համար միանշանակ է, որ Հայաստանի որևէ պետական գործիչ երբևէ չի կարող Ցեղասպանության հարցը դարձնել վիճաբանության, վիճարկման առարկա։ Այսինքն, հայ-թուրքական ցանկացած ձևաչափի բանակցություններում երբևէ չի կարող հարց առաջադրվել «ցեղասպանություն եղե՞լ է, թե՞ ոչ» տեսանկյունով։ 1915-ի եղեռնը բազմաթիվ պետությունների կողմից միջազգայնորեն ճանաչված փաստ է։ ՈՒստի հայ-թուրքական ցանկացած բանակցություններում կարող են և պետք է քննարկման արժանանան ցեղասպանության հետևանքով առաջացած իրավիճակը, այդ իրավիճակի շտկման, Հայաստանին և հայությանը Թուրքիայի կողմից հնարավոր փոխհատուցման հարցերը։ Իսկ ընդհանուր առմամբ, մենք համարում ենք, որ թուրքական առաջարկին ի պատասխան հնչեցված Ռոբերտ Քոչարյանի առաջարկը՝ ստեղծել միջպետական, միջկառավարական հայ-թուրքական համատեղ հանձնաժողով, որը կզբաղվի բոլոր խնդիրների քննարկմամբ, ամենատրամաբանական լուծումն է։
-Ձեր տպավորությամբ, Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման և սահմանի բացման հայտարարվող ցանկության մեջ Թուրքիան անկե՞ղծ է, թե՞ ոչ և կդիմի՞ արդյոք այդ քայլին։
-Դժվար է ասել, որովհետև Թուրքիայի գործողությունները նաև կաշկանդված են Ադրբեջանով, և բավականին մեծ համարձակություն է պետք, որ Թուրքիայի ղեկավարությունը կարողանա այս հարցում անտեսել Բաքվի կարծիքը։ Բայց միաժամանակ փաստ է, որ սահմանը մենք չենք փակել, և այն բացելը ավելի շատ բխում է Թուրքիայի շահերից։ Բոլորովին էլ միանշանակ չէ, թե սահմանի բացման արդյունքում Հայաստանը լուրջ տնտեսական օգուտներ կունենա, որովհետև դրանից առաջին հերթին կսկսեն շահել ներմուծմամբ զբաղվող տնտեսավարողները։ Մեր արդյունաբերողները, սակայն, կհայտնվեն բավականին ծանր գնային ճնշման տակ և առնվազն առաջին շրջանում կարող են կորուստներ ունենալ։ Շրջափակման տարիների ընթացքում մեր արդյունաբերությունը վարժվել է այս ռեժիմով աշխատելուն։ Հայ-թուրքական սահմանի բացումից առաջ կառավարությունը պիտի համապատասխան միջոցառումներով, ներքին արդյունաբերողի շահերը պաշտպանող օրենսդրական փոփոխություններով նախապատրաստի մեր տնտեսությունը բաց սահմանի պայմաններում աշխատելուն։

Զրուցեց ՎԱՀԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 6314

Մեկնաբանություններ