Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Մոսկվան ակտիվ աջակցում է Ալիև-Նիկոլ զույգի հակառուսական խաղերին

Մոսկվան ակտիվ աջակցում է Ալիև-Նիկոլ զույգի հակառուսական խաղերին
27.07.2023 | 12:35

Արցախ ուղարկված և Հաքարի կամրջի մոտ ադրբեջանցիների կողմից կանգնեցված 400 տոննա մարդասիրական օգնության հետ կապված պատմությունը Ալիև-Նիկոլ զույգի հակառուսական քաղաքականության հերթական դրսևորումն է: Հայաստանյան և արցախյան հանրությանը թուրքերը՝ Ալիևն ու Նիկոլը, ևս մեկ անգամ փորձում են ապացուցել, որ ՌԴ-ն թույլ և սեփական պարտականությունները չկատարող երկիր է, որը նաև «քցում» է իր գործընկերներին:

Ցավոք, Նիկոլին հիանալի հաջողվում է իրականացնել հակառուսական այդ ծրագիրը:

Զավեշտն այն է, որ Մոսկվան իր պասիվությամբ, անտրամաբանական և պրիմիտիվ քայլերով ինքն է օգնում այդ հակառուսական ծրագիրն իրականացնելուն:

Բոլորն էլ շատ լավ հասկանում են, որ Նիկոլը, բանավոր ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, լեգիտիմացրեց Բերձորի միջանցքի փակումը:

Իսկ ի՞նչ է անում Մոսկվան, որը շատ լավ տեսնում է, որ Բաքուն ու Երևանը իր թիկունքում կոպտորեն խախտում են 2020-ի նոյեմբերի 9-ի համաձայնագիրը:

Այո՛, ոչինչ:

Մոսկվան Բերձորի միջանցքը փակելուց 8 ամիս անց նոր է ԱԳՆ-ի մակարդակով պարզաբանում Բերձորի միջանցքի փակվելու մեղավորներին՝ բացահայտ մատնանշելով Հայաստանի ղեկավարությանը, որն առոչինչ է:

Ինչպես ասում են հենց ռուսները՝ «после обеда горчица не нужна»:

Հիմա Բաքուն և Արևմուտքն առաջարկում են մարդասիրական օգնությունը Ստեփանակերտ հասցնել Ակնայից՝ Աղդամից:

Ի՞նչ է անում Ռուսաստանը:

Այո՛, ոչինչ:

Բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, որ Արցախի բնակիչները չեն կարող շատ երկար «սոված» մնալ, և մի օր Ալիևն իր հայաստանյան դաշնակցի՝ Նիկոլի միջոցով, կհասնի իր ուզածին՝ կպարտադրի արցախցիներին Ակնայով առևտուր անել, որից հետո Արցախի կլանումը Ադրբեջանի կողմից, որը Բաքվում ինտեգրում են անվանում, շատ կարճ ժամանակի հարց է:

Եվ այդ ժամանակ հարց կառաջանա՝ իսկ ու՞մ համար են մնացել ռուս խաղաղապահները, որոնք նույնիսկ մի միջանցքի անխափան գործունեությունը չեն կարող ապահովել, ինչը նրանց պարտականությունն է՝ ըստ 2020-ի նոյեմբերի 9-ի Հայաստանի կապիտուլյացիոն ակտի:

Համոզված եմ՝ եթե Էրդողանի ասածի պես 2025 թվին ռուսները հեռանան Արցախից, ապա դրանից ընդամենը 2-3 ամիս անց ռուսներին կվռնդեն նաև Հայաստանից, քանի որ, որպես խաղաղապահ և դաշնակից, վարկաբեկված Մոսկվան էլ ոչ մեկին այստեղ պետք չէ:

Նիկոլը հաջողությամբ Հայաստանն այդ ժամանակ տեղավորած կլինի թուրք-ադրբեջանական տանդեմի վերահսկողության տակ:

Արևմուտքը, 2018-ին Նիկոլին բերելով իշխանության, 2020-ին գլոբալ առումով ոչ թե Արցախի հարցը լուծեց, այլ ՌԴ-ին վերջնական տարածաշրջանից վտարելու հարցն է լուծում, քանի որ Լոնդոնում, Բրյուսելում և Վաշինգտոնում շատ լավ գիտեն, որ «եթե կա արցախյան հարց՝ կա Հարավային Կովկասում ռուսական ներկայություն»:

Իսկ ռուսներին տարածաշրջանից վտարելու համար Արևմուտքը Նիկոլի միջոցով Հայաստանը տարավ խայտառակ պարտության և իր հակառուսական հանձնարարականները հիանալի կատարում է մինչ օրս, քանի որ Մոսկվան Նիկոլ Անհողի իշխանությունը փրկողի, իր բոլոր տարածաշրջանային ձախողումները «հայ ժողովրդի ընտրության վրա բարդողի» և Արևմուտքի հետևից «վազողի» դերում է:

Իրեն գերտերություն համարող Ռուսաստանն իրավունք չունի ՈՒկրաինայի պատճառով անտեսել այլ տարածաշրջաններում իր դեմ տեղի ունեցող գործընթացներն ու քարոզչական մեթոդներով հաթաթաներ տարածել, թե՝ «ՈՒկրաինայից հետո կզբաղվենք Հայաստանով»:

Իյա, իրո՞ք:

Արևմուտքում էլ նստած սպասում են ռուսներին:

Նախ, այդ ժամանակ Հայաստան փաստացի էլ չի լինի, եթե Մոսկվայի այս կեցվածքը շատ արագ չփոխվի:

Այլապես, արդյունքում 3-4 տարի հետո ՌԴ-ն վռնդված կլինի Հայաստանից՝ իր բոլոր աղետալի հետևանքներով նաև Մոսկվայի համար:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 4627

Մեկնաբանություններ