Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Աշխարհի լապշան՝ հայերին, հայկական «բորշը»՝ աշխարհին

Աշխարհի լապշան՝ հայերին,  հայկական «բորշը»՝ աշխարհին
17.07.2023 | 15:01

Մինչ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում շարունակվում է Արցախի դրությունը միջազգային հանրությանը, Հայաստանին ու ողջ հայությանը ներկայացնելու հանրահավաքը, Բրյուսելում Շառլ Միշելի գլխավորությամբ ընթացավ Ալիև-Փաշինյան հանդիպումը:

Ի՞նչ արձանագրվեց հանդիպման ժամանակ.

վերստին ֆիքսվեցին Ադրբեջանի առաջ քաշած բոլոր դրույթները:

Ալիևը բարձրաձայնեց Հայաստանի քայլերի ու պարտավորությունների հաջորդականությունը, իսկ Փաշինյանը հաստատեց դրանց լինելիությունն ու կյանքի կոչումը:

Վերստին Հայաստանը՝ ի դեմս վարչապետի, վերահաստատեց ԼՂ-ն Ադրբեջանի մաս ճանաչելու հանգամանքը:

Ավելին՝ անգամ Ալիևը զարմացած պետք է նշի, որ «եթե անցյալ տարվա հոկտեմբերին Հայաստանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և սահմանները, ապա այս տարվա մայիսին ավելի հեռուն գնաց՝ պաշտոնապես ճանաչելով Ադրբեջանի տարածքի, այդ թվում՝ Ղարաբաղի և անկլավ գյուղերի պարամետրերը։

Սա պետք է դիտարկել որպես դրական փաստ։ Հիմա եկել է ժամանակը, որ այս նույն խոսքերը ամրագրվեն թղթի վրա և ստորագրություններ դրվեն»:

Ի դեպ, դրան արձագանքեց ՌԴ ԱԳՆ-ն, հայտարարելով, որ «2022 թվականի հոկտեմբերին, 2023 թվականի մայիսին Եվրամիության հովանու ներքո անցկացվող գագաթնաժողովներում և այսօր ևս՝ եռակողմ հանդիպման ժամանակ Հայաստանը ճանաչեց Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս.

մենք հարգում ենք Հայաստանի ղեկավարության ինքնիշխան որոշումը, սակայն դա արմատապես փոխեց այն հիմնարար պայմանները, որոնց ներքո ստորագրվել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, ինչպես նաև տեղակայված ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դիրքորոշումը տարածաշրջանում։

Այս պայմաններում չպետք է Ղարաբաղի հայ բնակչության ճակատագրի պատասխանատվությունը բարդել երրորդ երկրի վրա»:

Հանդիպմանը քննարկվել է նաև սահմանազատման, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների շարունակման, տրանսպորտային միջանցքների բացման, Նախիջևանի հետ ցամաքային կապի ապահովման, «Ադրբեջանի տարածքից անօրինական ռազմական կազմավորումների» զինաթափման և դուրսբերման, մաքսանենգության փաստերին առնչվող հարցերին, ինչպես նաև Բերձորի միջանցքին ալտերնատիվ՝ Բարդա և Աղդամ քաղաքներից արցախահայության համար նախատեսված մարդասիրական բեռների փոխադրման հեռանկարները:

Հայկական առաջարկներ կամ պահանջներ որպես այդպիսին չեն հնչել:

Գործնականում միայն միջնորդություն.

Արցախի նախագահի խնդրանքով Փաշինյանը՝ ժպիտը դեմքին ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելին է փոխանցել ԼՂ նախագահի նամակը։

Նախագահ Հարությունյանն օրեր առաջ նման նամակ էլ հղել էր ՌԴ նախագահ Պուտինին:

Այդ անգամ՝ առանց միջնորդության:

Այս հանդիպումից հետո, և առհասարակ, թե ինչպիսի սցենարներ կարող են զարգանալ և ինչ պատճառահետևանքներ ունենալ՝ ասել եմ բազմիցս:

Թշնամին այս պահին բարձրաձայնում է նախատեսվող գործողությունների երկրորդ փուլի մեկնարկը:

Այն է՝ Արցախում «անջատողականության» բոլոր տարրերի վերացումը:

Մինչ այդ, արդեն իսկ ավարտվել է Արցախում «անջատողական նախագծի փակման» առաջին փուլը, քանի որ խզվել է Արցախի «անջատողականների» և Հայաստանի միջև ֆիզիկական կապը:

Նրանց միջև կանգնած են ադրբեջանցի սահմանապահներ, որոնց շրջանցելու սողանցքներ այլևս չկան:

Եվ քանի որ նրանք չեն ցանկանում սեփական կամքով լքել Արցախը և հանձնվել Ադրբեջանի իշխանություններին, ավելին, շարունակում են զինված սադրանքներ կազմակերպել, ապա այժմ պետք է սկսվի երկրորդ փուլը, համաձայն որի պետք է ոչնչացվեն անջատողականության մնացյալ բոլոր տարրերը:

Իսկ ովքեր ողջ մնան, անգամ Ղարաբաղյան առաջին պատերազմում իրենց կատարած հանցագործությունների համար՝ պատիժ են կրելու ադրբեջանական արդարադատությամբ:

Այսպիսով՝ Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս, Փաշինյանը կանաչ լույս վառեց Արցախի ու արցախայության հանդեպ նման գործողություններ կիրառելուն։

Ադրբեջանն իր ներքին հարցն է համարում, իր տարածքային ամբողջականության շրջանակներում իրեն վերապահել կատարել ցանկացած գործողություն, որը գտնում է, որ ճիշտ է ու լեգիտիմ:

Իսկ ՌԴ-ն...

Արդյոք ՌԴ-ն համաձայն ԱԳՆ հայտարարության նախատեսու՞մ է իրականացնել համահունչ գործողություններ:

Արդյոք Էրդողանի հրապարակավ հայտարարությունը՝ Հարավային Կովկասից Ռուսաստանի դուրս գալու հետհաշվարկի մասին, կդառնա՞ իրականություն:

Իրո՞ք 2025 թվականին ռուսական կոնտինգենտը հեռանալու է Լեռնային Ղարաբաղից։

Մանավանդ, որ Մոսկվան լռում է ու այդկերպ, կարծես հաստատում, որ ճամպրուկները հավաքում է։

Կամ գուցե առկա են հետկուլիսային, մութ պայմանավորվածություններ և դրանո՞վ է պայմանավորված նրա լռությունը:

Գուցե ՌԴ-ն պարզապես արհամարհու՞մ է շատերի սպասելիքները, կամ որ ժամանակավոր թաքցնում է իր պլանները:

Միգուցե իր ասելիքն ու անելիքը մոտ ժամանակներում կհրապարակի:

Համենայն դեպս, ՌԴ-ն հենց այնպես Հարավային Կովկասից դուրս եկողը չէ:

Նա իր գեոպոլոտիկ նպատակներն ու իր դերակատարությունը չի զիջում և չի ստորադասում ոմանց ծրագրերին ու քմահաճույքներին:

Իսկ մասնավորապես Արցախի հարցում՝ ՌԴ-ն որպես նոյեմբերի 9-ի պայմանագրի ճարտարապետ, իսկ մյուսները՝ մասնակից և դիտորդ, քաջատեղյակ են, որ ըստ այդ պայմանագրի 4-րդ կետի ռուս խաղաղապահների Արցախում գտնվելու ժամկետը կարող է երկարաձգվել ևս 5 տարի ժամանակով:

Ալիևը միանշանակ կպահանջի խաղաղապահների դուրսբերում, բայց թե արդյոք Մոսկվան կբավարարի՞ այդ պահանջը, խիստ կասկածելի է:

Եվ դա ոչ թե նրա համար, որ իրավիճակ է փոխվել, այլ որ եթե դուրս եկավ Կովկասից, այն անվերադարձ կկորցնի, հետագայում էլ գեոպոլիտիկ լուրջ խնդիրների առաջ կկագնի:

ՈՒստի քիչ հավանական եմ համարում այն, որ ՌԴ-ն պատրաստվում է ողջ Կովկասը հետայսու զիջել Թուրքիային:

Իսկ եթե, այնուամենայնիվ, խաղաղապահները դուրս բերվեն Արցախից, հետևանքներն ակնհայտ են. Ալիևը կիրականացնի կամ արցախահայության կոտորած կամ ամբողջական էթնիկ զտումներ:

Հայաթափելով Արցախը՝ վերջնականապես կփակվի ԼՂ հիմնախնդիրը։

Բաքուն ծրագրել և իրականացնում է հիմա հենց այս սցենարը։

Իսկ խաղաղապահների դուրսբերման պարագայում Հայաստանը կկանգնի երկու տարբերակի առաջ.

կամ մտնել նոր (ի դեպ ոչ ինքնակամ, ոչ էլ հանուն Արցախի ու արցախահայության, այլ պարտադրված) պատերազմի մեջ, որտեղ պետք է միայնակ կռվի Ադրբեջանի ու համաձայն Շուշիի հռչակագրի՝ նրա լիիրավ դաշնակցի և հովանավոր Թուրքիայի դեմ, հաշվի առնելով թե՛ իր սուվերենությունը, տարածքային ամբողջականությունը, թե՛ արցախահայերի նկատմամբ պլանավորած էքզիստենցիալ վտանգը կանխելու, սեփական հայրենիքում ապրելու իրավունքը պահպանելու համար կամ պատրաստվի դիմավորելու արցախցի 120 000 հայ փախստականների։

Իհարկե, դրանով Ալիևի ծավալապաշտական նկրտումները չեն ավարտվում:

Հաջորդիվ հարձակում է լինելու Սյունիքի, Վայոց Ձորի ու Գեղարքունիքի վրա:

Միաժամանակ պահանջելու է ադրբեջանցիների վերադարձը Հայաստանի քաղաքներ ու գյուղեր և վերջիններիս սեփականության իրավունքի վերականգնումը:

Իհարկե, դժվար է որոշել, թե այս երկու սցենարներից որն է ավելի վատը։

Բայց մի բան պարզ է, որ Արցախից խաղաղապահների դուրսբերմամբ Ռուսաստանը վերջնականապես դուրս կմղվի Հարավային Կովկասից, որն ավելի շուտ կնմանվի տարածաշրջանից անփառունակ վտարման:

Այս ամենը հանգեցնում է նրան, որ կա մի պարզ ճշմարտություն.

եթե ուզում ես թշնամին քեզ հետ խաղաղ ապրի, դու ինքդ խաղաղ ու հանգիստ ապրես՝ հաղթիր նրան, ճնշած պահի, ատամ ցույց տուր:

Իսկ դրա համար զինվել է պետք:

Ինչպես ամերիկյան ասացվածքն է ասում՝ «երբ ատրճանակը գրպանումդ է, սկսում են քեզ հետ ավելի քաղաքավարի խոսել»:

Դեռևս հարյուրամյակներ առաջ, Իսրայել Օրին ու Խրիմյան Հայրիկն իրենց դեգերումների արդյունքում են հասկացրել, որ միջազգային իրավունքում գործում է զենքի լեզուն և վերջ:

Հատկապես մեր թշնամին այլ լեզու չի հասկանում:

Իսկ այս շրջադարձային փուլն ունի միայն ռազմական լուծում:

Եվ հետո ասում ենք՝ աշխարհ, արթնացի՛ր, մինչդեռ պետք է նախ փորձենք արթնացնել աշխարհի հայությանը:

Եթե իհարկե ստացվի:

Հետո նոր այլ ազգերից պահանջենք ուշադրություն, միջամտություն կամ նախաձեռնողականություն:

Ե՞րբ պետք է հասկանանք, որ աշխարհում չկա որևէ հզոր պետություն կամ կայսրություն, որը երբևէ պատերազմում պարտություն կրած չլինի։

Որ պարտությունը դաժան դաս է, որը պահանջում է վերլուծություն, մեղավորների հայտնաբերում և խստագույն պատիժ և հետո՝ ոտքի կանգնում ու հզորացում։

Ի տարբերություն այս ամենի, այսօր մեզ փորձում են համոզել, թե պարտությունը պահանջում է թշնամու առաջ խոնարհում ու սեփական պատմությունից հրաժարում։

Առանց գիտակցելու, որ սեփական պատմությունից ու անցյալից հրաժարվող ազգը չի կարող ունենալ ապագա:

Իսկ մինչ այդ, մենք բոլորս գիտակցում ենք, որ մեծ աղետի շեմին ենք, բայց անօգնական սպասում ենք, և ոչինչ չենք ձեռնարկում։

Մենք դեռ մտածում ենք, որ մեր փոխարեն մեր հայրենիքի համար ուրիշները պետք է կռվեն կամ պահեն:

Մենք հիմա աններելի անտարբերությամբ հետևում ենք արդեն 6 ամսից ավելի տոտալ շրջափակման մեջ սովամահության մատնված, տարրական իրավունքներից զրկված ու ամենօրյա զրկանքների ենթարկվող մեր 120 հազար հայրենակիցների «Հայաստան» կանչին:

Ավելին՝ ողբերգություն է, որ այս ճգնաժամային ու օրհասական պահին որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ իրենց «վաստակած» արձակուրդն են վայելում, իսկ մեծամասնության մոտ՝ «моя хата с краю» ու «Пир во время чумы» վիճակներն է:

Ինչո՞ւ գոնե այս պահին Հայաստանը չի դիմում ՄԱԿ-ի Պարենի միջազգային ծրագրին՝ Արցախում վերահաս սովը կանխելու համար։

ՄԱԿ-ն ունի Պարենի միջազգային կազմակերպության շրջանակներում գործող Մարդասիրական օդային ծառայությունը (UNHAS), որն ապահովում է մարդասիրական նպատակներով բեռների փոխադրումներ դեպի ճգնաժամային և հակամարտությունների շրջաններ:

UNHAS-ը գործում է աշխարհի ամենահեռավոր և ամենադժվար հասանելի վայրեր մուտք գործելու անհրաժեշտության դեպքում, հաճախ անվտանգության անկայուն պայմաններում:

Միջին հաշվով, UNHAS-ը ամսական տեղափոխում է մոտ 300 տոննա բեռ 310 կանոնավոր ուղղություններով:

Իր առաքելությունն իրականացնելու համար UNHAS-ն օգտագործում է ավելի քան 90 ինքնաթիռ ու ուղղաթիռ։

Չնայած ո՞վ դիմի:

Հայաստանի ներկա իշխանությունները չեն ուզում լսել անգամ Արցախ բառը, ուր մնաց դիմեն տարբեր միջազգային կառույցների։

Ավելին, իշխանական վերնախավից, ինչու չէ հասարակության շրջանում կան մարդիկ, որոնք ավելի անհամբեր են սպասում Արցախի հայաթափմանը քան նույնիսկ Ալիևն ու Էրդողանը։

Որովհետև նրանց համար Արցախը «կույրաղիք է»:

Այն աստիճան ապատիա է ու զոմբիացում, որ եթե գործողները Արցախի փոխարեն Ադրբեջանին հանձնեն Մոնումենտը, միևնույն է՝ Հայաստանում նույն արձագանքն ու «խաղաղության օրակարգի» նույն ընկալումն է լինելու:

Ինչևէ, մինչև հանրային գիտակցության մակարդակը չփոխվի ու հանրային պահանջ չձևավորվի՝ այս ողբերգական վիճակից դուրս չենք գա:

ՈՒ սա այն պարագայում, երբ ունենք հարյուրավոր արժանի, կրթված ու խելացի, առողջ դատողությամբ հայորդիներ, որոնք ունեն պետություն կառավարելու, այն ատամներով պահելու, երկիրը ճգնաժամից ու հետպատերազմյան վիճակից դուրս բերելու, ուժային, աշխարհաքաղաքական կենտրոնների հետ ճիշտ հարաբերվելու բավարար պոտենցիալ:

Այնպես որ, ամեն ժողովուրդ արժանի է իր ղեկավարությանը:

ՈՒնենք այն, ինչ ունենք:

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 2998

Մեկնաբանություններ