ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

«Թուրքերը մեծ թակարդ մը լարած են». Ստեփան Կուրտիկյան (1908-1986)

«Թուրքերը մեծ թակարդ մը լարած են». Ստեփան Կուրտիկյան (1908-1986)
07.07.2022 | 07:31

1909-ի գարնանը Անդրանիկը կեղծ անցագրով Բուլղարիայից ժամանեց Պոլիս: Նա բերել էր բուլղարահայ սակավաթիվ գաղութում հավաքած 127 ոսկին, որը հանձնեց Պոլսի պատրիարքին՝ Սասունի և Մուշի դպրոցներին նպաստ ուղարկելու:


Հերոսի ժամանման առթիվ Թոքատլյան հյուրանոցում կազմակերպվեց ճաշկերույթ: Երբ խոսքը տվեցին Անդրանիկին, նա զգուշացրեց, թե իթթիհատ-դաշնակ ողջագուրումը չի փրկելու ժողովրդին, թե երիտասարդ թուրքերին չպետք է հավատալ. նրանք հայերի հանդեպ շարունակելու են սուլթան Համիդի նույն արյունոտ քաղաքականությունը: «Մեզ բոլորիս համար,-ասաց նա,-թուրքերը մեծ թակարդ մը լարած են և մեզ ամենքիս ալ մեջը պիտի ձգեն»:
Ճաշկերույթին ներկա դաշնակցության ղեկավար դեմքերից Ակնունին ժպտաց Անդրանիկի քաղաքական «տհասության» վրա և նրան անուղղելի «հոռետես» անվանեց:
Անդրանիկն զգաց մեծամիտ արհամարհանք իր հանդեպ, խորը վիրավորվեց և ոտքի կանգնելով հայտարարեց.
-Դուք կուզեք, որ Պոլսի ոստիկանական տնօրեն Ալի փաշայի ձե՞ռքը սեղմեմ ես. այն ձեռքը, որ Սասունի մեր հերոս Տալվորիկի «Զբոսանք» թաղի բնակչությունը կոտորել տվավ եկեղեցիին մեջ և այրեց: Ալի փաշան իմ դեմ կռված է երեք անգամ: Ես ինչպե՞ս կրնամ սեղմել հայոց արյունով ներկված անոր ձեռքը…-Մի պահ հայացքը շրջեց ճաշկերույթի մասնակիցների անհանգիստ դեմքերին, ապա բորբոքված շարունակեց.
-Այսքան երկար խոսելես վերջ, երբ տակավին համոզված չեք խոսքերուս, խերը տեսնեք ձեր Էնվերին ալ, ձեր Թալեաթին ալ…
Ու ոչ ոքի չլսելով՝ հեռացավ ճաշկերույթից:
Այս դեպքից ուղիղ քառասուն օր անց տեղի ունեցավ երեսուն հազար հայերի ջարդը Կիլիկիայի Ադանա քաղաքում:


Այդ որբերգությունը լսելով, Անդրանիկը դառնացած նամակ գրեց Ակնունուն. «Ահա իմ հոռետեսությունը և ձեր լավատեսությունը: Երբ ժամանակը գա, ձեր ընկեր Թալեաթն ու ընկեր Էնվերը ձեզ ալ պիտի կոտորեն»:
Անդրանիկի այդ կանխատեսումն էլ կատարվեց 1915-ի Մեծ եղեռնին:


(«Պատմվածքներ Անդրանիկի մասին»)
Կարլ Յալանուզյանի ֆեյսբուքյան էջից

Դիտվել է՝ 14667

Մեկնաբանություններ

եջբերումներ անելիս ակտիվ հղումը Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am