Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Արևմուտքն այլևս չպետք է հապաղի

Արևմուտքն այլևս չպետք է հապաղի
25.11.2020 | 09:38

«Ռուսաստանի օգնությամբ ձեռք բերված հրադադարը լռեցրել է արկերի ձայներն ու իջեցրել անօդաչուներին, բայց հայերի ու ադրբեջանցիների միջև խոր արմատներ ունեցող թշնամությունը Ղարաբաղի պատկանելիության շուրջ ամենևին չի հանգուցալուծվել», - գրում է «Նյու Յորք թայմսը»:

«Հայերի այրվող ու ծխացող տները վկայում են, որ տարաձայնությունները նորից են բռնկվելու»։ «Հիմա, երբ այս տարածաշրջանում աշխարհաքաղաքական ուժերի նոր դասավորվածություն է հաստատվել, ղարաբաղյան խնդրի վերջնական ու բանակցված կարգավորումը դարձել է առավել քան հրատապ, ԱՄՆ-ը մասնակցությունը ՝ առավել քան կարևոր», - պնդում է «Նյու Յորք թայմսը»: «Սա այն տարածաշրջանը չէ, որ ԱՄՆ-ը կարող է թողնել Պուտինի կամ Էրդողանի խաղերին»։ Փաստելով, որ հակամարտության խաղաղ կարգավորման մանդատը դեռ մնում է Մինսկի խմբի ձեռքում՝ թերթը կոչ է անում Վաշինգտոնին առավել ակտիվ լինել և այս անգամ «գործի անցնել՝ չսպասելով մինչև բռնությունների հաջորդ փուլը սկսվի»։


«Հարավային կովկասն Արևմուտքի աջակցության կարիքն ունի», - գրել է Եվրոպայում ամերիկյան զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Բեն Հոջեսը EU Observer-ում: «Մոսկվան այսօր փաստացի սեփական զորքն ունի տարածաշրջանի բոլոր երեք երկրներում՝ Վրաստանում, Հայաստանում, հիմա էլ՝ Ադրբեջանում»։ «Մենք նախաձեռնությունը զիջեցինք Կրեմլին, և այսօր հայտնվել ենք լուսանցքում, դիտորդի դերում», - փաստում է ամերիկացի բարձրաստիճան զինվորականը՝ հոդորելով ԱՄՆ-ին ու Եվրոպային ետ վերցնել առաջնորդությունը՝ ակտիվորեն ներգրավվելով Անդրկովկասի զարգացման, անվտանգության ու կայունության հարցերում։ «Ղարաբաղը, որ միջազգայնորեն ճանաչված է որպես Ադրբեջանի մաս, Եվրոպան և Եվրասիան կապող միակ ցամաքային միջանցքն է, որը չի անցնում Ռուսաստանի կամ Իրանի տարածքով, և որպես այդպիսին՝ առանցքային նշանակություն ունի Սևծովյան տարածաշրջանի տնտեսական հնարավորությունների զարգացման տեսանկյունից։ Արևմուտքն այլևս չպետք է դանդաղկոտություն ցուցաբերի», - ընդգծում է Եվրոպայում ամերիկյան զինուժի նախկին հրամանատարը՝ հավելելով, թե ԱՄՆ-ը ու Եվրոպան այժմ պետք է ակտիվ լինեն տնտեսական, դիվանագիտական, ռազմական ու տեղեկատվական հարթակներում, ուշադրությամբ վերահսկեն ռուս խաղաղապահների տեղակայումը Ղարաբաղում։


«Դուր է գալիս ձեզ դա, թե ոչ, սակայն փաստ է, որ նոյեմբերի 9-ի համաձայնությունը Վլադիմիր Պուտինի դիվանագիտական հաղթանակն էր, որը թույլ է տալիս նրան հեգեմոն դեր ստանձնել տարածաշրջանում, որ մասին Պուտինն ու նրա շրջապատը երազում էին քսան տարի», - Washington Post-ին ասել է նախագահ Օբամայի օրոք Ռուսաստանում ԱՄՆ դեսպան, այժմ Ստենֆորդի համալսարանի Միջազգային ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Մայքլ ՄըքՖաուլը։


«Ինձ ապշեցնում էր Մինսկի խմբի, և առաջին հերթին ու բոլորից առավել՝ ԱՄՆ լիակատար բացակայությունը», - ասել է դիվանագետը: «Այո, մենք՝ ամերիկացիներս, շատ լծակներ չունենք Կենտրոնական Ասիայում, Կովկասում կամ Բելառուսում, սակայն ունեցածն էլ արդյունավետ չենք կիրառել Թրամփի վարչակազմի օրոք»։
«Կոմերսանտը», վերլուծելով Մինսկի խմբում ստեղծված իրավիճակը, փաստում է՝ եռանախագահների հարաբերություններն այնքան էլ հաշտ չեն հիմա․ Վաշինգտոնն ու Փարիզը դժգոհ են, որ Մոսկվան գործարքը կնքել է՝ առանց իրենց հետ հաշվի նստելու, ինչին ի պատասխան Սերգեյ Լավրովը հայտարարում է, թե նոյոեմբերի 9-ի հայտարարությունը համապատասխանում է խաղաղության այն ծրագրին, որի վրա աշխատում էր միջնորդական խումբը տարիներ շարունակ։ «Ընդհանուր առմամբ, դա ճիշտ է, բացառությամբ երկու կետի․ նախ՝ Մինսկի խմբի ծրագրերում չկար Թուրքիայի ներգրավումը կարգավորման գործընթացում, մինչդեռ հիմա Անկարան իրավունք է ստանձնել հետևել հրադադարին Ադրբեջանի տարածքից։ Եվ երկրորդ, Մինսկի խմբում, խոսելով խաղաղապահների մասին, ամենայն հավանականությամբ ենթադրում էին բազմազգ առաքելության, օրինակ՝ ՄԱԿ-ի հովանու ներքո։ Այդ գաղափարից ԱՄՆ-ը ու Ֆրանսիան հիմա էլ չեն հրաժարվել», -պնդում է ռուսական պարբերականը՝ մեջբերելով ԱԳ ծախարար Սերգել Լավրովի խոսքերը, թե «Ռուսաստանում նկատում են խաղաղապահ առաքելության բնույթը փոխելու և եռակողմ բանակցությունները սառեցնելու փորձեր»։ «Անցած շաբաթ օրը, այցելելով Երևան ու Բաքու, Լավրովը վստահորեն հայտարարեց, որ այդ փորձերը հաջողությամբ չեն պսակվելու», - արձանագրում է «Կոմերսանտը»:


«Կարելի է միայն նախանձել այն ճարպկությանն ու արագությանը, որով Ռուսաստանը միջամտեց ղարաբաղյան խնդրին»՝ փաստում է Իրանի «Ջավանը»։
«Չմիջամտելով բուն ռազմական գործողություններին և չեզոք դիրք ստանձնելով՝ Մոսկվան, այդուամենայնիվ, հարկադրեց հակամարտող կողմերին ընդունել խաղի՝ իրեն ձեռնտու կանոնները և այդ ողջ ընթացքում կառավարեց իրադարձությունները՝ օգտվելով այն հանգամանքից, որ Ամերիկան ներքաշված է նախագահական պայրարի մեջ և արտաքին քաղաքականության համար ժամանակ չունի։
Վերլուծելով տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակը՝ իրանական պարբերականն առանձնացնում է ռուսական դիվանագիտության մեկ այլ ուղղություն՝ մերձեցումը Անկարայի հետ․«Հույս ունենալով Թուրքիային ներքաշել սեփական քաղաքականության ուղեծիր և կտրել ՆԱՏՕ-ից՝ Մոսկվան վերջինիս գործունեության շատ լայն դաշտ ընձեռեց Կովկասում ու Միջինասիայում, ինչին էլ հենց ձգտում էր Թուրքիայի՝ նեոօսմանիզմի ու պանթյուրքիզմի գաղափարներով առաջնորդվող վարչակազմը»։ Խորհուրդ տալով Կրեմլին չվստահել Անկարային՝ թերթը զգուշացնում է՝ «Թուրքիայի համար հարևանների, այդ թվում Իրանի ու Ռուսաստանի հետ բնականոն ու կայուն հարաբերությունները ընդամենը մանրադրամ է, որը Անկարան մշտապես առուվաճառքի առարկա է դարձնելու արևմուտքի հետ բանակցություններում»։


Ռուսաստանյան Ежедневный журнал-ը անդրադառնում է ռուս բարձաստիճան պաշտոնյաների՝ Երևան, ապա Բաքու այցին՝ բնորոշելով որպես Մոսկվայի կողմից իջեցված կառավարական դեսանտ։ «Ենթադրենք մեր Առողջապահության նախարարը մեկնել էր՝ հայ գործընկերների հետ կիսելու իր փորձը համաճարակի դեմ պայքարում, իսկ ո՞ր փորձի փոխանակման նպատակով էր մեկնել Ռոսկոմնադզորի ղեկավարը՝ ինչպես արդյունավետ կասեցնել Telegram-ի գործունեությունը կամ փակել ընդդիմադիր աղբյուրնե՞րը», - հարց է բարձրացնում հոդվածագիրը: «Այնպիսի տպավորություն է, ասես պատվիրակության բոլոր անդամները՝ ԱԳ և ՊՆ նախարարներից բացի, ինքնաթիռում էին հայտնվել տպավորություն ստեղծելու, և միջոցառմանը առավել ծանր կշիռ հաղորդելու համար»։ Մեջբերելելով հանդիպումների պաշտոնական հաղորդագրությունները՝ ընդդիմադիր հայացքներով հայտնի ինտերնետային պարբերականը փաստում է. «Շոյգուն Փաշինյանի հետ հանդիպմանը պատմում էր, թե ինչպես է անցնում խաղաղապահ առաքելությունը Ղարաբաղում, կարծես թե Փաշինյանը չգիտի, թե ինչ իրավիճակ է անմիջականորեն իր սահմանների մոտ, և կարծես թե այդ խաղաղապահ զորքերը Հայաստանի տարածքով չեն Ղարաբաղ հասել»։


Լեռնային Ղարաբաղում կարճատև, բայց դաժան պատերազմի ելքը, որի հետևանքով հայերը տարածքային մեծ կորուստներ ունեցան, այնքան ծանր է հայ զինվորների համար, որ ոմանք ասում են՝ կնախընտրեին շարունակել պայքարը, գրում է The Washington Post-ը։ Լիզ Քուքմանը և Ռոբին Դիքսոնը գրում են, որ ԼՂ պատերազմի շուրջ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ պայմանավորվածությունը մեծ վրդովմունք է առաջացրել Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում, բացի այդ հայերը մտահոգություն ունեն, որ թվացյալ խաղաղությունը երկար չի տևի։ «Լեռնային Ղարաբաղում զոհվածներից շատերը զորակոչիկներ են։ Մյուսները՝ ամբողջ Հայաստանից և Սփյուռքից կամավոր զինվորներ, որոնք թողել էին իրենց կյանքն ու աշխատանքը՝ ռազմական ջանքերին միանալու համար»,- նշում են հոդվածագիրները։ Պատերազմի մասնակից 48-ամյա Սեյրան Կարապետյանը թերթի հետ զրուցում նշել է, որ պատրաստ էր մինչև վերջ կանգնել և պայքարել ու հաղթանակած ավարտել պատերազմը։ «Իհարկե, պատերազմը կվերսկսվի ավելի շուտ, քան կարող եք կարծել, և ես կրկին կվերադառնամ։ Պատրաստ է կինս դրան, թե ոչ, իմ մահը մեր հայ ժողովրդին է ծառայելու»,- հայտնել է նա։


Անդրադառնալով Քարվաճառի շրջանին, հոդվածագիրները նշում են, որ այն Լեռնային Ղարաբաղին հարող յոթ շրջաններից մեկն է, որտեղ տասնամյակներ շարունակ ապրել են հայերը, սակայն եռակողմ պայմանավորվածության հետևանքով հանձնվելու է Ադրբեջանին։ «Մի՞թե ես տանիք եմ դրել ու վերանորոգել տունս, որ ադրբեջանցին կարողանա վայելել։ Ավելի լավ է ոչնչացնեմ, քան թողնեմ նրանց»,-հայտնել է Քարվաճառի 35-ամյա բնակիչը։
Քարվաճառի մեկ այլ բնակիչ, 47-ամյա Ալինա Օհանյանն էլ հայտնել է, որ իր ամուսինը ռուս խաղաղապահներին առաջարկել է ապրել Դադիվանքի մոտակայքում գտնվող իրենց տանը։
«Ամուսինս նույնիսկ հարցրեց, թե կարող է միանալ իրենց գնդին, որպեսզի կարողանա այստեղ ապրել: Նա ասաց, որ կարող են վերցնել տունն ու ապրել այնտեղ, բայց եթե դրանում ադրբեջանցի է ապրելու,պետք է տունը մինչև հիմքն այրել», - ասել է 47-ամյա բնակչուհին։
Foreign Policy-ը անդրադարձել է Լեռնային Ղարաբաղը լքող հայերին և Արցախի շրջանների` Ադրբեջանի վերահսկողության տակ փոխանցելու գործընթացին: Լրագրող Լիզ Քուքմանն իր հոդվածում նշում է, որ Քարվաճառի շրջանը փոխանցվում է Ադրբեջանին՝ իրենց երեխաներին մեծացրած և տները կառուցած մարդկանց ուղարկելով նոր կյանք և նոր տուն փնտրելու: Անգամ մինչ այն ժամանակ, երբ Փաշինյանը ֆեյսբուքյան էջով հայտարարել էր պատերազմի ավարտի մասին, հայերը կորուստի զգացում ունեին: Երեք կողմից մահմեդական հարևաններով շրջապատված քրիստոնեական երկրի և ավելի քան մեկ դար առաջ ցեղասպանություն հաղթահարելու համար պայքարող ժողովրդի ազգային հոգեվիճակում գերակշռում են էքզիստենցիալ վախերը: Ամենուր մարդիկ անհանգստացած են, որ Թուրքիան, որը այս հակամարտությունում սատարում էր Ադրբեջանին և երբևէ պաշտոնապես չի ճանաչել 1915-ի մոտ 1.5 միլիոն հայերի Ցեղասպանությունը, փորձում է բնաջնջել նրանց: Հիմա, երբ հայերը դուրս են գալիս Լեռնային Ղարաբաղից, քիչ բան են թողնում իրենց ետևից: Գյուղացիներից ոմանք, զգալով, որ այլևս կորցնելու բան չունեն, հրկիզում են իրենց տները ՝ մխիթարություն գտնելով նրանում, որ իրենց թշնամիները չեն կարողանա քնել այնտեղ:
«Ինչպես կարող եմ թողնել, որ մուսուլմանն ապրի այստեղ: Այն տեղում, որը ես եմ ստեղծել, կառուցել»,-ասում է 34-ամյա Արսեն Մնացականյանը, որի արյունահոսող ձեռքերը մրից սևացել էին: Ֆերմեր և կամավորական Արսենն այստեղ ապրել է 20 տարի, մեծացրել է իր երեխաներին: Նա ասում է, որ կգնա կամ Հայաստան, կամ Ռուսաստան: Միայն մի բան հաստատ գիտի. չի կարող ապրել այն մտքով, որ իր կառուցած տան պատուհանից այլ մարդ է նայում: «Մարդիկ ապրում են այստեղ իրենց հողի, կենդանիների հետ: Ամեն բանի կորուստ է»,-ասում է նա:


Հանձնումից մեկ օր առաջ գրեթե ոչ մի տուն չէր մնացել Արցախի հյուսիսային այս հատվածում: Շենքերը ածխացած էին` բոցերի մեջ:
Հակամարտությունը ծանր էր: Այն, ինչ հետո եկավ, գուցե ավելի ծանր էր: Համացանց չկար, հեռախոսային ազդանշանը շատ թույլ էր, ուտելիք էլ գրեթե չկար, բացի հացից և արագ պատրաստման լափշայից: Խառնաշփոթ է սկսվել: Ո՞րն է այժմ Ադրբեջանի հետ սահմանը: Եթե հյուսիսային ճանապարհը այլևս Հայաստանինը չէր, իսկ Լաչինի միջանցքը փակ էր, արդյո՞ք բոլորը թակարդի մեջ էին: Հարցերը շատ էին, պատասխանները` քիչ:
Ամենամեծ վախերից մեկը Դադիվանքի հնարավոր կորուստն էր: Մարդիկ Հայաստանի բոլոր անկյուններից ճանապարհորդում էին` վերջին անգամ տեսնելու վանքը, համբուրում էին Հայաստանի դրոշը, հույս էին պահում աստվածային միջամտության համար: «Ես առաջ ասել եմ, որ մնալու եմ, և ես կմնամ: Մենք առաջին քրիստոնյա ազգն ենք և մեզ միշտ տանջել են: Բայց ես ձեզ վստահ եմ ասում, քրիստոնյաները կվերադառնան այստեղ»,-ասում է Տեր Հովհաննեսը:


Երբ հոգևորականը վերջին մկրտությունը կատարեց, ռուս խաղաղապահները տեղ հասան և դա հույսի նշան էր: Համենայնդեպս, այս պահի դրությամբ թվում է, թե Դադիվանքը փրկված է: «Այս շենքերը՝ հին շենքերը, կարևոր են այստեղի մարդկանց համար, ուստի մենք այստեղ ենք ՝ դրանք պաշտպանելու համար »,-ասել է Դադիվանքի ռուս խաղաղապահներից մեկը, ով խնդրել է իր անունը չհայտնել, քանի որ մամուլի հետ շփվելու իրավասություն չունի:
Ռուսական, և հետագայում գուցե նաև թուրքական զորքերը իրենց այստեղ տեսնում են խաղաղապահի դերում: Բայց ոչ բոլորն են պատրաստ խաղաղության: Չնայած մարտական գործողությունները ավարտվել են, մասնագիտությամբ մեխանիկներ Արտակն ու Արարատը պատրաստ են կրկին մեկնել առաջնագիծ:
Նրանք վախենում են, որ ադրբեջանական ուժերը կարող են փորձել ավելի շատ հողեր զավթել: Նրանք, ինչպես և շատերը, բարկացած են Փաշինյանի վրա` գործարքը ստորագրելու համար: Երևանում էլ ցուցարարները պահանջում են Փաշինյանի հրաժարականը: «Նա պետք է հրաժարական տա կամ ինքնասպան լինի կամ խարակիրի անի»,-ասում է Արտակը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Զարմանալի է, որ միջազգային մամուլը շարունակում է ընդամենը արձանագրել իրադարձությունները, բայց լիովին խուսանավում է ապագայի կանխատեսումներից: Իսկ հիմա շատ ավելի կարևոր են Արցախի Հանրապետության ապագայի կառուցման բանակցությունների ձևաչափն ու ծրագիրը: Եվ արտասահմանյան մամուլում հասարակական կարծիքի ձևավորման գործով վերջապես պետք է զբաղվի Հայաստանը՝ գործ, որ երբեք չի արվել: Իսկ միջոցները կան ու պետք չէ մանրամասնել, պարզապես պետք է գիտակցել կարևորությունը և անհրաժեշտությունը:



Դիտվել է՝ 11353

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ