Զբաղեցնելով ՀՀ վարչապետի պաշտոնը և լինելով Արցախի Հանրապետության անվտանգությունը երաշխավորող Հայաստանի Հանրապետության ղեկավար, գլխավորելով նաև ՀՀ Անվտանգության խորհուրդը, Նիկոլ Փաշինյանը չի ձեռնարկել անհրաժեշտ համապատասխան միջոցներ` թշնամու կողմից Շուշիի գրավումը թույլ չտալու համար` իմանալով հանդերձ, որ Շուշին իր դիրքով ռազմավարական նշանակություն ունի Արցախի համար, և որ Շուշիի գրավումից հետո թշնամին շատ արագ կարող է հայտնվել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի մատույցներում ու գրավել այն, այսինքն` Շուշիի գրավումից հետո, եթե նկատի են առնվում 2020 թ. աշնանային պատերազմում թշնամու կարողությունները, առաջանում է թշնամու կողմից կարճ ժամանակաընթացքում Ստեփանակերտի, այնուհետև ողջ Արցախի գրավման միանգամայն իրական վտանգ:
Այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը թշնամու կողմից Շուշիի գրավումը թույլ չտալու համար չի ձեռնարկել անհրաժեշտ համապատասխան միջոցներ ոչ թե չկարողանալով, այլ չցանկանալով, հիմնավորվում է նաև 2020 թ. նոյեմբերի 16-ին ԱԺ արտահերթ նիստում պատգամավորի հարցին նրա տված դեմագոգիկ պատասխանում, որին դեռ առանձին ու հանգամանորեն կանդրադառնամ, Շուշիի հանդեպ արտահայտած վերաբերմունքով. «Ասում են՝ Շուշին ծախել են. ո՞վ է ծախել Շուշին: Շուշին եթե ծախել են, ծախել են վերջին 30 տարվա ընթացքում, որովհետև Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին… Բա որ պետք էր, ընչի՞ էր էդ, էդ վիճակում»:
Իսկ ի՞նչ վիճակում էր Շուշին մինչև 2020 թ. պատերազմը… Անձամբ եղել եմ Շուշիում ու կարող եմ վկայել ու պնդել, որ այն, մինչև պատերազմը, բնավ դժբախտ ու դժգույն քաղաք չէր, մաքուր էր, լուսավոր, գեղեցիկ, բարեշեն, զարգացող, այն դժբախտ քաղաք դարձավ միայն Նիկոլ Փաշինյանի և այլոց մեղքով թշնամուն հանձնվելուց հետո: Նախաքննության մարմինը պարտավոր է, ի թիվս այլ հարցերի, ՀՀ գերագույն գլխավոր ստախոս ու դեմագոգ, «կռուտիտների» մեջ հմտացած Նիկոլ Փաշինյանին հարցնել` իսկ ի՞նչ վիճակում էր Շուշին, ինչո՞վ էր Շուշիի վիճակը տարբերվում, ասենք, Գյումրիի, Վանաձորի կամ Աշտարակի վիճակից… Նիկոլ Փաշինյանը, քանի դեռ չի մեկուսացվել, նույն տրամաբանությամբ կարող է վաղն էլ, ասենք, Գյումրին հանձնել թշնամուն և, փորձելով արդարանալ, ասել` Գյումրին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Գյումրին, բա որ պետք էր, ընչի՞ էր էդ վիճակում:
Եթե Նիկոլ Փաշինյանի հանցավոր, դավաճանական անգործությունը հիմնավորվում է թշնամու կողմից Շուշիի գրավումը թույլ չտալու նպատակով անհրաժեշտ համապատասխան միջոցներ չձեռնարկելով, ապա այդ առումով նրա դավաճանական գործունեությունը հիմնավորվում է Շուշին հայկական կողմի հսկողության տակ պահելու և ռուսական խաղաղապահների միջոցով քաղաքի և այնտեղ բնակվողների անվտանգությունը երաշխավորելու Ռուսաստանի նախագահի` ժամանակին արված առաջարկությունից հրաժարվելով:
Լեռնային Ղարաբաղում իրավիճակի առնչությամբ 2020 թ. նոյեմբերի 17-ին պատասխանելով «Россия-1»-ի լրագրող Պավել Զարուբինի հարցին` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Շուշիի հանձնման խնդիր մինչև վերջին հակամարտությունը չի բարձրացվել, նրա խոսքով, այդ հարցը «ծագել է այս հակամարտության, այս ճգնաժամի ընթացքում» (հարցազրույցը հեռարձակվել է ռուսական «Россия-24» և մի շարք այլ հեռուստաալիքներով):
«Հոկտեմբերի 19-20-ը ես մի շարք հեռախոսազրույցներ եմ ունեցել և՛ նախագահ Ալիևի, և՛ վարչապետ Փաշինյանի հետ, այնուհետև Ադրբեջանի զինված ուժերը վերականգնել են վերահսկողությունը Ղարաբաղի հարավային մասի աննշան հատվածի վրա,- հայտնել է ՌԴ նախագահը:- Ընդհանրապես, ինձ հաջողվել էր համոզել նախագահ Ալիևին, որ կարելի է դադարեցնել ռազմական գործողությունները, բայց նրա կողմից պարտադիր պայմանը փախստականների վերադարձն էր, այդ թվում նաև՝ Շուշի քաղաք: Ինձ համար անսպասելիորեն մեր հայ գործընկերների դիրքորոշումը այնպես ձևակերպվեց, որ նրանց համար դա անընդունելի է, և վարչապետ Փաշինյանն ինձ ուղղակիորեն ասաց, որ դրա մեջ սպառնալիք է տեսնում Հայաստանի և Ղարաբաղի շահերի համար: Հիմա ևս ինձ համար այնքան էլ հասկանալի չէ, թե որն էր լինելու այդ սպառնալիքը՝ նկատի ունենալով, որ ենթադրվում էր խաղաղ բնակիչների վերադարձ, միաժամանակ պահպանելով հայկական կողմի վերահսկողությունը Ղարաբաղի տարածքի այդ հատվածի վրա, ներառյալ՝ Շուշին, և հաշվի առնելով մեր խաղաղապահների ներկայությունը, ինչի վերաբերյալ մենք այն ժամանակ արդեն պայմանավորվել էինք և Հայաստանի, և Ադրբեջանի հետ»:
Այս, ինչպես նաև իր այլ հայտարարություններով (Ղարաբաղը չճանաչելու փաստը, այդ թվում՝ Հայաստանի կողմից, զգալի հետք է թողել իրադարձությունների ընթացքի և դրա ընկալման վրա, Ղարաբաղում պատերազմից կարելի էր խուսափել) ՌԴ նախագահը բացահայտել է Նիկոլ Փաշինյանի դավաճանական գործունեությունը:
Քաղաքական, այդ թվում նաև` Ռուսաստան-Հայաստան միջպետական հարաբերությունները չվտանգելու նկատառումներով չկարողանալով Փաշինյանի պետական դավաճանության մասին բացահայտորեն հայտարարել, Վլադիմիր Պուտինը նշված դավաճանությունը, ըստ էության, բացահայտել է փաստերով: Սակայն մյուս կողմից, որպեսզի բանակցային գործընթացի որոշ գաղտնիքներ ջրի երես հանող իր հայտարարությունները Փաշինյանին և այլոց ֆորմալ առումով հիմք չտան դրանք գնահատելու կամ համարելու ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի դավաճանության բացահայտում, Պուտինը նկատի ունենալով Իլհամ Ալիևի հետ համաձայնեցված իր վերոնշյալ առաջարկից Փաշինյանի հրաժարվելը, ասել է նաև. «Խնդիրն այլ է՝ ճիշտ էր, թե սխալ, բայց այդ հարցում խոսք անգամ չէր կարող լինել ինչ-որ դավաճանության մասին»:
Շատ կարևոր է ուշադրություն դարձնել, թե ՌԴ նախագահն ինչ հիմքով է Փաշինյանի հասցեին արված դավաճանության մասին հայտարարություններն անհիմն համարել: Ահա՛ այդ հիմքը. նկատի ունենալով Շուշիի առնչությամբ իր վերոնշյալ առաջարկությունից Փաշինյանի հրաժարվելը, նույն հարցազրույցում Վլադիմիր Պուտինն ասել է. «Ինձ վարչապետն այդ ժամանակ ասել էր. «Ոչ, չենք կարող դա ընդունել, մենք կպայքարենք, կպատերազմենք»:
Այո՛, եթե Փաշինյանն անկեղծորեն մտադիր էր պայքարել, պատերազմել Շուշիի համար, եթե ոչ միայն մտադիր էր, այլև իսկապես պայքարելու, պատերազմելու էր Շուշիի համար, և եթե Արցախի ու Հայաստանի հնարավորությունները դա թույլ էին տալիս, ապա նա ճիշտ է արել, որ հրաժարվել է թեկուզ հիշյալ պայմաններով Շուշի ադրբեջանցի գաղթականների վերադարձի առաջարկից, հետևաբար կարելի է համարել, որ նրա հասցեին արված դավաճանության մասին հայտարարություններն անհիմն են: Սակայն փաստերը վկայում են, որ նա անկեղծ չի եղել ու դրսևորելով հանցավոր, դավաճանական անգործություն, իրականում չի կատարել անհրաժեշտ համապատասխան քայլեր` Շուշիի պաշտպանությունը պատշաճ կազմակերպելու և պայքարելու համար:
Ավելին. ՌԴ նախագահը հայտարարելով, որ «Այդ պատճառով նրա հասցեին արված ինչ-որ դավաճանության մասին հայտարարություններն անհիմն են», տեղյակ չի եղել կամ ձևացրել է, թե անտեղյակ է հենց նույն օրը` նոյեմբերի 17-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի ուղերձին կամ դրանով բացահայտված փաստերին: Ահա այդ փաստերից երկուսը.
«Ես զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնին նշանակվել եմ ս.թ. հունիսի 8-ին, և արդեն հունիսի 12-ին ՀՀ վարչապետին, իսկ մի քանի օր անց նաև՝ անվտանգության խորհրդին ներկայացրել եմ տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրության վերլուծությունը և մեր զինուժի կարողությունները:
Կատարված վերլուծության հիման վրա ներկայացրել եմ առաջարկություններ պետության ռազմական անվտանգության աստիճանը բարձրացնելու ուղղությամբ: Մասնավորապես նշել եմ, որ
1. Այլևս մեր հակառակորդը միայն Ադրբեջանը չէ, այլ նաև Թուրքիան: Հետևաբար այդ պետությունների համահավաք ռազմական ներուժին Հայաստանը չի կարող արդյունավետ դիմակայել և անհրաժեշտ է քաղաքական ու դիվանագիտական ողջ ներուժը ուղղել պատերազմից խուսափելուն կամ գոնե այն հետաձգելուն»:
Այսպիսով փաստվում է, որ նախապես տեղյակ լինելով, որ Ադրբեջանի և Թուրքիայի համահավաք ռազմական ներուժին Հայաստանը չի կարող արդյունավետ դիմակայել, Փաշինյանը հրաժարվել է ՌԴ նախագահի` ժամանակին արված վերոնշյալ առաջարկից, որը թույլ կտար Շուշին պահել հայկական կողմի վերահսկողության ներքո, կանխել թշնամու կողմից Շուշիի գրավումը, որից հետո ստեղծված կացությամբ պատճառաբանվում է 2020 թ. նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների կողմից հայտնի` Արցախի ու Հայաստանի համար ահավոր ծանր հետևանքներ ունեցող հայտարարության ընդունումը:
Մեկ անգամ ևս մեջբերեմ Պուտինի հայտարարությունը` Ղարաբաղում պատերազմից կարելի էր խուսափել: Փաշինյանի դավաճանական անգործությունն արտահայտվել է նաև պատերազմից խուսափելուն նպատակաուղղված գործուն, արդյունավետ քայլեր չկատարելով, իսկ դավաճանական գործունեությունն արտահայտվել է նաև այնպիսի հայտարարություններ կատարելով, որոնք մեծացրել են Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածությունը և անխուսափելի կամ իրականություն դարձրել պատերազմը:
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հաջորդ բացահայտումը.
«Պատերազմի չորրորդ օրը` անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ես ներկայացրի մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը` նշելով, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ»:
Պետական դավաճանության մեջ Նիկոլ Փաշինյանի մեղքը հիմնավորող փաստն այսպիսով նաև հետևյալն է. պատերազմի դեռ 4-րդ օրը ՀՀ անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի զեկույցից ու ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականից քաջատեղյակ լինելով, որ 2-3 օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի անբարենպաստ պայմաններ, Արցախի անվտանգությունը երաշխավորող ՀՀ ղեկավար Նիկոլ Փաշինյանը, ըստ ՌԴ նախագահի կատարած հիշյալ բացահայտման, հոկտեմբերի 19-20-ի ընթացքում հրաժարվել է Շուշիի և պատերազմը դադարեցնելու վերաբերյալ իր առաջարկից և հայտարարել` «Ոչ, չենք կարող դա ընդունել, մենք կպայքարենք, կպատերազմենք»:
Վլադիմիր Պուտինի վերոնշյալ բացահայտումից ակնհայտ է դառնում, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն իր հիշյալ ուղերձում կամ Փաշինյանին պաշտպանելու նպատակով ստում է, թե «Պատերազմը որոշակի փուլում կանգնեցնելու բոլոր փորձերը և առաջարկությունները Թուրքիայի և Ադրբեջանի կողմից մերժվել են և մենք պարտադրված շարունակել ենք մարտական գործողությունները…», կամ, ինչն ավելի հավանական է, այդ առումով դարձել է Նիկոլ Փաշինյանի ստի, նրա կողմից Պուտինի վերոնշյալ առաջարկությունն ու դրա մերժումն իրենից թաքցնելու զոհը:
Պետական դավաճանության մեջ Նիկոլ Փաշինյանի, նշված կամ (և) այլ հանցանքներում թերևս նաև ՀՀ պաշտպանության նախարարության նախկին ու ներկա համապատասխան պաշտոնատար անձանց մեղքը հիմնավորվում է նաև նոյեմբերի 19-ին լրագրողների հետ զրույցում Հայաստանի և ԼՂՀ ռազմական գործիչ, գեներալ-գնդապետ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի նախկին պետ Մովսես Հակոբյանի կատարած մի շարք բացահայտումներով:
Մովսես Հակոբյանը մասնավորապես հայտնել է, որ 2016 թ., Ապրիլյան պատերազմից հետո կազմվել է սպառազինության, ռազմական տեխնիկայի ձեռքբերման պլան, «խնդիր է դրվել մեծ քանակությամբ հրետանային հրթիռներ» ձեռք բերելու (խոսքը համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի, ինչպիսին է, օրինակ, «Սմերչը», արկերի մասին է), 2017 թ. կազմված 2018-2022 թթ. զարգացման պլանով նախատեսված է եղել ձեռք բերել ևս երկու դիվիզիոն «Оса» զենիթահրթիռային համալիրներ, դրանցից մեկը` 2018 թ., ընդ որում, դրա գումարի 10 տոկոսը` կանխավճարը, արդեն մուծված է եղել, մյուսը` 2019 թ.: ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարարը հավաստել է, որ այդ պլանը վերացական չի եղել, գրված է եղել, թե գումարը որտեղից է վերցվում, գումարներն ամբողջությամբ եղել են արդեն, դա ցանկությունների պլան չի եղել:
Ինչպես նշել է Մ. Հակոբյանը, ըստ այդ պլանի, պետք է ձեռք բերվեր ևս մեկ դիվիզիոն «Սմերչ»` իր մարտալրակազմով, պետք է կատարելագործվեր մեր «Իսկանդեր»-ի համակարգը, պետք է ձեռք բերվեին «Կոռնետներ» և մեծ քանակությամբ զինամթերք, սակայն պլանը փոխել են, «2018 թվականի գործող պլանը փոխել են», նշված ռազմական տեխնիկայի, զինատեսակների փոխարեն, ձեռք են բերել հց30հԾ կործանիչներ, 3ձ-23-2 զենիթային սարքավորումներ (խորհրդային բանակի սպառազինություն է մտել 1960 թ., մարտական մասը երկփողանի զենիթային գնդացիր է), և հետագայում նաև «Оса» զենիթահրթիռային համալիրներ:
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարարն այսպիսով բացահայտել է, որ Հայաստանի և Արցախի պաշտպանության համար խիստ կարևոր ռազմական տեխնիկա և զինատեսակներ ձեռք բերելու փոխարեն, «թավշյա հեղափոխություն» կոչվածով իշխանությունը զավթած Նիկոլ Փաշինյանն իր դրածոների հետ փոխել է ՀՀ նախկին ռազմաքաղաքական ղեկավարության կազմած սպառազինության, ռազմական տեխնիկայի ձեռքբերման պլանը և կատարել եղած ֆինանսական միջոցների հանցավոր վատնում, քանի որ «Оса» զենիթահրթիռային համալիրները և 3У-23-2 զենիթային սարքավորումները, ինչպես իրականությունը ցույց տվեց, խիստ անբավարար էին և անբավարար են Ադրբեջանի ու Թուրքիայի գործադրած անօդաչու թռչող սարքերից, մասնավորապես` «Bayraktar TB2» ԱԹՍ-ներից արդյունավետորեն պաշտպանվելու համար:
Սպառազինության, ռազմական տեխնիկայի ձեռքբերման վերոնշյալ պլանը պետք էր փոխել, բայց պետք էր փոխել ոչ թե հնացած 3У-23-2 զենիթային սարքավորումներ, «Оса»-ներ ու խիստ թանկարժեք Су30СМ կործանիչներ, այլ հակաօդային պաշտպանության այն միջոցը կամ միջոցները գնելու համար, որոնք Արցախում վերջապես հայտնվեցին անցյալ ամիս և հոկտեմբերի 19-ից թույլ տվեցին իրար հետևից շարքից հանել մինչ այդ մեզ, ըստ էության, անպատիժ կերպով ահռելի վնասներ պատճառած թուրքական նույնիսկ «Bayraktar TB2» ԱԹՍ-ները: «ՀՀ պաշտպանության նախարարություն» կոչվածը կարո՞ղ է հայտարարել ու հիմնավորել, թե մինչ այդ «Красуха 4» ՌԷՊ միջոցներ կամ ՀՕՊ համապատասխան միջոցներ գնել հնարավոր չէր…
Նոյեմբերի 19-ին, Մովսես Հակոբյանի բացահայտումների առնչությամբ խայտառակ հայտարարությամբ հանդես եկավ «ՀՀ պաշտպանության նախարարություն» կոչվածը: Դրանում մասնավորապես նշված է.
«ՀՀ ՊՆ ՌՎԾ արդեն նախկին պետ, ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն այսօր հրավիրված մամլո ասուլիսի ընթացքում արել է մի շարք հայտարարություններ, որոնք ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլև պետական գաղտնիք են պարունակում, ինչպես նաև վերաբերում են պաշտպանության ոլորտում Հայաստանի միջազգային ռազմական համագործակցությանն առնչվող թեմաների, որոնց հրապարակայնացումը միայն վտանգում է մեր երկրի պաշտպանունակությունը»։
Այս հայտարարության հեղինակին և այն ՊՆ կայքում հրապարակման թույլտվություն տվողին հրապարակայնորեն հետևյալ հարցն եմ ուղղում` լո՞ւրջ եք ասում… Ի՞նչ պետական գաղտնիքի հրապարակման մասին է խոսքը, երբ Մովսես Հակոբյանն ասուլիսում նախապես հայտարարել է, որ 2017 թ. կազմված 2018-2022 թթ. զարգացման պլանը 2018 թ. մայիսից իշխանության եկածները փոխել են, այսինքն` խոսքը սպառազինության, ռազմական տեխնիկայի ձեռքբերման փոխված, այլևս ուժի մեջ չգտնվող պլանի մասին է:
Եթե Մ. Հակոբյանն իսկապես պետական գաղտնիք է հրապարակել, ապա ո՞րն է նրա հրապարակած այդ պետական գաղտնիքը, պաշտպանության ոլորտում Հայաստանի միջազգային ռազմական համագործակցությանն առնչվող որոշակի ի՞նչ թեմաներ է նա հրապարակայնացրել, և ինչպես ու ինչո՞վ եք հիմնավորում, որ դրանց հրապարակայնացումը միայն վտանգում է մեր երկրի պաշտպանունակությունը: Թե՞ դրանց հրապարակայնացումը հանրության աչքերն է բացում ու տեսանելի դարձնում ձեր ու ձեր ղեկավարության հանցավոր անգործությունն ու գործունեությունը… Հապա լավ մտածեք…
Եվ ամենակարևորը` այ «իդիոտներ» (հայերեն համապատասխան բառն այս դեպքում միտումնավոր չեմ օգտագործում…) կամ դեմագոգներ, դեռ դու՞ք եք խոսում պետական գաղտնիքի հրապարակումից ու դրա անթույլատրելիությունից… Դեռ դու՞ք եք Մովսես Հակոբյանի հայտարարությունների առնչությամբ հայտարարում, թե «Դրանք հույժ գաղտնի տեղեկություններ են, որոնց հրապարակայնացումը քրեորեն պատժելի է»… Եթե նույնիսկ այդպես է, ապա այս ի՞նչ երկակի ստանդարտներով եք առաջնորդվում, ինչու՞ էիք, ինչպես ասում են, բերաններդ ջուր առել ու լլկվել, երբ սահմանադրական փոփոխությունների «Այո»-ի քարոզարշավի ընթացքում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն ինքն էր պետական կամ ռազմական գաղտնիք հրապարակում…
Ինչո՞ւ էիք լռում, երբ հենց ձեր ներկայացուցիչն էր պետական կամ ռազմական գաղտնիքներ հրապարակում, այն էլ` պատերազմի ընթացքում ու ռազմական դրության պայմաններում: Կուրացե՞լ էիք, թե՞ կույր եք ձևանում…
Համապատասխան իրավապահ մարմիններից ու նրանց ղեկավարներից պահանջում եմ սույն հաղորդմամբ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին և այլոց ներկայացվող մեղադրանքները գնահատել մինչ այժմ հրապարակված ու հրապարակվելիք փաստերի համակցությամբ:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը ՀՀ քրեական դատավարության և ՀՀ քրեական օրենսգրքերից բխող համապատասխան միջոցներ չձեռնարկելու պարագայում կրելու են անձնական պատասխանատվություն: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հավերժական չէ:
(շարունակելի)
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ