Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Ինչ անել հիմա

Ինչ անել հիմա
13.11.2020 | 12:40

Երեկ վերջապես կենդանության նշաններ ցույց տվեց ՀՀ ԱԳՆ-ն, պարզվեց ԱԳ նախարարը, որ ինքնին հասկանալի պատճառներով դատապարտված էր լռության, այս ընթացքում դեռ գործում է՝ զանգահարում է ու զանգեր է ստանում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իր սպառնալից լայվերով հաստատում է, որ մտադիր չէ հրաժարական տալ, ավելին՝ համախմբման կոչ է անում իր ու կառավարության շուրջ, պարզ չէ, թե հանուն ինչի՞:

Ինչ հնարավոր էր կորցնել, կորցրել ենք ավելիով, ռազմաքաղաքական այս պարտությունը նույնիսկ Ալիևն ու Էրդողանը չէին երազի, Արցախի կեսը կորցնելուց բացի՝ ստացել ենք օկուպացված Հայաստան: Ու նույնիսկ հիմա Նիկոլ Փաշինյանը չի հասկանում, որ դեկտեմբերի 1-ից հետո ինքն այլևս Ռուսաստանին պետք չէ ու հրաժարականը դառնալու է հրամայական:
Ի՞նչ պետք է հիմա անել:


Կարճաժամկետ հեռանկարում
1. Պետք է Արցախի հարցով բանակցող նշանակվի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
2. ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում պետք է լուծվի Արցախի Հանրապետության ճանաչման հարցը ԼՂԻՄ-ի սահմաններով և Հայաստանի հետ ցամաքային կապով Լաչինի միջանցքով: Եվ Ֆրանսիան, և ԱՄՆ-ը իրենց հայտարարություններից դատելով՝ պատրաստ են բանակցել ու հասնել հարցի լուծմանը, որ պաշտպանում է հայերի շահերը:
3. Հրաշալի է, որ եռակողմ հայտարարության մեջ անդրադարձ չկա Արցախի Հանրապետության կարգավիճակի հարցին, դա հնարավորություն է տալիս պահպանել Արցախը: ՌԴ ԱԳ նախարարի երեկվա հայտարարությունները վկայում են, որ Ռուսաստանը այս հարցում ևս պաշտպանում է Ադրբեջանի «կառուցողական» մոտեցումը, այն է՝ նպաստելու է, որ էթնոկոնֆեսիոնալ հարցերի լուծումը, իմա՝ ադրբեջանցիներով Արցախի տարածքի վերաբնակեցումը ինքնաբերաբար հանի հանրաքվեի հարցը և Արցախը մեկընդմիշտ մնա Ադրբեջանի կազմում: Սա անթույլատրելի է և այն ազդակն է, որ պիտի մղի Ֆրանսիային ու ԱՄՆ-ին ճանաչել Արցախի Հանրապետությունը ու թույլ չտալ թուրք-ադրբեջանական տանդեմի խորացում դեպի Էրդողանի նեոօսմանական ծրագրի իրականացում՝ արդեն Հայաստանի հաշվին: Միայն այս հարցերի լուծումներից հետո է հնարավոր շրջանակային համաձայնագրի կնքումը՝ Ադրբեջանը ստանում է 7 շրջանները՝ բացառությամբ Լաչինի միջանցքի, որտեղ կարող են մնալ ռուս խաղաղապահները և ճանաչում է Արցախի Հանրապետությունը: Հակառակ պարագայում՝ 5 տարի հետո, թե առաջ պատերազմը վերսկսվելու է:


Երկարաժամկետ հեռանկարում
1. Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, ու դա տրամաբանական ելքն է իրավիճակից, ՀՀ-ում պետք է լինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, բայց ոչ հիմա, որովհետև այս շոկից հետո պետք է ժամանակ՝ իմաստավորելու կատարվածը և նախապատրաստվելու ընտրություններին, որ այլևս չպետք է լինեն ոչ մեկի դեմ, այլ՝ հանուն պետականության ու հանուն գոյատևման:
2. Հայաստանի անվտանգության ու պաշտպանունակության վերականգնումը այլևս չպետք է լինի միայն ՌԴ-ի հետ համագործակցությամբ, Հայաստանի ազգային բանակին պետք է ժամանակակից սպառազինություն՝ 21-րդ դարի պատերազմներ վարելու ունակությամբ ու ռազմավարությամբ:
3. Ամենագլխավոր հարցը տնտեսության վերականգնումն է, որը Նիկոլ Փաշինյանի կառավարման ընթացքում կազմաքանդվել է: Արդյունաբերության վերագործարկումը քաղաքական որոշումներով միակ ճանապարհն է, որ հնարավոր է դարձնում աշխատատեղերի ստեղծումը ու հայաթափման կանխումը: Այլևս ոչ մի «բնապահպանություն», պետք է բացել աչքերը ու տեսնել ճշմարտությունը: Կշեռքի նժարին ի սկզբանե դրված էր Հայաստանի Հանրապետության գոյության հարցը՝ ոչնչացնելով Հայաստանի ինքնիշխանությունը, քաղաքական, տնտեսական, ժողովրդագրական ռեսուրսը՝ ոչնչացվում էր և Արցախը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Մենք անընդհատ բողոքում ենք աշխարհի լռությունից, բայց չենք ուզում հասկանալ, որ աշխարհը շարժվում է իր շահերով՝ երբ մենք կամա-ակամա մնում ենք Ռուսաստանից կառչած, աշխարհի համար կորցնում ենք մեր սուբյեկտայնությունը, դադարում ենք ինքնուրույն կառույց լինել, որի համար պետք է կամ արժի ինչ-որ քայլ անել: Աշխարհը ոչինչ չարեց, որովհետև իսկզբանե գիտեր, որ լինելու է ռուս-թուրքական գործարք, ինչպես և եղավ: Բացի այդ՝ ՌԴ նախագահը շարունակ հավաստիացնում էր, որ ինքը կլուծի հարցը և մոտ չէր թողնում ոչ Ֆրանսիային, որ պատրաստ էր Արցախը ճանաչել, ոչ էլ ԱՄՆ-ին, որի հետ լարված հարաբերություններ ունի, որը զբաղված էր ընտրություններով: Եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարը խիստ պայմանական է, Հայաստանի ռուս-թուրքական վերաբաժանումը վերջնական չէ ու փաստ չէ, որ թուրք-ադրբեջանական կողմը պահելու է պայմանավորվածությունները:

Ակնհայտ է, որ Թուրքիան չի հաշտվելու ռուս խաղաղապահների տարածաշրջան մուտք գործելով իր դուրսմղման հետ և արդեն իսկ քայլեր է անում իր ներկայությունը հաստատելու: Ռուսները նորից զիջեցին՝ ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգի կենտրոն ստեղծելով, որի գործառույթները անհասկանալի ու անհեթեթ են: Որպեսզի աշխարհը մեզ հետ լինի, մեր տարածքում պետք է ունենա իր ֆինանսական ու տնտեսական շահերը: Մենք մեր տնտեսության ռազմավարական ոլորտները հանձնել ենք Ռուսաստանին, որը պատերազմում բացահայտորեն հանդես էր գալիս ու պաշտպանեց Ադրբեջանի շահերը նաև եռակողմ հայտարարությամբ: Արտաքին քաղաքականության փոփոխություն է պետք, որն անհրաժեշտ է տնտեսական գոյատևման համար: Մենք ընդամենը մեկ պատերազմ ենք տանուլ տվել ու վերադարձել ենք 1990-ականների դիրքեր, բայց դա չի նշանակում, որ ամեն ինչ վերջացած է, ոչ մի իշխանություն ի զորու չէ վերջնականապես ոչնչացնել ժողովրդի կամքն ու պարտության մատնել պետությանը: Սա է այս պատերազմի առաջին դասը, որը ՎԵՐՋԱՊԵՍ պետք է հասկանանք ու սգի, վշտի, կսկիծի ու ցավի ճիրաններից դուրս գանք՝ պետությունը ու մեր զավակներին պահելու համար:

Դիտվել է՝ 8955

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ