Շնորհավորում եմ՝ դուք դուրս եք եկել հատուկ դրությունից ու ապրում եք կարանտինի պայմաններում: Մինչև 2021-ի հունվարի 11-ը՝ հաստատ: Ի՞նչ է փոխվել: Ամեն ինչ: Ավելի ստույգ՝ ոչինչ: Ճանապարհները բաց են, բայց… գնալու տեղ չկա: Կորոնավիրուսը չի նահանջում: Երկրորդ ալիքն է Մեծ Բրիտանիայում, Ավստրիայում, Ֆրանսիայում, Վրաստանում, Իրանում, Իսրայելում: Նույն վիճակում է նոյեմբերին նախագահական ընտրությունների գնացող ԱՄՆ-ը:
Եվրոպացիներն ամերիկացիներից արագ ուշքի եկան կորոնավիրուսի առաջին ալիքից: Հին աշխարհի երկրները վերանայում են մռայլ գնահատականներն ու հպարտ զեկուցում վերականգնումի մասին, բայց տնտեսագետները նախազգուշացնում են, որ տնտեսության վերագործարկումը կարող է ֆալստարտ լինել: Տնտեսագետները տեսնում են, որ գործարար կյանքի բուռն հորձանքը, որ լոկդաունից հետո փորձում էր բոլոր ճեղքերով հորդել, արագ կորցնում է ուժը: Գարնան կարանտինից տանջահար եվրոպացիները ամռանը հանգստացան, տնտեսությունը վերականգնվեց, տեղաշարժը մեծացավ, և... վերադարձավ վարակը, նրա հետ էլ՝ նոր լոկդաունի ուրվականը: Նոր սահմանափակումներ են մտցվում, և հայտնի չէ՝ ի՞նչ է հետո լինելու, երբ հիվանդանոցներում մեծանում է հիվանդների թիվը: Կորոնավիրուսի վերադարձով վերականգնումի լիցքը գրեթե սպառում է իրեն: Եվրոպացիները մեծ հույսներ էին կապում 2020-ի վերջին եռամսյակի՝ հոկտեմբեր-դեկտեմբերի հետ, բայց… նրանց ոտքի տակ ամուր հողը չէ, այլ հարցումների երերուն տվյալները: Նորմալ կյանքին վերադարձը հարցականի տակ է՝ վարակի նոր բռնկումների և սահմանափակումների պատճառով, որով եվրոպացիները փորձում են կանխել լոկդաունն աշնանն ու ձմռանը՝ տնտեսությունը պարզապես չի ձգի: Հոռետեսները վախենում են կորոնավիրուսի երկրորդ ալիքից, և գիտեն, որ պետական աջակցությունն այլևս չի կարող նախկին ծավալներն ունենալ՝ ֆինանսներ չկան: ԵՄ երկրներն արդեն խոստացել են 5 տրիլիոն եվրո բիզնեսին ու քաղաքացիներին, նույնիսկ հարուստ Եվրոպայի համար մեծ գումար է՝ ՀՆԱ-ի 1/3-ից ավելին: Եվրոպան դեռ խուսափում է գործազրկության, զանգվածային սնանկացումների ու տնտեսության լիակատար փլուզումի վտանգից: Մենք Եվրոպա չենք ու ԵՄ քաղաքականության շրջագծից դուրս ենք: Ավելորդ է նույնիսկ հարցնել, թե ԵԱՏՄ-ն ի՞նչ հակաճգնաժամային քաղաքականություն է վարում՝ ամեն երկիր թողնված է ինքնուրույն նավարկության: Իր գոյության տարիներին ԵԱՏՄ-ն չի ձևավորել այնքան ամուր տնտեսական կապեր, որ մեկի փլուզումը փլուզի մյուսների տնտեսությունը: Փաստացի՝ ԵԱՏՄ երկրները ոչ թե միմյանց հետ են գործակցում տնտեսապես, այլ՝ Ռուսաստանի հետ առանձին-առանձին: Իսկ Ռուսաստանը կորոնավիրուսից առաջ էլ, հիմա էլ, հետո էլ ունի ուրույն քաղաքականություն ամեն երկրի հետ: Եվ բազում հարցերում նրա օգնությունը չխանգարելն է, որին դժվար է հասնել: Կամ էլ՝ հետխորհրդահին տարածքի հանրապետությունների աշխատուժը իրենց երկրներից հանելը և Ռուսաստանում կենտրոնացնելը՝ լուծելով սեփական ժողովրդագրական ծանր խնդիրն ու էժան, երբեմն որակյալ աշխատուժի ապահովումով սեփական տնտեսության պահպանումը, թույլ տալով գաստերբայտերներին տրանսֆերտների միջոցով ընտանիք, տուն-տեղ պահել, բայց արգելելով նպատակային ներդրումները իր տարածքից դուրս: Այստեղ տնտեսական ճգնաժամը ԵԱՏՄ-ի օգնությամբ հաղթահարելու հեքիաթն ավարտվում է: ԵՄ-ի՝ օգնությամբ՝ նույնպես: ԱՄՆ-ի՝ առավել ևս: Դոնալդ Թրամփը բոլոր ռեսուրսները, առավել ևս ֆինանսական, կենտրոնացրել է տնտեսությունը վերականգնելու, գործազրկությունը կրճատելու, արտադրությունը վերաբացելու վրա, որ ամերիկացիները հավատան, թե միայն ինքը կարող է Ամերիկան պահել-պահպանել, ոչ թե դեմոկրատ Ջո Բայդենը, ու վերընտրեն իրեն՝ բոլոր ժամանակների ու ժողովուրդների հույս-ապավեն միլիարդատեր Դոնալդ Թրամփին: Ի՞նչ պատասխան կտան ամերիկացիները նրա երազներին, կիմանանք նոյեմբերի 4-ին: Բայց դա ևս հեքիաթ է, որ մերը չէ:
Իսկ մենք ընդհանրապես հեթիաթ ունե՞նք, թե՞ մերը միայն անեկդոտ է: Օրինակ՝ անեկդոտ չէ՞ նոր ուսումնական տարվան նախապատրաստվելու ԿԳՄՍ ուղեցույցը: Ի՞նչ արժե միայն 30000 ուսուցիչների համաժամանակյա թեստավորման հրահանգը, իմա՝ անխուսափելի են կուտակումները պոլիկլինիկաներում, իմա՝ մեկ հիվանդ լինի, վարակը ուստարին չսկսված՝ տարածվելու է:
Կամ էլ՝ ԿԳՄՍ-ն դարի գյուտն է արել, որ տեստավորումը հավասար է կորոնավարակի բուժման ու հակամարմինների առաջացման: Եթե ուզում են կանխել հնարավոր անախտանիշ հիվանդ ուսուցիչների մուտքը դպրոց, ինչու՞ հակամարմինների թեստ չեն անում: Կամ՝ ուսուցիչները միայն իրարի՞ց են վարակվելու, իսկ աշակերտներն ինչու՞ չեն թեստավորվում: Շա՞տ են: Կամ՝ ի՞նչ է նշանակում ամեն առավոտ դպրոց մտնելիս աշակերտների ջերմաչափումը, ինչպե՞ս է կատարվելու՝ դպրոցը պիտի աշակերտների թվով ջերմաչափեր գնի՞, թե՞ աշակերտները մեկ ժամ շուտ պիտի գնան, որ հասցնեն ջերմաչափվել: Հավելյալ կուտակումների այս պարտադրանքը չի՞ նպաստելու վարակի տարածմանը: Արտակարգ դրությունից՝ կարանտին անցման շրջանում փաստացի խաղի կանոնները չեն փոխվում՝ կորոնավարակի դեմ պայքարի միակ ու անխախտ միջոցը մնում է նորին մեծություն ԴԻՄԱԿԸ: Այդպես էլ Հայաստանում չգիտակցվեց, որ պետությունն ունի ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ պարտավորություն: Կամ՝ գիտակցվեց, բայց պահանջում է ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ, իսկ դա թե արձակուրդված նախարարի, թե լիազորությունները հանձնած պարետի, թե վարչապետի ուժերից վեր էր: Ավելի հեշտ է մեղադրել հպարտ հայերին, որ անկարգապահ ու անհասկացող են, ուստի՝ մեղավորն իրենք են, որ վարակվում են ու մեռնում: Ամեն առավոտ, ժամը 11-ին հրապարակվում են հիվանդացածների, թեստավորվածների, մահացածների ու բուժվողների թվերը: ՈՒ՝ իշխանությունը հայտարարում է, որ գործում է առավելագույնս թափանցիկ: Բայց՝ առավելագույնս անտեղյակ է, թե իրականում քանի՞ կորոնավիրուսակիր ու կոնտակտավոր կա երկրում: Քանի՞ անախտանիշ ու ախտանիշավոր հիվանդ է եղել, որ ոչ մի տեղ չի արձանագրվել որպես կորոնավիրուսակիր, հետևաբար՝ ստիպված է եղել անձամբ հոգալ բուժման ծախսերը, որ սկսվում են 100 000 դրամից ամսական, ավարտվում եռակի-քառակիով՝ նայած հիվանդության ընթացքին: Այդ ծախսերը պետությունը չի հոգում, մինչդեռ ԱՄՆ-ից, ԵՄ-ից. ՀԲ-ից, ԱՀԿ-ից, միջազգային ու ֆինանսական կառույցներից ստանում է նպատակային օգնություններ, որոնց ծախսման հետագիծը գիտի միայն Արսեն Թորոսյանը: Մինչև այսօր առողջապահության նախարարությունը հրապարակել է միայն 9.381.975.858 հանրագումարային թիվը՝ մինչև օգոստոսի 1-ը ՀՀ-ում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում իրականացված փաստացի ծախսերի մասով՝ իրազեկելով, որ ծախսեր արել են նաև այլ գերատեսչություններ։ 9 կետերից ոչ մեկի բացվածքը հայտնի չէ, օրինակ՝ վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանմանը հատկացվել է 2.258.676.043 դրամ, բազմապրոֆիլ բժշկական կենտրոններին վճարումները (պայմանագրային գներով) եղել են 144.116.000 դրամ, պարգևատրումը Covid-19-ի շրջանակներում՝ 760.948.184, ժամանակավոր մեկուսարանների պահպանման ծախսերը՝ 393.021.823, պաշտպանիչ միջոցներով հագեցվածությունը՝ 854.473.744, դեղորայքի և ԲՆԱ հագեցվածությունը՝ 1.432.579.185, բժշկական սարքավորումներով հագեցվածությունը՝ 2.561.464.348, բժշկական կենտրոնների վերանորոգումը՝ 776.334.303, այլ պետական մարմինների համար գնումները՝ 200.362.229: Եվ այս կետերից ո՞ր մեկն է «թաքցնում» անախտանիշ կամ տանը բուժված հիվանդների բուժմանը հատկացված պետական ծախսերը: Թերևս՝ ոչ մեկը: Նման կետ չի էլ նախատեսվել: Փոխարենը պետությունը, անկախ աշխատանքով ապահովում է, թե ոչ, ակտիվորեն բարձրացնում է հարկերն ու պահանջում տուգանքներ վճարել՝ դիմակ չկրելու կամ սխալ կրելու համար: ՈՒ սա է կորոնավիրուսի մասին մեր հեքիաթը, ավելի ստույգ՝ անեկդոտը:
Եվրոպայի շատ երկրներում ու Ռուսաստանում իշխանությունները լոկդաունի ժամանակ վճարել են ձեռնարկությունների աշխատակիցներին՝ կանխելով գործազրկության աճը, ապահովելով մարդկանց ապրուստը և գնողունակությունը, հետևաբար՝ սպառման պահանջարկը: Գերմանիան խոստացել է նվազագույնը մեկ տարի պահպանել պետական աջակցությունը, ավելի աղքատ երկրները փակում են չաշխատող ձեռնարկությունները: Նրանց ծախսերն աճում են՝ ներդրումների պտուղների փոխարեն նրանք պարտքեր են թողնում ժառանգներին: Մենք՝ նույնպես: Եվրոպացիները ստեղծել են «զոմբի բիզնես» հասկացությունը՝ երբ աշխատանքի արդյունավետությունը տնտեսության մեջ ներդրման պայմաններում անկում է ապրում, որ դանդաղեցնում է վերականգնումը ու ձևավորում զոմբի բիզնես՝ քամելով հարկատուների գումարները: Հակաճգնաժամային պետական աջակցությունը և հետաձգված սնանկացումները կարող են զոմբիացնել յուրաքանչյուր վեցերորդ ընկերություն: Բանկիրները վախենում են, որ երբ զոմբիները զրկվեն աջակցությունից, զանգվածաբար սնանկանալու են ու վարկերը չեն վճարելու: Ստացվում է՝ տնտեսական ճգնաժամին հավելվելու է ֆինանսականը: 2008-ի ճգնաժամից աշխարհը դուրս եկավ 5-7 տարում, գործազրկությունից՝ 9 տարում: Ամեն հաջորդ ճգնաժամից աշխարհն ավելի դանդաղ է դուրս գալիս: Տնտեսական մեծ ցնցումներից հետո միջինը 5 տարում զարգացած երկրների ՀՆԱ-ն 9 % քիչ է լինում նախաճգնաժամայինից: ՀՆԱ-ի, իմա՝ արտադրության ընդհանուր ծավալի, սպառման, ներդրումների ու արտահանման ծավալի կրճատումը հանգեցնում է աղքատության աճի, կենսամակարդակի անկման, իմա՝ սոցիալական, քաղաքական ցնցումների: Սա՝ Եվրոպայում, որ մոլորակի ամենահարուստ ու գլխավոր շուկան է՝ կես միլիարդ բնակչությամբ ու տարեկան 14 տրիլիոն դոլարի ապրանքների ու ծառայությունների արտադրությամբ: Իսկ Հայաստա՞նը, որտեղ ինչպես դիմակը կորոնավիրուսի պարագայում, տնտեսության զարգացման խթանն ու ցուցիչը ՀԴՄ կտրոնն է: Հայաստանում, որտեղ չեն արվում ներդրումներ՝ ոչ ներսից, ոչ դրսից, զարգացումը ընկալվում է ճանապարհաշինություն, կորոնաճգնաժամի պատճառով անկում է ապրել զբոսաշրջությունն ու ծառայությունների ոլորտը, չեն կազմվում արտադրության վերականգնման ծրագրեր: Ամեն հինգշաբթի կառավարության շենքի մոտ հավաքվող խմբերը վկայում են, թե ինչքան խնդիրներ են կուտակվում ու չեն լուծվում, ու՝ ինչ արտաքին ճնշում կա իշխանության վրա, որի դիմադրունակությունը մեծ հարցականի տակ է և ուղիղ համեմատական՝ չլուծվող խնդիրներին: Ամեն հեքիաթ ավարտվում է երկնքից ընկնող խնձորներով, որ հեքիաթի տրամաբանությամբ՝ պարգև են: Մեր հեքիաթի երկնքից ընկնող խնձորները պարգևավճարներ են պետծառայողներին, որ անգամ այս պայմաններում չեն դադարել, և ծաղր՝ գործազուրկներին ու կենսամակարդակին: Մենք կորցրել ենք մեր հեքիաթը, ու եթե անկեղծ՝ մեր բոլոր հեքիաթները կամ հիմարության, կամ ձախորդության, կամ պարծենկոտության ու կռվի մասին են, մենք կորցրել են մեր հեքիաթի ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, որ պիտի սովորեցներ հիմար ու ձախորդ չլինելով՝ կռվել ու հաղթել: Կիկոսի, Փանոսի ու սուտլիկ որսկանի հետ հեռուն չես գնա: Հեռուն չես գնա՝ մինչև չհասկանաս, որ էպոսիդ Փոքր Մհերը քարանձավում ոչ թե կյանքից թաքնվել է, այլ՝ պահպանել քո կենսագոյությունը, որ հարատևես ու առաջ գնաս՝ ով էլ ու երբ էլ ճանապարհդ կտրի:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Աշխարհում ոչ ոք մեր մասին չի մտածելու, մենք բոլորի համար իրենց հզորությունը հզորացնելու միջոց ենք սոսկ, մեր մասին պիտի մտածենք ՄԵՆՔ: Իսկ մենք դեռ նույնիսկ չենք գիտակցել ՄԵՆՔ դառնալու անհրաժեշտությունը ու ապրում ենք իբրև կենցաղային խնդիրները կյանքի առանցք դարձրած ժողովուրդ: Ողջ լերուք: Հեքիաթ ունեցեք, հեքիաթ: