Հունիսի 21-ին նշանակված էր աշխարհի վերջը: Բազմաթիվ վարկածներով՝ Երկրի և գիսաստղի բախում, երկրագնդի միջուկի սառեցում, որով անհետանում է Երկրին արևի ճառագայթումից պաշտպանող մագնիսական դաշտը, արևը զարգանում է մինչև կարմիր հսկայի փուլ, ջերմաստիճանը կրկնապատկվում է ու ոչնչացնում մոլորակի վրա կենդանի ամեն ինչ: Վստահաբար՝ այլ վարկածներ էլ կան: Բայց ինչու՞ էր աշխարհի վերջը հենց հունիսի 21-ին: Պարզվում է՝ մայաների օրացույցն ավարտվում էր հենց այդ օրը, ոչ թե 8 տարի առաջ՝ 2012-ի դեկտեմբերի 21-ին: Հուլյան օրացույցից Գրիգորյանին անցնելիս հաշվարկների սխալ է եղել, տարբերությունը տարեկան 11 օր է: Գրիգորյան օրացույցի 268 տարում (1752-2020) 11 օրը դարձել է 2948, որ հավասար է 8 տարվա: Ցնդաբանությու՞ն է: Գուցե: Բայց ցնդաբանությունը վաղուց մեր կյանքի մասն է: Աշխարհի վերջը հունիսի 21-ին չեկավ ու չի գալու, աշխարհը վերջ չունի: Պարզապես հունիսի 21-ին սկսվեց աստղագիտական ամառը ու համընկավ արևի օղակաձև խավարման հետ: Այդքանը:
…Իսկ մենք օղակաձև խավարման մեջ չե՞նք: Բանականության:
ԱՀԿ-ն ահազանգում է կորոնավիրուսի նոր հարձակման մասին: Չգիտեմ՝ ով ոնց, այդ կազմակերպությունը ինձ հիշեցնում է զառամյալ մարդու, որ պարբերաբար քնից արթնանում ու գուժում է՝ բոլորդ վարակվելու եք, կեսդ մեռնելու է, մյուս կեսդ նորից եք վարակվելու, ի վերջո բոլորդ մեռնելու եք: Որ բոլորս մեռնելու ենք, բացարձակ ճշմարտություն է, հարցը՝ ո՞վ՝ ե՞րբ: Այս պարագայում՝ ինչի՞ց: Վարչապետը փողոցներում դիմակներ է բաժանում, ասես դա Հայաստանում կորոնավարակի դեմ պայքարի միակ միջոցն է: Ազդեցիկ քայլ կլիներ, եթե այդ ընթացքում ինքը չհայտարարեր՝ ինչ դիմակ ուզում եք, միայն դրեք, առողջապահության նախարարը չասեր՝ միայն բժշկական, ուրիշ ոչ մի դիմակ: Եթե այդ ընթացքում սուրբ Արսենը չաներ հերթական անհավանական քայլը՝ նրա հրամանով կորոնավիրուսի կասկածով տանը ինքնամեկուսացածների և կոնտակտավորների վերահսկողությունն իրականացնելու են …ոստիկանները: Հերիք չէր, որ տներում փակած կոնտակտավորներին, որ չունեին ախտանշաններ, չէին թեստավորում, մնացել էին տարածքը սպասարկող պոլիկլինիկայի հույսին, որ պարտավոր էր զանգով պարզել` կա՞ն կորոնավիրուսի նշաններ, այսինքն՝ իրականացվում էր հեռախոսային ախտորոշում, հիմա դա պիտի անի ոստիկանը: Ոստիկանն է, երևի, այցելելու՝ ջերամաչափելու, թոքերը լսելու, կոկորդը նայելու: Նվազագույնը անհասկանալի է, թե ոստիկանապետն ինչպե՞ս է հանձն առել այդ պարտականությունը, կամ էլ՝ ոստիկանները գաղտնի բժշկական դասընթացներ են անցել ու պատրաստ են սխրանքի: Չի բացառվում, որ սուրբ Արսենը հաջորդ հրամանով այդ գործը հանձնարարի համատիրություններին: Բայց դա գոնե մի քիչ տրամաբանական կլիներ ու կհակասեր ՀՀ առողջապահական համակարգի գործունեությանը: Մտքի խավարումը Արսեն Թորոսյանի պարագայում տևական և ագրեսիվ գործառույթ է:
…Տևական ու ագրեսիվ ևս մի գործառույթ անցած շաբաթ հարաբերական հանգրվանի հանգեց՝ Ռոբերտ Քոչարյանը տանն է: Վերաքննիչ դատարանը մասնակի բեկանեց Ռոբերտ Քոչարյանի գործով առաջին ատյանի դատարանի որոշումը: Ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը վերացվեց և խափանման միջոց կիրառվեց 2 միլիարդ դրամի գրավը: Գրավը մուծվեց՝ ռուսաստանաբնակ հայերի շնորհիվ: ՈՒ՝ ի՞նչ: Ոչինչ: Առաջին հայացքից՝ փաստաբանների հաղթանակն է, իրականում՝ պարտությունը: Փաստացի՝ արդեն քանի ամիս բուն դատաքննությունը չէր սկսվում՝ փաստաբանների ձգձգումների կլասիկ մարտավարության պատճառով, որը հիանալի խաղարկում էր դատախազությունը: Հիմա Ռոբերտ Քոչարյանը տանն է, նշանակու՞մ է, որ դատաքննությունը վերջապես կսկսվի: Ոչ, որովհետև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին 2 միլիարդ դրամ գրավով ազատ արձակելու Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը գլխավոր դատախազությունը կբողոքարկի Վճռաբեկ դատարանում՝ պնդելով, որ դատական քննության այս փուլում «զգալիորեն մեծ են ամբաստանյալի՝ ազատության մեջ լինելու դեպքում քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու միջոցով գործի քննությանը խոչընդոտելու ռիսկերը, և կալանքից բացի որևէ այլ խափանման միջոց ի զորու չէ չեզոքացնելու ամբաստանյալի պատշաճ վարքագծի ռիսկերը»:
Իմա՝ դատախազությունը համոզված է՝ որ ռիսկ կա, որ Ռոբերտ Քոչարյանը ազատության մեջ գտնվելով գլխավորելու՞ է հակահեղափոխությունն ու հեղաշրջու՞մ է կազմակերպելու: Բայց չէ՞ որ դատավարությունը չի ավարտվել, ընդամենը ազատ է արձակվել ամբաստանյալը: Եթե իրոք դատաքննության նպատակը ճշմարտությունը պարզելն է, Ռոբերտ Քոչարյանն ու իր փաստաբաններն առաջինը պետք է շահագրգռված լինեին դատաքննության արագ ընթացքով ու ամբաստանյալի արդարացումով, դատախազությունն էլ գերխնդիր չհամարեր, որ ամբաստանյալը ոչ թե տնից, այլ բանտից գա դատավարության:
Որևէ մեկը ունի՞ բացատրություն՝ ինչու՞ Հայաստանի ամբողջ քաղաքականությունը՝ արտաքին քաղաքական ու ներքին քաղաքական կյանքը ունի մեկ առանցք՝ 3 նախագահների բերմուդյան եռանկյունին, ու ոչ մի ցանկություն չկա փակել այդ արատավոր շրջանը և այսօրվա գործերով զբաղվել: Մենք ի՞նչ է, պատա՞նդ ենք, թե՞ դատապարտյալ: Ինչու՞ են մեզ անվերջ խրում այն ճահճուտը, որից ուզում ենք դուրս սպրդել՝ ապրելու համար մեր կյանքը: Արժանապատիվ ու հեռանկար ունեցող:
…ՈՒ մենք օղակաձև խավարման մեջ չե՞նք: Բանականության:
Անցած շաբաթ ՀՀ չգիտեմ «վնգստացող», չգիտեմ հպարտ, չգիտեմ վարկաբեկված ու կոռումպացված, չգիտեմ՝ իշխանությունից անկախ ու օրենքով գործող դատավորները ևս մեկ վճիռ կայացրին, որ նույնպես ոմանք համարելու են հարված իշխանությանը, ոմանք՝ արդարության հաղթանակ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը: Իմա՝ մերժեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցությանը ու գլխավոր դատախազին: ԱԱԾ-ին էլ՝ հետը: Դատարանը քննում էր կալանքի հարցը, ու ամբաստանյալին ուղարկեց տուն: Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքը խախտելու կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու հոդվածով։ Իշխանությունն ասում է՝ հարցը իրավական է, ԲՀԿ-ն պնդում է՝ քաղաքական է: Երկուսն էլ սխալվում են՝ հարցը չի կարող քաղաքական չլինել, երբ վերաբերում է քաղաքական ուժի ղեկավարին ու չի կարող իրավական չլինել, եթե վերաբերում է օրենք խախտելուն: Եվ արդեն փաստը, որ 2017-ի ընտրություններից անցել է 3 տարի, և հիմա միայն հարցը օրակարգ է գալիս, արդեն քաղաքական է: ՈՒ հենց այստեղ շողում է քաղաքական ծիածանը, որտեղ ոչ թե 7, այլ 777 գույն կա: Անգամ ՀՀ ամենաանկախ կամ ամենակոռումպացված դատարանը չի կարող հերքել ընտրակաշառք բաժանելը, բայց և ԱԱԾ-ն պիտի կոնկրետ փաստերով մեղադրանքը ապացուցի: Իսկ այդ ընթացքում ամբաստանյալը ծավալում է ոչ միայն քաղաքական, այլև հակաիրավական պաշտպանություն: Անգամ կոմունիստական 20 կուսակցություն են նրան աջակցում: Պատկերացնու՞մ եք՝ կոմունիստները կանգնել են օլիգարխի կողքին: Կուսակիցները նետվում են այս ու այն դեսպանատուն ու հայտարարում, որ բնավ էլ Հայաստանի վրա «տղա չեն բերում»: Այդպես կլիներ, եթե գոնե մեկ դեպք նշեին, որ Ռուսաստանում, Ղազախստանում կամ ԵՄ-ում ներքին խնդիրներ առաջանալիս որևէ կուսակցության անդամ դիմեր այդ երկրում ՀՀ դեսպանի աջակցությանը: ՈՒ անվայել այդ պահվածքով ուզում են ապացուցել իրենց ոչ միայն անմեղությունը, այլև քավության նոխազ լինելն ու զոհի լուսապսակ են ակնկալում Եվրոպայից, երբ կատարում են Ռուսաստանի հրահանգները: Շատ բազմադեմ է ՀՀ քաղաքական ծիածանը: ՈՒ մակերեսին հարցն է՝ կմիավորվե՞ն Ռոբերտ Քոչարյանն ու այլ կուսակցությունների հետ հուշագիր կնքելու պատրաստվող Գագիկ Ծառուկյանը կառավարությունը 100 տոկոսով փոխելու իրենց ցանկության մեջ, թե՞ ԲՀԿ նախագահը կպնդի, որ հասարակության մեջ մերժվածների հետ գործ չունի: Հարցին պատասխանի համար պետք է իմանալ՝ ի՞նչ է հասկանում Գագիկ Ծառուկյանը հասարակություն ասելիս: Իր կողմնակիցների՞ն, թե՞ համայն աշխարհի իր «բարերարներին»:
…Ռուսաստանում ամեն օր գրանցվում է կորոնավիրուսի վարակի 7-10000 դեպք, բայց ՌԴ նախագահը հունիսի 24-ին երկրորդ աշխարհամարտում հաղթանակի 75-ամյակի շքերթ է անելու: Հերիք չէ, որ ներկա չեն լինի ոչ միայն Դոնալդ Թրամփը, Անգելա Մերկելը, Բորիս Ջոնսոնը, Էմանուել Մակրոնը, Սինձո Աբեն ¥Թրամփը հակված էր գնալ, Մերկելը՝ քննարկում էր, Ջոնսոնը՝ պատրաստ էր չմերժել. Մակրոնը համաձայնել էր. Աբեն հույսը կղզիներից կտրել է¤, անգամ Միլոշ Զեմանը, Իլհամ Ալիևն ու Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, որ հասնում է Մուհամեդ մարգարեի տարիքին՝ 63 տարեկան և ուզում է ծնունդը երկրի հետ նշել, ներկա չեն լինի: Նիկոլ Փաշինյանն էլ կուղարկի Դավիթ Տոնոյանին ու 75 զինվորի, որ արդեն փորձերի ժամանակ Մոսկվայի փողոցներում «Հայոց Սպարապետ Վազգեն Սարգսյան» են երգում: Պուտինը հաղթանակի 75-ամյակը կնշի… Ալեքսանդր Լուկաշենկոյի ընտանիքի հետ: Բատկան, որ Մինսկում մայիսի 9-ին շքերթ արեց, Մոսկվա կմեկնի որդիների հետ: Նա գազի խնդիր ունի:
Գազի խնդիր ունի սակագինը իջեցնելու խոստում տված ՀՀ հեղափոխական իշխանությունը: ՀԾԿՀ-ն «Գազպրոմ Արմենիայի» գազի գնի թանկացման հայտը բավարարել է մասնակի, բնակչության համար գինը կմնա անփոփոխ, տնտեսավարողների համար բարձրացել է հայտից քիչ: «Գազպրոմ Արմենիայի» տնօրենը հայտարարեց, որ հուլիսի 19-ից, երբ ուժի մեջ կմտնի որոշումը, կկրճատվի 1000 աշխատակից: Գազի գինը ՀՀ անկախությունն է՝ սկսած Ռոբերտ Քոչարյանի նախագահությունից: ՈՒ դա նորություն չէ: «Գազպրոմ Արմենիան» շանտաժ է անում, որ հայտը չբավարարվելով գործազուրկ են դարձնում 1000 մարդու՝ 23,5 տոկոս աղքատությամբ երկրում: Բայց փաստը, որ քաղաքացիների համար գազի 1 խորանարդ մետրի համար 139 դրամ գինը կպահպանվի, չի նշանակում, որ թանկացումներ չեն լինի։ Մեկ ամսից գազը միջինը 4,5 տոկոսով կթանկանա տնտեսավարողների համար։ Ջերմոցային տնտեսություններին նոյեմբերի 1-ից մարտի 31-ը և վերամշակող արտադրությամբ զբաղվող անձանց վաճառվող բնական գազի սակագինը 1000 խորանարդ մետրի համար 212 դոլարից կդառնա 224՝ թանկացնելով արտադրանքը: Իսկ ո՞վ է մտածելու համակարգում գազի 7 տոկոս կորուստների մասին, երբ միջազգային նորման առավելագույնը 3 տոկոսն է: Ելքը 2013-ի համաձայնագրից հրաժարվելն է ու գազային շուկայի դիվերսիֆիկացումը:
Եթե ուզում ենք օղակաձև խավարումից դուրս գալ, ոչ միայն բանականության, այլև քաղաքականության, պետք է դիմենք ինքնիշխանության նույնականացման:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. Տիբեթի հոգևոր առաջնորդ Դալայ Լաման հունիսի 20-ին առցանց հանդիպում է ունեցել գիտնականների ու փիլիսոփաների հետ: Նա խոսել է կենսունակության և կարեկցանքի, գիտության դերի մասին: «Ինչպես մենք ունենք մարմնի հիգիենա, նույնպես պետք է ունենանք հույզերի հիգիենա»՝ ասել է նա ու ընդգծել, որ բացասական հույզերի հետ աշխատանքը գիտակցաբար պետք է ուղղորդվի մարդու մտքի հետ միասին և առաջարկել է հարցը ներառել կրթական ծրագրում: «Ցավոք, հիմա կրթությունը ժամանակ է հատկացնում կյանքի նյութական կողմի վրա՝ մոռանալով հոգևորը»,- ասել է Դալայ Լաման: Ամեն ինչ անցողիկ է, հավիտենականը մարդն ու մարդկությունն է և իրար աչքերի նայելու ոմանց համար ռիսկը, ոմանց համար՝ երջանկությունը: Ողջ լերուք: Չկորոնավարակվեք: Աշխարհի վերջը չէ, պարոնայք երդվյալ ատենակալներ, խաղը նոր միայն սկսվում է: Երեկ ԱԺ-ն քննարկում էր Սահմանադրությունը փոխելու հարցը: «Հատուկ դրության ժամանակ որքանո՞վ է լեգիտիմ խորհրդարանում Սահմանադրություն փոխելը»՝ հարցը չտրվեց՝ արտահերթ նիստին մասնակցում էր միայն «Իմ քայլը», ու դա ավելի կարևոր է, քան Վենետիկի հանձնաժողովի կարծիքին դեմ գնալը կամ չգնալը: Ողջ լերուք: