Վաղը Մոսկվայում տոնվելու է Հայրենական Մեծ պատերազմում մեր փառավոր ծնողների, նախնիների ձեռք բերած հերոսական հաղթանակը, կայանալու է այդ մեծ հաղթանակի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներից գլխավորը` Հաղթանակի տարեդարձին նվիրված ռազմական շքերթը, ցավոք, առանց Հայաստանի ղեկավարի մասնակցության:
Որ ասում էինք Փաշինյանն ու փաշինյանական իշխանությունը վտանգում են կիսաշրջափակված, ավելին` կիսապատերազմական վիճակում գտնվող, Ադրբեջանի ու Թուրքիայի պես հարևաններ ունեցող Հայաստանի հարաբերությունները մեր ամենամոտ, ամենակարևոր դաշնակիցների` Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի հետ, ձեզանից ոմանք չէին հավատում:
Վերոնշյալի առումով չենք անդրադառնա վերջին 2 տարվա իրադարձություններին, հասկանալու և համոզվելու համար վերջին օրերին եղածն էլ բավական է: Հայաստանը, ինչպես արդեն հայտնի է, միացել է կրոնական հարցերով հակաչինական մի այլանսի (դե դա ոչինչ, կարևորը` ԱՄՆ-ը և Չինաստանի հանդեպ, ըստ էության, թշնամաբար տրամադրված էլի մի քանի պետություններ գոհ են Հայաստանի այդ քայլից): Հետաքրքիր է` Փաշինյանի մտքով դրանից առաջ անցե՞լ է` բա որ Չինաստանը, իմանալով դրա մասին, մի փոքր փռշտա մեր ուղղությամբ…
Օրերս հայտնի դարձավ նաև, որ Հայաստանը ջերմացնում է իր հարաբերություններն Իրանի ոխերիմ թշնամու` Իսրայելի հետ, ՀՀ կառավարությունը նույնիսկ որոշում է ընդունել Իսրայելում դեսպանատուն բացելու:
Չենք քննարկում այն խնդիրը, թե այդ դեսպանատունը մեզ համար որքանո՞վ է կարևոր և անհրաժեշտ, կամ ընդհանրապես կարևոր և անհրաժե՞շտ է, թե՞ ոչ: Փաստն այն է, որ Հայաստանի Հանրապետությունն Իսրայելում շուրջ 30 տարի դեսպանատուն չի ունեցել, հետևաբար կարող էր երևի 30 տարի էլ չունենալ, հետաձգել դեսպանատան բացման հարցը մինչև աշխարհաքաղաքական պայմանները կլինեին նպաստավոր: Հիմա՞ էր դրա պահը, երբ Ադրբեջանի կողմից հայերիս դեմ պատերազմի սանձազերծման սպառնալիքը շատ մեծ է, և դժվա՞ր էր հասկանալ, որ այդ պատերազմի դեպքում մենք Իրանի բազմակողմ, տարաբնույթ աջակցության կարիքն ունենալու ենք առավել, քան երբևէ: Իսկ միգուցե այդ ամենը շատ լավ հասկանալո՞վ են արվում Իսրայելի հետ հարաբերությունների ջերմացման քայլերը, այսինքն` պահը շատ ճիշտ է ընտրված…
Հիշենք, որ Թեհրանում Հայաստանի դեսպանատան դիմաց հունիսի 9-ին մի շարք ուսանողներ բողոքի ակցիա էին իրականացրել՝ ընդդեմ Իսրայելում Հայաստանի դեսպանատան բացման։ Որքան էլ Հայաստանի իշխանություններն ասեն, թե մենք Իսրայելի հետ հարաբերությունները չենք կառուցելու` ի հաշիվ Իրանի հետ հարաբերությունների, դժվար թե Իսրայելում ՀՀ դեսպանատան բացումից հետո շարունակենք վայելել մեր հանդեպ Իրանի բարեհաճ վերաբերմունքը:
Հիշյալ բողոքի ակցիայի մասնակիցները պարզել են պաստառներ, որոնց վրա եղել է «Իսրայելի հետ համագործակցության գինը շատ ծանր է լինելու» գրություն-զգուշացումը: Հատկանշական է և ուշագրավ, որ թեև բողոքի միջոցառումը բազմամարդ չի եղել (իրանցի ուսանողների 30-հոգանոց փոքրաթիվ խումբ), սակայն նշված միջոցառմանն անդրադարձել են Իրանի պետական հեռուստատեսությունը և այլ գլխավոր լրատվամիջոցներ:
Հիմա անդրադառնանք Ռուսաստանի հետ հարաբերություններին` նկատի ունենալով դարձյալ զուտ ամենավերջին, ամենաթարմ իրադարձությունը: Հունիսի 19-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որով հայտնում է, որ չի կարողանա մասնակցել Հայրենական Մեծ պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին:
Փաշինյանի նամակում նշված է.
«Հարգելի պարոն նախագահ, ափսոսանքով պետք է հայտնեմ Ձեզ, որ չեմ կարողանալու մասնակցել Հայրենական Մեծ պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Ինչպես գիտեք, ես մեծ սիրով ընդունել էի հանդիսավոր արարողություններին մասնակցելու Ձեր հրավերը: Սակայն, ինչպես հետագայում պարզվեց, գոյություն ունեցող համաճարակային իրավիճակը թույլ չի տալիս ինձ իրականացնել այդ ուղևորությունը:
Ելնելով դրանից՝ ես որոշեցի ձեռնպահ մնալ Մոսկվա կատարելիք իմ այցից, ինչը, ինչպես տեղյակ եք, մանրամասն քննարկվել և համաձայնեցվել է մեր աշխատակազմերի միջև:
Ինձ համար մեծ պատիվ կլիներ ներկա գտնվել հոբելյանական շքերթին: Վստահ եմ՝ մեր երկրների միլիոնավոր քաղաքացիներ հետևելու են այդ հանդիսավոր միջոցառմանը՝ մտովի գնալով հեռավոր 1945 թվականը, երբ մեր պապերը հպարտ քայլով անցնում էին Կարմիր հրապարակով: Հաղթանակը Հայրենական Մեծ պատերազմում մեր ընդհանուր ժառանգությունն է: Հիշողությունն այդ մասին միավորում է մեր ժողովուրդներին և անսասան հիմք ստեղծում ապագա սերունդների բարեկամության համար:
Ակնկալում եմ մեր մոտալուտ հանդիպումը, որը հնարավորություն կտա քննարկելու մեր երկրների միջև դաշնակցային հարաբերությունների օրակարգի հարցերը:
Ընդունեք, պարոն նախագահ, քաջառողջության և Ձեր գործունեության մեջ հաջողությունների իմ լավագույն մաղթանքները»:
Մոսկվան, իհարկե, չի հավատա Փաշինյանի «արցունքներին»: Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին չմասնակցելու Փաշինյանի պատճառաբանության (գոյություն ունեցող համաճարակային իրավիճակը) սուտ լինելը հասկանալի է դառնում միանգամից, ավելին` այն նույնիսկ ակնհայտ է ՀՀ գերագույն գլխավոր ստախոսի տվյալ նամակից: Դեռ չենք անդրադառնում այն հարցին, թե Հայաստանում մնալով, Փաշինյանը համաճարակային իրավիճակին ոչ ձևականորեն և արդյունավետ հակազդելու առումով մինչև հիմա իբր ի՞նչ է արել, որ հունիսի 24-ին կամ այդ մեկ-երկու օրն այստեղ մնալով ինչ անի: Պարզապես ընդամենը մի քանի փաստարկումով ցույց տանք Փաշինյանի ստախոսությունը:
Հաղթանակի 75-րդ տարեդարձին նվիրված ռազմական շքերթը Մոսկվայում անցկացվելու է հունիսի 24-ին, Փաշինյանի հայտարարությունը եղել է հունիսի 19-ին, այսինքն` դրանից 5 օր առաջ: Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հաստատված նոր դեպքերը Հայաստանում Փաշինյանի նամակին նախորդած վերջին մեկ շաբաթում օրական 397-723 սահմաններում են եղել, և պարզ է, որ նամակին հաջորդելիք 5 օրում ո՛չ կրկնապատկվելու էին, ո՛չ էլ, ընդհանրապես, դուրս էին գալու իշխանությունների և փորձագետների կանխատեսումների շրջանակից, հետևաբար նշված ժամանակաընթացքում վարչապետի մակարդակով ընդունվելիք ինչ-որ չկանխատեսված ու հրատապ որոշում ընդունելու անհրաժեշտություն չէր առաջանալու:
Վերոնշյալի մասին են վկայում նաև Փաշինյանի նամակին հաջորդած 3 օրերին Հայաստանի Հանրապետությունում COVID-19 հաստատված նոր դեպքերի վերաբերյալ ՀՀ պարետատան «Կորոնավիրուսի դեմ պայքարի միասնական տեղեկատվական հարթակում» (https://covid19.gov.am/hy/news) արդեն իսկ հրապարակված պաշտոնական թվերը. հունիսի 20-ին հրապարակվածի համաձայն` նոր կորոնավիրուսային հիվանդության 551 հաստատված նոր դեպք, 21-ին հրապարակվածի համաձայն` COVID-19-ի 560 հաստատված նոր դեպք, և երեկ` հունիսի 22-ին հրապարակվածի համաձայն` հիշյալ հիվանդության 320 նոր դեպք:
Ընդգծենք, որ Փաշինյանի բացակայության պարագայում, եթե նույնիսկ ինչ-որ ծայրահեղ իրավիճակ և այդպիսի ինչ-որ որոշում կամ որոշումներ ընդունելու անհրաժեշտություն առաջանար, դրանք կարող էին ընդունել ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը կամ ՀՀ կառավարությունը:
Հաջորդը. Եթե Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին չմասնակցելու Փաշինյանի պատճառաբանությունը գոյություն ունեցող համաճարակային իրավիճակն է, ապա նա հենց նույն նամակում ինչպե՞ս է ՌԴ նախագահին հայտնել իրենց մոտալուտ հանդիպման վերաբերյալ իր ակնկալությունը, հանդիպում, որը հնարավորություն է տալու քննարկելու երկու երկրների միջև դաշնակցային հարաբերությունների օրակարգի հարցերը: Ի՞նչ է, համաճարակային իրավիճակը Հայաստանում մոտ ժամանակներում բարելավվելո՞ւ է… Իհարկե ոչ: Ինչպես ողջ աշխարհում, Հայաստանում նույնպես թե՛ մասնագետների, փորձագետների, թե՛ իշխանությունների բոլոր կանխատեսումները վկայում են ճիշտ հակառակի մասին: Բա որ Պուտինը վերցնի և, ասենք, հուլիսի 1-ին հանդիպում նշանակի (մոտալուտ հանդիպում էիր ակնկալում, ահա քեզ մոտալուտ հանդիպում), ի՞նչ է ասելու և անելու Փաշինյանը։
Պարզ է, որ Փաշինյանի` Մոսկվա չմեկնելը, հունիսի 24-ին Հաղթանակի 75-րդ տարեդարձին նվիրված ռազմական շքերթին ներկա չլինելը, Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին չմասնակցելն իրականում ունի այլ պատճառ կամ պատճառներ: Արդեն իսկ որոշ փաստերի հիման վրա «Իրատես»-ի նախորդ համարներից մեկում կասկած ենք հայտնել, թե Փաշինյանն իրականում վարակվել և իր ընտանիքին վարակել է նոր կորոնավիրուսով:
Հետագայում ոչ միայն իր, այլև իր ողջ ընտանիքի շուտափույթ ապաքինման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունն ամրապնդեց մեր և ոչ միայն մեր այդ կասկածը. վարակվելու մասին հայտարարելուց զարմանալիորեն շատ կարճ ժամանակ` մոտ մեկ շաբաթ հետո Փաշինյանը հայտարարեց, թե իրենց բոլորի թեստավորման արդյունքը եղել է բացասական: Սա թերևս ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում աննախադեպ էր նոր կորոնավիրուսով վարակվածների այլևս վարակակիր չլինելու առումով: Բայց մի պահ ընդունենք, թե Փաշինյանն ամեն ինչ ճիշտ է ասել:
Հայտնի է, որ ինչպես Վլադիմիր Պուտինը, այնպես էլ Ռուսաստանի համապատասխան ծառայություններն ամեն ինչ անում են, որ բացառվի ՌԴ նախագահի վարակվելը նոր կորոնավիրուսով: Նույնիսկ այն վետերանները, որոնք հանդիպելու են Պուտինի հետ, նախապես 14 օրով ինքնամեկուսացված թե մեկուսացված են, որպեսզի այդ ընթացքում հանկարծ չվարակվեն նոր կորոնավիրուսով ու հանդիպմանը վարակեն ՌԴ նախագահին:
Տրամաբանական է, որ Մոսկվայում բոլոր նրանք, ովքեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու են, նախապես թեստավորվելու են: Եթե Փաշինյանն իսկապես վարակվել է նոր կորոնավիրուսով, ապա համապատասխան թեստը նրա օրգանիզմում հայտնաբերելու է դրա դեմ առաջացած հակամարմինները, իսկ եթե չհայտնաբերի, նշանակում է` Փաշինյանը ստել է, խաբել ինչպես հայ ժողովրդին, այնպես էլ ողջ աշխարհին:
Հակամարմիններ չհայտնաբերելու, այդ փաստն արձանագրելու և այդ մասին հայտարարելու պարագայում Փաշինյանն ուղղակի խայտառակ կլիներ միջազգային արենայում և ձեռք կբերեր «դիպլոմավոր ստախոսի» համբավ, ինչը նշանակում է, որ դրանից հետո Հայաստանում նրա պաշտոնավարման ժամկետն էլ ավելի կկրճատվեր: Կարթնանար ոչ միայն հպարտ քաղաքացիների դեռ «հարիֆացված» վիճակում գտնվող մասը, այլև կարթնանային բոլոր պողոսները և, թերևս, նույնիսկ զոմբիացվածները: Մի՞թե սա լուրջ կամ բավարար պատճառ չէր Մոսկվա չմեկնելու համար։
Այնուհանդերձ, եթե վերոնշյալը սոսկ մեր ենթադրությունն է, և Փաշինյանի օրգանիզմում իրականում կան նոր կորոնավիրուսի դեմ հակամարմիններ, ապա Մոսկվայում հիշյալ միջոցառումներին մասնակցելուց նրա հրաժարումն այդ դեպքում կարող էր պայմանավորված լինել Հայաստանում ներքաղաքական իրավիճակի հնարավոր ու մոտալուտ շիկացման վերաբերյալ Փաշինյանի կամ նրան ներկայացված համապատասխան ծառայությունների կանխատեսմամբ:
Փաշինյանի հիշյալ նամակից 2 օր հետո` հունիսի 21-ին, դատարանը հրապարակելու էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու ԱԱԾ քննիչի միջնորդության վերաբերյալ իր որոշումը: Փաշինյանը հունիսի 19-ին հավանաբար արդեն իսկ գիտեր կամ կարծում էր, որ դատարանը, ուղղակիորեն թե անուղղակիորեն, կատարելու է իր կամքը, այսինքն` հիշյալ միջնորդությունը բավարարելու է, և կանխատեսում էր նաև, թե դրանից հետո ինչ կարող է լինել: Մանավա՛նդ, որ Ծառուկյանի և նրա որոշ կուսակիցների մի քանի հայտարարություններից հետո հետագա հնարավոր իրադարձությունների կանխատեսումն այնքան էլ դժվար չէր: Պարզ է, չէ՞, թե Փաշինյանի ու փաշինյանական իշխանության համար ինչ ծանր իրավիճակ էր առաջանալու, եթե դատարանը բավարարեր ԱԱԾ քննիչի միջնորդությունը և, ինչպես Փաշինյանն է ասում, ժողովուրդը կիրակի օրվանից կամ երեկվանից դուրս գար փողոց։ Ահա սա էլ, հնարավոր է, Փաշինյանի` Մոսկվա չմեկնելու պատճառն է, որը, ի դեպ, չի բացառում նաև նախորդ պատճառի առկայությունը:
Լավ, Փաշինյանը հորինովի պատճառով չգնաց Մոսկվա, բա ՀՀ ղեկավարությանը ներկայացնող մյուս խոշոր դեմքը` ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Արմեն Սարգսյա՞նն ինչու չգնաց… Փաշինյանը չէ՞ր կարող հարգելի պարոն Պուտինին իր նամակով հայտնել, որ ես թեև Հայաստանում գոյություն ունեցող համաճարակային իրավիճակի պատճառով չեմ կարող գալ Մոսկվա, բայց իմ փոխարեն կգա և հիշյալ միջոցառումներին կմասնակցի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Ի՞նչ է, ՌԴ նախագահը մերժելու՞ էր, չէ՞ր ընդունելու Արմեն Սարգսյանին։ Կամ ինչու՞ ինքը` Արմեն Սարգսյանը, նկատի ունենալով Փաշինյանի վերոնշյալ խուսանավումը, անձամբ չցուցաբերեց Մոսկվա գնալու նախաձեռնություն ու Փաշինյանի նամակից հետո հանդես չեկավ համապատասխան հայտարարությամբ: Ի վերջո, այս ամենը հայ-ռուսական հարաբերությունների առումով անհետևա՞նք է լինելու թե՞ ...
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ