Անցած մի քանի օրերը բավականին լուրջ փաստեր արձանագրեցին, որոնք նախ և առաջ արձագանքում են հայաստանյան ներքաղաքական զարգացումներին ու հեռանկարներին։
Իհարկե, կանխատեսվում էր, որ 2020 թվականին լուրջ գործընթացներ ու տեղաշարժեր կսկսվեն ընդդիմադիր դաշտում։ Արդեն ակնհայտ էր, որ ձևավորվում են տարբեր ընդդիմադիր ուժեր, որոնք կապված չեն նախկինների հետ, և ըստ էության, հենց այդ ուժերն էին, որոնք ամենամեծ վտանգը պետք է ներկայացնեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության համար, քանի որ նրանց վրա չէր տարածվելու Փաշինյանի հիմնական մանիպուլյատիվ պաշտպանական մարտավարությունը, որով նա միշտ սպառնում է ժողովրդին՝ եթե ինքը չէ իշխանության, ապա վերադառնալու են նախկինները։ Այս ընթացքում ձևավորվում էին ուժեր, որոնք դուրս էին մնում Փաշինյանի նախատեսած սև-սպիտակի պաշտպանական մարտավարությունից։
Ըստ այդմ կազմավորվեցին «Հայրենիք», «Ազգային օրակարգ», «Մեկ Հայրենիք» կուսակցությունները։ Դրանք այն ուժերն են, որոնց շատ մեծ ցանկության դեպքում անգամ չես կարող անվանել նախկիններ։ Միևնույն ժամանակ սկսեցին վերադասավորվել այն միավորները, որոնք թեև իրենց կենսագրության տարբեր ժամանակաշրջաններում համագործակցել են ներկա իշխանությունների հետ, սակայն, այնուամենայնիվ, տարբեր շրջափուլերում բավականին լուրջ ընդդիմադիր և խնդրահարույց հարաբերություններ են ունեցել իշխանությունների հետ։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Հայ հեղափոխական դաշնակցությանը, «Բարգավաճ Հայաստանին», անգամ «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը, որը երկար ժամանակ համարվել և դեռ շարունակում է համարվել Նիկոլ Փաշինյանի հետ փոխկապակցված նախագիծ, անկախ նրանից, թե ինչ տեսանելի մենամարտեր են ընթանում իշխանության և այդ կուսակցության միջև։
Այսպիսով՝ ընդդիմադիր դաշտում ակնհայտորեն ընթանում են ձևավորման և վերադասավորման պրոցեսներ։ Սակայն կորոնավիրուսային խնդիրները կատալիզատորի դեր խաղացին։ Դրանք է՛լ ավելի արագացրին զարգացումները։ Ժամանակը ցույց տվեց, որ իշխանությունն ի վիճակի չէ խնդիրները լուծելու, և առաջին հերթին՝ առողջապահական։ Որքան էլ զարմանալի լինի, իրենց ապիկարության իրական գնահատականը տվեց հենց վարչապետը, որը հայաստանյան իրավիճակն անվանեց կրիտիկական ու համեմատեց դժոխքի հետ։ Մյուս կողմից սոցիալ-տնտեսական ծանրացող խոր ճգնաժամն էլ ավելի կատալիզացրեց գործընթացները քաղաքական, մասնավորապես, ընդդիմադիր դաշտում։ Եվ եթե կորոնավիրուսը չլիներ, ընդդիմադիր բևեռի ձևավորումն ու համախմբումը գուցե արձանագրվեր շատ ավելի ուշ։
Այս պահին մենք ականատես ենք երկու բավականին հետաքրքիր փաստի՝ համախմբում ընդդիմադիր դաշտում և պառակտում իշխանական շարքերում։
Ընդդիմադիր քաղաքական ուժերն այլևս չեն էլ թաքցնում, որ ընթանում են բանակցություններ, ընդ որում, բոլորի մոտ գրեթե նույն մոտեցումն է՝ իշխանությունը տապալել է բոլոր մարտահրավերներն ու պետք է հեռանա։ ՈՒստի բոլոր քաղաքական ուժերն էլ պահանջում են հակաճգնաժամային կառավարության ձևավորում։ Քաղաքական օրակարգը մեկն է՝ Փաշինյանն իր կառավարությամբ պետք է հրաժարական տա, իսկ ձևավորվելիք հակաճգնաժամային կառավարությունը պետք է փորձի երկիրը դուրս բերել այս իրավիճակից։ Եվ այդ ամենից հետո առաջնային կդառնա արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրակարգը։
Միաժամանակ ընթանում է նաև այլ գործընթաց, որն իշխանության ազդեցությունից դուրս է։ Դա, այսպես ասած, ուղեղային կենտրոնների ձևավորումն է, այդ թվում նաև՝ ՀՀ նախկին վարչապետերի՝ Կարեն Կարապետյանի, Հրանտ Բագրատյանի, Վազգեն Մանուկյանի ջանքերով։ Եվ վերջիններիս քննարկումների արդյունքում փորձ է արվում մշակելու ճգնաժամից դուրս գալու ծրագրեր, այսինքն՝ երկրում սկսում են ձևավորվել զուգահեռ կառույցներ։ Այս առումով հետաքրքիր էր առողջապահության նախկին նախարար, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի կողմից բժշկական հանրության հավաքի հրավիրումը։ Զուգահեռ կառույցների ստեղծումը ցույց է տալիս, որ աստիճանաբար նվազում է իշխանության ազդեցությունը, և ավելի ու ավելի ազդեցիկ են դառնում մասնագիտական կառույցները, որոնք հանրության աչքերում դառնում են այլընտրանք այսօրվա ոչ պրոֆեսիոնալ, դիլետանտ ու ամեն ինչ տապալող իշխանություններին։ Ամենայն հավանականությամբ, շուտով կսկսեն ձևավորվել համապատասխան ֆինանսատնտեսական խմբեր, որոնք նույնպես կսկսեն զուգահեռ ծրագրեր մշակել, որպեսզի անհրաժեշտության դեպքում անմիջապես դրանք կարողանան առաջ մղել պետական մակարդակով։
Ի՞նչ է տեղի ունենում իշխանական դաշտում։ Իշխանությունը վաղուց արդեն կուռ չէ, և նրա միասնականության իմիտացիան, որ երբեմն-երբեմն փորձում են ցուցանել, հիմնականում ձևական է։ Եթե հնարավոր է, խուսափում են Նիկոլ Փաշինյանի օգտին հանրային ելույթներից։ Պատահական չէ, որ հիմնականում երկու-երեք գործիչներ են Փաշինյանի պաշտպանությունը ստանձնում։ Դա ընտանիքի խոսնակ դարձած թիվ մեկ աներձագն է՝ Հրաչյա Հակոբյանը, որի յուրաքանչյուր մեկնաբանություն լրացուցիչ սկանդալ է առաջացնում ու էլ ավելի է ծանրացնում փաշինյանական դիրքերը։ Մյուս կողմից վարչապետի մամուլի քարտուղարն է, որը զուտ վերահաղորդչի դեր է խաղում. բոլորը հասկանում են, որ այդ երիտասարդ աղջնակը դժվար թե կարողանա ինքնուրույն քաղաքական միտք արտահայտել։ Վերջապես Փաշինյանի պաշտպանությունը կատարվում է Ալեն Սիմոնյան անուն-ազգանունով գործչի մակարդակով, որին վաղուց որևէ մեկը լրջորեն չի ընկալում։
Փաշինյանի համար, սակայն, ավելի ցավոտ փաստ է այն, որ կյանքի այս փուլը ցույց տվեց, որ նա մեկուսացված է քաղաքական դաշտում։ Ըստ էության, որևէ քաղաքական ուժ, բացի ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանից, վարչապետին ձեռք չմեկնեց։ Նա հանդես եկավ սիլոգիզմի իր հայտնի տեսությամբ։ Լևոն Տեր-Պետրոսյանը, լինելով հին մանիպուլյատոր, կորոնավիրուսի դեմ պայքարը հայտարարեց հայրենական պատերազմ, իսկ եթե որևէ բանի նման որակումն ես տալիս, ապա հող ես նախապատրաստում այն պնդմանը, որ տվյալ պահին անտեսանելի թշնամու դեմ պատերազմող իշխանությանը դեմ գնացողները դավաճան են։ Իսկ դավաճաններին սովորաբար պատերազմական իրավիճակում գնդակահարում են։ Լևոն Տեր-Պետրոսյանը փորձեց Նիկոլ Փաշինյանի համար քաղաքական և իրավական հենք ստեղծել։ Հայաստանյան քաղաքական կյանքը լավ իմացող մարդիկ գիտեն, որ Լևոն Տեր-Պետրոսյանը իր կառավարման շրջանում մանիպուլյատիվ այս քայլը շատ էր կիրառում՝ հիմնականում շահարկելով Արցախյան պատերազմի գործոնը։ Պարզապես այն ժամանակ պատերազմն իրական էր, այսօր, սակայն, Հայաստանի թշնամի է հայտարարվել կորոնավիրուսը։ Ի՞նչ շանս ունի այստեղ Լևոն Տեր-Պետրոսյանը։ ՀՀ առաջին նախագահը թերևս ամենալավն է ճանաչում Նիկոլ Փաշինյանին և նրան միշտ համարել է օրվա իշխանությունների նախագիծ։ Ավելին, Տեր-Պետրոսյանը բազմիցս առերեսվել է Փաշինյանի կողմից հենց իրեն դավաճանելու փաստի հետ, և նա ունի ՀՀ գործող վարչապետին չվստահելու հիմնավոր փաստարկներ։ Սակայն Փաշինյանը Տեր-Պետրոսյանի պատկերացմամբ ունի երկու առաքելություն, ինչի պատճառով Փաշինյանն իրեն ձեռնտու է։ Արդեն վաղուց իր ծերությունն ապրող և այլևս լուրջ ազդեցություն չունեցող ՀՀ առաջին նախագահը ունի զուտ քաղաքական վերակենդանացման խնդիր։ Նա‚ որ արդեն վաղուց պատմական դեմք է, դուրս պրագմատիկ քաղաքականությունից, ցանկանում է պատմության էջերում վերակենդանանալ երկու հարցի շուրջ։ Առաջինն Արցախն է։ Նա մինչ օրս ցավագին է ընդունում, որ իրեն իշխանությունից զրկեցին՝ մեղադրելով պարտվողական քաղաքականության և փուլային տարբերակին տուրք տալու մեջ։ Եվ հիմա նա փորձում է Փաշինյանին մանիպուլացնելով նրան վերադարձնել փուլային տարբերակին, ու ինչպես վերջերս տեղեկացանք ՌԴ ԱԳ նախարարից, ՀՀ վարչապետն այսօր հենց այդ տարբերակով էլ շարժվում է։ Եթե Փաշինյանին հաջողվի փուլային տարբերակով առաջ ընթանալ, ապա Լևոն Տեր-Պետրոսյանը քաղաքական ռեաբիլիտացիա կապրի՝ փաստելով, որ Արցախյան խնդրի ճիշտ ճանապարհը հենց դա էր։ Երկրորդը Մարտի 1-ի խնդիրն է. Լևոն Տեր-Պետրոսյանը շատ լավ հասկանում է, որ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ Մարտի 1-ի իրադարձությունների համար պատասխանատու է նաև ինքը։ Եվ այժմ նրա հույսն այն է, որ Փաշինյանը Մարտի 1-ը դուրս կգրի Ռոբերտ Քոչարյանի վրա և կմաքրի իրեն, որը կարող էր դուրս գալ տանից և կանխել այդ ողբերգական իրադարձություններն ու մարդկային զոհերը, բայց չարեց։
Այս երկու խնդիրները լուծելու համար ՀՀ առաջին նախագահը հանդուրժում է իր դպրոցն անցած և իրեն բազմիցս դավաճանած Նիկոլ Փաշինյանին։ Այս պայմաններում Փաշինյանը բավականին լուրջ ցայտնոտային իրավիճակում է հայտնվել։ Նույնիսկ չէր կարող իրեն թույլ տալ կորոնավիրուսով հիվանդանալ երկու շաբաթվա կտրվածքով։ Եվ բլեֆը բացահայտվեց, քանի որ նա ուղղակի չէր կարող չվերադառնալ ակտիվ շփման դաշտ՝ այդպիսով կորոնավիրուսով բուժման ռեկորդային ժամկետ սահմանելով։ Իհարկե, դարձավ աշխարհի ծաղրի առարկան, սակայն Փաշինյանն այլ տարբերակ չուներ։ Նա նույնիսկ իր կողմից լարված կորոնավիրուսային աֆյորայի ժամանակը չունի։ Եվ վերադառնալով սկսեց նյարդային շարժումներ՝ փորձելով վերականգնել իր իշխանությունն ու ազդեցությունը։
Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ