Փաշինյանը կայացրեց սեփական դատավճիռը
12.06.2020 | 01:04
Այս երկու տարվա ընթացքում մեզանում գլխիվայր շուռ եկավ պաշտոնյայի կերպարը։ ՈՒ պետք չէ միանգամից հիշեցնել նախկիններին, նրանց սխալները։ Խոսքը բացթողումների, վատ կառավարման ու խնդրահարույց որոշումների մասին չէ։ Մենք հասկացանք, որ երկրի ղեկավարը կարող է շատ-շատ խոսել ու ոչինչ չասել, էժանացնել ասելիքը և ամենավատը՝ խոսել փողոցի բառուբանով, անպատասխանատու լինել սեփական խոսքի հանդեպ, անհավասարակշիռ լինել վարքում։ Պաշտոնյան պետք է հանրության շրջանում պատկառանք ներշնչի։ Ամենևին հարկավոր չէ երկրպագել, կուռքեր ստեղծել, պարզապես հարգել ու զգաստանալ է պետք, երբ երկրի ղեկավարն է խոսում, իսկ դրա համար նրա ասելիքը պետք է արժեք ունենա, պետք է մտածված ու կշռադատված լինի։ Շարքային քաղաքացին կարող է ամեն օր տասն անգամ խոսել ամեն ինչից, բայց ղեկավարի խոսքը պիտի սպասելի լինի ու ամենակարևորը՝ ծանրակշիռ։
Ասում են՝ մտքին եկածը լեզվին չեն տալիս։ Այս ընթացքում հետևելով Նիկոլ Փաշինյանի խոսքին, անգամ դժվարանում ես խոստովանել, թե այս մարդու մտքում ինչքան անհանդուրժողականություն, ատելության սերմեր կան։ Ամեն անգամ նոր պոռթկումը մի մեծ անդունդ է նրան գլորում, որտեղ արհամարհանքն է, անտեսումն ու խորը հիասթափությունը։ Թվում է, թե պետական այրի քաղաքական խոսքի կուլտուրան այլևս հնարավոր չէ այդքան անլրջացնել ու հանկարծ նոր «հորիզոն» է բացվում։ Այն, ինչ նախօրեին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ՀՅԴ-ի առաջարկին, քիչ է ասել՝ ամոթալի էր։ «Այնպիսի տպավորություն կա, որ Հայաստանում ոչ միայն առողջապահական կորոնավիրուս է տարածվում, այլև քաղաքական կորոնավիրուս է տարածվում, որն ի տարբերություն առողջապահականի, իմ կարծիքով, կբերի բացիլի հատկանիշ ունեցող քաղաքական և հասարակական ուժերի մահվան՝ քաղաքական իմաստով: Դա իմ համոզմունքն է: Կտեսնեք, որ այդ քաղաքական ուժերն ամբողջությամբ դուրս կմղվեն Հայաստանի քաղաքական-հասարակական կյանքից, որովհետև իրենք այս օրերին կառուցում են իրենց քաղաքական գերեզմանաքարը»,- հայտարարեց մի մարդ, որն ի պաշտոնե պարտավոր է Հայաստանի բոլոր քաղաքացիների, այդ թվում, «բացիլների» ղեկավարը լինելու։ Եթե հենց այդ «բացիլների» շնորհիվ ԱԺ-ում վարչապետ դարձար, ուրեմն դու ո՞վ ես։ Եթե լինելով իշխանություն, 2 տարի չկարողացար թիմ ու կուսակցություն պահել, բոլորը հեռանում են քեզնից, 132-ամյա կուսակցությու՞նն է «բացիլ», թե՞...
Քաղաքական հակառակորդներին չես հարգում, «ծեփում ես պատերին» քո խնդիրն է, բայց քաղաքական ինստիտուտների հանդեպ գոնե աննշան հարգանք պիտի ունենալ։ Կուսակցությունները քաղաքական կյանքի անբաժան մասն են, ու խորհրդարանական երկրի ոչ բարով ղեկավարն ես, որտեղ իբր կուսակցությունները պետք է ուժեղ ու կայացած լինեն։ Բայց քո ղեկավարած պետությունում միայն «փռում են ասֆալտին», խրամատներ փորում, ընդդիմախոսներին կարգում դավաճաններ, գերեզմանաքարեր դնում նրանց վրա (դագաղներով հեղափոխություն անելուց հետո բնականաբար հերթը հասնելու էր գերեզմանաքարերին)։
Բայց այս ամենից զատ Նիկոլ Փաշինյանը այս մտքի տիրույթում սեփական իշխանության գնահատականը տվեց։ Իր մտքերը մոռանալու փայլուն կարողություն ունեցող վարչապետն իշխանության այսօրվա քայլերի հասցեատերը համարեց ընդդիմախոսներին ու մեղքը կրկին նրանց վրա գցեց։ «Եթե պատերազմական տրամաբանությամբ ենք խոսում, և մարդիկ ուզում են կառավարության գործողությունները դիտարկել այդ շրջանակում, եկեք դիտարկենք: Իսկ պատերազմի ժամանակ ի՞նչ են անում խուճապ տարածողների, սխալ տեղեկատվություն տարածողների, պատերազմի ժամանակ հրամանատարի դեմ խոսողների հետ: Նրանց դատում են ռազմական և պատերազմական իրավիճակին համապատասխան», -ասում է նա։ Եկեք հիշենք, թե ովքեր են խուճապ տարածել. համալիրի նկարները, մեր պարենի պաշարների մասին թվային տվյալները, նախարարի՝ մահերի ու վարակվածների թվի մասին կանխակալ հայտարարությունները և վերջապես ով էր ասում, որ մենք դժոխքում ենք։ Թե՞ սրանից ավելի մեծ խուճապ կարելի է տարածել։ Ասում է՝ սխալ տեղեկատվություն տարածողներ... առաջին օրից մինչև հիմա Արսեն Թորոսյանի և Նիկոլ Փաշինյանի քանի՜ հայտարարություն է հերքվել, քանի՜ սխալ միտք է օդում սավառնել, քանի՜ գրառում ու լուսանկարներ են Փաշինյանի ֆեյսբուքյան էջում սրբագրվել, քանի՜ անգամ են իրար հակասող հայտարարություններ արվել։ Դուք ինքներդ ձեզ եք դեմ խոսել, դուք ինքներդ ձեզ եք հակասել։ Հիմա նաև ինքներդ ձեր դատավճիռն եք կայացրել։ Այդպիսի մարդկանց դատում են ռազմական և պատերազմական իրավիճակին համապատասխան։ Այս հարցում էլ դուք օգնեցիք ձեր ընդդիմախոսներին՝ ձեր վերջնական վճիռն ինքնուրույն կայացնելով։ Իսկ ժողովուրդը, ինչպես վստահեցնում եք, ձեզ է հավատում, ուրեմն ի գործ։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ