Երեկ ուշ երեկոյան հայտարարվեցին Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթի առաջին փուլը հաղթահարած մասնակիցների անունները։ Երկրորդ փուլ է անցել 10 ջութակահար։ Ժյուրիի որոշմամբ ստուգատեսի հաջորդ փուլում մրցակցությունը կշարունակեն Դիանա Ադամյանը (Հայաստան)‚ Մայքլ Գերմերը (Դանիա)‚ Լորենց Կարլսը (Շվեդիա)‚ Բելլ Թինգը (Թայվան)‚ Ֆելիքս Հարությունյանը (Հայաստան)‚ Ալեքսանդրոս Պետրինը (Հունաստան-Ռուսաստան)‚ Ջիման Վին (Կորեայի Հանրապետություն)‚ Կրիստինա Սուխովան (Ռուսաստան)‚ Յանիս Գրիսոն (Լյուքսեմբուրգ)‚ Յանհյուն Լին (Կորեայի Հանրապետություն)։
Վերոնշյալ ջութակահարները մեկօրյա հանգստից հետո՝ հունիսի 12-ին և 13-ին‚ կվերադառնան մրցելույթներին։ Հիշեցնենք‚ որ խաչատրյանական մրցույթը տեղի է ունենում առցանց հարթակում։ Մասնակիցների ելույթներին կարելի է հետևել մրցույթի պաշտոնական կայքում՝ https://khachaturian-competition.com/ կամ ֆեյսբուքյան էջում։
Ի դեպ‚ մինչև հունիսի 15-ը բոլոր ցանկացողները կարող են քվեարկել Խաչատրյանի 16-րդ միջազգային մրցույթի իրենց նախընտրած մասնակցի օգտին «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում (քվեարկությունը հետևյալ հղմամբ։
Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) անդամ է‚ մրցույթի կազմակերպիչն է «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը։ ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը նպատակ ունի բացահայտել տաղանդաշատ երիտասարդ երաժիշտների, նրանց ընձեռել մասնագիտական առաջընթացի հնարավորություններ‚ ինչպես նաև մրցույթի միջոցով է՜լ ավելի հանրայնացնել Արամ Խաչատրյանի արվեստը։