Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

ՆԱՏՕ-ն պատրաստվում է հետպանդեմիկ աշխարհի մարտահրավերներին

ՆԱՏՕ-ն պատրաստվում է հետպանդեմիկ աշխարհի մարտահրավերներին
10.06.2020 | 11:16

Կորոնաճգնաժամը չնվազեցրեց ՆԱՏՕ-ի մրցակցությունը Մոսկվայի հետ, ավելի շուտ՝ հակառակը, գրում է Նիկոլա Բարոն Le Figaro-ում: Լեհաստանի Դրավսկե-Պոմորսկի զորակայանում նախապատրաստվում են 4000 ամերիկացի և 2000 լեհ զինծառայողներ: «Դաշնային ոգի» անվանումը ստացած զորավարժությունները կտևեն մինչև հունիսի 19-ը՝ ներառելով գետանցումը, որ ամենաբարդ ռազմական մանևրներից է համակարգման առումով: Թեպետ սա առաջին մասշտաբային օպերացիան է կորոնավիրուսի սկզբից, պաշտոնապես համարվում է պաշտպանական: Մոսկվան չի խրախուսում՝ Կրեմլում, իհարկե, գիտակցում են նման մանևրների հարձակողական ներուժը: «Դաշնային ոգի» օպերացիան «Պաշտպան 2020» մեծ զորավարժությունների գլխավոր բաղադրիչներից է, որ ամերիկացի զինվորականները և ՆԱՏՕ-ի 18 դաշնակիցներ ծրագրել էին այս գարնանը: «Դաշնային ոգին» պետք է ցույց տա ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցներին ու ամբողջ աշխարհին, որ մենք ունակ ենք անվտանգ զորավարժություններ անցկացնել Covid-ի պայմաններում»՝ հայտարարել է ամերիկացի բրիգադային գեներալ Բրետ Սիլվիան լրագրողների հետ բրիֆինգում:

Մանևրներից առաջ բոլոր զինվորականները և քաղաքացիական անձինք տեստավորվել են: Տեստավորումը անցկացվելու է պարբերաբար: Հաստատվել է հեռավար հրամանատարություն: Ամերկյան գլխավոր շտաբի համար կարևոր է ապացուցել, որ համաճարակային ռիսկն այլևս բանակի մարտունակության խոչընդոտ չէ, մինչդեռ Ռուսաստանը շարունակում է իր հակառակորդների մարտական հնարավորությունների ստուգման գործողությունները: Ֆրանսիացի մի սպա ասել է. «Ռուսների հետ դա հավերժական մուկն ու կատու խաղալ է»: Նույնպիսի սանիտարական ու ռազմավարական տրամաբանություն է կիրառելի ՆԱՏՕ-ի Baltops զորավարժություններում, որ երկուշաբթի սկսվել են Բալթիկայում: Զորավարժություններն ամենամյա են, բայց 2020-ի հունիսը հատուկ է՝ զինվորականներին ռիսկի ենթարկելուց խուսափելու համար դեսանտավայրէջքային մանևրներ չեն նախատեսվել: Զորավարժությունները, որոնց մասնակցելու են 30 նավ ու սուզանավ և 3000 մարդ, անցկացվելու են միայն ծովում: Բայց Ռուսաստանին հասցեագրված մեսիջը նույնն է՝ «Կայունության երաշխիք Բալթիկ ծովում»՝ հայտարարել է փոխծովակալ Լիզա Ֆրանչետին, որ ԱՄՆ Ռազմածովային ուժերի 6-րդ օպերատիվ նավատորմի հրամանատարն է: «Ես չեմ կարծում, որ այս զորավարժությունները կարող են խորացնել լարվածությունը Ռուսաստանի հետ»՝ հավատացրել է նա: Կորոնաճգնաժամը բնավ չի թուլացրել ռազմավարական մրցակցությունը Մոսկվայի հետ, հակառակը՝ Ռուսաստանը ոչ միայն շարունակում է իր տեղեկատվական պատերազմը, այլև ավանդական ռազմական գործողությունները: Մոսկվան նույնիսկ ուժեղացրել է հնարավորությունները արևմտյան հատվածում՝ ի պատասխան արևմտյան «սադրանքների»: Ռազմական մրցակցությունը հիմնված է ռազմական գործողությունների կոդավորված թատրոնի վրա, բայց միաժամանակ շատ կոնկրետ է: Հետկորոնավիրուսային դիմակայությունը սրվել է և այլ ոլորտներում: Բեռլինը ուղիղ մեղադրել է Ռուսաստանին, որ պատասխանատվություն է կրում 2015-ին Բունդեստագի վրա կիբեռհարձակման համար: ԱՄՆ-ում Ազգային անվտանգության ծառայությունը տագնապ է բարձրացրել և մեղադրանք ներկայացրել ռուսական կիբեռխմբերից մեկին:


Հյուսիսատլանտյան դաշինքի համար գլոբալ սանիտարական ճգնաժամից առաջին դասերը քաղելու ժամանակն է: Երկուշաբթի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հրահանգեց ծրագրել ՆԱՏՕ-ի ապագան 2030-ին: Ալյանսը պետք է մնա «ուժեղ ռազմական առումով, քաղաքականապես միասնական և ունենա գլոբալ մոտեցումներ»՝ բացատրեց նա քննարկումների ժամանակ գերմանական Մարշալի հիմնադրամում: Ռուսաստանից բացի նա հիշատակեց Չինաստանի՝ իբրև ՆԱՏՕ-ի համար նոր մարտահրավերի դերը, որ խախտել է ուժերի հավասարակշռությունը: «Կորանավիրուսը ցույց տվեց ոչռազմական մարտահրավերներին դիմակայելու կարևորությունը»՝ հավելեց նա:
Չմեկնաբանելով ամերիկյան զորքերի մի մասը Գերմանիայից դուրս բերելու հարցը՝ Յենս Ստոլտենբերգը վստահեցրեց, որ Եվրոպան մենակ ու ԱՄՆ-ը մենակ չեն կարող պատասխանել իրենց ներկայացվող նոր մարտահրավերներին: «Մենք պետք է դիմակայենք ազգային լուծումների գայթակղությանը»՝ ասաց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
Նիկոլա Բարո, Le Figaro


Հ.Գ. ՆԱՏՕ-ի զորավարժությունները պանդեմիայի ժամանակ, իհարկե, ռիսկ են և դառնում են զորավարժություններ կենսաբանական պատերազմի ժամանակ՝ կարևոր չէ, թե ով է հակառակորդը: Փաստացի՝ Յենս Ստոլտենբերգը կարողանում է միաժամանակ հակադրվել թե ԱՄՆ նախագահին, թե Ֆրանսիայի նախագահին: Եթե Դոնալդ Թրամփը դնում էր ՆԱՏՕ-ի գոյության նպատակահարմարության խնդիրը, նաև ՆԱՏՕ-ից դուրս գալու հնարավորություն քննարկում, Էմանուել Մակրոնը՝ հակառակը՝ հայտարարում էր, որ ԵՄ-ն ինքը պիտի ապահովի իր անվտանգությունը մինչև 2030, և արձանագրում էր, որ ՆԱՏՕ-ի ուղեղը մահացած է: Պատրվակը, իհարկե, Թուրքիան էր, որ առանց ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ խորհրդակցելու ներխուժել էր Սիրիա, իսկ հետո Բրյուսելից պաշտպանություն էր պահանջում: Բայց պատճառը ՆԱՏՕ-ի ներքին տարաձայնություններն են, որոնց համահարթելու համար հարմար է ունենալ ընդհանուր թշնամի՝ Ռուսաստանը, և նրանք կառչել են իրենց միավորող գաղափարից, որ չտրոհվեն:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 10169

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ