Անտարբերությու՞ն, չիմացությու՞ն թե՞ հովանավորչություն
06.03.2020 | 01:00
Ազգային ժողովում չորեքշաբթի կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ պատգամավոր Արման Բաբաջանյանը հարց բարձրացրեց այն մասին, որ մարտի 19-ին լրանում է Ազգային անվտանգության ծառայության պետի ու ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնում գտնվելու ժամկետը ու խնդրեց պատասխանել, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկվում ժամկետները, օրենքի տառն ու բառը չխախտելու համար:
Հարցին պատասխանել է ՀՀ վարչապետը:
Ընդ որում՝ հստակ ու ամփոփ: Այն է՝ մարտի 19-ին կլինեն նշանակումները:
Նախանձելի օպերատիվություն:
Սակայն սրա կողքին առնվազն տարօրինակ է, թե ի՞նչ տրամաբանությամբ Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է մնում Շուշանիկ Միրզախանյանը, որն այդ պաշտոնին է նշանակվել դեռևս 2017 թվականի հուլիսին:
Հիշեցնենք, որ օրացույցի վրա այսօր 2020 թվականի մարտի 6-ն է։
Հարց է առաջանում. այդ ինչի՞ արդյունքում է Շուշանիկ Միրզախանյանն արդեն երեք տարի շարունակում մնալ տնօրենի ժ/պ-ի պաշտոնում:
Սա վերադասի անտարբերությա՞ն, չիմացությա՞ն, թվացյա՞լ չիմացության արդյունք է, թե՞ ամենապարզ հովանավորչության:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Հ.Գ. Քանի որ սույն հարցը չի լուծվում ՀՀ ԿԳՄՍ նախարարի մակարդակով, Արման Բաբաջանյանի պես մենք էլ ենք հարցն ուղղում ՀՀ վարչապետին՝ ակնկալելով նրա օպերատիվ պատասխանը:
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ