Նիկոլ Փաշինյանը չի թողնում, որ հանրային օրակարգը կես վայրկյան անգամ դատարկ մնա։ Նա մշտապես մարդկանց զբաղեցնելու, քննարկելու մի անկարևոր ու անհեթեթ բան մտածում է։ Ինչպես ասում են՝ բոլոր երգերը երգել էինք, մնացել էր սարի սմբուլը։ Զարմանալու տեղ չթողած Փաշինյանը հիմա էլ ֆեյսբուքում հանրաքվեի մասին բանաստեղծություն է երկնել ու դրանով դարձել ծաղր ու ծանակի առարկա։ Դեռ մի կողմ թողնենք անհաջող ու անտաղանդ այդ գրվածքը, լավ ինչքան պիտի երկրի ղեկավարը պետության համար կարևոր հարցերում այսքան անլուրջ լինի, այսքան էժանացնի իր խոսքը, պետական այրի խոսքի նշանակությունն այսքան ցածրացնի։
Ստացվում է՝ երկրի վարչապետը բանաստեղծություն կգրի, իսկ ժողովուրդն իր փոխարեն կորոշի, որն է խնդիրների լուծման տարբերակը։ Լավ է, էլի։ Եթե այդպես է, էլ այսքան մեծ կառավարական ու խորհրդարնական կազմ ինչու՞ ենք պահում։ Պահելը ո՞րն է, մի բան էլ ամեն ամիս հսկայական պարգևավճարներ տալիս, որ ոչ մի որոշում չկայացնեն։ Խոսքն ամենևին էլ հանրաքվեի և մարդկանց տեսակետն էական հարցերի վերաբերյալ իմանալու մասին չէ, այլ ամեն օր ժողովրդի անունից խոսող կառավարությունը մի անգամ կստանձնի՞ պատասխանատվություն խնդրհարույց հարցերի վերաբերյալ, թե՞ ամեն անգամ պիտի դիմենք հանրությանը։
Եթե բանաստեղծություններով պիտի խնդիրներ լուծենք, «հանրային շահը» պահանջում է նաև մի հատ Ամուլսարի, գոնե 2-ը Ստամբուլյան կոնվենցիայի մասին էլ մի բան «թխի» մեր երկրի միակ ու անկրկնելի «պոետ» Նիկոլ Փաշինյանը։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ