«Փաստը» գրում է. «Օրերս ԱԺ-ում փակ հանդիպում էր տեղի ունեցել ԱԺ պետաիրավական, արտաքին հարաբերությունների և մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում։ Հանդիպման հյուրերն են եղել ԵԽ կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարի հարցերով փորձագիտական խմբի անդամները, Վենետիկի հանձնաժողովի փոխնախագահը, ԵԽ Մարդու իրավունքների և գենդերային հարցերի գրասենյակի ղեկավարը և այլք։
Այդ հանդիպման ընթացքում պատգամավորների հետ քննարկվել են Ստամբուլյան կոնվենցիայի ընդունման բաղադրիչներն ու կետերը։ Այդ փակ հանդիպումից առաջ մեկ այլ հանդիպում է եղել կառավարությունում, որը, սակայն, ոչ մի կերպ չի հանրայնացվել։ Նշված հանդիպմանը մասնակցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, կառավարության ախատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, կառավարության «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը, ՀՀ-ում արևմտյան դրամաշնորհներով գործող որոշ ՀԿ-ների որոշ ներկայացուցիչներ, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի դեսպանները։ Հիմնական քննարկման թեման կապված է եղել կոնվենցիան հանրային դիսկուրսում ճիշտ թեզերով ներկայացնելու ռիսկերի ու առանցքային կետերի հետ։ 2017-ին Հայաստանը «Ստամբուլյան կոնվենցիան» ստորագրել է, բայց չի վավերացրել, ինչպես բազմաթիվ ԵՄ երկրներ՝ Մեծ Բրիտանիան, Սլովակիան, Չեխիան, Լատվիան և Լիտվան»: