Դավիթ Հարությունյանի գործուն աջակցությամբ ՀՀ գլխավոր դատախազին իր «դուռը» բերելու հաշվետվություն ներկայացնելու օրենսդրական նախաձեռնությամբ Հովիկ Աբրահամյանը փորձում է բարձրացնել ԱԺ խամրած դերակատարությունը: Մեր տեղեկություններով` նախնական ցանկություն է եղել նաև հասնելու նրան, որ Կենտրոնական բանկի ու Վերահսկիչ պալատի հաշվետվությունները ևս խորհրդարանական քվեարկությամբ հաստատվեն: Իսկ տվյալ դեպքում նպատակն այն էր, որ Գևորգ Կոստանյանը գա, զեկուցի պատգամավորներին, ընդդիմադիրներն էլ իրենց, ինչպես նաև Հովիկ Աբրահամյանին և «մնացածներին» հաճո հարցեր տան, խորապես «անհարմար» վիճակի մեջ դնելով «ներկայացած մարդուն», վերջինս էլ քվեարկության համար հայցի ԱԺ-ի և նրա նախագահի «ներողամտությունը», որպեսզի նա էլ՝ խիստ «կարևորված», կազմակերպի սույն քվեարկությունը:
Եվ այնուամենայնիվ, նման դրույթ օրենսդրական նախաձեռնությունում տեղ չի գտել:
Ի դեպ, նույն ենթատեքստում էր նաև երեկ մեկնարկած ԱԺ գարնանային նստաշրջանի առաջին նիստը: Թվում էր, թե ընդդիմադիրներն ԱԺ նախագահին են քարկոծում, իսկ նա ընդամենը պաշտպանվում է: Եվ պաշտպանվում է անձամբ, չասելով, որ Որոտանի ՀԷԿ-ի վաճառքն ամերիկացիներին, որպես գործարք, բավականին դրական կողմեր ունի, և մեր կառավարությունն էլ ճիշտ է վարվել: Իսկ չի ասում, որովհետև ուզում է նախ` դուր գալ Ռուսաստանին, և ապա` ասում է, եթե իսկապես կառավարությունը անտեսել է ԱԺ-ն, ապա իրավական կողմը մենք կնայենք: Ասել է՝ մի քար էլ ինքն է նետում կառավարության «բախչեքը»: Եվ դա անում է իբր նեղացած, իբր բարկացած՝ հարցերին «չպատասխանողի» ազնիվ մղումից դրդված:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ