Երեկ ԱԺ-ում սկսվեցին 2014 թ. պետբյուջեի քննարկումները, և վերստին թարմացան կառավարության հրաժարականի մասին խոսակցությունները: Հարմար ժամանակ է, որ գործադիրի աշխատանքից ու, մասնավորապես, վարչապետից դժգոհողները պահն օգտագործեն:
Կանխելով ընդդիմախոսներին` այս անգամ վարչապետը հանդես եկավ ինքնաքննադատությամբ: Մինչ ընդդիմադիրները հիշեցնում էին, որ ՀՀ նախագահի «պահանջած» 7 % տնտեսական աճն ապահովված չէ, ու կառավարությունը պետք է հրաժարական տա, վարչապետն արձանագրեց, որ, այո, եղել են ծրագրեր, որոնք արդյունքներ չեն ապահովել: «Առաջին անգամ մենք ներկայացնում ենք ծրագրային պետբյուջեի նախագիծ, որը նոր մոտեցում է»,- ասաց Տիգրան Սարգսյանը, պատգամավորներին հորդորելով խիստ չդատել, քանի որ այս ծրագրի ներդրման համար կպահանջվի երեք տարի, փոխարենը պետբյուջի ծախսերն ավելի վերահսկելի կդառնան:
Սակայն, անկախ այն բանից, թե բյուջեն ծրագրային կլինի, թե «անծրագիր», կասկածից վեր է, որ ընդդիմադիրները շարունակելու են թիրախավորված պայքար մղել վարչապետի աթոռի համար: Մեր տեղեկություններով` տևականորեն այդ «գործին» լծվածները, մասնավորապես` ԲՀԿ-ն, այսուհետ եռապատկելու են ջանքերը ցանկալի արդյունքի հասնելու համար։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ