ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հիշեց կրկին օֆշորային թեման: «Ես գիտեմ, որ հարգարժան վարչապետը շատ է հոգնում նրան կոռուպցիայի մեջ մեղդարող մեր հարցերից, բայց պետք է հարցնեմ: Օֆշորային պատմությունից մաքրվելու ձեր ջանքերն ո՞ւր են հասել», -ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավարը, որին Տիգրան Սարգսյանը հակադարձեց, թե իր պատասխաններն այդ առնչությամբ սպառիչ են եղել, ավելին` ամենաշահագրգիռն ինքն է, որ այդ հարցը լիովին պարզաբանվի: Նկատելով, որ այս հարցն ամեն անգամ բարձրաձայնելը հետապնդում է գործող վարչապետին վարկաբեկելու նպատակ, Տիգրան Սարգսյանը հավելեց. «Մեռած մարդիկ կարողանում են գնալ Կիպրոս և հաշիվ բացել, այնպես որ քաղաքական գործիչներին վարկաբեկելու փորձերը և դրա գործիքները բազմազան են: Կարելի է ուշադրության կենտրոնում պահել այս պատմությունն այդ նպատակով, ես ուրիշ նպատակ չեմ տեսնում»:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ