«Պարոն Փաշինյան, մի բանը մի անգամ են ասում, ես Ձեր մասին լավ կարծիք ունեմ, որ միանգամից հասկանում եք: Իմ կարծիքով՝ օրենքը չի խախտվել: Բավարարվա՞ծ եք: Դուք, ընդհանրապես, ե՞րբ եք բավարարվո՞ւմ, որ»,- այսօր ԱԺ քառօրյայի մեկնարկին ասաց Հովիկ Աբրահամյանը, երբ Նիկոլ Փաշինյանը և Զարուհի Փոստանջյանը, տարբեր ձևակերպումներով, շուրջ քառասուն րոպե փորձում էին բացատրություններ լսել Սյունիքում Զարուհի Փոստանջյանի հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: ԱԺ նախագահը տեղեկացրեց ընդդիմադիրներին, որ իր համար հիմք է ռուսական սահմանապահ զորքերի հրամանատարի նամակը, որով նա հերքում է, թե պատգամավորի նկատմամբ ոտնձգություն է եղել:
Փաշինյանն էլ թե` կարո՞ղ է ՀՀ-ն ինքնիշխան պետություն չէ, ուղղակի չեք ասում, որ տրամադրություններս չընկնի: «Ոչ ոք սահմանային կետ չի սահմանել, եթե Ձեր ասածը եղել է, այո, դա օրենքի խախտում է: Բայց այդպիսի բան չի եղել, դրա համար խնդրում եմ նամակին ծանոթանալ»,- հակադարձեց Աբրահամյանը: Փոստանջյանն ավելի հեռուն գնաց. «Գուցե ԱԺ-ն լուծարվի՞, քանի որ որևէ գործառույթ չի կարողանում իրականացնել, չի հավատում որևէ մեկին ու ոչնչի, որևէ քայլ էլ չի ձեռնարկում: Պարոն Աբրահամյան, Ձեր վերադասը ՖՍԲ-ն է՞»: «Ես չեմ հավատում Ձեր հայտարարություններին, որովհետև կյանքը ցույց է տվել, որ Դուք կարող եք զրպարտություններով զբաղվել,- ասաց ԱԺ խոսնակը, ռուսական ՖՍԲ-ի առնչությամբ էլ հավելեց.-«Դուք Ձեր ասածներին հավատո՞ւմ եք: Խնդրում եմ, որ Ձեր փորձը` խաթարել ԱԺ-ի գործունեությունը, դադարեցնեք: Դա մեր, Ձեր շահերից չի բխում, մեզ ընտրել են, որ աշխատենք»:
Ի վերջո, գործի անցան ՀՀԿ-ականները: Վարդան Այվազյանը նետեց. «Մենք հո գերի՞ չենք: Շարժվեք ԱԺ կանոնակարգով»: Մարգարիտ Եսայանն էլ հիշեց հայտնի անեկդոտը և նկատեց, թե ընդդիմությանը ուսներին դրած ման են տալիս, բայց չափի զգացողություն պիտի ունենալ:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ