Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է ԼԳԲՏ իրավունքները սահմանափակող օրենքը։ «Ես լավ եմ հասկանում, որ այս օրենքի ստորագրումը քննադատություն կառաջացնի որոշ օտարերկրյա գործընկերների շրջանում, բայց մենք՝ վրացիներս, երբեք չենք վախեցել օտար գնահատականներից, երբ դա պահանջել են մեր հավատը, առողջ բանականությունը և երկրին հավատարմությունը»,- պարզաբանել է Պապուաշվիլին:               
 

Նոր Հայաստանի նոր Րաֆֆին

Նոր Հայաստանի նոր Րաֆֆին
13.04.2013 | 11:39

Ապրիլի 12-ին Րաֆֆի Հովհաննիսյանը նորից Ազատության հրապարակում էր, ավելի ճիշտ Նոր Հայաստանի նոր Րաֆֆի Հովհաննիսյանն էր Ազատության հրապարակում: Նոր Րաֆֆին դարձել է ավելի ինքնաքննադատ և ավելի գաղտնապահ, նաև` ավելի խստաբարո: Նախ` նա ընդունել է, որ ինքը ևս կարող է սխալներ գործել` «Ես կարող է փետրվարի 18-ից մինչեւ ապրիլի 9 լիքը սխալներ գործած լինեմ», երկրորդ` ոչ մի խոսք չի ասել իր ռուսական ուղևորության մասին, փոխարենը ընդլայնել է աշխարհագրությունը` «Եվ այն երդմնակալությունը, որ մեր ժողովուրդը կատարեց ապրիլի 9-ին, մենք ի կատար ենք ածելու մինչեւ Մոսկվա, Վաշինգտոն, Բրյուսել եւ Երեւան», երրորդ` «Ամեն մեկը քննադատելու իրավունք ունի, բայց ով ապրիլի 9-ին ներկա չէր եւ կուսակցական գրասենյակներում էին, ովքեր ուզում էին օգտվել իմ մի ժամվա բացակայությունից եւ ուզում էին ժողովրդի ղեկավար համարվել, ամոթ նրանց»: Մնացած բոլոր հարցերում հին ու նոր Հայաստանի հին ու նոր Րաֆֆի Հովհաննիսյանը մնացել անփոփոխ: Երկու բացառությամբ. Մոսկվայից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը հանրահավաքի կոստյումով է գալիս` մեկ, և երկու` հաջորդ հանդիպումը ապրիլի 19-ին, ժամը 18-ին, կլինի հյուրանոցային` «Անիի» դահլիճում, ուր կհավաքվեն այն կուսակցությունները, շարժումները, անհատները, ովքեր հարգում են ժողովրդին: Այսինքն` մի դահլիճ հարգողներ: Եվ, այնուամենայնիվ, Րաֆֆի Հովհաննիսյանը ևս մի դարակազմիկ հայտարարություն է արել` հիմա նա վստահ է, որ հրաժարական է տալու ոչ միայն այս իշխանությունը, այլև` «կեղծ ընդդիմությունները հրաժարական են տալու, որովհետև հաղթել է հայ ժողովուրդը»: Իսկ ամենահետաքրքիրը, որ Րաֆֆի Հովհաննիսյանը նոր պայծառակերպություն է ունեցել` «Ով ուզում է քաղաքական դիակների մասին խոսել, իշխանությունից մինչեւ ընդդիմություն, հազար ու մի տարբեր մոտեցումներ, դուք նույն սորտն եք»: Իսկ ո՞վ էր ընդհանրապես սկսել դիակի մասին պատմությունը և ո՞ր «սորտից» էր հարցին նա կպատասխանի երևի մեկ շաբաթ անց: Համենայն դեպս, խորին շնորհակալություն` ամբողջ մեկ շաբաթ Րաֆֆի Հովհաննիսյանը ձեռնպահ կմնա հայտնագործություններից: Հուսանք:

Դիտվել է՝ 1927

Մեկնաբանություններ