Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Իսրայելի վարչապետ Նեթանյահուն թուրք ժողովրդից ներողություն է խնդրել

Իսրայելի վարչապետ Նեթանյահուն թուրք ժողովրդից ներողություն է խնդրել
12.04.2013 | 00:21

Եվ այսպես, իրադարձությունը, որի մասին այնքան երկար խոսում էին վաշինգտոնցի «համաշխարհային կառավարիչները», կայացավ։ Օրերս լրատվամիջոցները «գլխավոր նորություն» նշումով հաղորդեցին, որ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն թուրք ժողովրդից ներողություն է խնդրել այն սխալների համար, որոնք մարդկային զոհերի պատճառ են եղել։ Նա նշել է նաև, որ Իսրայելն արդեն հանել է Պաղեստինի ամբողջ տարածքում, ներառյալ Գազան, մարդկանց և ապրանքների տեղաշարժի որոշ սահմանափակումներ, և այդ զիջումները կշարունակվեն, քանի դեռ իրադրությունը հանգիստ է։ Պետությունների ղեկավարները պայմանավորվել են շարունակել Պաղեստինի տարածքում հասարակական իրադրության բարելավման աշխատանքը։ Բացի այդ, Թուրքիան հետ կվերցնի «Մարմարայի» զավթմանը մասնակցած իսրայելական զինվորականների դեմ հարուցված հայցը, կողմերը կվերականգնեն դեսպանությունների աշխատանքը, իսկ դիվանագետները մոտ ժամանակներս կհանդիպեն և կշարունակեն խորհրդակցությունները զոհվածների ընտանիքների փոխհատուցման հարցի շուրջ (ավելի վաղ հաղորդվել է, որ Անկարայի պահանջած փոխհատուցումը կազմում է մի քանի միլիոն դոլար)։

Հիշեցնենք, 2010-ի մայիսին «մարդասիրական առաքելությամբ» Գազայի հատված մեկնող «Մավի Մարմարա» նավի կալանման ժամանակ բախում տեղի ունեցավ թուրքական իսլամական կազմակերպության ակտիվիստների հետ, զոհվեց նավի ինը ուղևոր, իսկ իսրայելական տասը զինծառայող վիրավորվեց։ Դրանից հետո Իսրայելի և Թուրքիայի փոխհարաբերությունները փչացան, բայց, որ խիստ հատկանշական է, ժամանակի ընթացքում ռազմական համագործակցությունը կարգավորվեց։
Այնուհետև, Իսրայելի նախագահ Պերեսը և գլխավոր շտաբի պետ Գանցը ողջունեցին վարչապետի որոշումը, հայտարարեցին, որ թշնամանքի պատճառներ չկան, և իրենք պատրաստ են անհապաղ սեղմելու թուրք գործընկերների ձեռքը։ Էրդողանը նշեց, որ Նեթանյահուն ներողություն է խնդրել հենց այն ձևով, ինչպես պահանջում էր Թուրքիան. «Մեզ համար կարևոր էր, որ հնչեր «ներողություն» բառը և ոչ թե «ափսոսանք», և դա արվեց», իսկ նախարար Դավութօղլուն պատմեց, որ Իսրայելի ներողությունը բավարարել է իր երկրի բոլոր պահանջները։ Չթաքցնելով իրենց ուրախությունը, ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչները ծափահարություններով իրենց աջակցությունն են հղել թուրք վարչապետին, այդ ուրախությունը համակել է նաև հաշտության գլխավոր հովանավորին` ԱՄՆ-ի նախագահ Օբամային։ Նա, կարճատև այցից հետո հեռանալով Իսրայելից, առանձնապես նշել է վարչապետների հեռախոսազրույցը և ասել, թե հուսով է, որ «այս խոսակցությունը կվերականգնի լիակատար համագործակցությունը»։
Շուտով նաև լրացուցիչ մանրամասներ հայտնի դարձան։ Օրինակ, այն հետաքրքիր փաստը, որ Նեթանյահուի զանգից առաջ Էրդողանն ինքն է զանգել Պաղեստինի Ինքնավարության ղեկավար Աբու-Մազենին և Գազայում ՀԱՄԱՍ-ի կառավարության ղեկավար Հանիային և նրանց թույլտվությունը խնդրել ընդունելու Իսրայելի ներողությունը։ Հատկանշական է նաև այն, որ ներողությունն արդյունք դարձավ եռամյա դիվանագիտական աշխատանքի, որի կատալիզատորը եղավ ԱՄՆ-ի նոր պետքարտուղար Ջոն Քերին, և որ հենց ամերիկացիներն էին զբաղվում Իսրայելի և Թուրքիայի միջև ճգնաժամի ավարտի մասին համաձայնագրի վերջնական տարբերակով։ Եվ, որ ամենահատկանշականն է, կանխավ գրվել էր ամբողջ սցենարը` ԱՄՆ-ի նախագահի այցի վերջին օրը Նեթանյահուն կզանգի այն պահին, երբ կողքին կլինի Օբաման։ (Շատ հավանական է, իրավիճակն ու իր «ենթականերին» խիստ հսկողության տակ պահելու համար)։ Արդյունքում, պաղեստինցիների և Նեթանյահուի հետ Էրդողանի զրույցից հետո լսափողը վերցրեց Օբաման և շարունակեց խոսակցությունը։ Զրույցը 20-30 րոպե է տևել։
Այնպես որ, Վաշինգտոնն ամբողջ աշխարհին մեկ անգամ ևս ցույց տվեց, թե ով է «աշխարհի տերն ու տիրականը», իսկ այնպիսի հասկացություններ, ինչպիսին «ազգային հպարտությունն» է, իրական քաղաքականության մեջ դատարկ բան են։ Չէ՞ որ, ինչպես հայտնի է, դեռ այս տարվա փետրվարի վերջին Նեթանյահուն հերթական անգամ մերժեց իր պաշտպանության նախարարի առաջարկությունը` ներողություն խնդրելու «օպերատիվ սխալների» համար և վերականգնելու հարաբերությունները Անկարայի հետ։ Էրդողանն էլ էր «մկանները ցուցադրում», երկար ժամանակ չէր ուզում ընդունել ներկա ձևակերպումը, չէր ուզում հեռախոսային ներողությունը, ուզում էր «միայն թղթի վրա», չէր պատասխանում իսրայելցիների զանգերին, և սիոնիզմն էլ չէր երկնչում հավասարեցնել ռասիզմին։ Երևի հիմա, ամերիկյան հիմնավոր համոզումից հետո, երկու քաղգործիչներին ոչինչ չէր մնում անելու, քան համաձայնելու ներողության փոխզիջումային տարբերակին, և արդյունքում Օբաման «սեղմեց կոճակը»։ Նեթանյահուն ներողություն խնդրեց, իսկ Էրդողանը, ինչպես միշտ են թուրքերն անում, դեմքի ծանրումեծ արտահայտությամբ սկսեց ցուցադրել «Թուրքիայի միարժեք հաղթանակը»։ Իսկ այն, որ այդ հաշտությանը Վաշինգտոնում, Անկարայում ու Երուսաղեմում սպասում էին ամբողջ երեք տարի, որ վաղեմության ժամկետը նկատի ունենալով դա նման է ոչ այնքան ներողության, որքան քաղաքական գործարքի, աննշան մանրուքներ են։ Սակայն, ինչպես հայտնի է, հենց դրանում էլ «թաղված է շան գլուխը»։ Հետևաբար և ավելորդ չէ խոսել ներողություն հայցելու թե՛ շարժառիթի, թե՛ ժամանակի մասին։
Եվ ուրեմն, սա տեղավորվում է Մերձավոր Արևելքի փոփոխման, դրանում Անկարայի և Երուսաղեմի դերերի բաշխման ամերիկյան գլոբալ ծրագրերի մեջ, և Վաշինգտոնի ու անձամբ Օբամայի կարևորագույն խնդիրն է ամեն գնով «հանգստացնել պաղեստինցիներին»։ Առաջին հայացքից այստեղ հաջողություն է արձանագրվել. Էրդողանը հայտարարել է, որ հարաբերությունների կարգավորումը հնարավորություն է ընձեռում խաղաղ պայմանավորվածությունների հասնելու Մերձավոր Արևելքում, և ինքը մտադիր է ամենաակտիվ միջնորդ դերը խաղալ Իսրայելի ու պաղեստինցիների հաշտեցման գործում։ Ավելին, ՀԱՄԱՍ-ի կառավարության ղեկավարը հայտարարել է, որ թուրք վարչապետի այցը տեղի կունենա ապրիլի կեսերին, որ Էրդողանը պետք է մասնակցի Գազայում թուրքական հոսպիտալի բացմանը, և որ ամենակարևորն է, իբր, վերացվելու է Գազայի շրջափակումը։ Իսրայելն, իր հերթին, թույլատրել է հոսպիտալի համար սարքավորումների ու շինանյութի մատակարարումները, սակայն Իսրայելի վարչապետի ազգային անվտանգության գծով խորհրդական Ամիդրորը տեղնուտեղը պարզաբանել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների վերականգնման համաձայնագիրը Գազայի շրջափակման վերացում չի նախատեսում։ Նա հայտարարել է. «Մենք Թուրքիային չենք խոստացել, որ ցանկացած պարագայում թույլ կտանք, որ Գազա տանեն ինչ ուզեն և թեթևացնեն Գազայի բնակիչների կյանքը, եթե այնտեղից կրակոցներ լինեն։ Մենք չենք հրաժարվել մեր իրավունքից պատասխանելու այն բանին, ինչ պատահում է Գազայում` ամեն կերպ «թուրքերի խաթրն» առնելու համար»։ Ներողության մյուս կարևոր շարժառիթը, ինչպես հետևում է Նեթանյահուի բացատրություններից, եղել է Սիրիան, որտեղ իրադրությունն օրեցօր ավելի է սրվում։ Նա հայտարարել է, որ իրավիճակը վնաս է հասցնում Իսրայելի անվտանգությանը ու կարևոր է, որ Թուրքիան և Իսրայելը, որ սահմանակից են Սիրիային, կարողանան շփումներ ունենալ։ «Սիրիան փլուզվում է, զենքի պաշարներն սկսում են ընկնել տարբեր խմբավորումների ձեռքը։ Ամենամեծ վտանգը քիմիական զենքի հայտնվելն է ահաբեկչական կազմակերպությունների ձեռքում»,- գրել է իսրայելցի քաղաքագետ Բիբին Facebook սոցիալական ցանցի իր էջում։ Բայց, միաժամանակ, առայժմ ոչ ոք առանձնապես չի ուզում մասնակցել «սիրիական խառնաշփոթին»։ Իսկ Իսրայելի պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչներն առհասարակ հայտարարում են, որ թեև իրենք մտադիր չեն խանգարելու սիրիացի ապստամբների համար զենքի մատակարարումներին, սակայն բանակը պետք է ճշգրիտ իմանա մատակարարումների բնույթը, քանակը և հասցեատերերին, քանի որ այն «զենքը, որ այսօր կրակում է Ասադի զինվորների վրա, վաղը կարող է ուղղվել ՑԱԽԱԼ-ի դեմ»։ Տրվել է նաև այդ հարցի առնչությամբ պաշտոնական Երուսաղեմի լռության բացատրությունը. «Իսրայելական իշխանությունները չեն ուզում սպառնալիքի տակ դնել Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման փորձերը, որը համարվում է սիրիական ապստամբների սպառազինման գլխավոր ջատագովներից մեկը»։ Եվ, իհարկե, Անկարայի և Իսրայելի հնարավոր մերձեցման կարևոր պատճառը համարվում է Իրանը։ Պատահական չէ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, բրիգադի գեներալ Ջազարին հայտարարել, որ «Թուրքիայից Իսրայելի ներողությունը Միացյալ Նահանգների, Իսրայելի ու Թուրքիայի նոր խաղն է տարածաշրջանում դիմադրության և իսլամական արթնացման վրա լրացուցիչ ճնշում գործադրելու նպատակով»։ Իսկ որոշ ռուս փորձագետներ էլ առհասարակ համարում են, որ «հիմա կհետևի կամ Իսրայելի ուղղակի հարձակում Իրանի վրա, կամ էլ մի ինչ-որ իսրայելական սադրանք», որ «Իրանի վրա հարձակվելու համար Իսրայելին պետք է Թուրքիայի աջակցությունը, և Իսրայելի այդ ներողությունը Էրդողանի դրած պայմանն է հարաբերությունների կարգավորման համար»։ Միաժամանակ, Անկարայի «իրանական քաղաքականությունը», երևում է, ձախողում է կրել, շատ քիչ հավանական են թվում թուրքերի որևէ գործողություն կամ օգնություն։ Ասենք, ԱՄՆ-ն էլ առայժմ, չնայած իր հռետորաբանությանը, պատերազմը չի խրախուսում։ Համենայն դեպս, Օբաման Իսրայել կատարած այցի ընթացքում համոզում էր սպասել մինչև Իրանի առաջիկա նախագահական ընտրությունները։
ՈՒ թեև երկուստեք շահը, կարծես, առկա է, բացասական արձագանքը ևս երկար սպասել չտվել։ Այդ «հաշտությանն» առաջինն արձագանքեց Իսրայելի խորհրդարանի արտաքին գործերի և պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Լիբերմանը։ Նա Նեթանյահուի քայլը համարել է կոպտագույն սխալ, ինչպես նաև հայտարարել է, որ նման գործողությունները խաթարում են իսրայելական բանակի զինծառայողների ոգին, ուժեղացնում ծայրահեղականների դիրքերը և վնասում ահաբեկչության դեմ անզիջում պայքարին։ ՑԱԽԱԼ-ի ռազմածովային ուժերի նախկին հրամանատար գեներալ-մայոր Մարոմը կասկած է հայտնել այն առնչությամբ, թե ներողությունները կհանգեցնեն երկու երկրների փոխհարաբերությունների բարելավմանը։ Նա նաև կոչ է արել, որ կառավարությունը լիովին աջակցի «Մարմարայի» կալանման գործողությունն իրականացրած ստորաբաժանման զինծառայողներին։ Տեղի ունեցածը դուր չի եկել նաև Կնեսետի արաբ պատգամավորներին։ Օրինակ, պատգամավոր Զուաբին կարծում է, որ Նեթանյահուն «անհամոզիչ ներողություն է խնդրել միայն ողբերգական» սխալի համար, որը հանգեցրել է «խաղաղարարների զոհման», որ իսրայելական վարչապետի արտահայտությունները հող են նախապատրաստում խաղաղ բնակչության դեմ հաջորդ ռազմական հանցագործությունների համար և պահանջել է ստեղծել «իսրայելական զինվորականության հանցագործությունների հետաքննության» միջազգային հանձնախումբ։ Հետաքրքրական է, որ Թուրքիայի վարչապետն էլ է «տարած հաղթանակից» հետո հապշտապ հայտարարել, որ դեռ շուտ է խոսել դիվանագիտական հարաբերությունների լիակատար վերականգնման և «ՑԱԽԱԼ-ի սպաների գործի» փակման մասին, որ պետք է նայել, թե ինչպես առաջ կգնա երկու երկրների մերձեցման գործը, ու միայն եթե Իսրայելը «ընթանա ճիշտ ուղղությամբ, բանը կհասնի նաև դեսպանների փոխանակության»։ Իսկ առայժմ, ներող եղեք բոլորդ, «տներով ընկերություն անելը», այնուամենայնիվ, կսպասի։
Արդյոք Երուսաղեմն էլի՞ ստիպված կլինի կքել, արդյոք Օբաման կշարունակի՞ «ժողովուրդների դաշինք» քամել։ Հարցեր, որոնք, կարծես, դեռևս խիստ խնդրահարույց են։ Առավել ևս, որ բավական է կարդալ երկու երկրների սոցիալական ցանցերում իրադարձության մեկնաբանությունները, համոզվելու համար, որ վերջին ժամանակներս կուտակված փոխադարձ դժգոհությունների հարցում ժողովուրդներն ավելի անդրդվելի են, քան ղեկավարները։ Այնպես որ, թեև հաշտության գործընթացի բոլոր կողմերն ընդգծում են, որ Իսրայելի ու Թուրքիայի նոր դաշինքը (նույնիսկ այնպիսին, որի հիմքում ընկած են ոչ թե բարեկամությունն ու սերը, այլ անհանդուրժողականությունն ու կասկածը) ծայրաստիճան անհրաժեշտ է Մերձավորարևելյան տարածաշրջանի կայունության համար, շատ հավանական է, որ, այնուամենայնիվ, լիովին չվերականգնվի։


Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 2529

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ