Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Չի կարելի ձեռքից բաց թողնել աշխարհառազմավարական ծրագրերին մասնակից դառնալու հնարավորությունը

Չի կարելի ձեռքից բաց թողնել  աշխարհառազմավարական ծրագրերին  մասնակից դառնալու հնարավորությունը
30.10.2012 | 12:31

Ճիշտ չէր լինի համարել, թե 1994-ի մայիսին հայկական զինված ուժերը փայլուն հաղթանակ են տարել: Պարզապես հայկական բանակը կարողացավ վստահորեն խափանել պատերազմում բեկում մտցնելու Ադրբեջանի փորձերը, նրան զրկելով ընդունելի արդյունքներ ձեռք բերելու հույսից, իսկ այդպիսին կարող էր լինել Ղարաբաղի զգալի մասի նկատմամբ վերահսկողության հաստատումը: Միաժամանակ, ԼՂՀ բանակը չկարողացավ վերադարձնել Շահումյանն ու Դաշտային Ղարաբաղի տարածքները, կորցրեց Հորադիզի կարևոր ելուստի վերահսկողությունը: Հայկական զինված ուժերի առջև, երևի, երբեք դրված չի եղել ադրբեջանական զինված ուժերի լիակատար ոչնչացման և Կուր գետի աջափնյա ռազմավարական տարածքների գրավման խնդիրը, ինչը թույլ կտար քաղաքականության մեջ հասնել միանգամայն այլ արդյունքների: Ադրբեջանը հայտնվել էր օրհասական վիճակում, բայց հայկական ղեկավարությունն ու հրամանատարությունը չօգտվեցին դրանից: Հայաստանը ղեկավարում էին դեռևս բավարար փորձ չունեցող քաղգործիչներ, իսկ հրամանատարությունը հիմնականում գտնվում էր պատահական, բնավ ոչ պրոֆեսիոնալ մարդկանց հսկողության ներքո: Այսօրվա իրավիճակը հետևանք է այդ իրադարձությունների, բայց, իհարկե, հետագա գործընթացներն ավելի մեծ չափով կանխորոշեցին ստեղծված իրադրությունը: 1994-2011 թթ. Հայաստանը վարել է անօգուտ արտաքին քաղաքականություն, որը պաշտպանել է իշխանական և ընդդիմադիր քաղգործիչների և քաղաքական խմբերի մեծ մասը, ինչը պայմանավորված է սոցիալական խոր ճգնաժամով:

Հայաստանի արտաքին քաղաքականության գլխավոր գործոնն այն է, որ միշտ ուղղված է եղել քաղաքական ղեկավարության ու նրա շրջապատի շահերի ու անվտանգության բավարարմանը: Դա դարձել է մեր երկրի ավանդույթը, որը միշտ փորձում են ներկայացնել որպես քաղաքականություն և քաղաքական չափավորություն: Հայաստանը սպասողական դիրք է բռնել, նախընտրելով զուսպ պատասխանել արտաքին մարտահրավերներին` ոչ մի լուրջ ջանք չգործադրելով միջազգային ասպարեզում այս կամ այն քայլն անելու ուղղությամբ:
Փաստորեն, Ադրբեջանը ձախողել է զինադադարի մասին նախկին պայմանավորվածությունները և «ծուլընթաց» պատերազմ է սկսել, նպատակ ունենալով Հայաստանին հարկադրել զիջումների, ինչը, անտարակույս, նրան հնարավորություն կտար դուրս գալու բանակցություններից ու կարգավորման գործընթացից: Բայց դա տեղի չի ունենում, և տարածաշրջանում գոյատևման ու կենսագործունեության հեռանկարը ոչ մի բացատրություն չունի:
Աշխարհում շատ նպաստավոր իրավիճակ է ստեղծվել հայկական շահերի տեսանկյունից` ինչպես ղարաբաղյան հարցի, այնպես էլ ուրիշ էական հարցերի առնչությամբ: Ակնհայտ է, որ ուժի առաջատար կենտրոնները, ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Եվրոպան, Իրանը և այլ պետություններ պաշտպանում են և կպաշտպանեն Հայաստանին, որը դուրս է բերվել համաշխարհային քաղաքականության «ռեզերվից» և դարձել է Թուրքիայի նվաճողամտության զսպման կարևոր գործոն: Թուրքական քաղաքականությունը դառնում է Արևմուտքի և Արևելքի առաջատար պետությունների քաղաքական ռազմավարությունների զարգացմանը սպառնացող վտանգներից ու աննպաստ պայմաններից մեկը: Թուրքիան ենթարկվում է համաշխարհային և տարածաշրջանային մեկուսության ու շրջափակման, և դա տեղի է ունենում առնվազն ամերիկացիների ու եվրոպացիների համաձայնությամբ` այդ «դավադրությանը» Ռուսաստանին միացնելու նպաստավոր ակնկալիքներով, այդ քաղաքականությանն Իրանին և արաբական առաջատար պետություններին միացնելու դրական հեռանկարով: Հայաստանն անցկացնում են քաղաքական խութերի միջով, ապահովելով նրա կենսագործունեությունը, նրանից ակնկալելով ավելի արդյունավետ պետական գործառություն: Ադրբեջանին հնարավորություն են տալիս ցուցադրելու իր «յուրօրինակ անկախությունը», իրականում նրան դարձնելով «նավթի տակառ», որը Բաքվի ղեկավարության ամեն հերթական հոգեցնցման ժամանակ մոտեցնում են հնարավոր մեծ պատերազմի սպառնալիքի կրակին, ուր նա շատ ավելին կարող է կորցնել, քան տարածքները: Ադրբեջանի ռազմական ջախջախումն ու քաղաքական անկամությունը մնում են բոլոր շահագրգիռ տերությունների ծրագրերում, ու եթե անգամ ադրբեջանական ղեկավարությունն այնքան էլ լավ չի հասկանում դա, ապա զգացողությունների մակարդակում դա ավելի ու ավելի է թափանցում, առնվազն, քաղաքական խավի գիտակցության մեջ, որը պատասխաններ չի գտնում, թեև դրանք, կարծես, պետք է ակնհայտ լինեն: Այն ըմբռնումը, թե Ադրբեջանը բավական երկար չի կարող գոյատևել իր ներկա տեսքով և ճանաչված տարածքների շրջանակներում, բխում է ոչ միայն որոշակի տարածաշրջանային ծրագրերից, այլև սահմանների և ազդեցության ոլորտների վերաձևման ընդհանուր սկզբունքներից:
Մի շարք առաջատար պետություններ սկսել են ակնհայտորեն հասկանալ, որ մեծ մոլորություն կլիներ երկարաժամկետ ծրագրեր կապել Ադրբեջանի հետ: Այդ ժողովուրդը դատապարտված է կորցնելու ոչ միայն պետականությունը, այլև հայրենիքը, ցրիվ գալու Եվրասիայի հսկայական տարածքներում, ձուլվելու և կազմելու ենթազերային խմբեր, ինչպես պոլովցիների հետ կատարվեց: Ադրբեջանը պետք է ընտրություն կատարի` կամ հաշտվելու մի երկրի վիճակի հետ, որը չի ունենա ո՛չ քաղաքական, ո՛չ տարածքային հավակնություններ, և ենթակա է ավելի մեծ տարածքներ կորցնելու հեռանկարի, կամ էլ դառնալու է Թուրքիայի արբանյակ կազմավորում և ոչնչանալու թուրք ղեկավարության հետապնդած ամեն տեսակի վեհապետական նկրտումների ցնորական բավիղներում: Դրա հետ մեկտեղ, հայկական ռեսուրսը հենց ռեսուրս է նրա համար, որ օգտագործվի, ընդ որում, ոչ մի կասկած չկա, որ եթե հայ ազգը տարածաշրջանային աշխարհաքաղաքական նախագծերին ակտիվ մասնակցության վճռական նախաձեռնություններով հանդես չգա, ապա Հայաստանը ոչ միշտ կդիտվի որպես քաղաքական գործոն: Այլ կերպ չի կարող լինել, այլ կերպ չի լինում քաղաքական պատմության մեջ: «Մեծ եռյակի» հայտնի հայտարարությունը ղարաբաղյան խնդրի առնչությամբ ոչ միայն քարոզչական հնարք է, որն ընդհանուր ոչինչ չունի ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի, ինչպես նաև նրանց ծիրում գտնվող պետությունների իրական ծրագրերի ու մտադրությունների հետ: Այդ հայտարարությունը կարող էր միանգամայն ուրիշ լինել և ոչ մի հույս չտալ Ադրբեջանին, անգամ շինծու հույս, եթե Հայաստանը որդեգրած լիներ քաղաքական այլ ոճ և վարեր ավելի բովանդակալի քաղաքականություն: Հայաստանի քաղաքական ղեկավարությունը և իշխանական մեկնաբանները բազմիցս հայտարարել են, որ չկա ղարաբաղյան խնդրի լուծման մեկ այլ տարբերակ ԼՂՀ-ի անկախ պետականության ճանաչումից բացի` Հայաստանի հետ նրա ցամաքային տարածակապի ու անվտանգության միջազգային երաշխիքների ապահովմամբ: Սա միշտ մատնացույց են անում «պալատական» փորձագետներն ու քաղգործիչները, որոնք պնդում են, թե, իբր, ԵԱՀԿ Մինսկի խմբի մասնակցությամբ մշակված մադրիդյան սկզբունքները Հայաստանի այդ մտադրություններն ու պայմանները պարունակում են: Պետք է ասել, որ ԼՂՀ-ի գոյության այդ խիստ սահմանափակ ձևաչափը, որ ենթադրում է հայ ղեկավարությունը, ամենևին չի երաշխավորում ոչ միայն ԼՂՀ-ի, այլև Հայաստանի անվտանգությունը: Բայց նույնիսկ այդ ձևաչափը լիովին բացակայում է և չի ենթադրվում մադրիդյան սկզբունքներում` որևէ հայտնի վարկածի ձևով: Պատահական չէ, որ բանակցությունների հենց սկզբից (դեռ մինչև մադրիդյան սկզբունքների մշակումը) հայ ղեկավարությունն ավելի շատ էր շահագրգռված բանակցությունների գաղտնիությամբ, քան ադրբեջանականը, ինչը ոչնչով հիմնավորված չէր ո՛չ բանակցությունների հաջողության, ո՛չ ազգային շահերի տեսակետից: Շահագրգիռ պետությունները չեն կարող Հայաստանին թիկունք կանգնել այն աստիճանի, որ թույլ չտան անելու այն զիջումները, որ անում է Հայաստանն ինքը: Եթե Հայաստանը նման էական զիջումներ է թույլ տալիս, ապա ինչո՞ւ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը չպետք է դրան գնան, դժվար է պատկերացնել: Հայաստանի քաղաքական ղեկավարությունը, անհուսալիորեն տանուլ տալով քաղաքական և տեղեկատվական պատերազմը և գրավելով սպասողական դիրք, հույս ուներ, թե կկարողանա ավելի շահեկան դիրք գրավել և բացառել կարգավորման` երկրի համար կործանարար պայմանները: Բայց անհնար է շարունակ համաձայնել հակառակորդի և միջնորդների պահանջներին` ղեկավարության դեմքի ու քաղաքական բարօրության պահպանման մղումով: Մոտենում է հատուցման ժամը: Ո՞վ կարող է հիմնավորված և բավականաչափ առարկայական բացատրություն տալ, թե այդ ինչպե՞ս են մադրիդյան սկզբունքները արտացոլում և ենթադրում կարգավորման այն պայմանները, որոնց մասին հայտարարում է Հայաստանի ղեկավարությունը:
Պատերազմական գործողությունների վերսկսումն այն ըմբռնմամբ, որ ենթադրվում է ընդունված քաղաքական բանավեճում, հնարավոր է միայն Ադրբեջանի և Թուրքիայի միջև միանգամայն որոշակի պայմանավորվածության պարագայում, ինչը ներկա պահին չի կարող լինել: Թուրքիան կարող է շահագրգռված լինել ղարաբաղյան երկրորդ պատերազմով, եթե նա սաստիկ մեկուսացված ու շրջափակված լինի և անհրաժեշտություն առաջանա ցուցադրելու իր դերը տարածաշրջանում: Այլ բան է, որ Ադրբեջանն ընտրել է մանր դիվերսիաների և սադրանքների մարտավարությունը` ռազմաճակատի ամբողջ երկայնքով, ինչը վաղ թե ուշ կհանգեցնի պատերազմի, բայց արդեն Հայաստանի նախաձեռնությամբ, որի համար այդ իրավիճակն անընդունելի կդառնա: Ակնհայտ է դարձել, որ Ադրբեջանը կշարունակի այդ մարտավարությունը` հույսը դրած Հայաստանի համբերության վրա, այն բանի վրա, որ նա կնախընտրի նստած մնալ իր զինվորների թիկունքում, ինչը և մինչ օրս հաջողությամբ անում է: Հայաստանը պետք է համոզված լինի, որ պատերազմն իր համար վատթարագույնը չէ, որ հույսեր կան ոչ միայն լուծելու խնդիրը, այլև, իրոք, հաղթանակ տանելու, ջախջախիչ պարտության մատնելու ոսոխին: Պատերազմական գործողությունների վերսկսման առումով կանխասահմանում չկա, քանի որ երկու կողմերի քաղաքական ղեկավարներն աղետալիորեն կտրված են իրենց ժողովուրդներից, որոշումներն ընդունում են առանց ազգային շահերի հաշվառման: Կհաղթի ոչ թե նա, ով ավելի լավ է նախապատրաստված պատերազմին (տվյալ պարագայում դա ամենակարևոր գործոնը չէ), այլ նա, ով կսկսի պատերազմը: Բացի այդ, կարող է լինել պատերազմի երկու վարկած` երբ Թուրքիան դրանով շահագրգռված է, և երբ Թուրքիան դրանով շահագրգռված չէ:
Հայաստանի ղեկավարությունը, զարմանալիորեն, ամբողջ 20 տարի պայքարում է որևէ նախաձեռնության դեմ` ինչպես Ղարաբաղում, այնպես էլ հայկական սփյուռքում: Հայ ժողովրդի համար իրական այլընտրանք ունենալու ցանկության բացակայությունը լիովին համապատասխանում է Հայաստանի ղեկավարների գործողությունների ոճին: Դրա հետ մեկտեղ, ակնհայտ է դարձել, որ Հայաստանի առջև ծառացած են շատ ավելի կարևոր խնդիրներ, քան պատկերացնում են նրանք: Հայաստանի առջև խնդիր է ծառացած դառնալու տարածաշրջանային աշխարհաքաղաքականության գուցե և ոչ այնքան կարևոր, բայց, այնուամենայնիվ, սուբյեկտ և ուժի համաշխարհային կենտրոնների առանցքային գործընկեր: Այս ամենը հնարավոր կլինի, եթե «հայկական ցանցային կառույցը», որն իր հնարավորություններով արդեն այժմ ավելի ուժեղ է, քան առանձին պետություններ, վերակազմավորվի: «Հայկական ցանցային կառույցը» թիրախ է դարձել մի շարք խոշոր պետությունների համար, որոնք խնդիր են դնում չեզոքացնելու այն կամ դարձնելու իրենց գործընկեր: Մի շարք պետությունների հետախուզական ծառայություններում բարձրաստիճան շատ աշխատակիցներ կորցրել են ծառայական հեռանկարը և խոստովանել են իրենց ձախողումը հենց «հայկական ուղղության» ձախողման պատճառով: «Հայկական ցանցային կառույցը» ոչնչացնել կամ կլանել գրեթե անհնար է, բայց, ցավոք, ինքը հայկական իրականությունը դեռևս ձեռնամուխ չի եղել կոնկրետ կառուցվածքների վերակազմավորմանը: Չափազանցություն չի լինի, եթե պնդելու լինենք, որ Հայաստանի ղեկավարությունը հանդես է գալիս որպես արտասահմանյան հետախուզական ծառայությունների գործընկեր «հայկական ցանցային կառույցի» կլանման առումով: ՈՒստի կորսվում է պատմական արժեքավոր ժամանակը, չկա նոր խնդիրների ըմբռնում: Սակայն շատ լուրջ նախադրյալներ կան, որ ակտիվորեն ստեղծվող նոր կառույցներն ավելի լայն ու արդյունավետ գործունեություն կծավալեն: Եթե անգամ պատկերացնելու լինենք Հայաստանի ղեկավարության գործունեության մի իդեալական տարբերակ, նա, միևնույն է, ի վիճակի չի լինի կատարելու այն խնդիրները, որոնք հանգեցնեին տարածաշրջանի վերափոխմանը, որոշ պետությունների վերացմանը կամ ձևափոխմանը:
Ներկայումս, Հայաստանի դիրքորոշման մերձեցումն ԱՄՆ-ի ռազմավարությանը, ինչպես նաև եվրոպական ընկերակցության առավել կարևոր աշխարհաքաղաքական խնդիրներին, հանգեցրել է Հայաստանի ղեկավարության քաղաքականության այս կամ այն գերակայության ու պատկերացման վերանայմանը: Ինչ վերաբերում է ղարաբաղյան թեմային, ապա քաղաքական գլխավոր նորույթը դարձել է ձգտումը` բնակեցնելու Լեռնային և Դաշտային Ղարաբաղի հողերը, այդ տարածքների ներառումը Հայաստանի տնտեսության և կենսագործունեության համակարգի մեջ: Եթե այդ միտումը և կոնկրետ առաջադրանքների իրականացումը զարգացում ստանան, ապա, անտարակույս, դա հնարավորություն կտա լուծելու ԼՂՀ-ի ինքնահաստատման գլխավոր հարցերը: Ըստ էության, ԼՂՀ-ի անկախության նվաճումն ամենից քիչ է կապված արտաքին քաղաքականության ճանաչման հետ: Ավելին, միջազգային ճանաչման հասնելու մշտական փորձերը շատ վտանգավոր են ինչպես ռազմավարության, այնպես էլ անվտանգության հրատապ հարցերի տեսակետից: Կասկածից վեր է, որ ճանաչումը բնական գործընթաց է` պայմանավորված ԼՂՀ-ի, որպես պետության զարգացման առարկայական արդյունքներով: Հայաստանի ղեկավարությունն աստիճանաբար սկսում է չվախենալ ԼՂՀ-ի անկախությունից և հասկանում է, որ հայկական երկրորդ պետության հաստատումն ավելի կարևոր է դառնում Հայաստանի Հանրապետությունում իշխանության կայունության համար, քան ԼՂՀ-ի ենթադաս վիճակը: Հիմա մեծ տերություններն աշխատում են վերակենդանացնել ղարաբաղյան խնդրի միջազգային նշանակությունը և օգտվել սպառազինությունների` իրենց իսկ բորբոքած մրցավազքից: Ռուսաստանը լիովին տանուլ տվեց Ադրբեջանն իրենով անելու փորձերը` չնայած հսկայական զիջումներին ու զինամատակարարումներին: ԱՄՆ-ը ձգտում է մեծացնել լարվածությունը Հարավային Կովկասում, նպատակ ունենալով հակազդելու Թուրքիայի ու Ռուսաստանի շահերին ու դիրքորոշումներին: Ֆրանսիան ջանում է Հայաստանը ներառել եվրատլանտյան կառույցների մեջ: Արևմտյան ընկերակցությունը փորձում է Հայաստանը ներգրավել իր ծրագրերի մեջ` հակառակ Ռուսաստանի շահերի: Այս պայմաններում տրամաբանական կլիներ Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերազմի բորբոքումը համարել աշխարհաքաղաքական պայքարի կարևոր գործոն: Իհարկե, այս վիճակում մեծ տերությունների ղեկավարների հայտարարությունը հասկանալ որպես ղարաբաղյան խնդրի այս կամ այն հարցի լուծման ձգտում` կլիներ միամիտ և վտանգավոր: Ներկայումս, ինչպես երբեք, չի կարելի մեծ տերությունների դիրքորոշումները դիտարկել իբրև խաղաղարար: Այդուամենայնիվ, կարելի է պնդել, որ ծայրաստիճան նպաստավոր իրավիճակ է ստեղծվել Հայաստանի համար, որի աշխարհաքաղաքական նշանակությունը մեծացել է և անհրաժեշտ է օգտվել դրանից: Չի կարելի ձեռքից բաց թողնել աշխարհառազմավարական ծրագրերին մասնակցելու հնարավորությունը:

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 5430

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ