Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Դուրս է եկել և չի վերադարձել

Դուրս է եկել և  չի վերադարձել
02.10.2012 | 12:37

Օսկանյանի կողքի` Գագիկ Ծառուկյանի աթոռն այդպես էլ դատարկ մնաց: Չխորանանք սիմվոլիկայի մեջ, որովհետև այդ աթոռը դատարկ է «ի սկզբանե», այս գումարման ԱԺ աշխատանքների ողջ ընթացքում, ինչն էլ կարող էր աբսուրդ լինել, եթե ֆարսի տարրեր չունենար իր մեջ:
Ծառուկյանը կարևոր գործով կարևոր տեղ է գնացել, ասին: Ոչ ոք չգիտի` ուր է գնացել, էդ ինչ կարևոր գործեր են, որ երկրից քշել-տարել են ԱԺ թվով երկրորդ ֆրակցիայի ծանրակշիռ ղեկավարին, որի կուսակցության երկրորդ մարդը կանգնած է անչափ կարևոր, եթե չասենք ճակատագրական խնդրի առաջ: Եվ գոնե իր ներկայությամբ պետք է ապացուցեր, որ ինքը թիմի մարդ է, արժանապատվորեն կանգնած թիմի կողքին, և դասալքությունն իրենց ոճի մեջ չէ:
ՈՒստի դատախազի միջնորդությունից առավել` երեկվա թոփը հենց Ծառուկյանի բացակայությունն էր, որովհետև ինչ է անում իշխանությունը, ինքնին հասկանալի է: Ի՞նչ է անում Ծառուկյանը, որևէ մեկին, է՛լ առավել իր թիմին, հասկանալի չէ: Եվ այնուհանդերձ, ինչո՛ւ:
Իշխանություններից առավել Ծառուկյանին էր ձեռնտու երեկ խորհրդարանում կատարվողը: ՈՒ իշխանություններից առավել Օսկանյանը, ով երեկ ահավոր վիճակում էր (նրա աչքերում անսահման ցավ կար), թերևս ավելի լուրջ պատճառ ունի նեղանալու իր կուսղեկավարից: Եվ` ոչ միայն: Նաև` ԲՀԿ-ն և իրեն նման խաղի մեջ «ներքաշողից». նկատենք` Օսկանյանը միայնակ էր ոչ միայն Ծառուկյանի դատարկ աթոռի կողքին, այլև իր «անմիջական բոսի», որի կողմից այդպես էլ որևէ հայտարարություն չհնչեց, ի տարբերություն ԲՀԿ-ի:
Դառնանք ԲՀԿ-ի «բացակային»: Այսպիսով, ինչո՞ւ Ծառուկյանը չկար: Շատ պարզ:
ա. Գար, ի՞նչ ասեր: Նա այնքան «ասելիք» է կուտակել այս ողջ ընթացքում: Գար, պետք է ելույթ ունենար: Պատասխաներ լրագրողների հարցերին: Իսկ պատասխաններ չունի: Ոչ մի հարցի:
բ. Նա ցանկանում է ոչ թե Օսկանյանը նախագահի թեկնածու առաջադրվի ԲՀԿ-ից, այլ ինքը, և փափուկ բարձիկներ է կիրառում իր «պասադկայի» համար:
գ. Ծառուկյանը չի ցանկանում հարաբերությունները փչացնել Սերժ Սարգսյանի հետ, քանի դեռ վերջնական որոշում չի կայացրել:
դ. Ռուսաստանն այս խաղում անտարբեր դիտորդ չէ, նրան երբեք դուր չի եկել Օսկանյանի ներկայությունը ԲՀԿ-ում: Ծառուկյանը փորձում է շահել Ռուսաստանի համակրանքը ևս:
Ի՞նչ հետևանքներ կունենա Ծառուկյանի «դատարկ աթոռը»:
Թիմը տակից կփախչի: Ընդամենը: Հասկանալի պատճառով. աթոռը դատարկ է: Պետք էր երեկ տեսնել ԲՀԿ պատգամավորների շվարած հայացքները: Նրանցից մի քանիսն արդեն երեկ, հենց ԱԺ դահլիճում ոգևորված շախմատ էին խաղում (սիմվոլիկային չենք անդրադառնում):
Ի դեպ, դատախազի միջնորդության քննարկման ժամանակ հայտնի դարձավ, որ վատ օրինակը վարակիչ է. պարզվեց, որ ԲՀԿ-ն գնալու է Ծառուկյանի հետևից, դուրս է գալու և չի վերադառնալու: Այլ կերպ ասած` բոյկոտելու է այս ԱԺ քառօրյան:
Երբ կվերադառնա «դուրս եկած» ԲՀԿ-ն, հայտնի չէ:
Չի բացառվում, որ ԲՀԿ-ն դահլիճ վերադառնա տրանսֆորմացիա ապրած, այլոց հավատացած ու… փոխված:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 5220

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ