ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հանրային տրամադրությունների անզգայացում և սեփական մեղավորության օտարում

Հանրային տրամադրությունների անզգայացում և սեփական մեղավորության օտարում
01.05.2023 | 22:45

Ամեն բան առավել պարզ է, հստակ և կոնկրետ,իսկ խաղն այլևս՝ բաց:

Նախ՝ «Արցախը Հայաստան է և վերջ» ասող Փաշինյանի առաջ նրա իշխանության դիրքերի թուլացմամբ մտահոգված Ալիևը դրել է պահանջ՝ արտաբերել «Ղարաբաղը Ադրբեջան է և վերջ» և դա անել շատ կոնկրետ ու աներկբա:

Երկրորդ, առանց որևէ քաղաքական երկիմաստությունների գործնականում տալ Զանգեզուրի միջանցքը, որը նոյեմբերի 9-ի համաձայնագրի 9-րդ կետով սահմանվել է «անխոչընդոտ»:

Ակներև է, որ այս երկու կետերի իրագործման առումով Փաշինյանը ստանձնել է պարտավորվածություն՝ հանուն սեփական իշխանության պահպանման, և նրա հետ այլևս նոր բան չկա քննարկելու: Սա է նաև պատճառը, որ Ադրբեջանը որևէ շահագրգռվածություն չունի հանդիպելու հայկական կողմի հետ, և փաստացի չկա բանակցային գործընթացին գոնե նման որևէ շարժ:

Սա դիվանագիտական առումով պատային իրավիճակ է, որը, բացի խոստացվածը ուժով վերցնելուց, ուրիշ հանգուցալուծում չի ենթադրում: Սակայն ուժով վերցնելը ենթադրում է ի պատասխան դիմակայություն և ազգային -պետական շահերի աներկբա պաշտպանություն կամ գոնե դրա իմիտացիա, ինչն էլ իր հերթին կարող է հանգեցնել Ադրբեջանին տրվելիք ողջ խոստացված փաթեթի բացահայտման և դեռ մի բան էլ ավելին: Սրա մասին Ալիևը ակնարկեց, իսկ ենթատեքստը հետևյալն էր, «Եթե շարունակես դանդաղել՝ կկորցնես թե՛ իշխանությունդ, թե՛ երկրիցդ մնացածը»:

Սա հասկանալով՝ Փաշինյանը ուրիշ որևէ բան, բացի աջ ու ձախ հանձնելուց, չունի: Այդ ընթացքում նա կիրառում է երկու քաղտեխնոլոգիական վարժություն:

Առաջին, հանրային տրամադրությունների անզգայացում և սեփական մեղավորության օտարում ում վրա ասես, բացի իրենից:

Երկրորդ, սնուցում է վախը պատերազմից՝ քանդելով պաշտպանական ռեսուրսը և ցուցադրելով դիմակայելու սնանկության աստիճանը:

Քանի մենք վախենում ենք, կուզեք ասեք, առճակատումից, կուզեք ասեք, դիմակայությունից, կուզեք ասեք, պատերազմից և զբաղվում համարյա ամեն ինչով, բացի իրողությունները իրենց անունով չկոչելուց՝ երկու տեխնոլոգիաներն էլ աշխատելու են: Արդյունքում դանդաղ անզգայացված հանձնումը այլևս իրողություն է:

Որքան շուտ ընդունենք ոչ թե պատերազմից վախենալու, այլ այն որպես սեփական երկիրն ու տեսակը պահելու միակ առաքինի ձև և ընկալում, այդքան շուտ կավարտվի այս մասսայական անզգայացումը: Այս հանգամանքի քարոզն ու ընդունումը ոչ թե Փաշինյանի ընտրազանգվածի, այլ սեփական երկիրը նրա ճիրաններից ազատողների առաքելությունն է: Մի նայեք, թե ինչքան է նրանց քանակը, քանզի որակն է կարևոր, որը դառնալու է շոգեքարշ:

P.S. Ոչ ներքին, և ոչ էլ արտաքին թշնամին չեն սպասում, այլ շտապում են, քանի գործում է անզգայացումը:

Այն շարունակվելու դեպքում մի օր էլ կլսեք, թե ինչպես են սկսել հիմնավորել, որ ավելի լավ է ո՛չ ռուսամետ լինենք , ո՛չ էլ արևմտամետ, այլ գոռանք. «Հայաստանը Ադրբեջան է և վերջ»:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 2120

Մեկնաբանություններ