Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Քիր Սթարմերը, պաշտոնը ստանձնելուց հետո, առաջին հեռախոսազրույցն է ունեցել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ և վստահեցրել ՈՒկրաինային իր աջակցության մասին: «Առաջնորդները վերահաստատել են ՈՒկրաինայի հանդեպ իրենց հավատարմության ուժը, իսկ վարչապետն ընդգծել է, որ Մեծ Բրիտանիայի աջակցությունն Ուկրաինային անսասան է»,- ասվում է Սթարմերի գրասենյակի հայտարարության մեջ։               
 

Պոետիկ կինոարվեստի քուրմը

Պոետիկ կինոարվեստի քուրմը
20.01.2009 | 00:00

ՓԱՐԱՋԱՆՈՎ-85
Նոր մտածողությունն իր անսովոր ինքնատիպությամբ երբևէ գրկաբաց բարյացակամությամբ չի ընդունվել կարծրահաստատ հնի կողմից։ Հատկապես արվեստում։ Հաստաբեստ ավանդապատնեշը ճեղքել անցնելուն բնատուր օժտվածության ամենապայծառ փայլատակումներն անգամ անզոր են եղել նպաստել, եթե գաղափարախոսական ինկվիզիցիայի ամրակուռ գերիշխանությամբ, աչալուրջ հետևողականությամբ մթագնվել են առաջին իսկ շողարձակումները։ Կոխկրտվել են հաճախ ի հայտ եկած արտասովոր ծիլերը։ Այդուհանդերձ, բարձրարժեք նորը, բավարարելով ամենաանաչառ գրաքննիչի` ժամանակի դժվարհաղթահարելի պահանջները, տեղ է գտել համամարդկային մշակութային գանձարանում։ ՈՒղեցույց աստղի նման առաջնորդել հետագա սերունդներին, անկյունաքարը դարձել գեղագիտական հավատամքի։
Իրեն հատուկ բանաստեղծական ալեգորիկ պատկերավորությամբ ընդհանրացնելով Սերգեյ Փարաջանովի (Սարգիս Փարաջանյան) հանրաճանաչման տատասկոտ ընթացքը` փորձեմ թվերի ու փաստերի հանրամատչելի լեզվով մեր ընթերցողին ներկայացնել բացառիկ ինքնատիպությամբ աչքի ընկնող այս արվեստագետի ամբողջական դիմանկարը։
Ծնվելով ու հասակ առնելով թբիլիսաբնակ հայկական ընտանիքում` Փարաջանովն անմիջապես չի գտել իր կոչման բացահայտման մասնագիտական բանալին։ Միջնակարգն ավարտելուց հետո մեկ տարի ուսանել է երկաթուղային տրանսպորտի ինստիտուտում, երկու տարի` Թբիլիսիի կոնսերվատորիայի վոկալ բաժնում և պարարվեստի ուսումնարանում։ 1945-ին ընդունվել է կինեմատոգրաֆիայի համամիութենական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետ։ Մասնակցելով արվեստանոցի ղեկավարի` Ի. Սավչենկոյի «Երրորդ հարվածը» (1948) և «Տարաս Շևչենկո» (1952) ֆիլմերի ստեղծմանը` գործնականում թրծել է իր մասնագիտական հմտությունները։ 1952-ից աշխատանքի է անցել Կիևի Ա. Դովժենկոյի անվան կինոստուդիայում` որպես բեմադրող ռեժիսոր քննություն բռնելով Յու. Բազելյանի հետ նկարահանած անդրանիկ լիամետրաժ «Անդրիեշ» կինոնկարով։ Մինչ «Առաջին տղան» (1958) խաղարկային ֆիլմըն ձեռնարկելը, 1957-ին, հեղինակել է «Նատալյա ՈՒժվի» և «Ոսկե ձեռքեր» կարճամետրաժ կինոնկարները։ «ՈՒկրաինական ռապսոդիա» (1967) և «Ծաղիկը քարի վրա» (1962) ժապավեններին հաջորդած «Մոռացված նախնիների ստվերները» («Հրե ձիեր», 1964), արժանանալով համամիութենական և միջազգային մի շարք փառատոների մրցանակների, նրա կինոարվեստի ուրույն գրավչությունը հռչակում է աշխարհով մեկ։ Բայց դա չի կասեցնում 1966-ին սկսած «Կիևյան որմնանկարներ» ֆիլմի փակումը։ Վավերագրական ֆիլմերի «Երևան» կինոստուդիայում «Հակոբ Հովնաթանյանն» (1967) ավարտելուց հետո «Հայֆիլմ»-ում նկարահանած «Նռան գույնը» («Սայաթ-Նովա») կինոնկարում կատարելության է հասցնում սեփական պոետիկ-ալեգորիկ գեղագիտության սկզբունքները։ ԽՍՀՄ պետկինոյի տված նվազագույն որականիշով արգելափակվում է գեղանկարչական մեծ ճաշակով, վառ պատկերայնությամբ ու ժողովրդական արվեստի նկատմամբ առանձնակի սիրով նկարահանված այս յուրատիպ կինոնկարի ցուցադրությունը միջազգային էկրանին։ Ավելին, ռեժիսոր Յուտկևիչին հանձնարարվում է ապամոնտաժել կինոժապավենը, ինչի արդյունքում հեղինակային բնօրինակը պահպանվում է սոսկ հայերեն տարբերակով։ Անդերսենին նվիրված «Հրաշք Օդենսում» ֆիլմի վրա աշխատելիս 1973-ին ձերբակալվում է և Կիևի մարզային դատարանի վճռով դատապարտվում 5-ամյա ազատազրկման։ Միջազգային կինոհանրության ճնշման տակ 1977-ին վաղաժամկետ ազատ է արձակվում և բնակություն հաստատում Թբիլիսիի հայրական տանը` զրկված ստեղծագործելու իրավունքից։ Սարքովի մեղադրանքներով նրան քրեական պատասխանատվության են ենթարկում 1982-ին` արդարացնելով 11 ամսվա արգելափակումից հետո միայն։
Խորհրդային գաղափարախոսությանը չմերվող իր գեղարվեստական արտառոց թվացող աշխարհընկալման պատճառով Փարաջանովը, փաստորեն, 15 տարի օտարված է մնում կինոարարումից։ Խիստ ռեժիմի բանտերում ու ճամբարներում ստեղծված բազմաթիվ հարթ ու ծավալային տարանյութ կոլաժներով, նկարներով, տիկնիկներով, կինոմտահղացումների էսքիզներով նա լրացնում ու ամբողջացնում է հայկական արևելյան և եվրոպական մշակութային ավանդների համադրությամբ կազմավորված սեփական անշփոթելի պլաստիկ ձեռագիրը։ 1983-88 թթ. աշխատելով «Վրացֆիլմ»-ում` Փարաջանովը նկարահանում է «Սուրամի ամրոցի լեգենդը», «Փիրոսմանին» և «Աշուղ Ղարիբը»։ Մոտ երկու տասնյակ նրա սցենարները` «Արա Գեղեցիկ», «Սասունցի Դավիթ», «Շուշանիկի նահատակությունը», «Արարատ լեռան գանձերը»... կինովերարտադրման բախտին չեն արժանանում, ավաղ։ Էկրանավորվածներից շատերը, այնուամենայնիվ, ճեղքում են «երկաթե վարագույրը»` տասնյակ հեղինակավոր միջազգային պարգևներով ամրապնդելով նրա մնայուն տեղը համաշխարհային կինոարվեստում։ Նաև` ստեղծագործական ներշնչանքի աղբյուր դառնում ոչ միայն կինոյի, այլև թատրոնի, գեղանկարչության ասպարեզներում հայտնված նորանոր արվեստագետների համար, սեփական գեղագիտության անկյունաքար։
Գեղանկարչական նրա աշխարհի բացառիկ յուրօրինակությունն առաջին անգամ հասու է դառնում արվեստասեր հանրությանը Թբիլիսիի կինոյի տանը 1985-ին բացված անհատական ցուցահանդեսով։ Հաջորդ երկուսը Երևանի ժողովրդական արվեստի թանգարանում (1988, 1989) առիթ են հանդիսանում, որ Հայաստանի կառավարությունը որոշում ընդունի հայազգի տաղանդաշատ արվեստագետի թանգարանը հիմնադրելու մասին` «Ձորագյուղ» ազգագրական թաղամասում կառուցվող երկու շինություն հատկացնելով։ 88-ի ավերիչ երկրաշարժով կասեցված շինարարությունն ավարտվում է 1991-ին, Փարաջանովի մահվանից մեկ տարի անց։
Ինքնակենսագրական «Խոստովանություն» անավարտ մնացած վերջին ֆիլմի չասածը սերունդներին փոխանցելու առաքելությամբ արդեն 18 տարի գործող տուն-թանգարանը (տնօրեն` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Զավեն Սարգսյան) ջանասիրաբար պրոպագանդում է 600 աշխատանքներից բաղկացած փարաջանովյան հավաքածուն ոչ միայն Երևանում։ Մոտ 50 ցուցահանդեսները Կաննում, Սալոնիկում, Տոկիոյում, Մոսկվայում, Հռոմում, Թեհրանում, Լոնդոնում, Պեկինում և այլուր պարբերաբար թարմացնում են արվեստասեր հանրության փարաջանովյան տպավորությունները, վերարժևորում արտիստիզմով, հումորով և բանաստեղծականությամբ շաղախված նրա երևակայության կոնկրետ արգասիքները` ձևավորված տարատեսակ առարկաներով ու նյութերով։ 85-ամյա հոբելյանը նշանավորվել է Կիևում ու Սոֆիայում Փարաջանովի աշխատանքների ներկայացմամբ, Վիսբադենի (Գերմանիա) կինոփառատոնում և Պենաբիլի քաղաքում (Իտալիա) «Փարաջանովի աշխարհը» ֆոտոցուցահանդեսով։ Դեռ կենդանության օրոք արվեստագետի կամքով այստեղ տեղափոխված անձնական իրերով, թբիլիսյան տան նմանությամբ պատրաստված հուշասենյակներով, 1400 ցուցանմուշներով թանգարանում կարողացել են ստեղծել մի միջավայր, որում զգացվում է Սերգեյ Փարաջանովի աներևույթ ներկայությունը։ ՈՒրեմն, նրա մասին հիշողությունը դեռ երկար պատշաճ հարատևություն կունենա։
Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4622

Մեկնաբանություններ