Exit poll-երը կանխատեսում են ձախերի դաշինքի հաղթանակը Ֆրանսիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում և երկրորդ տեղը՝ նախագահական դաշինքի համար, մինչդեռ աջ պոպուլիստական «Ազգային միավորումն» իր զինակիցներով, որոնք արդեն պատրաստվում էին կառավարություն ձևավորել, գտնվում է երրորդ տեղում։ Այս մասին է վկայում Elabe-ի կանխատեսումը, որն արվել է BFMTV-ի, RMC-ի և La Tribune Dimanche-ի պատվերով։ Ifop-ը նույնպես կանխատեսում է նմանատիպ արդյունքներ։               
 

«Իր գյուղը շալակած, Հիսուսի պես բոբիկ, քայլում է դեպի այս հեռավոր ափերը»

«Իր գյուղը շալակած, Հիսուսի պես բոբիկ, քայլում է դեպի այս հեռավոր ափերը»
02.07.2023 | 20:59

...Եվ այստեղ՝ բետոնի, ապակու, ասֆալտի տիրակալության մեջ, վիթխարի երկնաքերների լաբիրինթոսում, ուր միշտ ինչ-որ միջանցիկ սառը քամիներ են խաղում, հաճախ եմ մտածում, թե ինչո՞ւ Նոր Արաբկիրը ժամանակին չկառուցեցին Երևանից հեռու, այնքան հեռու, որ չլուծվեր քաղաքին, շարունակեր ապրել իբրև ուրույն մի աշխարհ՝ հին Արաբկիրից բերած իր վարք ու բարքը, իր կենցաղը, իր բարբառը, դարերով գոյացած իր ավանդույթները հնարավորին չափ պահպանելով:

Այդ մասին վերջերս սկսել էին նաև Երևանում մտածել:

Ավտոմեքենան դանդաղորեն սահում է Բոստոնի փողոցներով:

Դեմը հսկայական շենքի հսկայական պատին մի հսկայական մերկ կին է՝ հսկայական կրծքերով:

-Ի՞նչ ռեկլամ է:

-Շենքին մեջ ելույթ կունենա աշխարհի ամենեն մեծ կուրծքերով կինը: Կուզես՝ երթանք, քիչ մը նայինք...

-Ոչ,- ասում եմ,- Հայաստանում էլ մեծ կուրծքերով շատ կանայք կան... Ե՞րբ և ինչպե՞ս համեմատեցին նրանց կրծքերի հետ և որոշեցին, որ ամենամեծը սրանն է:

Անցնում ենք ինչ-որ բանկի կողքով:

-Այս բանկին սրահներուն մեկում առաստաղը զուտ ոսկի է, կուզես՝ երթանք նայինք...

-Ոչ,- ասում եմ,- թեև Հայաստանում ոսկե առաստաղներով բանկեր չկան, բայց չեմ ուզում, շարունակենք մեր ճանապարհը...

-Հոս, մոտիկ տեղ մը կա, կերթաս, ընդամենը մեկ դոլար կնետես դրամարկղին անցքին մեջ, դեմդ պզտիկ պատուհան մը կբացվի, շատ գեղեցիկ ու մերկ աղջիկ մը կսկսի դեմդ պարել... Ժամանակի սահմանափակում չիկա, մեկ դոլարով որքան ուզես՝ կդիտես...

-Չէ, այդ էլ չուզեցինք:

-Եղբայր, մարդ ալ Հայաստանեն հասնի Ամերիկա ու ատ ամենը չուզե՞ տեսնիլ... Հապա ի՞նչ կուզես տեսնիլ:

-Համաստեղին եմ ուզում տեսնել...

Ուղեկիցներս տարակուսանքով ու զարմացած իրար են նայում.

-Բայց Համաստեղը 1966-ին...

-Գիտեմ, գիտեմ...

-Ուրեմն, գերեզմանո՞ց կուզես երթալ՝ Համաստեղին տապանաքարը տեսնելու:

-Ոչ, գերեզմանոցը Համաստեղին հանդիպելու հարմար տեղ չէ:

-Հապա ո՞ւր:

-Օթոն, եթե կարելի է, քշեք քաղաքից դուրս, դեպի ազատ կանաչ դաշտերը, դեպի այգիներն ու պարտեզները, եթե, իհարկե այս մոտիկներում ազատ դաշտեր ու պարտեզներ կան:

Ավտոմեքենան սլանում է, ես փակում եմ աչքերս, ու դեմս մի գեղջուկ պատանի է, որ եղեռնից հալածված ու Խարբերդի գավառի Փերչենճ գյուղը շալակած, օվկիանոսների վրայով Հիսուսի պես բոբիկ քայլում է դեպի այս հեռավոր ափերը... Նրա հետ են իր առաքյալները` Տափան Մարգարն ու Միզոն, Փիլիկ աղբարը, Կար ամուն, Չալոն... Այո՛, այո՛, Չալոն նույնպես նրա առաքյալներից է, այն էլ ի՜նչ առաքյալ...

Հասնում է պատանին այս հեռավոր ափերը, շալակից ցած բերում իր ուռինազարդ ու գեղեցիկ գյուղը և իր հետ եկած Տափան Մարգարի ու Միզոյի, Փիլիկ եղբոր, Կար ամուի ու Չալոյի հետ սկսում նորից ապրել իր ուռինազարդ ու գեղեցիկ գյուղում... Ապրել, բայց միայն՝ գիշերները...

Վահագն Դավթյան

(«Անխորագիր» վիպակ-էսսեից)

Սիլվա Յուզբաշյանի ֆեյսբուքյան էջից

Դիտվել է՝ 5540

Մեկնաբանություններ