Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԸ Ցեղասպանության մասին

ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԸ Ցեղասպանության մասին
25.04.2023 | 09:28

«Վրեժի կաթ պիտի տան մեր
մայրերը մեր ծնվող մանուկներին…»
•••••
Թուրքն է եղել մեր ամենամեծ թշնամին և է.
•••••
Հայ նահատակների գերեզմանները օրորոցքներ են, որոնցից պիտի ծնի Մայր Հայաստանը:
•••••
Բայբուրդում 700 երեխա թաղեցին ողջ-ողջ թուրք կանանց ներկայությամբ, որոնք նստել, թամաշա էին անում՝ իրենց երեխաները գրկած...
Թերևս մի վայրկյան ընդունենք, որ եվրոպական ժողովուրդները պատասխանատու չեն իրենց կառավարությունների սրիկայությունների և նյութած սարսափների համար, բայց այդ երբեք չի վերաբերում թուրք ժողովրդին. այստեղ ժողովուրդ և պետություն մեկ են, իրար լրացնող:
•••••
Ա՛խ, ես էլ լինեի քեզ հետ, իմ խեղճ, ջարդված, ճղակոտոր, որբ ու այրի ժողովուրդ, որ հիմա, իբրև Նոր Իսրայել Միջագետքի անապատներում խորշակի ու մրրիկների բերան՝ մերկ ու քաղցած, լինեի ձեզ հետ, լայի ձեզ հետ…
•••••
Դարեր պիտի գան ու գնան, և խոսքի հանճարները չպիտի կարողանան հայկական սարսափների, տառապանքի, մարտիրոսության անհունը սպառել:
•••••
Ես պիտի նստեմ Մասիսի ստորոտին, գլխիս մոխիր ցանեմ և լամ, լամ, նզովելով ամբողջ աշխարհը, բարեկամ-թշնամի, և ամեն հայի սրտում վառելով օձ ու թույն:
Այսուհետև անհնար է հավատալ մարդուն, մորալին, բարոյականության, խղճի, խղճմտանքի, ազնվության, եղբայրության, մարդկայնության, մարդասիրության: Մարդը կատարելագործված գազան է, ոչինչ ավելի և ոչինչ պակաս:
•••••
Հայությունը խմեց ոչ թե դառնության բաժակը, այլ դառնության օվկիանը մինչև մրուրը պարպեց… հայության մեծ, հսկա, ահագին քո վշտով, քո տանջանքով…
•••••
Այն, ինչ որ թուրքը բերեց մեր գլխին, դա խտացած ձևն է այն դարևոր ոճիրի, որ նա միշտ գործադրել է ջնջելու մի ազգ, բռնելու նրա տեղը արևի տակ, նրա հայրենիքը յուրացնելու: Դարեր նա մորթել է մեր երեխաներին, կանանց, մարդկանց, կողոպտել, զրկել, լլկել:
•••••
Հայ ժողովրդին խաչ հանեցին, և նրա կայքն ու գույքը և ազգային հնությունները Քրիստոսի պատմուճանի պես բարբարոսները իրար մեջ վիճակի ձգեցին:
•••••
Հայաստանը արդեն ազատ է, և հայությունը հանգստացել է… գերեզմանի մեջ:
•••••
Ինչպե՞ս պետք է դիմանալ այս սարսափների սարսափին, վրե՛ժ. բայց ինչպե՞ս վրեժ հանել, մենք անընդունակ ենք վրեժի, և միևնույն ժամանակ անկարող ենք, մեկ՝ որ մենք չենք կարող թուրքի և քրդի պես կին ու երեխաներ մորթել, ծերեր և հիվանդներ խողխողել, երկրորդ՝ եթե ուզենանք էլ և բարոյապես կարողանանք էլ, մեր ձեռքը բռնող կա՝ ռուսը:
Ռուսիան թույլ է տալիս, թույլ է տվել և թույլ պիտի տա, որ քուրդն ու թուրքը հային մորթեն, իսկ մենք - իրավունք չունենք: Բայց մենք ուզում ենք, և պիտի վերջիվերջո մեր պատմական հողի տերը լինենք ու մեր վրեժը լուծենք դարավոր թշնամիներից, և դա պիտի կատարվի դարերի մեջ. դրա համար մենք պիտի գաղտնի ծրագիր ունենանք, մի ավանդ, բերանացի, սերնդեսերունդ անցնող,- էապես բարեկամ մնալ ու ձգտել ռուս ժողովրդի հետ կռվել՝ տապալելու համար ցարիզմը, բյուրոկրատիզմը, հաշտվել և միանալ վրացիների հետ, միշտ կռվել թուրքիզմի և քրդերի դեմ, սպանել, ոչնչացնել, գնել նրանց հողերը, տնտեսապես ընկճել, աղքատացնել:
Հարկավ ռուսները պիտի խանգարեին, բայց մենք չպիտի հուսահատվենք - մենք կամ թուրքը. ահա նշանաբանը:
•••••
Թուրքը շարունակ կոտորել է հայերին օր ու ցերեկով, Եվրոպայի աչքի առաջ, և մենք էլ միշտ հավատացել ենք եվրոպացիների խղճմտանքին ու մարդասիրությանը: Անուղղելի միամտություն:
Թուրքը կոտորում է, և նույն օրը դեսպանների հետ սեղանի նստում, Եվրոպայում մի քանի գրողներ բողոքում են, և մեզ թվում է, թե մի լուրջ բան է տեղի ունենալու դրանով, այնինչ պետությունները իրար ձեռքից են խլում թուրքերի բարեկամությունը, փող են տալիս, կազմակերպում են, ահա դրանք - եվրոպացիք, գազան, եսական, արյունարբու, շահամոլ: Անգլիան, նույնպես Իտալիան, Ամերիկան, և ամենից վատ Ռուսիան ու Գերմանիան: Շատերը դրանցից խորհուրդ են տալիս հայերին կոտորել և ջարդերն են կազմակերպում: Հայոց բոլոր արյունի մեղքը եվրոպացիների խղճի վրա է ծանրացած, նրա համար ողջ հայերը եղած-չեղած՝ հավի չափ արժեք չունի: Թող կոտորե թուրքը, եթե այն նրան պետք է, մանավանդ երբ դրա համար մեզ կոնցեսիա է տալիս, ուրեմն թո՛ղ ջնջե, մեզ ինչ, մենք մեր շահը, փողն ենք ուզում… Եվ այդ Եվրոպան իրան հաշվում է քաղաքակիրթ, լուսավոր, քրիստոնյա: Ամբողջ Եվրոպայում, պետությունների թե ժողովուրդների մեջ (ինչպես և չինացոց ու ճապոնացոց կարծիքն է) մորալ, կրոն չկա, միայն ես, շահ, նյութ, փող, ուրիշ ոչ մի աստված, միայն ոսկի: Նա հառաջադիմել է գազանության մեջ, կատարյալ զենքերով (Կրուպի) սպանել, մորթել, դավել, խաբել, ամեն բան chiffon de papier (հին լաթի կտոր - Խ. Դ.) է, ոչ միայն գերմանների, այլև բոլորի մոտ - Անգլ., Իտալ., Ռուս., Բուլղար., Ռոմեն, Ամերիկա, այլք…
Այս պատերազմը բոլոր կռվողների գույները ցույց տվեց: Ցույց տվեց, որ բոլորն էլ բորենիներ են, խաբողներ, փոքր ազգերի դահիճներ… և ամենքի էլ դրոշակը հյուսած է կեղծիքներից, խոստումներից, խորամանկություններից ու մեծ գաղափարների (եղբայրություն, քաղաքակրթություն, ազգերի ազատություն, իրավունք, արդարադատություն) անուններից:
Ստորության և եղկանքի դրոշակակիր պետություններ, թքեմ ձեր աչքերի մեջ: Կեղծ դավող-խաբող դրոշակներ՝ փոքր ազգերին առաջ նետող և կոտորել տվող…
•••••
Եվրոպան բարոյապես ընկած, նեխած մի մարդ է, և մենք՝ հայերս, մեծ պատիվ ենք անում նրան, որ խնդրում ենք, դիմում ենք մեզ օգնության գալու:
•••••
Եվրոպան պոռնիկ է, ոճրագործ, վաճառող.
•••••
Հայը Եվրոպայից գաղթած մի ազգ է, որ թե՛ իր մեջ կրում է կուլտուրայի տենչը, և թե՛ կուլտուրա տարածում Ասիայում: Եվրոպ-ասիական հավիտենական պայքարի մեջ նա կանգնած է իր աշխարհագրական դիրքի բերումով հրագծի վրա, և ամենամեծ զոհը բերել այդ կռվին, Եվրոպայի հաղթանակին: Նա այդ կռվի մշտական անմահ, միշտ մաքառող, սակայն միշտ վիրավոր զինվորն է:
•••••
Մենք սերունդներով, մինչև հայության կյանքի վերջը, դարե՛ր, դարե՛ր, չպիտի մոռանանք մեր թափված արյան ո՛չ մի կաթիլը և վրեժ պիտի խնդրենք, վրեժ պիտի երգեն մեր երգիչները, վրեժի կաթ պիտի տան մեր մայրերը մեր ծնվող մանուկներին… մեր գոյության իմաստը վրեժը, միայն վրեժը պիտի լինի…
Մեր աղետն այնքան անսահման է, այնքան եզակի բոլոր ազգերի պատմության մեջ նույնիսկ ամենաբարբարոս ժամանակներում՝ ասորական, բաբելոնական, Լենկ Թեմուր, Համիդ, Շահ Աբաս, որ եթե մնացորդներս մարդ ենք այդ աղետի հանդեպ՝ կամ պիտի ինքնասպան լինենք, կամ խելագարվենք, կամ ազգովին անարխիստ դառնանք՝ ձեռներս միայն ռումբ և ամենուրեք վրեժ լուծենք՝ Պոլիս, Պետրոգրադ, Բեռլին, Վիեննա, Սոֆիա, Փարիզ, Լոնդոն… Թո՛ղ բոլորը միացած մեզ ջնջեն, վերջացնեն:
Ես թքել եմ բոլոր ազգերի խղճի վրա, բոլորն էլ թուրքին հանցակից են, բոլորն էլ մեր թշնամիներն են:
•••••
Մեծ ազգերը մեծ չարիքներ են:
•••••
Այնքան մեծ է հայության վիշտն ու տառապանքը, այնքան ահռելի է ու անօրինակ, որ մեծությունը չափելու համար տիեզերքի անհունությունն ու խորությունը պիտի առնել, իսկ ահռելիության սարսափների համար որակելու բառարաններում բառեր չկան. և ոչ մի բանաստեղծ չի կարող արտահայտել, և միայն պիտի զգալ այն հասկանալու համար, իսկ զգացողն էլ չի կարող այդ ապրել՝ կմեռնի այդ սարսափն զգալով:
Միլիոն ու կես ժողովուրդ մերկացնել իր հազարամյա հարստությունից, ավերել նրա հնությունները, որ նրա հոգու հատորներն են - իր վանքերը, ձեռագրերը, մորթել հարյուր հազարավորներ. հայրեր, մայրեր, եղբայրներ, քույրեր, մանուկներ, ծերեր, հիվանդներ, կախել կույսեր և հղի կանանց, սարսափելի նուրբ և տմարդ տանջանքների ենթարկել, բռնաբարել սրբակույս երեխաներ, պատկառելի մայրեր… և մնացած մերկ, ծեծված, սարսափներ տեսած խելագար մի բազմության մերկ, բոբիկ, քաղցած մտրակների, կացինների ու սվինների տակ քշել այրվող, անջուր անապատները… Այս բոլորը անհնար է հասկանալ, գանգ չի դիմանա այս անսահման օվկիանոսներով թույնը պարփակել: Մարդ սոսկալի-կատաղի խելագարության է հասնում, դիվական ցասման. ոռնալ է պետք, ոչ թե գրել, բոլոր գայլերի բերաններով մեկեն ոռնալ, ոռնալ…
Եվ թուրքը, «ասպետ» թուրքը մի՞թե պիտի հետո ձեռքերը լվացած, հանգիստ նստի մեր ավերակների, մոխիրների, մեր հարազատների փշրված, այրված ոսկորների վրա, և մեր աղջիկներով լցված հարեմներում քեյֆ անե. և պետություն ունենա... մեր լճերը բառացի լցվեցին մեր դիակներով, մեր ջրհորները մեր մանուկներով, մեր գետերը երկու տարի է դիակներ են թափում օվկիանոսները, մեր ժողովրդի բոլոր երակները բացված են և միայն արյուն է հոսում,- արյո՛ւն, արյո՛ւն, արյո՛ւն, արյո՛ւն…
Ներել, մոռանալ՝ երբեք, ո՛չ մի ձեռք հաշտության, ո՛չ մի թուրքի հետ, միայն վրեժ, սա պիտի լինի մեր աստվածը՝ վրեժ, մեր կրոնը՝ վրեժ, մեր պատմական միսիան-վրեժ, մեր երգը, մեր նկարը, մեր հացը-վրեժ, մեր որդին, մեր սերը, մենք-վրեժ:
Դարե՛ր, դարե՛ր, դարե՛ր, միայն վրեժ…
Պիտի մենք լիրբ լինենք, ստոր, պոռնկորդի, որ մոռանանք և ներենք:
(1916-1917 թթ. օրագրությունից)

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 4359

Մեկնաբանություններ