38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

....

....
27.01.2009 | 00:00

Մանդատ` անկախության փոխարեն
Արտգործնախարարության մեր աղբյուրի հավաստմամբ` արևմտյան փորձագիտական շրջանակներում արդեն իսկ տեսակետ է ձևավորվել, որ Հայաստանի ու Ադրբեջանի այսօրվա դիրքորոշումների պարագայում ԼՂ հակամարտությունն անլուծելի է։ Արևմտյան որոշ փորձագետներ ոչ հրապարակային հարթության վրա կողմերին առաջարկում են հրաժարվել տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքներից` հնարավորություն տալով մշակելու այնպիսի նախագիծ, որի համաձայն ԼՂՀ-ն կվերածվի միջազգային հեղինակավոր կազմակերպություններից որևէ մեկի մանդատի տակ գտնվող տարածքի` պահպանելով կառավարման հարցերում ներկա ինքնուրույնության մակարդակը, ինչպես ժամանակին Կոսովոն էր` մինչև նրա անկախության ճանաչումը մի շարք երկրների կողմից։ Ըստ նույն աղբյուրի` արևմտյան փորձագետներն աշխատում են այս առաջարկը Երևանին, Ստեփանակերտին և Բաքվին ներկայացնելու ուղղությամբ։ Ճիշտ է, կա մտահոգություն, որ դրան դեմ հանդես կգա Ռուսաստանը, սակայն կողմերի համաձայնության դեպքում արևմտյան տերությունները կարող են ծրագիրն իրականություն դարձնել` նույնիսկ անտեսելով Մոսկվային։
Ա. ՄԱՐՏՈՅԱՆ

Նոր «թիմ» իշխանության թիմում
Ներիշխանական «տուսովկաներում», շրջանառվող լուրերի համաձայն` սկսել է ուրվագծվել իշխանության մեջ իր առանձին թիմը ձևավորելու` ԱԺ նոր նախագահի ցանկությունը։ Վերջին ժամանակներս խիստ ջերմացել են Հովիկ Աբրահամյանի հարաբերությունները Կենտրոնի թաղապետ Գագիկ Բեգլարյանի, Էրեբունու նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանի և պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ։ Արդեն շատերն են այն կարծիքին, որ Հովիկ Աբրահամյանը սկսել է իշխանության ներսում սեփական դիրքերի ամրապնդման գործընթաց և առաջիկայում էլ աշխատելու է վերոնշյալ անձանց և այլ թիմակիցների նոմենկլատուրային անձեռնմխելիությունն ապահովել, ոմանց էլ նշանակել տալ նոր բարձր պաշտոններում։
Վ. ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Եվ դո՞ւ, դաշնակցություն
«Ժառանգություն» խմբակցության հայտնի հայտարարությունների խորապատկերի վրա, թե պատրաստվում են վայր դնել խորհրդարանական մանդատները, հետաքրքիր խմորումներ են սկսվել նաև դաշնակցության մեջ։ Շրջանառվում են կարծիքներ, որ եթե «Ժառանգությունն», իրոք, դիմի այդ քայլին, ՀՅԴ-ի համար կստեղծվի նպաստավոր իրավիճակ այն առումով, որ դաշնակցությունը կարող է դուրս գալ կոալիցիայից և խորհրդարանում ստանձնել միակ ընդդիմադիր ուժի դերակատարությունը։
Ա. ԲԱՐՖՅԱՆ

Հերթական «լոլոն»
Երբ Սերժ Սարգսյանը Հայկ Հարությունյանին ազատեց ՀՀ ոստիկանապետի պաշտոնից, համակարգի աշխատողները փոքր-ինչ հույս ունեցան, որ հանիրավի «գործ սարքելու» սովորույթի շրջանակը կնեղանա, իսկ Հայաստանն էլ կձերբազատվի «ոստիկանապետություն» համարվելուց: Սակայն Արարատի մարզպետ, ոստիկանության երբեմնի աշխատակից Ալիկ Սարգսյանի նշանակումը բոլորովին էլ «նոր որակ» չբերեց: Ըստ մեր աղբյուրների` վերջին շրջանում կրկին Հայաստան ազատ մուտք ու ելք են անում օրենքով գողերը, ովքեր ոչ մի խոչընդոտի չեն հանդիպում իրավապահների կողմից, իսկ նրանց համար «վիզայի» տրամադրման գործընթացը ղեկավարում է անձամբ Ալիկ Սարգսյանը: Հայաստանն իրենց ներկայությամբ «պատված» քրեական այդ տարրերը ներգրավված են տարբեր տրամաչափի «ռազբորկաների» հանգուցալուծման մեջ: Մեր աղբյուրի պնդմամբ` սա է նաև գլխավոր պատճառներից մեկը, որ Հայաստանում ավելացել է քրեական հանցագործությունների թիվը: Այնպես որ, ոստիկանապետի հավաստիացումները, թե պայքար է տարվում օրենքով գողերի դեմ, հերթական «լոլոն» են:
Ռ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Բուլավաները» մնում են օրակարգում
Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի ղեկավարությունը մտադիր չէ մշակման ու փորձարկումների փուլից դուրս բերել «Բուլավա» ռազմավարական նշանակության հրթիռային համակարգերը։ Այս մասին երեկ հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Սերգեյ Իվանովը, որը համակարգում է ռազմարդյունաբերական համալիրի գործունեությունը։ Նրա պնդմամբ, այս տարվա ընթացքում կիրականացվի «Բուլավա» հրթիռների չորս փորձարկում։ Սկսած 2003 թվականից` այս կարգի հրթիռների փորձարկումները Ռուսաստանում իրականացվել են տասն անգամ, որոնցից հինգը` անհաջող։ «Բուլավա» ռազմավարական նշանակության հրթիռները նախկինում նախատեսված էր տեղադրել ռուսական ռազմածովային նավատորմի ատոմային սուզանավերում` սկսած 2008 թվականից։ Սակայն այդ ժամկետները երկարացվել են մեկ տարով, և 2009-ը, ամենայն հավանականությամբ, վճռական է լինելու այս տեսակի հրթիռների ճակատագիրը որոշելու առումով։ Համենայն դեպս, «Բուլավա» կարգի վերջին հրթիռն արձակվել է «Դմիտրի Դոնսկոյ» ատոմային սուզանավից, որը գտնվում է Հյուսիսային նավատորմի կազմում։
Վ. ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Պատճառը տեխնիկական էր
Շաբաթ օրը «Հայկական ժամանակը» լույս չէր տեսել, ինչը հասարակության շրջանում տարաբնույթ խոսակցությունների տեղիք էր տվել: Շրջանառվող վարկածներից մեկն էլ այն էր, թե օրաթերթի այդ համարում տպագրվել է հոդված, որի պատճառով բոլոր կրպակներից թերթը հավաքել են: Այս և այլ տարածված լուրերի իսկությունը պարզելու համար դիմեցինք «Հայկական ժամանակ» թերթի թողարկման պատասխանատու Հայկ Գևորգյանին, ով մեզ փոխանցեց հետևյալը. «Թերթը լույս չի տեսել զուտ տեխնիկական պատճառով, ոչ մի խնդիր չկա»: Նաև վստահեցրեց, որ օրաթերթը նույն ռիթմով կշարունակի տպագրվել երեքշաբթի օրվանից:

Դիտվել է՝ 2217

Մեկնաբանություններ