38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Բաց և փակ դռներ

Բաց և փակ դռներ
24.03.2009 | 00:00

ՅՈԹ ՕՐ
Էլի ի՞նչ կատարվեց Աստծո անցած յոթ օրում Հայաստանում:
Համարյա ոչինչ, որ հետո գրվելու է պատմության մատյաններում:

Ազգային ժողովը գումարեց հերթական քառօրյան, քննարկվեցին օրինագծեր, ընդունվեցին ու հետաձգվեցին: Հաջորդ քառօրյայից դրանք արդեն կսկսեն լրամշակվել ու փոփոխվել` կատարելությունը գործընթաց է: Օրենսդրականը` անվերջ:
Հերթական նիստն արեց կառավարությունը: Որոշումներ ընդունվեցին` նույն սկզբունքով:
Շաբաթը սպառնում էր ոչնչով աչքի չընկնել, եթե ՀՀ նախագահը քաղաքական կուսակցությունների նախագահներին չհրավիրեր երկրորդ թեմատիկ խորհրդակցության` «Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը և Հայաստանը» թեմայով: 48 կուսակցությունների ղեկավարներ, հրավիրված 65-ից, 5 ժամ շարունակ սկզբում բաց, հետո փակ դռներից ներս մտքեր էին փոխանակում, որ ջենթլմենային պայմանավորվածությամբ մնացին գաղտնիք: Իհարկե, նրանցից ոչ բոլորն էին ջենթլմեն. օրինակ` Արտաշես Գեղամյանը հաճույքով «Կենտրոնի» հեռուստադիտողներին վերաշարադրեց իր ելույթը` հակաճգնաժամային ծրագրի ցուցափեղկում: Վազգեն Մանուկյանն էլ խորախորհուրդ նկատեց. «Չեմ ասի, որ լուծում առաջարկվեց, որը մեզ փրկելու է»։ Գուրգեն Արսենյանն էլ զարմացավ, թե ինչպե՞ս ընդդիմությունը չի հասկանում, որ ճգնաժամը վերաբերում է նաև իրեն ու չի գալիս խորհրդակցության: Խորհրդակցությանը չէր մասնակցում ոչ միայն արմատական կոչված, այլև «անարմատ» ընդդիմությունը. «Ժառանգությունը» ևս հրաժարվել էր նախագահի հետ հաճելի ժամանակ անցկացնելու, որովհետև ավելի հաճելի գործ ուներ` սեփական կուսակցության հետ: Բայց ամենաօրիգինալը «Նոր ժամանակներն» էին. նրանք չէին մասնակցում, որովհետև մասնակիցները շատ էին...
Իհարկե, նման խորհրդակցությունը ճիշտ ու անհրաժեշտ միջոցառում է, բայց ո՞ւմ համար: ՀՀ նախագահը շատ համբերատար ասաց, որ «համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունն այս կամ այն չափով զգում են բոլոր պետությունները»: Հետո ավելացրեց. «Հայաստանն ու մեր տնտեսությունը մեկուսացված կղզիներ չեն, և մեր երկիրը նույնպես զգում է ճգնաժամի ազդեցությունը»: Եվ քանի որ ամեն ինչ այդքան վատ չի կարող լինել միայն Հայաստանում, Սերժ Սարգսյանը նաև «մխիթարեց». «Ֆինանսատնտեսական ճգնաժամն այսօր ստիպել է զարգացած երկրներին այնպիսի փոփոխությունների գնալ, որոնք նախկինում պարզապես անընդունելի կհամարվեին»: Ցավոք, դեռևս որևէ մեկը չի կարողացել ճիշտ դեղատոմս գտնել։
Այբբենական այլ ճշմարտությունների շարքում նախագահը նաև այլ մխիթարանք գտավ` ճգնաժամը բոլորիս խնդիրն է, ճգնաժամի մեղավորները մենք չենք` հայաստանցիներս չենք, սա հայաստանյան երևույթ չէ։ «Իրողությունն այն է, որ եթե միակամ չդիմագրավենք այս ճգնաժամին, տուժելու ենք բոլորս, ողջ հասարակությունով։ Թողնել կառավարությանը միայնակ այս վտանգի դեմ` առնվազն անխոհեմ է»։ Բայց չասաց` ո՞վ է թողել, ու ի՞նչ է նշանակում` չթողնել...
Հետո՞... Հարց առաջին. ես` ՀՀ շարքային քաղաքացիս, սնունդ գնելու նպատակով ամեն օր գնում եմ խանութ, որտեղ փետրվարի համեմատ մարտի վերջին ոչ մի լումա չեն էժանացել այն ապրանքները, որոնք կոչվում են հաց, կարագ, ձեթ, ձու... Ոչ մի լումա չեն էժանացել դեղերը: Ոչ մի լումա չի բարձրացել իմ աշխատավարձը, ոչ էլ թոշակը, եթե հանկարծ վաղը հարկադրված լինեմ հիվանդանոցային բուժում ստանալ, համարյա կրկնապատիկը պիտի վճարեմ... Իսկ եթե վաղը կորցնեմ աշխատանքս, որովհետև ճգնաժամի հետևանքներից մեկն էլ գործազրկությունն է, ո՞վ է ինձ պահելու: Իմ երկրի նախագահն այդ մասին ինձ ոչինչ չասաց, բացի ընդհանուր ու հավուր պատշաճի ֆրազներից, որոնք ինձ համար մի իմաստ միայն կարող էին ունենալ` դու մենակ ես քո ճակատագրի հետ, գլխիդ ճարը տես: Բարոն Մյունհաուզենը նման դեպքերում ինքն իր մազերից քաշելով իրեն հանում էր ճահճից, բայց փրկության համանման այլ դեպք գրանցվե՞լ է... Խորհրդակցությունից հետո վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ ասաց. «Ինձ` բազմամեղիս համար, քննադատությունն ընդունելի է»: Երևի էլի Շնորհալի էր կարդացել գիշերը` խորհրդակցությանը նախապատրաստվելիս: Բայց ուրիշ գրքեր պիտի կարդար նաև, դե, գոնե որ նախագահը չասեր. «Կառավարությունը, իշխանություններն իրավունք չունեն թաքնվելու ճգնաժամի թիկունքում և սեփական սխալները, սեփական բացթողումները վերագրելու միայն ու միայն ճգնաժամին»։
Հարց երկրորդ. վարչապետի պես իմ հարցերի պատասխանների համար դասականների՞ն դիմեմ, թե՞ ժամանակակիցներին: Ո՞վ կասի հոդաբաշխ մի խոսք. Ազգային ժողո՞վը, կառավարությո՞ւնը, կենտրոնական բա՞նկը, տնտեսական մրցակցության հանձնաժողո՞վը, թե՞ շարունակեմ նայել «Հայլուր» ու հիանալ վիրտուալ Հայաստանով, որտեղ ամեն ինչ հրաշալի է ու սպառնում է ավելի հրաշալի դառնալ:
...Իհարկե, ամբողջ շաբաթ քաղաքամայր Երևանի քաղաքական էլիտան քննարկում էր քաղաքապետի թեկնածուներին... Նրանք առայժմ այնքան էլ շատ չեն` ՀՀԿ-ից` Գագիկ Բեգլարյանը, ԲՀԿ-ից` Հարություն Քուշկյանը, ՕԵԿ-ից` Հեղինե Բիշարյանը, ՀՅԴ-ից` Արծվիկ Մինասյանը, ԺԿ-ից` Տիգրան Կարապետյանը, ՀԱՍԿ-ից` Մովսես Շահվերդյանը և ՀԱԿ-ից` Լևոն Տեր-Պետրոսյանը, որը, ինչպես 2007-ի սեպտեմբերին, 2009-ի մարտին վերստին ամեն ինչ խառնեց իրար: Օրինակ` ո՞ր խելամիտ մարդը նույն երկրում նախագահ լինելուց հետո կհավակներ քաղաքապետ լինելու... Եվ` ինչո՞ւ... Ահա այս «ինչու»-ի պատասխանները պարզ են` Լևոն Տեր-Պետրոսյանն ուղղակի չէր կարող քաղաքապետի ընտրությանը չմասնակցել: Չէր կարող, որովհետև «Պայքար, պայքար մինչև վերջը», ինչպես ապացուցեցին 88-ից անցած տարիները, գործընթաց է, որ չի ավարտվում։
...Այս շաբաթ ևս մի «անսպասելի» իրողություն գրանցվեց` Վճռաբեկ դատարանը անվավեր ճանաչեց «Բջնի» գործարանի աճուրդը: Դատական համակարգի, որ Սահմանադրական դատարանի նախագահի կարծիքով նոր սկսում է ձևավորվել, վերաբերյալ ինչ ուզում եք` մտածեք, բայց քայլը ոչ թե նոր սեփականատեր Ռուբեն Հայրապետյանի դեմ էր, այլ հօգուտ նրա, որովհետև հանքային ջրերի գործարանը սնանկացման է դրվելու, հետո` նորից աճուրդի, որը զգալիորեն հեշտացնում է նրա գործը... Եվ ո՞վ է կասկածում, որ Ռուբեն Հայրապետյանը կգնի գործարանը:
Եվ վերջապես ամենակարևոր իրադարձությունը` մարտի 23-ին գարնանային գիշերահավասարն էր, որ... նաև ամռան սկիզբն է նշանակում:
Վաչիկ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 3091

Մեկնաբանություններ