38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«ԳՈՆԵ ԳԾԻՑ ՄԻ ՔԻՉ ԷՍ ԿՈՂՄ ԱՊՐԵԻՆ, ԳՆԱՑԵԼ ԾՄԱԿՆԵՐԸ ՏԵՂ ԵՆ ԳՏԵԼ ՈՒ ՉԳԻՏԵՆ, ԹԵ ԻՆՉ ԿԱ ԱՇԽԱՐՀՈՒՄ»

«ԳՈՆԵ ԳԾԻՑ ՄԻ ՔԻՉ ԷՍ ԿՈՂՄ ԱՊՐԵԻՆ, ԳՆԱՑԵԼ ԾՄԱԿՆԵՐԸ ՏԵՂ ԵՆ ԳՏԵԼ ՈՒ ՉԳԻՏԵՆ, ԹԵ ԻՆՉ ԿԱ ԱՇԽԱՐՀՈՒՄ»
03.04.2012 | 00:00

«Ա՜յ տղա, դու շիլ Եղիշի Հրանտոն չե՞ս…»: Հրանտ Քառյանը (Վարշամ Գևորգյան) եկել է Քոլագերանի կայարան և չի կարողանում տուն հասնել: Երիտասարդն ավարտել է համալսարանը, արժանի է Փարիզի, բայց գնում է ինչ-որ Քոլագերան` ինչ-որ Ծմակուտի համար:
«Համազգային» թատրոնում Հրանտ Մաթևոսյանի «Կայարան» ստեղծագործության հիման վրա բեմադրված ներկայացումը հին ու նոր խնդիրներ է վեր հանում:
Ներկայացման բեմադրիչը ՍԱԹԵՆԻԿ ՄԱԹԵՎՈՍՅԱՆՆ է: Բեմականացրել են Վալերի Թումասյանը և Սաթենիկ Մաթևոսյանը: Նկարիչ` Գրիշա Սահակյան, կոմպոզիտոր` Մարտին Վարդազարյան: Դերերում են նաև Կորյուն Բուդուրյանը, Կարապետ Բալյանը, Ստեփան Ղամբարյանը:
«Հրանտ Քառյանը, փողկապը սպիտակ վերնաշապիկին նեղ կապած, կանգնել էր Քոլագերանի նեղ մայթին: Հետո լռություն եղավ: ՈՒ լռության միջից իր մութ բնից ծուղրուղուեց աքաղաղը: Հրանտ Քառյանը թեթևակի քամահրանքով սիրեց աքաղաղին»:
Հանդիսատեսը Հրանտ Քառյանի հետ կայարանում սպասում է, նրա պես ծիծաղում արտասվելու չափ, հետո նորից ծիծաղում և ծիծաղելով մտածում է, որ սիրում է այս կայարանը: «Սիրում է այս հանգույցը, որի դարակներում մի կոպեկ փող չկա, հեռախոսավարուհուն (Արմինե Պողոսյան), որ տանը չորս երեխա ունի, այս միլիցիոներին (Արման Նավասարդյան) և՛ իր շիլ հորը և՛ իր թախծոտ մորը և՛ իր շիլ ինը եղբայրներին և իրեն, որ կարողացել է այդ արանքներից դուրս պրծնել ուղիղ աչք»:
Քաղցր կյանքի աշխարհը մերժում է Հրանտ Քառյանին: Հրանտ Քառյանը մերժում է քաղցր կյանքի աշխարհը. Փարիզ, Նոբելյան մրցանակ, ազգի ճակատագիր… «Գլուխն ափերի մեջ` նա նստել է կողովներին, որոնց հետ կապված է վերջին թոշակներով և մորն ուրախացնելու հույսով: Դա նրա բեռն է»:
Քոլագերանի կայարանում իրար են բախվում Փարիզն ու Ծմակուտը:
«Հրանտ Քառյանը բոլոր գույներով ու հոտերով տեսավ գյուղը և լսեց հեռախոսազանգը անմարդ գյուղամեջով մեկ և մտածեց` էս ո՞ւր եմ գնում: Տղաների հետ խոտ ենք հնձելու, հնձելու ենք, հնձելու ու էդպես էլ չենք վերջացնելու»: Նրա կռիվը Ծմակուտի հետ չէ: «Հրանտ Քառյանն իրենց գյուղի վատ ճանապարհի համար մտքում հայհոյում էր Բերսաբե Միրզախանյանին (Տաթևիկ Ղազարյան), իր հոր և մոր համար, որ չեն մտածել, թե ինչպես են ապրելու իրենց այդքան երեխաներով, պարզապես ծնում են ու սիրում հավասար սիրով, իսկ նրանք բոբիկ են»: Մեղավոր էր Բերսաբեն, որ այդքան գեղեցիկ էր, այդքան կարիերիստ, մեղավոր էր Կարինեն (Անի Ղազարյան), որի հետ այդպես էլ ռոք-նռոլ չպարեց, ամերիկյան ֆիլմերն էին մեղավոր ու վերջապես, Ծմակուտի գրադարանավարուհին, որ մինչև մի զիբիլը պարբերություն առ պարբերություն գլուխը չէր մտցնում, մյուս զիբիլը չէր տալիս` վերցրած գիրքը, բալիկ ջան, պետք է կարդալ:
Համալսարանի միջանցքը, Բերսաբեի ձայնով իր մոտ կանչող Փարիզը, գյուղամեջի արևը, աքաղաղի կանչը, Հրանտ Քառյանի բեռները, Երևան-Մոսկվա գնացքը, «նշանավոր» դարձած Քոլագերանը, կոշտ ու բարի մարդիկ հակասական ապրումների տեղիք են տալիս:
Հրանտ Քառյանն անզոր է թվում Բերսաբեի կլոր ուսերի դեմ: Բազմոցն ու հեռախոսը, ծիծաղի ձայնի նրբագրգիռ ելևէջը Բերսաբեին են սանձում, ամեն մեկը ճիշտ իր տեղում է:
Ներկայացումն ավարտվում է տխուր երանգով:
-Արայիկ, մոտդ փող ունե՞ս,- հարցնում է Հրանտը իր հետևից եկող փոքր եղբորը (Նարեկ Բաղդասարյան)...- Ինչ է, չունե՞ս:
-Ինձ փող որտեղի՞ց:
-Ես քեզ փող կտամ: Կոնֆետ կառնես։
-Տանը մի կտոր շաքար չկա, դու ասում ես` կոնֆետ կառնես։
-Ես քեզ ինքնահոս կտամ,- ասում է Հրանտը:
-Բա դու ինչո՞վ կգրես, մատիտո՞վ: Հա, դու քո ինքնահոսը ինձ կտաս ու դու մատիտով կգրես։
-Արայի՞կ, բա ո՞նց ենք անելու:
-Ինչի՞ համար:
-Ընդհանրապես…
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2123

Մեկնաբանություններ