38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«ԹԱՏՐՈՆԸ ԵՐԿՐՈՐԴ ԵԿԵՂԵՑԻ Է, ԱՆԻԿԱ ՏԵՍԱԿ ՄԸ ՏԱՃԱՐ Է ՄԱՐԴԿԱՅԻՆ ԲԱՐՔԵՐԸ ԿՐԹԵԼՈՒ ՀԱՄԱՐ» ԽՐԻՄՅԱՆ ՀԱՅՐԻԿ

«ԹԱՏՐՈՆԸ ԵՐԿՐՈՐԴ ԵԿԵՂԵՑԻ Է, ԱՆԻԿԱ ՏԵՍԱԿ ՄԸ ՏԱՃԱՐ Է ՄԱՐԴԿԱՅԻՆ ԲԱՐՔԵՐԸ ԿՐԹԵԼՈՒ ՀԱՄԱՐ»                     ԽՐԻՄՅԱՆ ՀԱՅՐԻԿ
04.10.2011 | 00:00

Արդյոք այսօր հայ թատրոնը «տեսակ մը տաճա՞ր է» և կրթո՞ւմ է հայ մարդու բարքերը, արդյո՞ք այն մեզ տանում է դեպի վեհն ու գեղեցիկը, արդյո՞ք այն խոսում է հայ մարդուն հուզող` մեր կյանքի շատ ու շատ խնդիրների մասին:
Գրականագետները, թատերագետներն ու թատերական քննադատները հաճախ են մամուլում գովեստի խոսքեր ասում թատրոններին, իսկ առանձին զրույցների ժամանակ ցավով խոստովանում, որ մեր թատրոնները, մեծ մասամբ, ծովի վրա աննպատակ ու անղեկ օրորվող նավերի են նման, որ նրանց խաղացանկերում հայ մարդու մտքի և հոգու ձգտումներն ու ցավերը չեն երևում, մինչդեռ հայ մշակութային օջախը նախ պետք է ծառայի իր ազգին ու հայրենիքին: Ասում են նաև, որ հասարակական հնչողությամբ հարցերի մասին կենցաղային մանր խնդիրներով հնարավոր չէ խոսել, դրա համար պետք են սուր հարցադրումներով թեմա ու կոնֆլիկտ, որ հնարավոր լինի կռվել հոռի բարքերի դեմ և, եթե դրանք չկան, ուրեմն արվեստի օջախն ասելիք չունի, իր ժամանակով չի ապրում, իսկ իր ժամանակով չապրող արվեստի օջախին ոչ ոք չի լսի, որովհետև` «թե ուզում ես երգդ լսեն, ժամանակի շունչը դարձիր»:
Գուցե մեր թատրոնները թատրոն-տաճարի՞ պահանջ չունեն և այնտեղ հնչեցնելու կոնֆլիկտ ու ասելի՞ք:
Փա՜ռք Աստծո, այսօր կոնֆլիկտներ էլ ունենք, թեմաներ էլ, գործող անձեր էլ. ունենք պաշտոնյաներ, պատգամավորներ, ուժայիններ, օրենքի պաշտպաններ, մտավորականներ, օլիգարխներ, իրենց կյանքի ճանապարհը փնտրելիս խոչընդոտների հանդիպող երիտասարդներ, արդարության համար կռվող անհատներ, վեհ ու բարձրագահ սրահներ և մեր ասելիքին սպասող ժողովուրդ:
Բայց ոչ այդ կոնֆլիկտներն ու թեմաները կան բեմերում, ոչ այդ հերոսները:
Գուցե մեր թատրոնները կյանքը չգիտե՞ն:
Անկեղծ լինելու համար պետք է ասել, որ մեր բոլոր թատրոններում այսօրվա կյանքի մասին բուռն խոսակցություններ հաճախ են պատահում` սեղանների շուրջ, արվեստանոցներում, գրիմանոցներում, նույնիսկ կուլիսներում: Եթե ավելի անկեղծ լինենք, կարող ենք ասել, որ մեր կյանքի բացասական կողմերի մասին վրդովմունքով խոսողներ ու երբեմն էլ վերևներին հայհոյող թատերարվեստի գործիչներ էլ ունենք. դե, զգացմունքային ժողովուրդ ենք, ո՞ր երկրում չկա հայհոյող արվեստագետ:
ՈՒրեմն` մեր թատրոններում կյանքը գիտեն: Բայց բեմում դա չի երևում: Ինչո՞ւ այսօր, երբ կռվելու, համարձակ խոսելու հնարավորություն կա, կռվողներ չկան:
Թատրոններն ասում են. «Մենք պատրաստ ենք կռվելու, բայց պիես չկա», իսկ դրամատուրգներն ասում են. «Այդ ի՞նչ եք ուզում, որ չենք կարողանում տալ»:
Իրոք, այդ ի՞նչ են ուզում թատրոնները, որ չեն կարողանում դրամատուրգներից ստանալ: Դժվար է պատկերացնել մի թատրոն` Սունդուկյանի անվան թատրոնից մինչև հեռավոր գավառի մի թատրոն, որն ինչ-որ թեմա ու հարցադրում է ուզում բեմ բարձրացնել և չի կարողանում «ճարել»: Հավատալու բան չէ:
ՈՒրեմն` թատրոնները չեն ուզում:
Ճշմարտության առաջ չմեղանչելու համար ասեմ, որ մեր մեծ բեմադրիչներն այն դաժան գրաքննության տարիներին, երբ չէին ուզում սուր հարցադրումներ բեմ հանել, նույնպես ասում էին` «պիես չկա»: Բայց, դարձյալ ճշմարտության առաջ չմեղանչելու համար ասեմ, որ բրեժնևյան ժամանակներում համարձակ խոսելու համար մարդկանց հոգեբուժարան գցելու մասին, հենց Բրեժնևի իշխանության օրերին, մի պիես էր բեմադրվել, և կատարվել էր զարմանալին. քաղկոմի երիտասարդ աշխատակիցը, ոգևորված տեսածից, բարձրաձայն գովել էր թատրոնի նախաձեռնությունը: Ճիշտ է, թատրոնը գավառական էր, քաղկոմականն ու բեմադրիչն էլ երիտասարդ էին, բայց բեմադրվել էր, չէ՞: Հիմա՞ ինչից ենք վախենում:
Գուցե մեր թատրոննե՞րը սուր հարցադրումներ չեն ուզում: Գուցե, որովհետև նրանք ոչ թե ասում են` «սուր հարցադրումով պիես տվեք», այլ «լավ պիես տվեք»: Բայց «լավ պիես» երբեք չի եղել ու չի լինելու, այդպիսի ժանր գոյություն չունի:
Մեր բեմադրիչների կարողություններին չեմ կասկածում. այսօրվա բոլոր թատրոնների գեղարվեստական ղեկավարներին ճանաչում եմ, նրանց հայրենասիրությանը, վարպետությանն ու գիտելիքներին նույնպես կասկած չունեմ:
ՈՒրեմն կռվել չեն ուզում կամ վախենում են:
Վախենալն ավելի հավանական է. բոլորս էլ գիտենք, որ թատերարվեստի գործիչ-հայհոյողների մեջ կան այնպիսիները, որոնք հայհոյում են նույնիսկ իրենց պարգևատրողներին, բայց նրանց հանդիպելիս հիացմունքի ու գովեստի խոսքեր շռայլում: Բայց ինչո՞ւ բեմում չեն ուզում վրեժ լուծել իրենց «թշնամի» վերևներից` համարձակ բեմադրություններ անելով, այսինքն` էլի թող հայհոյեն, բայց արվեստի լեզվով ու դրանով երկրին էլ, թատերարվեստին էլ օգնեն զարգանալու:
ՈՒրեմն, իրոք, պատճառը վախն է:
Ես այդպես չեմ ուզում մտածել, բայց… ո՞վ գիտե, գուցե անցյալի ծանր տարիները խեղճացրե՞լ են այսօրվա բեմադրիչներին, ովքեր իրենց երիտասարդությունն անցկացրել են սովետական մամլիչի տակ: Բոլորս էլ մահկանացու ենք և գիտենք, որ արյան մեջ մտած վախը հեշտ չի դուրս գալիս` ժամանակ է պետք, հանգամանքներ են պետք, որ արյունը մաքրվի, վախը չքանա, մարդը լիարժեք դառնա:
Ինչքա՞ն ժամանակ է պետք լիարժեք դառնալու համար: 40 տարի՞: Մե՞նք էլ մի կերպ գոյատևենք 40 տարի, ու որպես վախեցած-ստրկացած սերունդ ոչնչանանք, որ նոր սերունդ գա մեզ փոխարինելու: Բայց ինչո՞ւ 40 տարի սպասենք, մի՞թե ինքներս չենք կարող հասկանալ երևույթները, բացատրել, վերլուծել, վիճակից դուրս գալու ելք առաջարկել և վերափոխվել: Հիշենք այն մեծ վերափոխիչի խոսքերը. «…փիլիսոփաները բացատրել են աշխարհը, խնդիրն այն վերափոխելն է…»:
Իհարկե, այսօր ևս «ժամանակն իր շավղից դուրս է սայթաքել». տնտեսությունը ծանր վիճակում է, թատրոն պահելը դժվարացել է, հանդիսատեսը թատերասեր չէ, մտածող չէ, հասկացող չէ, ճաշակ չունի և չի գա թատրոն, որովհետև նրան սուր հարցադրումները չեն հետա-քրքրում, այլ զվարճանքը:
Իսկ այդ ե՞րբ է եղել, որ ժամանակն իր շավղից դուրս չի սայթաքել, ե՞րբ է հանդիսատեսը կատարյալ թատերասեր ու մտածող եղել, և ժողովուրդն էլ չի ուզել զվարճանալ, իսկ մենք էլ ե՞րբ ենք բարձր արվեստով ցույց տվել հանդիսատեսի հոգսերը, մեր կյանքի արատավոր երևույթները, ե՞րբ ենք համարձակ կռվել իշխանավորի հետ, ե՞րբ ենք մի խելոք, գործունյա, կռվող, տառապող, իրեն զոհասեղանի վրա դնող մտավորականի բեմ հանել, որ ժողովուրդը չի եկել, չի ծափահարել, մեզ ձեռքերի վրա չի բարձրացրել, կառքը չի դրել ու ինքն էլ ձիերի փոխարեն կառքին լծվելով մեզ քամու նման չի թռցրել: Մեր բեմերի այսօրվա կերպարները մեզ հիշեցնում են անցյալ դարի 60-70-ականների մեր թատրոնն ու կինոն, երբ մեծ մասամբ հերոսները միամիտ, ինտելեկտուալ կարողություններից զուրկ, խեղճ ու բարի արհեստավոր ու գյուղացի մարդիկ էին, ուզում էին աշխարհը զարմացնել իրենց միամիտ դատողություններով ու նիստուկացով: Իսկ բեմերում եղած «մտավորականներն» էլ կատաղի բանավիճում էին «հակասովետական տարրերի» հետ` սովետական գաղափարախոսության ամենակարող լինելն ապացուցելու համար: Բացասական կերպարների մեջ էլ մեծ մասամբ ծույլ ու անբան գյուղացիներ էին և պաշտոնամոլ բյուրոկրատներ:
Այո, հատուկենտ լավ ներկայացումներ ու ֆիլմեր ունեցել ենք, բայց ռուսական և վրացական կինոյի ու թատրոնի հետ մրցել չէինք կարողանում:
Թատրոնների վիճակն այսօր ավելի է դժվարացել: Հեռուստաընկերություններն այնպիսի ցածրարվեստ սերիալներ են ցուցադրում, էստրադաներում այնպիսի համերգա-ասմունքա-թատերական միամիտ պատկերներ են մատուցվում, որոնք ճնշում են թատրոններին, հանդիսատես խլում: Իսկ «Բանակում» սերիալը ոչ միայն հանդիսատես, այլև երեխաներին է խլում իրենց ծնողներից, դպրոցից ու հայրենիքից: Այո, հայրենիքից. մի՞թե սերիալի հեղինակները չեն տեսնում, թե ինչպես են այլ երկրներում հերոսացնում իրենց հայրենասեր զինվորներին ու ոստիկաններին, նրանց դարձնելով մանուկների ու պատանիների կուռքը` սեր արթնացնելով նրանց մեջ, նրանց կապելով տվյալ ժողովրդին, նրա հողուջրին: Իսկ մեր ցույց տված բանակայիննե՞րը. մի՞թե նրանց դեմքերի արտահայտությունները մեզ չեն ասում, որ նրանք հոգեպես առողջ չեն:
Իսկ հեռուստահաղորդումներում տղամարդկանց համատարած ֆեմինիզա՞ցիան:
Իսկ նորահայտ երգիչ-աստղե՞րը. մեր հանրապետությունում ավելի շատ աստղ կա, քան մեր համաստեղությունում:
Իսկ ռաբի՞սը: Այդ համատարածը ոչ միայն թատրոնների սարսափն է, այլև մեր մշակույթի ողբերգությունը:
Այս բոլորը ճնշում են թատրոններին և՛ ստեղծագործական առումով, և՛ բարոյապես: Այո, բեմերում երբեմն քննադատություն կա. քննադատում են հասարակական կյանքի ու կենցաղի թերությունները, բայց քննադատում են հայտարարություններով, փողոցում գոռգոռացող մարդու նման, խելոք ու համարձակ երևալու մղումով և «փողոցի» մակարդակով: Բայց արվեստն ու գրականությունն իրավունք ունե՞ն նույնիսկ փողոցի մարդու հետ խոսելու փողոցի լեզվով:
Այսօր մեր բեմերի հայ մարդու մեջ վեհը չկա, իսկ վեհը չփնտրել հայ մարդու մեջ նշանակում է ազգային թատրոնի նպատակը հասցնել զրոյի:
Թատրոնն իր ժամանակին առանձնահատուկ հոգատարության տակ է եղել: Հենց միայն այն, որ Սունդուկյանի անվան թատրոնի պրեմիերաներին ներկա է եղել կենտկոմի առաջին քարտուղարը, շատ բան է ասում: Իսկ շրջաններում էլ քաղկոմների ու շրջկոմների առաջիններն էին պրեմիաները պատվում իրենց ներկայությամբ: Այո, այն ժամանակ էլ թույլ ներկայացումներ եղել են, նույնիսկ շատ թույլ: Դրանք ժողովուրդ բերելու համար էին, միամիտ հարցադրումներով և չէին խրախուսվում, սակայն դրանք ևս մատուցվում էին արվեստով, նշանավոր դերասաններով ու բեմադրիչներով: Բայց կամաց-կամաց կատարվեց վատթարագույնը` «ժողովուրդ բերող»-ները սկսեցին շատանալ, դառնալ փողոցի մարդու ճաշակը գոհացնող, իսկ մշակույթի ղեկավարությունն անուշադիր դարձավ կատարվածի հանդեպ և որակի պահանջը կամաց-կամաց մարեց:
Անուշադրությունն էլ իր պատճառներն ուներ։
80-ականներին մշակույթի նախարարության մասնագետ աշխատողները կամաց-կամաց փոխարինվեցին ոչ մասնագետներով: Մեկ-երկու տարի անց այդ «մասնագետներն» արդեն չէին կարողանում գնալ ներկայացումների հանձնումներին ու ելույթ ունենալ: Նրանք չէին համարձակվում վերլուծել ու գնահատել, առաջարկ կամ դիտողություն անել, որովհետև դրանք պետք էր հիմնավորել: Իսկ անընդհատ փոփոխվող նախարարներն էլ չէին հասկանում, որ թատրոնների հետ աշխատելու համար նախարարությանը բանիմաց թիմ է պետք: Բայց եթե նախարարները (նաև տեղակալները) իրենք բնագավառը չգիտեին, ինչպե՞ս կարող էին բանիմաց թիմ ստեղծել: Եվ եկան ու գնացին նախարարներ, բայց իրավիճակը չկարողացան շտկել: Նրանցից շատերը դարձան թատերական աշխարհի թաքուն ու բացահայտ ծաղրի առարկան: Նախարարությունը հաճախ խուսափում էր հանձնումների գնալուց, իսկ եթե գնում էր, ապա միայն շնորհավորելու, ժպտալու, գրկախառնվելու, դեսից-դենից բարեկամաբար զրուցելու և արագ հեռանալու: Կամաց-կամաց նախարարությունը դարձավ գեղղեկերի կամակատարը: Գեղղեկերն այնպիսի գովեստներով քնեցրին գործից չհասկացող նախարարներին, որ նրանք դադարեցին խառնվելուց թատրոնների ստեղծագործական հարցերին:
Իհարկե, ծաղրի առարկա եղող նախարարներ սովետի ժամանակ էլ եղել են. եղել են և՛ բեմադրիչի աշխատանքը «ոՏՐք» եփելու հետ համեմատողներ, և անշնորհք դերասանին անհապաղ տաղանդավոր դարձնել պահանջողներ, և՛ երաժշտական կոմեդիայի թատրոնում դրամաներ բեմադրել առաջարկողներ:
Այսօրվա մեր գեղղեկերը գիտելիք, փորձ, կարողություն և հեղինակություն ունեն, կարող են զրուցակից լինել արվեստի բոլոր ճյուղերին վերաբերող թեմաներով, բայց նրանց մտքերն իրենց ժամանակի ու իրենց հայրենակցի հետ չեն, այսօրվա հայ մարդն իր հոգսերով նրանց չի հետաքրքրում, հայ մարդու մեջ վեհը փնտրելը նրանց համար խնդիր չէ: Եվ բեմերից արդեն ավելի հաճախ է հնչում «փողոցային» քննադատությունը` ոչ խստապահանջ հանդիսատեսին ծիծաղեցնելու համար:
Շարքային հանդիսատեսը չի կարող թատրոնից լուրջ հարցադրումներ ու բարձր չափանիշներ պահանջել, դրանք պահանջել կարող է միայն մտավորականը:
Իսկ այսօր այդ փրկարար պահանջը չկա ու չկա, բայց կա անհանգստություն, որ այսուհետ փողոցի պահանջն ավելի ճնշող ու կործանարար կարող է դառնալ:
Պահանջելն առաջին հերթին մշակույթի նախարարության պարտականությունն է` նախարարի անմիջական գլխավորությամբ, բայց, ցավոք, այսօր նախարարությունը բարձր պահանջներ չի ներկայացնում, որովհետև չի կարող, իսկ թատերագետներն ու քննադատներն էլ, թվում է, ինչ-որ բանի են սպասում: Նրանց մեծ մասն այսօր չգիտի ինչ դիրք բռնել, չգիտի ներկայացումներում ինչը տեսնել և ինչը` ոչ, որպեսզի և՛ վերևից (պաշտոնյաներից), և՛ ներքևից (արվեստի օջախներից) չքարկոծվի: Բայց եթե մենք ուզենանք օգնել քննադատներին և մտահոգվենք նրանց վիճակով, կտեսնենք, որ նրանք երբեմն պաշտպանության կարիք են զգում: Իսկ ո՞վ պետք է նրանց պաշտպանի անարդար հարձակումներից կամ խրախուսի անաչառ քննադատության համար:
Չքննադատելը շատ վնասեց նույնիսկ Վարդան Աճեմյանին: Մի նշանավոր քննադատ, որին նեղում էին Աճեմյանին ոչ մի դիտողություն չանելու համար, մի օր ճարահատյալ հայտարարեց. «Ես Վարդան Աճեմյանի թերությունները չեմ կարողանում տեսնել, ի՞նչ եք ուզում ինձնից»: Իսկ որքան էլ չուզենք տեսնել, այդ մեծ արվեստագետն էլ, շատ մեծերի նման, թերացումներ ուներ:
Այսօր մեր թատերական քննադատները ոչ միայն առանձին ներկայացումների հարցում են երբեմն «գլուխ պահում», այլև որևէ թատրոնի գործունեությունն ամբողջությամբ չեն վերլուծում, իսկ տարին մեկ անգամ հանրապետության թատերական կյանքը բնութագրելը բոլորովին դուրս է նրանց հետաքրքրությունների դաշտից: Երևի կարծում են, որ դա ավելորդ շռայլություն կլինի մեր օրերի համար:
Իսկ թե ինչու մեր բեմերում չկան սոցիալական սուր հարցադրումներով դրամաներ, դա ևս չի հետաքրքրում ո՛չ մշակույթի նախարարությանը, ո՛չ քննադատներին, ո՛չ էլ թատրոններին: Ով` ով, բայց արվեստի աշխարհը լավ գիտի, որ կռվի ամենաուժեղ զենքը ժամանակակից դրաման է, ոչ թե էժանագին մելոդրամներն ու բալագանային կատակերգությունները:
Իհարկե, քննադատելը քննադատի անձնական գործն է, բայց մեր մշակույթն այսօր այն վիճակում չէ, որ քննադատություն ունենալու մասին պետականորեն չմտածենք և այն թողնենք ինքնահոսի:
Չքննադատելն այսօր տակնուվրա է անում նաև գրական աշխարհը, որը կորցրել է մակարդակի չափանիշները, և որի մասն է կազմում խորթ զավակ դարձած դրամատուրգիան: Հայտնի գրականագետը «Գրական թերթ»-ում ուղղակի գրել էր. «Դրամատուրգիայի մասին չեմ ուզում խոսել, այն չկա»: Բայց նա մի՞թե չի կարդացել դրամատիկական «տաղանդավոր» գործերի մասին դրվատանքի հոդվածները, ինչո՞ւ է լռել, վախենո՞ւմ է:
Չպահանջելը ծնում է անարխիա, անարխիան ծնում է չափանիշների կորուստ, չափանիշների կորուստը ծնում է քաոս, իսկ քաոսը մշակույթի գերեզմանափորն է:
Քննադատելն այսօր օդի պես անհրաժեշտ է: Ազնիվ քննադատությունն օգնում է ոչ միայն մշակույթին, այլև պետականության ամրապնդմանը, իսկ ուժեղ դրական և ուժեղ բացասական կերպարները պետք են և՛ արվեստին, և՛ կառավարությանը:
Մենք այսօր կանգնած ենք անդեմ, թույլ, աննպատակ, հանդիսատեսից զրկված և մի կերպ գոյատևող թատրոններ ունենալու հեռանկարի առաջ: Մենք չպետք է ոգևորվենք մեր թատրոններում արտասահմանյան պիեսների չափազանց առատությունից, հակառակը` պետք է մտահոգվենք. դա հայ մարդուն և հայ մարդու ժամանակը մոռացության տալ է նշանակում, գլուխն ավազի մեջ թաքցնել է նշանակում, իսկ գործնականում նշանակում է հանդիսատեսին վերջնականապես սերիալների, հեռուստահաղորդաշարերի, էստրադային համերգների ու երգիչ-աստղերի գիրկը հրել, նշանակում է փողոցի մտածողության ու ճաշակի հետ հաշտվել:
Յուրաքանչյուր թատրոն ժամանակի պահանջները նկատի ունենալով պետք է երբեմն քննադատաբար նայի իր ստեղծագործական ծրագրերին, սկզբունքներին ու չափանիշներին, աշխատի սրբությամբ պահպանել իր լավագույն ավանդույթները, որ նոր եկող գեղղեկը չկարողանա դրանք փոխել ըստ իր պարզունակ մտահղացումների: Երկրի թատերական աշխարհի հզորությունը, չափանիշները, պատմությունը, հեղինակությունը, նաև` մեծ արվեստագետների ծնունդը առաջին հերթին կապված են պատմություն և ավանդույթներ ունեցող թատրոնների հետ:
Այո, թատրոնը երկրորդ եկեղեցի է, «տեսակ մը տաճար» է, և հայ հանդիսատեսը լավ գիտե դա: Նա ժամանակին տեսել է երեք տասնյակից ավելի մեծ ու փոքր թատրոններից կազմված, եռանդով գործող մի ողջ համալիրի աշխատանքը: Այդ թատրոններից յուրաքանչյուրը, իր բոլոր թերություններով հանդերձ, «տեսակ մը տաճար» էր, իր հանդիսատեսի սիրելին և դահլիճ «լցնելու» խնդիր չէր ունենում: Իհարկե, մեր նպատակն այն թատրոնի մակարդակը վերականգնելը չէ, վերականգնել պետք է այն նվիրվածությունը, ակնածանքն ու սերը, որոնք թատրոնի նկատմամբ տածում էր այն տարիների հանդիսատեսը: Միայն այն, որ այսօր թե՛ ցերեկային, թե՛ երեկոյան ներկայացումներին հանդիսատեսը գալիս է ինչ հագուստով որ պատահի և թատերասրահում իրեն պահում է ինչպես իր քմահաճույքն է թելադրում, կարծում եմ, արդեն շատ բան ասող է:
Այսօր մեզ պետք է թատրոն, որը կարելի է ներկայացնել աշխարհին, և ոչ թե արտասահմանում ապրող մեր հայրենակիցներին միայն: Իսկ այս նպատակի համար պահանջ է պետք` բարձր չափանիշներով և խստագույն պահանջ:
«…թատրոնը երկրորդ եկեղեցի է, անիկա տեսակ մը տաճար է…»:
Մենք պետք է ունենանք այդ տաճարը, որը մտահոգված է հայ մարդու և նրա ժամանակի հոգսերով, համամարդկային հարցադրումներով, իսկ առայժմ գլխահակ կանգնած ենք դեպի տաճար և դեպի անդեմ ու ցածրարվեստ թատրոն տանող ճամփաբաժանում:
Չբարձրացնե՞նք գլուխներս ու որոշենք, թե դեպի որ կողմն են ուզում գնալ…
Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3021

Մեկնաբանություններ