38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Բացի եվրոպացիներին «ֆռռացնելու» ջանքերից, կոնկրետ որևէ գործ չեմ տեսնում»

«Բացի եվրոպացիներին «ֆռռացնելու» ջանքերից, կոնկրետ որևէ գործ չեմ տեսնում»
13.03.2009 | 00:00

«ՑԱՆԿԱՑԱԾ ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆ ՊԵՏՔ Է ԲԱՑԱՌՎԻ»
Ներքաղաքական ընթացիկ զարգացումների շուրջ է զրույցը ՀՀՇ վարչության անդամ ԵՐՋԱՆԻԿ ԱԲԳԱՐՅԱՆԻ հետ
-Ձեր դիտարկմամբ, ինչպիսի՞ն է այսօր Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, ընդդիմություն-իշխանություն «կշեռքի» ո՞ր նժարն է առավել ծանր։
-Շատ ուղղագիծ հարց եք տալիս։ Փաստորեն, անցած տարվա ընթացքում իշխանության այն հույսը, թե շարժումն աստիճանաբար կմարի, ի դերև ելավ։ Վերջին հանրահավաքը ցույց տվեց, որ շարժումն ընթանում է նորից բարձրանալու ուղիով։ Իսկ իշխանությունն այս մեկ տարում բացարձակապես ոչ մի լուրջ գործ, որ կնպաստեր հասարակության համախմբմանը, չարեց։ Բացի պաշտպանվելուց, եվրոպացիներին «ֆռռացնելու» ջանքերից, թուրքերի հետ սիլի-բիլի անելուց, ուրիշ կոնկրետ որևէ գործ չեմ տեսնում։ Շարունակվում են անօրինականությունները, տնտեսական հանցագործությունները, չկա դրական բնույթի որևէ գործունեություն։ Եվ բնական է, որ այս պայմաններում ընդդիմության կողմնակիցների թիվն օրեցօր ընդլայնվում է: Մարդիկ, ովքեր քաղաքականացված էլ չեն, տեսնում են, որ այս իրադրությունը փոխելու համար իշխանությունը ոչինչ չի անում։ Իշխանությունն ուղղակի «կոտոշը տնկել» ու շարունակում է ապօրինությունների, բռնությունների և ֆինանսատնտեսական մեքենայությունների հանցագործ ուղեգծով իր ընթացքը։ Այսինքն, այն, ինչ տեղի է ունեցել նախորդ տասը տարիների ընթացքում: Կարմիր կովն իր կաշին չի փոխի: Ֆինանսատնտեսական ճգնաժամի նախորդ շաբաթ գրանցած ցնցումը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Հայաստանը դարձել է աշխարհի ամենախոցելի երկրներից մեկը, նրա տնտեսությունը չափազանց թույլ է և զգայուն։
-ՈՒզում եք ասել, որ նախորդ տասը տարիների ընթացքում տնտեսության հիմքերը երերո՞ւն են եղել։
-Նախ` 2005-ին որդեգրած դրամի արժևորման կուրսը ոչ մի օբյեկտիվ հիմք չուներ և լիովին ծառայեցվում էր ներկրողների շահերին։ Եվ այն իմիտացիոն տնտեսությունը, որ կառուցեց Ռոբերտ Քոչարյանը (մի քանի տասնյակ, իր բառով ասած` «բոնբոներկա» շենքեր), փուչիկ էր, որը մարտի 3-ին պայթեց՝ ցույց տալով, որ հիմքում ոչինչ չունի։ Հիմա էլ այստեղից-այնտեղից 500-ական միլիոն դոլարների վարկեր են մուրում։ Սակայն ռեալ տնտեսության առկայության պարագայում այս պրոցեսի ազդեցությունն այդպես չէր լինի։ Երբ տնտեսություն չկա, փող չկա, դու չես կարող անվերջ պարտքեր կուտակել, քանի որ ստիպված ես դրանք հետագայում վերադարձնել։ Ասել է՝ չես կարող սոցիալական որևէ առաջընթաց ապահովել։
-Անդրադառնանք ընդդիմության վերջին հանրահավաքին, որը չորսամսյա ընդմիջումից հետո կրկին բազմամարդ էր։ Ըստ Ձեզ, արդարացա՞ն բոլոր նրանց ակնկալիքները, ովքեր կտրուկ գործողությունների էին սպասում։
-Որ կտրուկ գործողություններ ակնկալողներ կան, դա ակնհայտ է։ Սակայն սկզբունքորեն մեզ համար հեղափոխությունն անընդունելի է։ Սա հայտնի է բոլորին: Պետք է ժողովրդի մեջ արմատավորել իշխանության օրինական փոխանցումները։ Սակայն սա բացարձակապես չի նշանակում սպասել մինչև 2013-ը: Այս ռեժիմի ամեն մի օրը հայ ժողովրդին ծանր հետևանքներ է բերում։ Կոնգրեսն իր գործողություններով հետամուտ է նրան, որ ներկա վարչախումբն օրեցօր կորցնի իր գոյության հիմքերը: Ի դեպ, այս գործում իշխանությունն իր ամենօրյա հանցավոր վարք ու բարքով մեզ մեծ ծառայություն է մատուցում: Ես վստահ եմ, որ այս պայմաններում հեռու չեն արտահերթ համապետական ընտրությունները: Ընդ որում, դրանց արհեստական ուշացումը փորձանք կդառնա հենց իշխանության համար:
-Տեր-Պետրոսյանն իր ելույթում վճռականությունից խոսողներին քննադատեց։ Այս հանգամանքը ոմանք համարեցին նաև քննադատություն Տեր-Պետրոսյանի շրջապատում կանգնած որոշ քաղաքական գործիչների նկատմամբ։ Ձեր տպավորությա՞մբ էլ է այդպես։
-Տեր-Պետրոսյանը նախ և առաջ դիմում էր ժողովրդին։ Իսկ ընդհանրապես, կարևոր է հասկանալ, որ մեծ պատասխանատվության բեռ է ընկնում որևէ համաժողովրդական շարժման առաջնորդի վրա: Եվ այս առումով Տեր-Պետրոսյանի քաղաքական հաշվարկներից ու գաղափարախոսական ելակետերից բխող որոշումները պատահականության տարրեր չեն պարունակում, քանի որ նա, ի տարբերություն շատերի, տիրապետում է նաև իրադրության հետ կապված ողջ տեղեկատվությանը։ Ես կարծում եմ, որ նրան պետք է բացարձակապես վստահել և չտրվել զգացմունքայնությանն ու իշխանության բանսարկություններին: Ցանկացած արկածախնդրություն պետք է բացառվի: Բայց և արձանագրենք, որ սերժքոչարյանական իշխանությունը երբեք այսքան թույլ չի եղել, և երբեք օր օրի վրա այսպես չի զգացվել նրա հետագա թուլացումը: Եվ մեր խնդիրն է այդ գործընթացն օրավուր արագացնել ու մեր համակիրների թվի մեծացմամբ հասնել որակական փոփոխությունների։ Ես վստահ եմ, որ նույնիսկ հասարակության այն նեղ շերտը, որը դեռ համագործակցում է գործող վարչախմբի հետ, մոտ ժամանակներս ստիպված կլինի էականորեն փոխել իր դիրքորոշումը և անցնել ժողովրդի կողմը: Կա նաև անտարբերների մի շերտ, որն արդեն սկսում է անհանգստության նշաններ ցույց տալ, որովհետև վարչախմբի քաղաքականությունն այսօր սկսել է հարվածել նաև նրա շահերին: Մեր խնդիրն է նաև այդ շերտին ներքաշել շարժման գործընթացների մեջ: Իսկ ընդհանրապես, քաղաքականությունը ժամանակ պահանջող գործընթաց է։
-Սահմանադրական ճանապարհով գնալն արդյոք չի՞ ենթադրում խորհրդարանական հերթական ընտրությունների մասնակցություն։
-Հենց նույն խորհրդարանի անդամները որոշակի դրության մեջ իրենք կպահանջեն արտահերթ ընտրություններ։ Կարծում եմ, երբ երկրի նախագահի հարցը լուծվի, կլուծվի նաև խորհրդարանի հարցը։
-Այսօրվա խորհրդարանի պատկերը երկրի ղեկավարի համար ընդունելի՞ է։ Խոսակցություններ կան, որ Սերժ Սարգսյանը մտադրություն ունի ցրել Ազգային ժողովը։
-Անտարակույս, նրա համար ընդունելի է այսպիսի խորհրդարանը, որովհետև պատգամավորների մեծ մասը Սարգսյանի և Քոչարյանի` քրեական հակումներ ունեցող կադրերն են։ Ինչ վերաբերում է ԱԺ-ն ցրելուն, ապա Սարգսյանը միայն ստիպված կցրի խորհրդարանը` իր կաշին առժամանակ փրկելու հույսով:
-Առջևում քաղաքապետի ընտրությունն է, և արդեն կոալիցիոն որոշ ուժերի թեկնածուներ հայտնի են։ «Ժառանգությունը» և ՀԱԿ-ը միասի՞ն, թե՞ առանձին են գնալու այդ ընտրությանը։
-Եթե նորմալ ընտրություններ լինեն, կոնգրեսի թեկնածուն առնվազն 70 տոկոս ձայն կունենա։ Իսկ ինչ վերաբերում է միասին, թե առանձին մասնակցելուն, այժմ դեռ քննարկումներ են գնում, և առաջիկայում հայտնի կլինի։
-Մարդու իրավունքների պաշտպանն իր տարեկան զեկույցում նշեց, որ երկրում չի նվազել վախի մթնոլորտը։ Դուք նույն կարծիքի՞ն եք։
-Այդ գնահատականին դժվար է համաձայնել։ Իհարկե, իշխանությունը բոլոր առիթներն օգտագործում է վախի մթնոլորտ ստեղծելու համար, բայց դա, ակնհայտորեն, անհաջողության է մատնվում: Ընդհակառակը, մեր ժողովրդի մեծ մասն արդեն հաղթահարել է վախի զգացողությունը, և դրա ապացույցն է կոնգրեսի անդամների օրեցօր մեծացող թիվը։
- «7-ի գործի» դատավարության ընթացքն ինչպե՞ս եք գնահատում։
-Այդ գործն ամբողջովին արհեստական է։ Նրանք շարունակում են այս դատական ներկայացումը` մինչև նոր օրենք ընդունեն ու դրանով շարժման մարդկանց դատապարտեն։
-Բայց կարծիք կա, թե օրենքի փոփոխությունը բանտարկյալներին ազատ արձակելու նպատակով է արվում։
-Չեմ կարծում, որ այս իշխանությունները դրան են գնում։ Հանցագործ նպատակադրումներով որևէ ռացիոնալ, կառուցողական բան անելն անհնար է։
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 2941

Մեկնաբանություններ